HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Իրավիճակը Տավուշում. ցուցարարները շարունակում են փակ պահել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը

Մարտի 18-ին վարչապետ Փաշինյանը հանդիպում ունեցավ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ։ Նա ոսկեպարցիներին տեղեկացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների քննարկումների մասին։ «Մենք տեսնում ենք, որ իրական հնարավորությունը՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու, կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում։ Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք էս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- ասաց վարչապետը։ 

Այս հանդիպումից հետո, սակայն, տեղացիների հարցերն ավելացան։ Փաշինյանը Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպեց երկրորդ անգամ՝ ապրիլի 17-ին։ 

Իսկ ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ սահմանազատման աշխատանքները սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ըստ հայտարարության՝ տեղի է ունենալու սահմանի ճշտում Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի հատվածներում։ Սա հարուցեց տեղի բնակիչների եւ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների դժգոհությունը։ Նրանք ապրիլի 19-ի երեկոյան փակեցին Վրաստան տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում մարզպետի հետ։ 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ժամանեց հաջորդ օրն առավոտյան, երբ բնակիչները վերսկսեցին բողոքի ակցիան։ Ակցիան վերսկսելու պատճառը Կիրանց գուղում չափագրման աշխատանքներն էին։ Գյուղի բնակիչների պնդմամբ, չափագրման արդյունքում պարզ էր դարձել, որ նոր ճանապարհ կառուցելու համար պետք է քանդվի մի քանի տուն և Կիրանցի եկեղեցին։ Մարզպետը փակ հանդիպում ունեցավ բնակիչներից մի քանիսի հետ, ճանապարհը, սակայն, չբացվեց։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ նաև Ներքին գործերի նախարարը։ Վահե Ղազարյանին նույնպես չհաջողվեց համոզել ցուցարարներին բացել միջպետական ճանապարհը։ «Ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացվել են։ Ձեր հետևում ոչինչ չի արվելու»,- ասաց Ղազարյանը։ 1,5 ժամ ապարդյուն բանակցելուց հետո ՆԳ նախարարը հեռացավ։ 

Երեկոյան, սակայն, ճանապարհը բացվեց։ Ցուցարարներին խոստացան, որ երկուշաբթի հանդիպում կլինի փոխվարչապետ Մհեր Գիրգորյանի հետ եւ նրանց բոլոր հարցերը պատասխան կստանան։ 

Ապիրլի 21-ի առավոտից Կիրանցի բնակիչները նորից փակեցին Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը։ Քաղաքագետ, «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի ղեկավար Սուրեն Պետրոսյանի փոխանցմամբ, որոշվել է վերսկսել ակցիաները։ Պատճառը չափագրումների և սահմանազատման աշխատանքների իրականացումն է գյուղի տարածքում։ 

Իրավիճակը լարվեց նաև Ոսկեպարում։ ՊՆ աշխատակիցները փորձել էին ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցու մոտակայքում։ Ոսկեպարցիները թույլ չէին տվել։ 

«Ոստիկանները պնդում են, թե ՊՆ զինծառայողները տեղյակ չեն եղել գյուղացիների հետ պայմանավորվածությունից, դրա համար էլ եկել են ականազերծման աշխատանքներ անելու»-, ասաց Սուրեն Պետրոսյանը։

Կեսօրին մոտ ակցիային միացան նաև Նոյեմբերյանի և հարակից գյուղերի բնակիչները։ Նրանք փակեցին Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Այստեղ իրավիճակը լարվեց, երբ ԵԿՄ-ի տարբերանշանով մեքենայի վարորդը մեքենան վարեց ակցիայի մասնակիցների ուղղությամբ։ «Ճամփեն փակելուց հետո տեղում հայտնվում է Տավուշի «Երկրապահի» ղեկավարը՝ իր խմբով։ Իր վրա վերցնելով ոստիկանի դեր՝ նա պահանջում էր ճամփեն բացել։ Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով «Երկրապահի» «Վիլիսը» սկսեց քշել ժողովրդի վրա։ Մարդիկ կանգնեցրեցին մեքենան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Ցուցարարները կանգնեցրել են մեքենան և քարերով կոտրել դրա դիմապակին։ Այս միջադեպից հետո ձերբակալվեցին «Մարտական Եղբայրություն» միաբանության 7 անդամներ։

Երեկոյան 18։00-ի մոտակայքում Բագրատաշեն տանող ճանապարհը բացվեց։ Ցուցարարներից մեկը «Սպուտնիկ Արմենիա»-ին փոխանցել էր, որ հետագա լարվածությունից և բախումներից խուսափելու համար որոշվել է դադարեցնել ակցիան այդ հատվածում։ 

Ցուցարարները ամբողջ գիշեր փակ են պահել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Նրանք հայտարարել են, որ չեն դադարեցնի ակցիան մինչև Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը։ Այն նախատեսված էր այսօր։ Առավոտյան Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Արմենպրեսին» հայտնել են, որ Կառավարության շենքում տեղի կունենա հանդիպում Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի ղեկավարների հետ։ «Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր, կառավարության շենքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter