HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Mobile Centre-ը Հայաստանի խոշորագույն հարկատուն է առաջին եռամսյակում

Տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն՝ առաջ անցնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից և «Գազպրոմ Արմենիա»-ից, որոնք մինչ այս զբաղեցնում էին խոշոր հարկատուների առաջին և երկրորդ հորիզոնականները։ 

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկի՝ 2024 թվականի առաջին երեք ամիսներին (հունվար-մարտ) Mobile Centre-ը 19.9 մլրդ դրամի հարկ է վճարել պետական բյուջե։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ընկերության հարկերն աճել են 3.7 անգամ։ Հարկերի գերակշիռ մասը գոյացել է ԱԱՀ-ից։ 

Ինչպես նախկինում գրել ենք, Mobile Centre-ի հարկերի կտրուկ աճին, ամենայն հավանականությամբ, նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները։ 

2022 թվականի փետրվարից՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր արևմտյան երկրների և Ռուսաստանի առևտրի համար։ Եվրոպական մի շարք երկրներ ու ԱՄՆ-ն, աջակցելով Ուկրաինային, արգելել են իրենց տարածքներից ապրանքների արտահանումը Ռուսաստան։

Արտադրված ապրանքները ոչ միայն Հայաստանի միջոցով են հասնում Ռուսաստան, այլև՝ Ղազախստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և այլն։

Տեխնիկայի առևտրով զբաղվող «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA) ևս խոշոր հարկատուների ցանկում «պատվավոր» հորիզոնականներ է զբաղեցնում վերջին երկու տարիներին։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերության հարկերը կազմել են 8.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 1%-ով։ VESTA-ն խոշոր հարկատուների ցանկում այս անգամ 5-րդն է։ 

Վերադառնալով ցանկի առաջին հորիզոնականներին՝ երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, որի հարկերը կազմել են 18.2 մլրդ դրամ՝ նվազելով 13%-ով։  

Երրորդ տեղում հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է (ԶՊՄԿ)՝ 15.6 մլրդ դրամ հարկերով և մոտ 1% աճով։ 

Հաջորդում է ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 13.2 մլրդ դրամ հարկ է վճարել, որը 13%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը։

Հնգյակն, ինչպես նշեցինք,  եզրափակում է VESTA-ն («Փրիթի ուեյ» ՍՊԸ):

2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ»  ՍՊ ընկերությունը (CPS ապրանքանիշ), ծխախոտ արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ), «Սիթի» ՍՊԸ-ն, ինչպես նաև՝ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն։ 

Հարկերի նվազում են գրանցել «Սի Փի Էս էներջի գրուպ»-ն ու «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը։ 

Փոխարենը շարունակում է թռիչքային աճ գրանցել «Վայլդբերրիզ»-ը։ 

Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։ 

Հատկանշական է, որ ի տարբերություն 2023-ի տարեկան տվյալների՝ այս անգամ տասնյակում որևէ բանկ չի հայտնվել։ 

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 387 մլրդ 109 մլն դրամ հարկ և տուրք, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 1.6%-ով։ 

Գլխավոր լուսանկարը՝ Mobile Centre Armenia ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter