HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ն ցավում է, որ «Հայաստանն անհիմն քննադատում է ՀԱՊԿ-ին»

Մոսկվան ցավում է, որ Երևանը շարունակում է «անհիմն» հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հրապարակային քննադատություն թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին։ Եվ ոչ միայն քննադատություն, քննադատելը կարելի է, այլ անհիմն: Դա այն դեպքում, երբ կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը հրապարակայնորեն հաստատել է ՀԱՊԿ կանոնադրական նպատակներին և սկզբունքներին լիովին համապատասխան Հանրապետության (Հայաստանի-խմբ.) նկատմամբ բոլոր պարտավորությունների պահպանումը»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ ՀՀ ղեկավարության ներկայացուցիչները քննադատում են ՀԱՊԿ-ին իր պարտականությունների թերացման մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ բազմիցս հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետեւանքով Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:

Ճեպազրույցի ընթացքում Զախարովան անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից հայկական հուշարձանների ավերման հարցին։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին Լեռնային Ղարաբաղի տարածքում քանդված հուշարձանների հետ կապված հարցերի լուծման հարցում։ 

«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի պարբերական փոխադարձ մեղադրանքները՝ կապված մշակութային հուշարձանների, պատմության հուշարձանների, կրոնական օբյեկտների ոչնչացման հետ, մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին այդ հարցը դարձնել երկկողմ բանակցությունների թեմա: Մեր կողմից պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն այս թեմայով»,- հայտարարել է Զախարովան՝ որևէ կերպ չանդրադառնալով վերջին օրերի այն հրապարակումներին, որ Շուշիում և Արցախի մյուս բնակավայրերում ավերվում են հայկական եկեղեցիները, հուշարձաններն ու գերեզմանները։

«Գիտեք, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները պահպանում են արդիականությունը։ Պաշտոնապես կողմերից ոչ մեկը այդ պայմանավորվածությունները չի մերժել»,- նշել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերումը նշանակում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը դադարել է գործել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցին։ Ըստ նրա՝ Ռուսաստանը վերահաստատում է Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման վերաբերյալ խորհրդատվական աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

«Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա կողմերին այսուհետ ևս խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- հայտարարել է ռուսաստանցի այս պաշտոնյան։ 

Նա ընդգծել է, որ ռուսական կողմն աջակցում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատմանը վերաբերող բոլոր հարցերի՝ առանց բացառության կարգավորմանը՝ «բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»: «Մենք ելնում ենք նրանից, որ պայմանավորվածությունները պետք է կրեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ։ Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ РИА Новости / Виталий Белоусов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter