HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մայիսի 8-ին կկայանա Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ նրա՝ «քննարկման շատ հարցեր են կուտակվել»։

«Երդմնակալության արարողությունից բառացիորեն հաջորդ օրը՝ մայիսի 8-ին նախագահը կանցկացնի առաջին խոշոր միջազգային միջոցառումը, այն է՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը։ Դրանից հետո տեղի կունենա երկկողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նաև ավանդական ընկերական ճաշ ԱՊՀ երկրների ղեկավարների համար»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Նա նշել է, որ «այդ երկկողմ շփումը բավական բովանդակալից է լինելու, այնտեղ քննարկելու շատ հարցեր կան»:

«Վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ինչպես մենք ակնկալում ենք, անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև։ Դուք գիտեք, որ Փաշինյանն ինքը ապրիլին հայտարարել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում։ Վերջին շրջանում մեր երկրների միջև տարբեր մակարդակներում շփումները զգալիորեն նվազել են։ Քննադատություններ են հնչում և Ռուսաստանի, և ՀԱՊԿ-ի հասցեին»,- շարունակել է Ուշակովը։

Խոսելով ՀԱՊԿ-ին կապված խնդիրների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Երևանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը Կազմակերպությանը, «թեև դեռ դուրս չի եկել դրա կազմից, միևնույն ժամանակ չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին և պատրաստվում է զերծ մնալ դրա ֆինանսավորումից»: «Զուգահեռաբար Հայաստանը ցուցադրաբար զարգացնում է երկխոսությունն Արևմուտքի հետ, այդ թվում դիտարկում է Եվրամիությանը միանալու տարբեր տարբերակներ, ակտիվանում են ՆԱՏՕ-ի գծով կապերը։ Այսինքն՝ այժմ շատ հարցեր են կուտակվել, որոնք քննարկում են պահանջում հենց առաջնորդների միջև»,- հայտարարել է Պուտինի օգնականը։

Խոսելով Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպման մասին՝ Ուշակովը հավելել է, որ երկու քաղաքական գործիչները բավական երկար ժամանակ չեն տեսել միմյանց։ Նրանց վերջին անձնական շփումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ «Դրանից հետո առաջնորդները գործնականում չեն շփվել, ուստի ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք շատ կարևոր նշանակություն ենք տալիս հենց այս երկկողմ հանդիպմանը, որը, ինչպես ինձ թվում է, կօգնի շատ հարցերի վրա վերջակետ դնել», - ամփոփել է Ուշակովը:

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter