HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությանը զուգորդող սոցիալական օգնություններ Աքորիում

Լոռու մարզի Աքորի գյուղի գյուղապետ Կամո Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրությանը նախապատրաստվում է համայնքի բյուջեի ֆինանսական միջոցների «ներդրումներով»: Աքորցիները հայտնեցին, որ Կամո Սիմոնյանը դեռ մայիս ամսից սկսել է սոցիալական օգնության քողի տակ, իր համար ընտրազանգված ձևավորելու նպատակով համայնքի բյուջեի միջոցներից 10 000-ական դրամն բաժանել իր մերձավորներին: Աքորիի ավագանու 2012թ.-ի մայիսի 7-ի թիվ 12 որոշմամբ գյուղապետը 300 000 դրամ, հունիսի 15-ի թիվ 13 որոշմամբ` 360 000 դրամ, իսկ հուլիսի 12-ի թիվ 16 որոշմամբ 390 000 դրամ սոցիալական օգնություններ է բաժանել գյուղացիներին:

Կամո Սիմոնյանի բաժանած գումարը այս պահի դրությամբ կազմում է 1 050 000 դրամ: Գյուղապետն այդ գումարները բաժանում է առանց գյուղացիների սոցիալական ապահովվածության աստիճանը հիմնավորող փաստաթղթերի: Կամո Սիմոնյանը կայանալիք ընտրությանը շեմին արդեն մեկ շաբաթ է` աքորեցիներին մեկ այլ անակնկալ էլ է մատուցել: Համայնքի 2012թ.-ի բյուջեն քննարկելուց և ավագանու կողմից հաստատելուց մոտ 8 ամիս անց նա գյուղի խանութների, մշակույթի տան և գյուղապետարանի պատերին փակցրել է թռուցիկներ, որտեղ աքորեցիներին փորձել է տեղեկացնել պետբյուջեից 2012թ.-ին համայնքի բյուջեին հատկացված բնապահպանական սուբվենցիաների իր նախատեսած ծախսերին: Իր պաշտոնավարման 10 տարիներին Կամո Սիմոնյանը համայնքի բյուջեն ծախսել է ինչպես իր գրպանի փողը. «Հետքը» բազմիցս գրել է այդ մասին:

Նա երբևէ իրեն պարտավորված չի զգացել այդ մասին տեղեկացնել աքորեցիներին: Յուրաքանչյուր ընտրությունից առաջ գյուղացիներին համայնքի բյուջեից սոցիալական օգնություններ բաժանելը Կամո Սիմոնյանի գործելակերպն է: «Հետքի» ուսումնասիրություններից պարզվել է, որ մայիսին կայացած ԱԺ ընտրությությունների շեմին աքորեցիներին նա բաժանել է մոտ 3,8 մլն դրամ սոցիալական օգնություն: Սոցիալապես անապահով շատ աքորեցիներ, ովքեր չեն ստացել այդ գումարներից, ենթադրել են, որ գյուղապետն այդ գումարները բաժանում է բնապահպանական վճարներից`աղտոտված օդ շնչելու դիմաց: Այդ մասին Կամո Սիմոնյանը պատշաճ բացատրություն տալու փոխարեն, գյուղապետարանի տարածած թռուցիկներում անտեղյակ գյուղացիներին համարել է բախտագուշակներ. «Ի գիտություն բոլոր բախտագուշակներին, համայնքի բնակիչների սոցիալական օգնություն կոչվածը 10 000 դրամը տրվում է համայնքի բյուջեի հաշվին, որը կամավոր լիազորություն է»:

Թե բնակչության հարկերը ինչ կամավոր լիազորություններով է Կամո Սիմոնյանը աջ ու ձախ սփռում, աքորեցիները ակնկալում են, որ դրան պատասխանելու ժամանակն էլ մի օր կգա: Այսուհանդերձ, սեպտեմբերի 9-ի ընտրությունների հետ կապված գյուղապետ Կամո Սիմոնյանի շուրջը Աքորիում օրեցօր մթնոլորտը շիկանում է: Աքորեցիները գտնում են, որ սեպտեմբերի 9-ը ճիշտ ժամանակն է նաև 2011թ.-ին դեկտեմբերին Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ գյուղապետի կողմից դպրոցի տնօրենի ընտրություններին կատարած կեղծիքներին գնահատական տալու համար:

Ասենք նաև, որ Աքորիի գյուղապետn իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում այդպես էլ չյուրացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և առ այսօր չգիտի, որ ավագանին համայնքի բյուջեի եկամուտներն ու ծախսերը վերահսկող մարմին է: Այսօր Աքորիի ավագանու անդամ Վեներա Նիազյանը «Հետքին» տեղեկացրեց, որ գյուղապետն արդեն 9 ամիս է` իրեն զրկել է ավագանու նիստերին մասնակցելու հնարավորությունից, այն էլ ամենահեշտ տարբերակով` ավագանու նիստերի օրվա և ժամի մասին նրան չտեղեկացնելու միջոցով. «Գյուղապետը ավագանու նիստերին մասնակցելու իմ իրավունքից զրկում է, որովհետև որպես դպրոցի կառավարման խորհրդի անդամ դպրոցի տնօրենի ընտրություններին ես նրան իր կեղծիքներում չեմ աջակցել»,- ասում է Վեներա Նիազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter