HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ով և ինչու է սադրում սիրիացի ապստամբներին հայերի դեմ. ինքնապաշտպանության ժամանակը

Ինչպես տեղեկացնում է Sham Times-ը, Սիրիայի Հեղափոխության գերագույն խորհուրդը, որը ղեկավարում է Սիրիայի Ազատ բանակի գործողությունները, հանդես է եկել հատուկ սիրիահայ համայնքին ուղղված սպառնալիքներով՝ մեղադրելով նախագահ Բաշար Ալ Ասադին պաշտպանող կառավարական զորքերին օժանդակելու, նրանց հետ գործակցելու և սպանությունների պատճառ դարձած գործողությունների մասնակցելու մեջ: Սիրիական ապստամբությունը ղեկավարող այս մարմինը հայտնել է, որ հայերը կառավարական զորքերին աջակցել են Հալեպում, Քեսաբում, Լաթաքիայում:

Ավելի վաղ՝ Հալեպի քրիստոնեաբնակ մի քանի թաղամասեր գրոհելուց առաջ, ապստամբները կոչ էին անում հայերին՝ օգնել իրենց Ասադին պաշտպանող ստորաբաժանումների հետ ռազմական գործողություններում, այն դեպքում, երբ Կառավարական զորքերն իրենց հերթին Հալեպի քրիստոնյաներով բնակեցված թաղամասերում ընթացող կատաղի մարտերի ընթացքում հայերին ուղղված թռուցիկներ էին բաժանել՝ կոչ անելով չմիջամտել և ընդհանրապես տներից դուրս չգալ:

Ապստամբների այս վերջին, սպառնալից հայտարարությունը խիստ անհանգստացնող է: Նախ՝ այն ցույց է տալիս, որ ապստամբներն ամեն կերպ ձգտում են հայկական համայնքին ներքաշել մի հակամարտության մեջ, որը խիստ անկանխատեսելի ելք կարող է ունենալ: Սա ուղղակի սադրանք է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասադի իշխանության տարիներին հայկական համայնքի համար ապահովված են եղել սոցիալական, ազգային ու մշակութային ինքնադրսևորման բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ապստամբները փաստացի հրահրում են հայերին դուրս գալ այդ ամենն ապահոված ռեժիմի դեմ: Մինչդեռ ոչ ոք չի կարող ասել, որ արևմտյան երկրների աջակցությունը և ֆինանսական ու ռազմական օժանդակությունը վայելող Ազատ բանակի հաղթանակից հետո արդյոք հայերը կշարունակե՞ն իրենց այնքան հարմարավետ զգալ Սիրիայում, որքան մինչև այս պատերազմի սկսվելն էր:

Ակնհայտ է, որ կողմերից յուրաքանչյուրին հակվելու պարագայում հայկական համայնքը հայտնվելու է մյուս կողմի թիրախում, ինչը հղի է այդ ուժեղ, ազդեցիկ գաղթօջախի ֆիզիկական ոչնչացմամբ:

Երկրորդ՝ Սիրիայի ապստամբները բացահայտ կերպով ամեն տեսակ օգնություն են ստանում Թուրքիայից, որը ոչ միայն ինքն է նրանց զինում, այլև ապահովում է արևմտյան երկրներից ֆինանսական ու ռազմական ազատ հոսքերը դեպի սիրիական ապստամբները: Հայկական համայնքի թուլացումը, ընդհուպ վերջնական կործանումը ոչ թե ձեռնտու է սիրիական ապստամբներին, որոնք դրանից ոչինչ չեն շահելու, այլ կոնկրետ Թուրքիային: Սիրիայի հայկական համայնքը թերևս ամենակազմակերպված հայկական գաղթօջախներից մեկն է ողջ հայկական սփյուռքի մակարդակով ու իր մարդկային ռեսուրսով, պահանջատիրական նկրտումներով, Հայաստանին սատարելու քիչ թե շատ կանոնակարգված մեխանիզմներով, արաբական երկրների և հատկապես Սիրիայի քաղաքականության վրա ազդելու ներուժով իսկապես սպառնալիք է այդ երկրի համար:

Քրդական հարցից հետո հայկական գործոնի չեզոքացման հարցը թուրքերի համար ամենակարևորներից մեկն է: Ստեղծված քաոսային իրավիճակը, ապստամբներին նյարդայնացնող հայկական կողմի ընդգծված չեզոքությունը Անկարային հիանալի հնարավորութուններ են տալիս հենց սիրիացիների ձեռքով վերջնականապես լուծելու այդ հարցը՝ ապստամբներին սադրելով հայերի դեմ:

Այս իմաստով հայկական համայնքին սպառնացող վտանգը չափազանցված չէ և մարտահրավերը հաղթահարելու կոնկրետ միջոցառումներ է պահանջում: Առաջին հերթին հայկական համայնքը պետք է անվտանգության երաշխիքներ խնդրի միջազգային հանրությունից՝ ներկայացնելով այն իրական վտանգը, որին ենթարկվում է, և որը գալիս է առաջին հերթին Թուրքիայից: Այս առումով իր դիվանագիտական խողովակները պետք է գործադրի նաև Հայաստանը՝ ընդգծելով, որ հայկական համայնքն իր անվտանգության հիմնական երաշխիքը տեսնում է չեզոքություն պահպանելու մեջ:

Մյուս կողմից, սակայն, հայկական համայնքը պետք է պատրաստ լինի ամենաանցանկալի զարգացումներին՝ ընդհուպ ապստամբների կողմից ֆիզիկական հաշվեհարդարի նպատակով հարձակումը հայկական թաղամասերի վրա: Հնչող այս սպառնալիքը հայկական թաղերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու անհրաժեշտություն է առաջացնում:

Սա եզակի իրավիճակ չէ, որում հայտնվում են արաբական երկրների հայկական համայնքները: Նման իրավիճակից դուրս գալու փորձ արդեն կա: Լիբանանի 1975-90 թթ. քաղաքացիական պատերազմի տարիներին հայկական համայնքը ավանդական կուսակցությունների տարբեր կողմնորոշումների պատճառով դարձել էր պատերազմական գործողությունների թատերաբեմ՝ տալով մարդկային ու նյութական այնպիսի ծանր կորուստներ, որոնք համայնքը կանգնեցրել էին կործանման եզրին: Սակայն ընթացքում, դրսևորելով բավարար խոհեմություն, երեք հայկական կուսակցությունները միավորվեցին՝ հայտարարելով այդ պատերազմում չեզոքություն դրսևորելու իրենց որոշման մասին և կազմակերպելով հայկական թաղամասերի ինքնապաշտպանությունը, որը ուղղակի իմաստով փրկեց համայնքը կործանումից: Այս միավորումը սփյուռքահայ պատմության մեջ հայտնի է որպես «Եռյակ միություն»:

Ներկայումս սիրիահայերի համար ստեղծվել է գրեթե նույն իրավիճակը: Տարբերությունը միայն այն է, որ սիրիական համայնքը, ի սկզբանե զերծ մնալով որևէ կողմից հանդես գալու նախապատվությունից, այսօր ավելի քիչ զինված է, կամ գուցե ընդհանրապես զինված չէ: Սա լուրջ խնդիր է, որին չանդրադառնալը կարող է ճակատագրական լինել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter