HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտուտգարտի համալսարանը չի ցանկանում ցեղասպանության վերաբերյալ միջոցառում իրականացնել

Շտուտգարտի համալսարանի ռեկտոր Ինջինիոռ Վոլֆրամ Ռեսսելը, չնայած ապրիլի 5-ին ձեռք բերված պայմանավորվածությանը, հրաժարվել է համալսարանի սրահը տրամադրել մայիսի 28-ին նախատեսված «Հալածանք, տեղահանություն եւ բնաջնջում քրիստոնյաների նկատմամբ 1912-1922 թթ. Օսմանյան սուլթանությունում» վերտառությամբ միջոցառման համար:

Մերժումը համալսարանի ռեկտորը պատճառաբանել է Բեռլինի թուրքական կազմակերպություններից մեկի ներկայացրած բողոքով եւ իր ցանկությամբ` որպես համալսարան չեզոք դիրքորոշում ունենալ քննարկվող հարցի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «Ընդդեմ ցեղասպանության, ժողովուրդների փոխըմբռնման ճանաչում» աշխատանքային խմբի կայքը (http://aga-online.org/de/ ueberuns/index.php):

Մայիսի 28-ի միջոցառման կազմակերպիչները` Եվրոպայի Պոնտոսի հույների կազմակերպությունների միությունը, Ասորիների ժողովրդավարական կազմակերպության Միջինեվրոպայի մասնաճյուղը, ինչպես նաեւ «Ընդդեմ ցեղասպանության, ժողովուրդների փոխըմբռնման ճանաչում՚ աշխատանքային խումբը հայտարարում են.

«Մենք չափազանց մտահոգիչ ենք համարում, երբ հարյուր տարի հույների, ասորիների արամալեզու քրիստոնյաների եւ հույների նկատմամբ Օսմանյան սուլթանությունում իրականացված ցեղասպանության հիշատակի միջոցառման համար մի սրահ վարձու տալու քաջութուն չի ցուցաբերվում, որն այդ մեծ ոճրագործության գնահատումը կարող է լինել, միաժամանակ ապագա ցեղասպանություններին ծառայելու է որպես կանխարգելիչ ազդակ: Ընդհանրապես ոճրագործության հարցում անկարելի է չեզոք դիրքորոշման նահանջելը: Իրականությունն այն է, որ Օսմանյան սուլթանությունում 3 մլն-ից ավելի քրիստոնյա քաղաքացիների ցեղասպանությունը Թուրքիան պաշտոնապես մինչեւ այսօր վիճարկում է եւ դրա հրապարակային քննարկումն անգամ հնարավորինս փորձում է արգելել արտերկրում, սակայն դա չի կարող օրինակելի լինել մի գերմանական համալսարանի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Կազմակերպիչները հիշեցնում են նաեւ, որ Շտուտգարտի համալսարանի մերժումը հակասում է գերմանական օրենսդիր մարմնի 2005 թ. հունիսի 16-ի որոշմանը, որտեղ օրենսդիրները, հիմք ունենալով Գերմանիայի պատմական պատասխանատվությունը, միաձայն հայտարարել են, որ պատմության վերանայումը վերքերն ամոքելու եւ հաշտության նախադրյալներն են:

«Գերմանիայի Բունդենսթագը իր երկարատեւ սեփական փորձից լավ գիտի, թե որքան դժվար է մի ժողովրդի համար իր անցյալի սեւ Էջերի հետ առերեսվելը: Նա, սակայն, հաստատ համոզված է, որ պատմության վերանայումը անխուսափելի է եւ հաշտության ամենակարեւոր կռվանն է: Գերմանիան էլ, որ մաս ունի հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործության անտեսման հարցում, պարտավոր է իր պատասխանատվությունը կրելու»,- հայտարարում են միջոցառման կազմակերպիչները:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter