HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Թող գտնեն մարդասպաններին»,- պահանջում է զոհված զինվորի հայրը

Անցյալ տարի օգոստոսի 30-ին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացավ ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Նրա մարմնի վրա առկա են եղել բռնության բազմաթիվ հետքեր, ինչը հաստատվում է նաեւ հերձումից առաջ Տիգրանի հարազատների կողմից արված դիակի լուսանկարներով:

Սակայն դատաբժիշկ Վիգեն Ադամյանն այդ հետքերը չի նկատել եւ «եզրակացրել» է, որ մահվան պատճառն էլեկտրական հոսանքի ազդեցությունն է (Տես` «Տղային սպանել է հոսանքը, ու վերջ»):

«Օրինակ` նկարներից մեկում երեւում է, որ տղայիս ձախ ձեռքին` ափի մեջ, հեռախոսահամար է գրված: Փորձագետը դա արձանագրել է, բայց չի տեսել, որ մատները կապտած են, իր խոսքերով` դա ստվեր է: Ադամյանի համար մեր նկարները հիմք չեն. ասում է` մենք էլ ենք դիակը լուսանկարել, մեր ապարատը 1800 դոլարանոց է, մերն է ճիշտ: Բայց իրենք նկարել են ամբողջովին կոսմետիկա անելուց հետո»,- նշում է Տիգրանի հայրը` Սուրեն Օհանջանյանը:

Դեպքի հաջորդ օրը Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ըստ որի` օգոստոսի 30-ին, ժամը 23-ի սահմաններում Տ. Օհանջանյանը հոսանքահարվել է` կպնելով զորամասի կապի հանգույցի մոտ տեղակայված տելեսկոպիկ կայմի ձգալարին: Կապիտան Ռուստամ Ասատրյանին եւ ենթասպա Կարեն Թովմասյանին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար առաջադրվել է մեղադրանք: Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել, իսկ մեղադրանքի հաստատման դեպքում վերջիններիս սպառնում է 3-ից 6 տարվա ազատազրկում:

Ավելի ուշ գործի քննությունը տեղափոխվել է զինվորական կենտրոնական դատախազություն, իսկ այնուհետեւ` ՊՆ քննչական վարչության ՀԿԳ քննչական բաժին: Սակայն առաջին իսկ օրվանից իրավապահների առաջ քաշած «հոսանքահարման» վարկածն այդպես էլ փոփոխություն չի կրել:

Չնայած նրան, որ տուժողի իրավահաջորդները մի քանի անգամ բացարկ են հայտնել քննիչ Հարություն Շահնազարյանին` «ապօրինություններ գործելու եւ իրականությունը խեղաթյուրելու համար», նա «հաջողությամբ» նախաքննությունն ավարտել է եւ գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Միայն դրանից հետո Օհանջանյաններին հնարավորություն է տրվել ծանոթանալու քրեական գործի նյութերին:

Հինգ հատոր կազմող գործի ուսումնասիրությունն ի հայտ է բերել ուշագրավ փաստեր, որոնք ավելի են հիմնավորում որդեկորույս ծնողների համոզմունքը` «Տիգրանին ծեծելով սպանել են ու հետմահու ստեղծել էլեկտրահարման էֆեկտ»: 

Պարզվում է, որ օգոստոսի 27-ին` Տիգրան Օհանջանյանի մահվանից 3 օր առաջ, N զորամասում «տեղի ունեցած դեպքի կապակցությամբ» անցկացվել է ծառայողական քննություն: Գործում առկա է նաեւ տեղեկանք, որի համաձայն` 2008 թ. փետրվարի 27-ին քննիչ Շահնազարյանը հաստատում է, որ ստացել է «կրտսեր սերժանտ Տ. Օհանջանյանի մահվան փաստի վերաբերյալ կատարված ծառայողական քննության արդյունքների պատճենները` 43 թերթ»: Բայց վերջինիս կողմից դատարան ուղարկված գործում ծառայողական քննության նյութերը կազմում են 37 էջ: 

«Թե ո՞ւր են մնացած էջերը, ի՞նչ է դրանցում գրված, ոչ մի կերպ չենք կարողանում պարզել, իսկ եղած թերթերում չի երեւում, թե ինչ քննություն է անցկացվել,- ասում է Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը:- Ես հենց նույն օրը` օգոստոսի 27-ին, որդուս հետ հեռախոսով խոսել եմ: Նրա ձայնն այն չէր, բայց ինձ խաբում էր, թե ուղղակի գրիպ է: Հարցրի` Տիգրան ջան, կարո՞ղ ա կռիվ ես արել, ասաց` չէ, էդ կռվում ես չկամ: Փաստորեն, այդ օրը ծեծուջարդ է եղել, իսկ երեք օր հետո տղայիս սպանել են»:

«Բացի այդ, դատախազը դատարանին միջնորդել է, որպեսզի հնարավորություն ստանա ձեռք բերել 8 հեռախոսահամարի վերծանումները: Միջնորդությունը բավարարվել է, բայց վերծանումները գործում չկան: Իսկ դրանցով հնարավոր կլինի պարզել, թե որ ժամին է որդիս մահացել»,- ավելացնում է Ս. Օհանջանյանը: Նրա հարցմանն ի պատասխան` «ՎիվաՍել» ընկերությունը տեղեկացրել է, որ «հարցվող հեռախոսահամարների վերծանումներն ուղարկվել են Սեւանի կայազորի զինվորական դատախազություն»:

«Ինչ ուզում, անում են ու ոչ մի բանից չեն վախենում,- շարունակում է Ս. Օհանջանյանը,- գործում կա նաեւ Սեւանի կայազորի դատախազ Գնել Մանուկյանի բացատրությունը: Քննիչը նրան հարցնում է` ինչո՞ւ եք տելեսկոպիկ կայմի ձգալարը 38, իսկ հանգուցյալի համազգեստը 56 օր հետո ուղարկել փորձաքննության: Պատասխանում է, թե զբաղված է եղել: Կամ հարցնում է` ինչո՞ւ չեք տեղազննումը ժամանակին կատարել, ասում է` մութ էր: Քննիչին էլ այս պատասխանները բավարարել են»:

«Այս ամեն ինչը ծաղրուծանակ է: Նույնիսկ փորձագետը եզրակացրել է, որ եթե անգամ այդ ձգալարում հոսանք լիներ, այն չէր կարող գերազանցել 25-30 վոլտը: Իսկ դա 110 կգ քաշ ունեցող մարդուն երբեք չէր կարող սպանել»,- ասում է Տիգրանի մայրը:

Քրեական գործի երրորդ եւ հինգերորդ հատորներում առկա են տարբեր զինվորական հագուստների լուսանկարներ: Երկուսի դեպքում էլ նշված է, որ այն Տիգրանը կրել է դեպքի օրը:

«Սկզբում, երբ բազմաթիվ բողոքներիցս հետո Գնել Մանուկյանը որդուս հագուստն ուղարկեց փորձաքննության, փորձագետ Հասմիկ Հովհաննիսյանը դրանցում պատռվածք չհայտնաբերեց: Մինչդեռ հագուստն առգրավվելիս արձանագրություն է կազմվել, որ թեւքատակերը պատառոտված են: Երբ սկսեցի բողոքել, որ փորձաքննության ներկայացված համազգեստը տղայիս կազմվածքին չի համապատասխանում, նշանակվեց նոր փորձաքննություն Էդիկ Բաբայանի մոտ, եւ արդեն հա՛մ հագուստի չափսերը մեծացան, հա՛մ էլ թեւքատակերը պատռվեցին»,- ասում է Ս. Օհանջանյանը եւ զարմանում, թե ինչպես են նման վիճակում գործն ուղարկել դատարան:

Դատավարությունը սկսվել է 2008 թ. հունիսի 2-ին` դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ: Բայց տուժողի իրավահաջորդները ծանուցագիրը ստացել են 17 օր անց` հունիսի 19-ին:

«Զանգեցի դատավորի օգնականին եւ ասացի` ինչո՞ւ եք այդպես արել, չե՞ք ուզում, որ դատին մասնակցենք: Պատասխանեց, թե սխալմունք է եղել: Բայց հաջորդ ծանուցագիրը ստացանք հունիսի 27-ին, որում գրված էր, թե դատը հունիսի 3-ին է: Նույնիսկ ծանուցագրերը չեն կարողանում ճիշտ գրել, դրանց արած դատն ի՞նչ պետք է լինի»,- հարցնում է Ս. Օհանջանյանը:

Արդեն երրորդ ծանուցագրով դատարանն Օհանջանյաններին տեղեկացրել է, որ չներկայանալու դեպքում «նրանց բերման կենթարկեն»: Իսկ օգոստոսի 20-ին դատարանը որոշել է քննությունն անցկացնել տուժողի իրավահաջորդների բացակայությամբ: Ի վերջո, Օհանջանյանների միջնորդագրի համաձայն` նշանակվել է նոր նիստ, որին վերջիններս մասնակցել են:

«Սկզբում չէինք ուզում դատավարությանը մասնակցել, քանի որ անմեղ մարդկանց են դատում ու լրիվ ուրիշ մեղադրանքով: Բայց հետո որոշեցինք դատարանից պահանջել արտաշիրիմում: Որովհետեւ, երբ տղաս մեր տանը սեղանին դրված էր, ես իմ աչքերով եմ տեսել, որ տղայիս ծնոտը կոտրված էր, իսկ վերեւի կտրող ատամները չկային: Բայց փորձագետը գրել է, թե վերեւի ատամնաշարը բնական է եւ ամբողջական: Հիմա թող արտաշիրիմում անցկացնեն ու դրա արդյունքներով պատասխանեն` կա՞, արդյոք, այնպիսի հոսանք, որի պատճառով բերանից ատամները թռչում են, իսկ հագուստը` պատառոտվում: Եթե կապացուցեն, թող այդ երկու մարդկանց դատեն, իսկ եթե ոչ, թող գտնեն մարդասպաններին»,- ասում է Գ. Սարգսյանը:

Օհանջանյանները դատարանից տասն օր ժամանակ են խնդրել, որպեսզի փաստաբան վարձեն եւ վերջինիս օգնությամբ ներկայացնեն իրենց պահանջները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter