HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարություն` նախագահի աշխատակազմի կիրառած խտրականության ապացույցների մասին

27 ժամ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 4-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմը խտրականություն է կիրառել լրագրողների նկատմամբ, նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը panorama.am կայքին մեկնաբանել է տեղի ունեցածը՝ մասնավորաբար ասելով.

«… ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը այցի ավարտին հաղորդագրություն է տարածել և ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում տեղադրել է հանրապետական առաջատար մի քանի հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին ՀՀ Նախագահի պատասխանների տեքստային և վիդեո տարբերակները:

Ճեպազրույցը տեղի է ունեցել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» փոքրիկ նախասրահում, հետևաբար` բուժվողներին հնարավորին քիչ անհանգստացնելու նպատակով և տարածքի սահմանափակության պատճառով մի քանի կարճ հարցեր տալու հնարավորություն են ունեցել միայն հանրապետական հեռարձակում ունեցող մի քանի հեռուստաընկերությունների լրագրողներ»:

Նկատելով, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն անտեղյակ է այդ հիվանդանոցի իրական հնարավորություններին, իրազեկում ենք, որ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի շենքն ունի 80 մետր լայնություն և 140 մետր երկարություն, բաղկացած է 5 մասնաշենքից, և ներսում բազմաթիվ սրահներ կան: Բացի սրանից՝ president.am կայքում տեղադրված հարցազրույցի տեսագրությունը վկայում է, որ հարցազարույցի պահին Ս.Սարգսյանի թիկունքում առնվազն 20-25 քառակուսի մետր տարածք կար անգամ այդ սրահում (տես լուսանկարը):

Գյումրեցի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասին սեպտեմբերի 4-ին լուրեր են տարածել բոլոր այն ԶԼՄ-ները, որոնց նկատմամբ խտրականություն է կիրառվել: «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի, «Հինգշաբթի» շաբաթաթերթի, «Ցայգ» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների լրագրողների, «Ազատություն» ռադիոկայանի, «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակիցներից բացի, արգելել են հարցազրույցին ներկա լինել նաև Գյումրու քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի լրատվության բաժինների աշխատակիցներին:

Այցը լուսաբանելու ցանկություն ունեցած գյումրեցի լրագրողները ժամանակին և պատշաճ հավատարմագրված են եղել նախագահականում, սակայն նույն հիմնարկի արգելքի պատճառով չեն կարողացնել իրացնել իրենց իրավունքը ամբողջությամբ և իրենց կամեցած ձևով: Այս խտրականության պատճառով ակնհայտորեն անհավասար պայմանների մեջ են հայտնվել այլ լրագրողների հետ. ներկաներն անմիջապես են հաղորդակցել Ս.Սարգսյանի մտքերին, իսկ դրսում թողնվածները` շատ ավելի ուշ` նախագահական կայքում տեղադրված նյութերից, ներկաները Ս.Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն են ունեցել, իսկ դրսում թողնվածները չեն ունեցել այդ հնարավորությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պարտավոր է բացատրություն տալ հասարակությունը իր մեկնաբանությունում նշված «առաջատար հեռուստաընկերություններ» որակման մասին. ինչպե՞ս, ո՞ր իրավական ակտով է պետական հիմնարկը որոշել հեռուստաընկերությունների առաջատար կամ երկրորդատար լինելը (ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում այդ սահմանումները չկան), կա՞ն արդյոք նախագահականում «առաջատար հեռուստաընկերությունների» և «ետատար հեռուստաընկերությունների» ցուցակներ: Եթե այո, ինչո՞ւ չեն հրապարակվում դրանք, ինչո՞ւ այցերի և հարցազրույցների կազմակերպման նախօրեին հավատարմագրված լրատվամիջոցներին չի իրազեկվում, որ այսինչ հարցազրույցը միայն որոշակի սորտի լրատվամիջոցների համար և ոչ` այլ, ընդհանրապես ի՞նչ դասակարգումներ կան նախագահականում տպագիր, ռադիո, համացանցային լրատվամիջոցների համար:

Այդպիսով, նույն վարչությունը չի նկատել, որ իր մեկնաբանության մեջ հենց ինքն է ներկայացրել Գյումրիում սեպտեմբերի 4-ին լրագրողների նկատմամբ կիրառված խտրականության և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ապացույցները:

Բացի դրանից՝ նույն վարչությունը գյումրեցի լրագրողների նկատմամբ երեկվա կիրառած ամոթալի խտրականությունը մեկանաբանելիս իր սխալն ընդունելու և լրագրողներից ներողություն խնդրելու փոխարեն անցել է անձնուրաց ինքնապաշտպանության՝ ասելով բաներ, որոնց համար ստիպված կլինի լրացուցիչ բացատրություններ գտնել: Այսպես, խոսելով հարցազրույցին մասնակցած լրատվամիջոցների մասին, արդարանալով ասել են. «…կարճ հարցեր տալու հնարավորություն են ունեցել միայն հանրապետական հեռարձակում ունեցող մի քանի հեռուստաընկերությունների լրագրողներ»:

Սակայն նախագահական կայքի հեռուստահարցազրույցում երևում է (տես լուսանկարում), որ այդտեղ ներկա են եղել նաև Երևանի «Ար» հեռուստաընկերության լրագրողն ու նկարահանող օպերատորը, որոնք կարճ հարցեր տալու հնարավորություն նույնպես ունեցել են՝ անկախ այն հանգամանքից՝ օգտվե՞լ են այդ հնարավորությունից, թե՞ ոչ: Միաժամանակ փաստ է, որ այդ հեռուստաընկերությունը հանրապետական հեռարձակում չունի…: Ըստ ՀՌԱՀ պաշտոնական տեղեկությունների, «Ար» հեռուստաընկերությունը հեռարձակվում է միայն Երևանում:

Վարչությունը պարտավոր է բացատրել, թե այդ ինչպե՞ս միայն Երևանի տարածքում հեռարձակման արտոնագիր ունեցող հեռուստաընկերությունը սկսեց հաղորդումները հեռարձակել հանրապետությունով մեկ, արդյո՞ք հեռուստաընկերությունը խախտել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, եթե այո, ապա արդյո՞ք այս մասին ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացրել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին և այլն:

Եզրափակելով ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է, որ 2012 թվի սեպտեմբերի 4-ին Գյումրիում լրագրողների նկատմամբ խտրականության դրսևորմամբ և նրանց օրինական պարտականությունները կատարելուն խոչընդոտելով՝ ՀՀ նախագահի աշխատակազմից լրագրողներին նախագահի ճեպազրույցին մասնակցել արգելող մեկը խախտել է ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգի 3-դ և 15-րդ հոդվածների մի շարք պահանջներ, մասնավորաբար.

«3. Պետական մարմինը` …. բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ, գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.

…, …,

15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի՝ ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը, բ) նախապես տեղեկացված լինելու պետական մարմնի միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին, գ) մասնակցելու պետական մարմնի միջոցառումներին, դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ՀՀ նախագահի աշխատակազմից պահանջում է տեղի ունեցածի և հաջորդած մեկնաբանություններում տեղ գտած հակասությունների մասին պատշաճ բացատրություն ներկայացնել հանրությանը:

Լրացուցիչ ծանոթացման համար.

http://www.azatutyun.am/content/article/24697952.html

http://www.aravot.am/2012/09/04/105715/

http://www.asparez.am/news-hy/gymru_bjshkakan_kentroni_bacum-hy/

http://tsayg.am/hasarakutyun/1161-inslsl-e-lcs-sn-ls-n.html

Լուսանկարային քաղվածքը՝ www.president.am կայքի տեսանյութից են. 4 սեպտեմբերի 2012

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter