HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Շուռ տված Քաղաքը

հերթերը խեղդում են
երբ խեղդողները խեղդելու դիմաց ոչինչ են ուզում
ու մարմնի վրա  հպմանդ համար դատարկ տեղ չկա  
ամեն հաջորդ հպում հարաբերում ես ստիպված
ուրիշ ճարտարապետների մատնահետքերի
ուրիշ ժամանակների
ուրիշ պատերի
ու ուրիշ բաների
մի խոսքով
հաղթում
կամ էլ պարտվում ես
«ոչ ոքի» հնարավոր չի:


ԿՈՐԱԾ ԲԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ ՀԱՄԱՐ 1

Բահը ձեռքիս Տերյանով քայլում եմ. մոտենում է քարտեզը ձեռքին կին ու խնդրում բացատրել քաղաք հասնելու կարճ ճանապարհը: Գրպանիցս հանում եմ կորած բաների ցուցակս. քաղաքն առաջին շարքերում է:

***
Երևան
հուլիս
պեղումներ
կոնկրետ վայրում կորած քաղաք ենք փնտրում
հողը քաղաքի մասին ոչինչ չի պատմում  
կորած բաների մասին առհասարակ լռում են
ծեսն էդպես է:

հողի երեսին սմբակի հետքեր են
սմբակից  ճաքճքած հողային շերտեր
սմբակավորը հողը երբեք չի զգում
հողի հաջորդ շերտերում
օձեր
մողես-որդեր
ժամանակի անլեզու վկաները:

շերտ առ շերտ  փորում ենք հողը.
ամեն շերտի հետ մաքրում ենք
փնթի անցորդի ցեխոտ կոշիկի
սերունդների խզված կապերի
խզված սերունդների կապերի
պատահական պարտությունների
հնարավոր հաղթանակների
ամոթների
սպասումների
ու վախերի ժամանակային շերտերը
մենք օրեցօր վերածվում ենք հնագետի ուղեգրով սևագործ բանվորի:

Քաղաքը մերկանում է. խորացող ամեն մետրի հետ արևը սևացնում է
վառում
պլոկում մեր մաշկը.
Քաղաքը մերկանում է. խորացող ամեն մետրի հետ արևը սևացնում է
վառում
պլոկում մեր մաշկը.
Քաղաքը մերկանում է. ամեն մետրի հետ արևը սևացնում է
վառում
պլոկում մեր մաշկը.
Քաղաքը մերկանում է.արևը սևացնում է
վառում
պլոկում մեր մաշկը.
Քաղաքը մերկանում է. սևացնում է
վառում
պլոկում մեր մաշկը.
Քաղաքը մերկանում է.
վառում
պլոկում մեր մաշկը.
Քաղաքը մերկանում է
պլոկում մեր մաշկը.

Մենք օձերի պես ազատվում ենք սեփական մաշկից՝ ժամանակի հողե շերտից ազատագրված քաղաք մի օր ոտք դնելու հույսով:

ԿՈՐԱԾ ԲԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ  ՀԱՄԱՐ 2

Բահը ձեռքիս Տերյանով քայլում եմ.  ինձ չի մոտենում քարտեզը ձեռքին կին, չի խնդրում բացատրել եկեղեցի հասնելու ճանապարհը ու ես չեմ հանում կորած բաների երկրորդ ցուցակը. ցուցակիս մեջ հավատը վերջին շարքերում է:

Կորած բաների շարքում բոլորին հայտնի է վանք հասնելու ճանապարհը: Վանքերի պատվիրատուն ու ճարտարապետները սովորաբար հողի տակ են վաղուց, իսկ շինությունները՝ կավատների սեփականություն: Վանքերի շքեղ մարմիններն  արդեն քանի դար ում ասես, որ կողմից ասես չի վաճառվում: Մուտքն ազատ է բոլոր վճարունակների համար՝ առանց տարիքային, սեռային, ազգային կամ առավել ևս կրոնական խտրականության: Հեռացրած արգանդով մարմիններիի գներն օրեցօր բարձրանում են:

Մայրաքաղաքից դուրս գտնվող վանքերը, որպես կանոն, երկրաշարժերից ճաքճքած պատեր ու տուրիստների բազմությունից լայնացած մուտք ունեն: Երբ ամեն անգամ անձրևաջուրը լցվում է լքված պատերից ներս, վանքում աշխատող վանականները սեփական ձեռքերով են դատարկում մետր խորության ցեխաջրերը: Ու չնայած որ վանքը վաղուց գործի համար  պիտանի չի, հաճախորդները նրա մեջ սեփական վերադարձն էլ չեն փնտրում, կավատները բակը մաքրելու ու արևելյան խնկաբույրով օծելու համար դեռ վանականներ են վարձում, վանքի ազնվական ծագման մասին թռուցիկներ  բաժանում, կորերի վրա ճոպաններ կապում ու շրջակա բնության մասին լեգենդներ են հյուսում: Այցելուները երկհարկանի չինական ավտոբուսներով գալիս են վանք ոչ թե ներս մտնելու, այլ՝ կողքը նստելու, ծխելու, մի բաժակ օղի խմելու ու մաքուր օդին մի կտոր հաց ուտելու համար: Լսում են տարիների փորձից կուտակված փոշին ու կարճատև ներդաշնակություն փնտրում: Կավատները թքած ունեն վանքի մարմնի վրա, որովհետև էս տեսակը վաղուց արդեն մարմնով չի վաստակում: Մոտենում է զբոսաշրջիկների հաջորդ ավտոբուսը:

Մի ժամանակ վանքերը հարուստների, իշխանների ու քաղաքի լավ տղերքի հարեմների շքեղ զարդերից էին: Հիմա կավատներն այստեղ են ուղարկում տարեց զբոսաշրջիկների, որ ուզում են լուռ հարգանքով ականատես լինել երբեմնի շքեղության բոլոր պիտակները կրած շինությունների դամբարանային ավերակներին: Անշունչ ավերակների չորացած ու ոսկրոտ մարմինները վարձով են տրվում:

***
Երևանում պեղումները շարունակվում էին: Հանգստի ժամերին հնագետներից մեկն ամեն հարմար առիթով շեշտում էր Տրոյայի պեղումներին սեփական մասնակցության փաստը: Տրոյան նրա համար համբավ բերող սիրուհի էր, ում հետ կապ ունենալը մի քանի մետր բարձրացրել էր տղամարդու հեղինակության ստվերը: Երևանը նրա հաջորդ սիրուհին ու հեղինակության երաշխիքն էր:
Մենք շարունակում էինք փորել:

***
Քաղաքի մարմնից արդեն մաքրել ենք փոշին, դեմքից՝  անցորդների ոտնահետքերը, գլխից քանդել մողես-որդերի բները, թոքերից դատարկել պատահական ավազահատիկները, փոխարենն ազատվել սեփական մաշկի վերին թոշնած շերտից ու քաղաքային շտամպերից, գոլ արյուններս եռացրել հուլիսյան արևի տակ ու կարոտել տնեցիներին:
պեղվողն ու պեղողը իրար են խառնվել

***
Վաղը հնագետները մեկնում են քաղաքից. վաղը բոլորն են մեկնում. կավատների ժամանումն անխուսափելի է. վաղը հնագետները մեկնում են, որովհետև վաղը ստեղծված է մեկնողների համար:
Վաղը:
Հիմա, երբ թոքերը մաքուր են, վաղն ապրել է պետք:
Վաղն էլ է պետք ապրել՝առանց սեփական պատերը մի ժամանակ պեղած մեկնողների:
Հնագետների անկեղծ մղումներով գրոհները Երևանի ՝ ժամանակային շերտերի տակ թաղված մարմնի խորքերը, վաղը նորից խլրտացող որդերի ներխուժման պատմության վերածվելու վտանգ ունի:

Մեկնաբանություններ (1)

fred
Sharunaki stexzagorzel! Yete grox chdarnas el, apa gone iskakan groxnerin kchanaches.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter