HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Հետքի» լրագրողին կանչել են ոստիկանություն. ինչո՞ւ

Մի քանի հեռախոսազանգերից ու բանավոր հրավերներից հետո «Հետքի» լրագրողն արդեն ծանուցագրով հրավիրվել է Լոռու մարզի քննչական բաժին՝ բաժնի պետի տեղակալ Վ. Հակոբյանի աշխատասենյակ, քանի որ, ըստ ծանուցագրի, նա «2011 թ. մայիսի 26-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի շենքում եւ Ստեփանավանի քննչական բաժանմունքում Սուսաննա Տրանդաֆիլովայի կողմից թույլ տրված իրավախախտման ժամանակ ներկա է գտնվել եւ տեսանկարահանել դեպքը»:

Ծանուցագրի մեջ նաեւ նշված է, որ լրագրողը բաժին ներկայացնի իր կողմից «վերը նշված դեպքի տեսանկարահանված նյութերը»:

Անհասկանալի է «վերը նշված դեպք» արտահայտությունը, քանի որ ծանուցագրի մեջ որեւէ «դեպք», այն էլ՝ «իրավախախտում», նկարագրված չէ: Լրագրողն էլ չի հիշում, որ ինքը որեւէ «իրավախախտման դեպքի» ականատեսը դարձած լինի եւ դրա վերաբերյալ «տեսանկարահանված նյութեր» ունենա: Մնում է ենթադրել, թե ինչը կարող էին իրավապահներն արձանագրած լինել որպես «դեպք» եւ «իրավախախտում»:

Նշված օրը՝ մայիսի 26-ին, «Հետքի» լրագրողն իսկապես եղել է ոստիկանության Ստեփանավանի բաժնում: Նա գնացել էր Ստեփանավան քաղաքի բնակիչ, ներկայումս գողության համար դատապարտված Գագիկ Կարապետյանի մոր՝ Սուսաննա Սարգսյանի խնդրանքով (Գագիկ Կարապետյանի գործի մանրամասներին «Հետքն» անդրադարձել է):

Սուսաննա Սարգսյանը շարունակ պնդում է, որ որդին՝ Գագիկը, զոհ է դարձել հանցագործ խմբին, որը վայելում է Ստեփանավանի իրավապահների հովանավորչությունը: Մայրն ասում է, որ «հանցագործ խմբի» կատարած գողությունից առաջ էլ, որի համար միայն իր որդին է պատիժ կրում, ինքն էլ, Գագիկն էլ շատ անգամ ահազանգել են Ստեփանավանի իրավապահներին, հաղորդել են նրանց «հանցագործ խմբի» կողմից Գագիկի նկատմամբ գործադրվող ճնշումների ու հալածանքների մասին, բայց իրավապահներն իրենց դիմումներն անհետեւանք են թողել:

«Հետքի» լրագրողը բողոքի հետքերով ոստիկանության Ստեփանավանի բաժին էր գնացել անձամբ Սուսաննա Սարգսյանի հետ: Բաժնի պետ Ա. Ավետիսյանն ու նրա տեղակալ Վ. Դավթյանը աշխատանքային ժամին տեղում չէին (ի դեպ, այլ քաղաքից գործուղված լրագրողը, որպեսզի անպայման իրավապահներից ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները եւ ապահովի այս թեմայով գրվող հոդվածների համակողմանիությունն ու օբյեկտիվությունը, աշխատանքային օրվա վերջում նորից էր բաժին եկել, բայց ղեկավարների աշխատասենյակների դռները դարձյալ փակ էին: Լրագրողն էլ ստիպված իր հարցերը շարադրել է գրավոր՝ դիմումի տեսքով ոստիկանապետի անունով, և հանձնել քարտուղարություն: Դիմումը մուտքագրվել էր, եւ լրագրողին մուտքի կտրոն էր տրվել: Բայց պատասխան մինչ օրս չկա):

Այս պարագայում լրագրողին այլ բան չէր մնում, քան աշխատանքային ժամին կիսադատարկ շենքում լսել քաղաքացու բողոքը եւ վերադառնալ: Ի դեպ, այդ բողոքը կարճ տեւողությամբ՝ 1,5-2 րոպե, տեսագրվել եւ հրապարակվել է «Հետքի» կայքէջում:

Այլ բան է, որ իրավապահները, ըստ էության, չեն հանդուրժել, որ քաղաքացին «իրենց» շենքում է արտահայտել իրենց դեմ ուղղված բողոքը, եւ որոշել են «գործով» զբաղվել:

Վերոնկարագրյալը որակելով որպես «դեպք» եւ «իրավախախտում»՝ քաղաքացի Սուսաննա Սարգսյանին հունիսի 2-ին «դեպքի» առթիվ որպես «մեղադրյալ» հրավիրել են քննչական բաժին՝ հիշյալ պետի տեղակալ Վ. Դավթյանի աշխատասենյակ:

Վերջինս Սուսաննա Սարգսյանին զանգով տեղեկացրել էր, որ «նրա վրա բողոք կա»: Իսկ արդեն աշխատասենյակում «հիշեցրել է», որ նա լրագրողի հետ մտել է Ստեփանավանի ոստիկանության շենք, «անհանգստացրել է ոստիկաններին, վիրավորական բառեր է ասել, սկանդալ սարքել, նրանց գողեր ու թալանչիներ» անվանել: Վ. Հակոբյանը Սուսաննա Սարգսյանին «հիշեցրել է» հատկապես վերջինիս հետեւյալ բառերը՝ «կցրեմ, կփակեմ էս հիմնարկը»:

«Չեմ պատկերացնում, որ այդքան զորավոր դուրս գամ, որ կարողանամ նման բան անել»,- մեկնաբանում է տիկին Սուսաննան եւ զարմանում, որ իր այս բառերը վիրավորել են ոստիկաններին:

Լոռու մարզի քննչական բաժնում իր տված ցուցմունքը Սուսաննա Սարգսյանը փոխանցեց նաեւ «Հետքին». «Պատճառն ի՞նչ է, որ քաղաքացին մտնում է ոստիկանություն, հետն էլ՝ լրագրողի հետ: Խնդրել եմ՝ լրագրող գա, օգնության համար եմ դիմել, որ բողոքս տեղում լսվի, բողոքիս ընթացք տրվի: Եթե մի բան նկատել են իմ վարքագծի մեջ, ինչպես իրենք են ներկայացրել, բա չե՞ն ասել՝ դու ով ես, ինչի համար ես եկել, պատճառն ինչ է, որ նման բողոք ես անում: Չեն ասել, որովհետեւ իրենք գիտեն՝ ես ինչի մասին եմ խոսում: Վեճ չի եղել այնտեղ, ինչպես ներկայացրել են իրավապահներն իրենց բողոքներում: Նման բան չի եղել: Ես գործով էի գնացել լրագրողի հետ, ոչ թե վիճելու: Վիճելու համար ուրիշ օր կգնայի: Հո լրագրողին չէ՞ի կանչելու ու նրա ներկայությամբ վեճի բռնվեի:

Այն օրը քննչականում ասել եմ, չեմ հրաժարվում, ու իմ ցուցմունքի մեջ էլ եմ գրել՝ ամենամեծ գողը Ստեփանավանի դատախազ Գուրգեն Սաֆարյանն է, քանի որ նա է հաստատել ու իմ որդու գործն ուղարկել դատարան: Տեսանյութը կա՝ ինչպես եմ ես ինձ պահել: Թող ապացուցեն, ապացուցելու բան ունե՞ն: Ի՞նչ պետք է ապացուցեն, որ հանցագործ խմբի անդամներից Սուրեն Մանուչարյանը Վանաձորի կալանավայրում է եղել, իսկ քննիչ Արամ Մաթեւոսյանը նրան չի բերել որդուս հետ առերեսման: Հենց որդիս դատվել է, Սուրեն Մանուչարյանին հանել են բանտից: Դա՞ պետք է ապացուցեն:

Հանցավոր խմբին թաքցրել են, իսկ գողին՝ հանել: Չեն ուզում, որ իրանց կեղտերը բացահայտվեն: Ինչի՞ հիման վրա են իմ տղու վրա հոդված դրել, հիմա էլ տուժում են մեկուսարաններում: Տղես արդեն դատապարտված է: Նրան էնտեղ են բանտում ծեծի ենթարկում, ինձ էլ էստե՞ղ են սկսել նեղացնել: Մի կողմից հանցավոր խումբն է անհանգստացնում, մյուս կողմից էլ արդեն իրավապահներն են սկսել քաշքշուկների մեջ գցել: Սա արդեն քաղաքացիական հարց է: Մնում է՝ հրաժարվեմ Հայաստանի քաղաքացիությունից, քանի որ ինձ էստեղ հալածում են»:

Իր տված ցուցմունքում Սուսաննա Սարգսյանը գրել է նաեւ մայիսի 31-ի դեպքի մասին, որի առթիվ ինքը նույն օրը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Այդ օրը «հանցագործ խմբից» Միքայել Ամիրխանյանը, ինչպես Սուսաննա Սարգսյանն է պատմում, իրեն հայհոյել է, ասել անվայել բառեր: Վերջին դեպքի հետ կապված՝ Սուսաննա Սարգսյանը մտաբերել եւ ցուցմունքի մեջ հիշատակել է նաեւ նախկինում տեղի ունեցած նմանատիպ մի քանի այլ դեպքեր, երբ «հանցագործներ Միքայելն ու Արտյոմն անհանգստացրել, անպատվել են» իրեն: Այդ դեպքերի առթիվ կինը նաեւ ականատեսների անուններ է նշել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter