HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Առաջնորդի դիմանկարը

Նկարի առաջին պլանում վախով ու տագնապալի ներկայով ապրող մարդն է, հետին պլանի աջ կողմում` վայրենու կերպարով ինքնագիտակցության եկող նրա անցյալն է, իսկ ձախից` սպասվելիք ապագան խորհրդանշող Խաչյալը: Երեք կերպարներն էլ նման են իրար: Երեքի մեջ էլ պատկերված է նույն մարդը` նկարիչը: Դատապարտված են երեքն էլ, ավելի կոնկրետ դատապարտված է նրանց ժամանակը` անցյալը, ներկան ու ապագան առանձին - առանձին վերցրած:

Քրիստոսի խաչելության պահը նկարիչը պատկերել է առանձին մի այլ կտավի մեջ նաև, որը շատ ավելի երկար մեկնության կարիք ունի, որն առանձնանում է խաչելության պահի գոգենյան յուրովի մեկնաբանությամբ: Իսկ այստեղ, եթե Գոգենի Հիսուսը մարդ է` խորը կասկածներով իր վերջին ճանապարհն ընկած մարդ, ապա ինքնանկարի մեջից նայող նկարիչը ներկայանում է դիտորդին իր վերջավոր ու անհուսալի դատապարտվածությամբ:

Այդ անհուսալի վիճակը, Վերջավորի վերջավոր լինելու հանգամանքը, ժամանակի անպիտանությունը, նրա ավարտունությունը յուրաքանչյուրս զգում ենք յուրովի, ամեն մեկս մեր կերպ, Գոգենն էլ այդ ժամանակը զգացել ու պատկերել է իր կերպ` կտրտված: Ժամանակն անպիտան ու կտրտված է մեր ընկալումներում: Նա տրոհված ներկայանում է մեզ: Իրականում նա` Ժամանակը, այդպիսին չէ: Եվ Թաիթիից Հայաստան ճանապարհը նրա համար մի կարճ քայլ` ինքն իր մեջ չընդհատվող մի անցում է:

 * * *

Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։ 

Խամրել սկսեց առաջնորդի շարժանկարը, խլացավ քայլերգի ձայնը,  մշուշվող աչքի վրայով ծորաց ու սահեց  մայթեզրին արյան առաջին կաթիլը…

-  Ցեզիումի անձրևներ են տեղում Մոսկվայում…

Երեսուն, վաթսուն, իննսուն տարի չտրհովող իզոտոպներ:

- Մենք պակաս չենք արաբից …

- Լիբիայի ժողովրդի հանդեպ սկսվել է խաչակրաց արշավանք:

- Որ խաչակրաց արշավանքը, - Կադաֆի, - Գոգենի պատկերած Խաչյալի խաչակրաց:

* * *

Արվեստը խորհրդանշային է, ինչպես կյանքը. կուզեք զարմացեք, կուզեք ոչ, նույնիսկ քաղաքական կյանքն է այդպիսին: Եթե չլիներ սիմվոլիկ մեր ապրածը, վերջին քսան տարում մի բան էլ շարքային ցուցարարի ձեռքը կընկներ: Ի°նչ ունի նորանկախ Հայաստանի քաղաքացին այս պահին. գերբ, օրհներգ ու ձեռքերի մեջ ամուր բռնած պետական դրոշի մի կոթ: Որպիսի երջանկություն: Ուրախացեք հայեր կոնգրեսական հրապարակախոսի հետ, ով իր դրոշի կոթն ամուր խփել է հողի մեջ ու դիրքավորվել ազատության հրապարակում:

Իր միայնակ լինելու հանգամանքն ըմբռնած խորհրդանշային մտածողությամբ ապրող մարդու երանելի ու ավարտուն մի վիճակ: Երջանիկ ու երկրպագության արժանի վիճակ:

 * * *

Երկրպագողն ունի երկրպագելու պահանջ` երկրպագվողը չունի: Երկրպագվողները չունեն հատկություն, նրանք չափվում են մեզանով, աստվածները մեր հատկություններն են` լավ կամ վատ: Շքախումբ պետք չէ մարդուն խաչելության տանող ճանապարհին: Մարդու շքախումբն ինքն է` իր անցյալով, ներկայով ու ապագայով: Բաց մարդ է Լևոն Տեր - Պետրոսյանը, համենայն դեպս ինձ համար, բաց ու  տեսանելի: Ես ենթադրում եմ, որ նա շատ ավելի քիչ կարիք ունի երկրպագության, քան մատուցվում է  նրան: Ինձ համար կոնկրետ մարդ է նա, մնացած  «միայնակներից»  բացարձակապես չտարբերվող նույն մարդը` անցյալում նախագահ,  ներկայում` աբսուրդի առաջ կանգնած քաղաքական գործիչ, հեռանկարում` իր երազանքներում ` խաչյալ, կտրտված ու անպիտան ժամանակի կրող նույն կարգի դժբախտ մի գիտակցություն, որպիսին է Փոլ Գոգենի ինքնանկարից մեզ նայող նկարիչը:

12 ապրիլի 2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter