HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Seven steps to heaven

Հաճախ է հնչում այն կարծիքը, թե այս կամ այնինչին անձնական ամիբիցիաներն են խանգարում համախմբվելու կոնգրեսի շուրջը: Չկա նման բան: Մանիպուլյատիվ այդ խոսք ու զրույցը, իրենց սպառած այդ հնարքները էլ չեն անցնում: Կա կոնկրետ առճակատում, կա  կոնկրետ պահանջ: Ոչինչ չունեմ ասելու` կոնգրեսականությունը հանրային ողջ սպեկտրի կարծիքը չի ընդգրկում, չունեմ առարկություն այդ թեզի դեմ: Բայց կոնգրեսը այս պահին ռեալ հավաքագրող ուժ է: Ի սեր Աստծո համոզելու ոչինչ չունեմ մանր - մունր շահերով առաջնորդվող քաղաքական ուժերին ու միավորումներին լինել մարդ ու լինել շարքային մարդու կողքին:

Քաղաքականությամբ սնվող գործչի մի տեսակի համար իր երկրի քաղաքացին եղել ու մնացել է  նպատակին հասնելու գործիք, այլ ոչ թե նպատակ: Բայց մեր սահմանային վիճակը հուշում է, որ ժամանակի այս պահին մարդապահպանությունն է նպատակ: Այդ առումով քիչ թե շատ հումանիտար դրվածք առկա է կոնգրեսականության մոտ: Ոչ բարոյական այս մթնոլորտում, մեր սահմանային աղետալի վիճակը երբեմն առ երբեմն ստիպում է ինձ կանգնել կոնգրեսականության կողքին` առաքինությունը պահպանած իմ հայրենակցին  թյուրիմացության մեջ ընկնելու վտանգից զերծ պահելու համար:

Կատեգորիկ դեմ եմ կոնգրեսական առաջնորդական հարթակում կանգնած ներկա թիմին: Ինտելեկտի պակասն է սարսափեցնող ոմանց մոտ: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ինտելեկտուալից էլ շարժունակ քայլ չտեսանք: Պարզվում է, որքան շատ է ինտելեկտը մարդու մոտ, այդքան ավելի ցցուն է կոմֆորմիզմը: Հումանիտար աղետն ու տանուլ տված ազատագրական կռիվը դաս չէ  մեր ինտելիգենտի ու բոհեմայի սնամեջ ներկայացուցչի համար: Հարգելիներս, առճակատում լինելու է, ընդ որում սուր առճակատում: Եվ կամա թե ակամա բացահայտվելու է յուրաքանչյուրիս դեմքը:

Կրկնում եմ` խոսքը հումանիտար աղետից փրկվելու մասին է: Զուտ ինքնապահպանման բնազդը թելադրում է կուլ չգնալ քաղքենական մտայնությանը: Քաղաքական դիրքաձևը դեռ դիրքորոշում չէ, ոչ էլ հրապարակային հայհոյախոսությունն է հեղափոխականության չափանիշ: Եկեք բանտերով անցած ու ոգին պահպանածին տարբերակենք քաղաքական արկածախնդրից:

Անկախ այն բանից, հավանում, թե չենք հավանում նրանց, անցած երեք տարիների ընթացքում այդ մի քանի անձով ներկայացվեց հեղափոխականի կերպարը: Այստեղ կանգ եմ առնում: Թողնում եմ, որ շարժում ապրող երիտասարդ մարդն ինքը տեսնի ու ինքնուրույն իր հերոսի կերպարը ձևավորի: Մենք սպառել ենք քաղաքականություն խաղալու մեր ժամանակային լիմիտը:

Վատ վերջնախաղ ենք ստացել, համարյա տանուլ տված խոր էնդշպիլում ենք, հայեր: Ժամանակն է սպառվել, մեզ հասանելիք ժամանակը: Նրանք, ովքեր չեն հասկանում այս վտանգավոր իրավիճակը, դեռ շարունակում են ճամարտակել: Այդպիսիները շատ են երկու կողմերում էլ: Նոր կուսակցություն են ստեղծում ոմանք, նոր ֆորմատներից են խոսում դեռ, նոր գաղափարներ են ուզում հետույքից հորինել:

Ինքնամաշ այս պայքարում տուժելու ենք բոլորս: Ելքը միակն է: Շատ արագ անցում: Կոնգրեսականությունը այս պահին իր առջև դրել է ազգապահպան խնդիր` հումանիտար խնդիրներից ամենաարդին: Իշխանական ու իշխանամետ կուսակցապետերի կարճատեսությունը կարող է հանգեցնել տեմպի լուրջ  կորստի: Իրավիճակը ճիշտ է գնահատվում երկխոսության անհրաժեշտությունը հասկացած անհատների մակարդակով: Կուսակցական ու դեպուտատական շանտաժից ազատագրվելու շատ նորմալ սահմանադրական ձև կա: Պետք է հանդես բերվի քաղաքացիական նախաձեռնություն ու հետ կանչվեն դեպուտատները:

Այդ կերպ, ինքնըստինքյան կազատագրվենք ազգային ժողով կոչված պարազիտ օղակից: Իսկ նրանց, ում խանգարում էին անձնական ամբիցիաները, կսկսեն արդեն չխանգարել դեպուտատական մանդատի կորստի հետ: Ինչ է նշանակում խորհրդարանական ընդդիմություն: Հիմարի տեղ են դնում մեզ մեր պոլիտոլոգներն իրենց պոլիտտերմինոլոգիայով: Խորհրդարանը իշխանություն է , իշխանության թև: Այն ընդդիմություն լինել չի կարող:

Կարող է լինել մի ընդդիմություն, ոչ խորհրդարանական: Դեմ եք իշխանության վարած քաղաքականությանը, դեմ եք տիրող կարգին, դուրս եկեք իշխանական բոլոր ինստիտուտներից ու միացեք միտինգավորին, պարոնայք մինիստրներ, ընկեր ու պարոն երեսփոխաններ: Փոխեք ձեր կենսակերպի դրվածքը, հիմնավորապես: Սա է ռեաբիլիտացվելու միակ ճանապարհը:

. . .

Միշտ էլ ուսուցանող և օգտակար են այն ստեղծագործությունները, որոնք իրենց բովանդակային զարգացումներում մոդուլյատիվ փոփոխություններ են կրում: Մոդուլյացիա, ֆալցետ, էպատաժ, գրոտեսկ սրանք են ստեղծագործությանը տալիս համ ու հոտ: Մի ստեղծագործություն էլ մեր ապրածն է, մարդիկ: Որքան կարող ենք տտիպ ու տրտում առաջնորդներով առաջնորդվել: Բթացնող սերիալներ, անորակ պապսա, միջին թվաբանական անգրագիտությամբ աստղուհիներ: Սա էր նորանկախ Հայաստանի ստեղածագործ մտքի երևակայության սահմանը:

Արմատական փոփոխություն ասողը արմատականի որևէ նմուշի ծանոթ չէ գեղարվեստական երկից:  Որ չգիտի, համեմատական էլ չի գտնում: Մայլս Դևիսը  7 րոպե տևողությամբ երաժշտական բալադում հինգից վեց անգամ փոխում է զարգացումների ուղղությունը ու նույնքան անգամ էլ հզորացնում ասելիքի հնչեղությունը: Նույն կարգի ընդունակություն է պահանջվում նաև հավաքական ճակատագիրն առաջնորդողից: Գորշ իշխանավորով, գաղջ մտածողությամբ,  մենք հնոտի էլ մնալու ենք` պայծառ այս կյանքում:

. . .

Ասում են իբրև այս կամ այնինչին բազմաշնորհ տաղանդը թույլ չի տալիս միավորվելու: Այ, քեզ ուրախություն: Համախմված տաղանդի արգասիք է “seven steps to heaven” ստեղծագործությունը: Քաղքենական կաղապարի մեջ պատսպարված մեր սուտ ինտելեկտուալների ասելով ստացվում է, որ Մայլս Դևիսին, Հերբի Հանկոկին, Ջորջ Քոուլմենին, Թոնի Ուիլյամսին ու Ռոն Քարտերին միավորող եղել է նրանց միջակ ունակությունը, ինչի արդյունքում ծնվել է այդ հնգյակի կողմից ստեղծված «յոթ քայլ դեպի երկինք» երաժշտապատումը, քառասուն տարվա վաղեմությամբ մի շեդեվր, որը մինչև այսօր էլ ստեղծագործ խմբի կամքից անկախ շարունակում է զարգանալ ու տարափոխվել, այս անգամ արդեն մեր` ունկընդիրներիս ասոցիացիաներում:

10 հունիսի 2011 թ.

Մեկնաբանություններ (2)

MARIAM
Petk e handes bervi kaxakaciakan aktivutyun ev deputatnern het kanchven- Hoyakap e asvac.
SUREN-ATENK
BravO, lezvakan anteri sharadrank, obyektiv u xor@ verlucutyun. Shnorhakalutyun.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter