HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Լեզգիներն ու թալիշները Արա Պապյանին պատմել են, թե ինչ սկզբունքով են գործում ադրբեջանական նշանառուները

Այսօրվա մամուլի ասուլիսում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը անդրադարձավ Հայաստան-Թուրքիա սառեցված արձանագրություններին և Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների դերին ղարաբաղյան ճակատում Ադրբեջանին խաղաղության պարտադրելու գործում:

-Վերջին շրջանում կարծես չի խոսվում հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ի՞նչ վիճակում են այդ հարաբերությունները և արձանագրությունները:

-Բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունները խիստ կարևոր են Հայաստանի և ընդհանրապես Միջին Արևելքի համար, բայց ակնհայտ է, որ այդ հարաբերությունների վրա էական ազդեցություն ունեն այլ ուժային կենտրոնները, մասնավորապես Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Միացյալ Նահանգների այս վերջին ընտրություններում Օբամայի վերընտրությունը որոշակի անդրադարձ կունենա, որովհետև 2015-ին ընդառաջ փորձ կարվի նորից մեջտեղ բերել հայ-թուրքական հարաբերությունները:

Ես կողմ եմ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, սակայն դեմ եմ այս չարաբաստիկ, ստորագրված և չվավերացված արձանագրությունների հիման վրա դա անելուն, որովհետև տվյալ արձանագրությունները չեն ապահովում տևականորեն և հաստատականապես մեր շահերը: Բացի դրանից՝ մեր տվածը շատ ավելին է, քան ստացածը:

Գուցե եթե Հայաստանի իշխանությունները և հասարակությունը կարողանան, օգտվելով 2015-ի ավելի հայանպաստ մթնոլորտից, վերարծարծել շատ հարցեր... Օրինակ՝ Հայաստանի շրջափակումը հանցանք է՝ ըստ միջազգային իրավունքի: Հետևաբար, Հայաստանի ապաշրջափակումը Թուրքիայի կողմից պիտի լինի միջազգային պարտավորություն և ոչ թե լավություն մեզ, ինչպես փորձում է անել Թուրքիան և ցավոք սրտի, ինչպես արձանագրված է արձանագրությունների մեջ: Հստակ կան միջազգային փաստաթղթեր, որոնց հիման վրա դա Թուրքիան պիտի անի:

Այսօր Միջին Արևելքը գտնվում է, ամերիկյան քաղաքագիտական տերմինով ասած, կառավարելի քաոսի փուլում: Այդ փոփոխությունները, ըստ էության, շատ ավելի վաղ էին կանխատեսված և նախանշված Միացյալ Նահանգների քաղաքական մտքի կողմից, որ նշանակում է, որ առաջիկայում այս կառավարելի քաոսից մենք պիտի անցնենք ավելի լուրջ փոփոխությունների:

Մեզ համար մինչև առաջիկա 5 տարում մեծ հնարավորություններ կարող են բացվել, բայց միևնույն ժամանակ այդ նույն ժամանակաշրջանը կարող է լինել մեզ համար մեծ կորուստների ժամանակշրջան, այսինքն՝ կախում կունենա, թե մենք ինչքանով պատրաստ կլինենք և համարժեք քաղաքականություն կիրականացնենք: Այն ժամանակահատվածը, որ ուրիշները քաղաքականություն էին իրականացնում, և մենք կողքից այդ քաղաքականության մեջ ինչ-որ դերակատարություն ունենք, մոտենում է ավարտին:

Իմ կարծիքով, 2013-2014 թթ.-ը ամենալարված ժամանակահատվածը կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների փուլում, որովհետև Ադրբեջանը իր հնարավորությունների վերջին շրջանին կմոտենա: Ակնհայտ է, որ ադրբեջանական նավթի արդյունահանումը, արտահանումը կրճատվում են և ավելի կտրուկ կսկսեն կրճատվել 2014-2015 թ.-ից: Հետևաբար, Ադրբեջանի հիմնական ֆինանսական առավելությունը Հայաստանի նկատմամբ պիտի աստիճանաբար սկսի մարել:

Եթե Ադրբեջանը պիտի փորձի ուժով հարցը լուծել, նա պիտի փորձի այդ շրջանում, թեև Ադրբեջանի համար դա բարենպաստ շրջան չի՝ նորից անդրադառնալով 2015-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որովհետև ակամայից այդ շրջանում շատ ավելի հայանպաստ մամուլ, հայանպաստ արձագանքներ պիտի լինեն, և պատերազմը Ղարաբաղի ճակատով, որը գուցեև ընդլայնվի, պիտի դիտարկվի փորձ (և իրականության մեջ էլ այդպես է)՝ ասենք եթե ոչ ցեղասպանության, ապա էթնիկ զտման:

Ակնհայտ է, որ Ղարաբաղում պատերազմը չի եղել սովորական պատերազմ, երբ զինված ուժերը իրար դեմ պայքարում են, և խաղաղ բնակչությունը մի կողմ է: Բոլոր այն հատվածներում, որոնք ադրբեջանական զորքերը մտան գրավեցին, հայ բնակչությունը կամ գերեվարվեց, և շատերի ճակատագիրը անհայտ մնաց առ այսօր, կամ պարզապես կոտորածներ եղան: Այսինքն՝ պատերազմը մեր տարածաշրջանում պատերազմ է ոչ թե բանակների, այլ ժողովուրդների միջև:

«Մոդուս վիվենդի» կազմակերպությունը սկսել է ավելի ակտիվացնել և հետագայում ավելի ու ավելի պիտի խորացնի հարաբերությունը տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների հետ: Մենք սահմանակից ենք 4 պետության հետ, որոնցից 2-ի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ընդհանրապես հարաբերություններ չունենք: Իրանի հետ հարաբերությունները բավականին լավ են, բայց Իրանը ինքը խնդիրներ ունի հատկապես Արևմուտքի հետ: Վրաստանը մշտապես երկակի դեր ունի՝ անընդհատ անհասկանալի ներքին փոփոխություններով, երբեմն ծայրահեղությունից ծայրահեղություն:

Բայց, բացի այդ 4 պետությունից, մեր շրջապատում կան մի քանի տասնյակ ազգային խմբեր, որոնք թվաքանակով բավականին մեծ են, եթե նույն հայերի հետ ենք համեմատում: Եթե Թուրքիան ենք վերցնում, դրանք քրդերն են, զազաներն են: Եթե վերցնում ենք Ադրբեջանը, դրանք թալիշներն են, ավարներն են, լեզգիներն են: Զազաների՝ Թուրքիայում մինչև 4 մլն լինելու մասին է խոսքը: Այսինքն՝ երբ մենք ասում ենք «ազգային փոքրամասնություն», հարաբերական է. 4 մլն-ը ավելի շատ է, քան Հայաստանում ենք: Քրդերը մի քանի տասնյակ միլիոն են (20-ից մինչև 40 միլիոնի մասին է խոսվում) տարածաշրջանում: Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում ապրում է 200-220 հազար թալիշ, 175 հազար լեզգի, մոտավորապես 80-90 հազար ավար: Բայց սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք իրականության համար առնվազն 3-4, երբեմն 5 անգամ պիտի բազմապատկել:

Սրանք ժողովուրդներ են, որոնք նույնքան, եթե ոչ ավելի հալածյալ վիճակի մեջ են այսօր Ադրբեջանում, ինչքան ժամանակին հայերն են եղել: Բնականաբար, այս ժողովուրդները գտնվում են ազգային գիտակցության տարբեր շերտերում. կան լրիվ ուծացված՝ թուրքացած լեզգիներ, թալիշներ, և կան մարդիկ, որոնք զարթոնք են ապրում: Խնդիրն այն է, որ հնարավորին չափ նրանց ինքնության վերազարթոնք լինի: Որևէ ժողովուրդ չի ուզում պատմության թատերաբեմից հեռանալ, ձուլվել այլ ժողովուրդներին:

Դրա համար, մեր կարծիքով, հնարավորություններից մեկը այդ ժողովուրդների հետ առաջին հերթին մշակութային, գիտական հարաբերությունների զարգացումն է: Մենք արդեն մի քանի գիտաժողովներ ենք անցկացրել Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի և կովկասագիտության կենտրոնի, մի շարք այլ կազմակերպությունների հետ համատեղ: Առաջիկայում ավելի մեծ ծրագրեր ունենք՝ հրատարակչական և տարբեր հաղորդումների առումով:

- Ի՞նչ կտա դա:

-Ադրբեջանի մեջ այդ ժողովուրդները մի քանի տասնյակի են հասնում, բայց 3-5 ժողովուրդն է ավելի մեծաքանակ: Եթե Ադրբեջանում իրենք պաշտոնապես խոսում են 8-9 մլն ընդհանուր բնակչության մասին, իրականության մեջ իրենց թիվը 5-6 մլն է և ոչ ավելի: Բայց սրանց մեջ առնվազն 1-1,5 մլն այդ ազգերի ներկայացուցիչներն են: Այսօր իրենք հասկացել են, որ իրենց շահերից չի բխում կռվել հայերի դեմ:

Եթե պաշտոնական տվյալներով լեզգիները կազմում են Ադրբեջանի բնակչության 2-3 տոկոսը (իրականության մեջ շատ են), ապա ղարաբաղյան ճակատի սահմանագծում զոհերի 30-35 տոկոսը ազգությամբ լեզգի է: Իսկ լեզգիները թուրքական ժողովուրդ չեն, կովկասյան ժողովուրդ են՝ լրիվ այլ ծագում և էթնիկ ինքնագիտակցություն ունեն, նաև կրոնական առումով սուննի են, շիա էլ չեն:

Հիմա պատկերացրեք, որ այս ժողովուրդը, իր ինքնագիտակցությունը զարգանալով, չի ուզում կռվել հայերի դեմ, որովհետև դա իրենց շահերից չի բխում, որովհետև այդ խտրականությունը տեսնում են: Եվ այսօր իրենց հանրության մեջ, սկսած ավելի մեղմ, ֆեդերալիզացիայի կողմնակիցներից, որոնք համարում են, որ էթնիկ կամ անգամ մշակութային ավտոնոմիա պիտի ստեղծեն, կա ավելի ծայրահեղ թևը, որ համարում է, որ իրենք կամ պիտի անկախանան, կամ միանան Ռուսաստանին:

Բնական է, որ նման միտումները մեր օգտին են, որովհետև Ադրբեջանը եթե պիտի պատերազմի գնա, պիտի գոնե տեսականորեն հաշվի առնել, որ ինքը չի կարող խարսխել իր ուժը այդ բոլոր ժողովուրդների վրա:

Շատ հետաքրքիր օրենք կա Ադրբեջանում (Հայաստանում էլ նմանատիպ օրենք կա), որ զորակոչիկը չի կարող ծառայել իր բնակավայրին ավելի մոտ, քան 200 կմ-ը: Առաջին հայացքից բնական ինչ-որ օրենք է, բայց այս օրենքի հետևանքով ստացվում է, որ Ադրբեջանի հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում բնակվող, ասենք, լեզգիները և թալիշները զորակոչվում են Ղարաբաղի հետ սահման՝ ռազմաճակատային գիծ, իսկ էդտեղի թուրքերը զորակոչվում են դեպի Բաքու:

Հետո ի՞նչ է տեղի ունենում: Այս նշանառուների պատերազմը ինչի՞ հետևանք է: Ինձ բացատրեցին մարդիկ, ովքեր Ադրբեջանի այդ ժողովուրդներից են, իրենց հետ խոսել ենք: Ասում են. «Ինչ-որ անհայտ մարդիկ են գալիս, սկսում են կրակել հայկական դիրքերի վրա, երբեմն սպանում են հայ զինվորների, և իրենք չկան: Հետո հայկական կողմից պատասխան սպանվում են Ադրբեջանի բանակի զինվորները և այն դիրքերում, որտեղ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն են»: Ստացվում է, որ այս խորամանկ, նենգ քաղաքականության պատճառով իրենք (ադրբեջանցիները - հեղ.) լուծում են երկու հարց. և հայ են սպանում, և լեզգի կամ թալիշ և այլն: Դա քաղաքականություն է: Այս գիտակցումը եթե ավելանա, մեզ համար լավ է:

-Որը կլինի՞ Հայաստանի օգուտը, եթե մենք ակտիվորեն համագործակցենք Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հետ:

-Առաջին հերթին նվազագույնը դա կմեղմի Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշումը, որովհետև վստահություն չի լինի, որ թիկունքում ամեն ինչ լավ կլինի: Առավելագույնն էլ այն է, որ այս գիտակցությունը կարող է այնքան բարձրանալ այս ազգերի մեջ, որ իրենք պահանջեն իրենց ինքնավարությունը կամ անջատումը:

Քանի որ 2013-2014 թվականը վտանգավոր փուլ պիտի լինի, մեզ համար խաղաղության պահպանումը խիստ կարևոր է՝ ոչ միայն այն պատճառով, որ պատերազմ կլինի: Ես չեմ կասկածում, որ մենք կհաղթենք: Բայց այս հաղթանակը լինելու է շատ ավելի ծանր և մեզ համար, և Ադրբեջանի համար:

Իրենք արդեն պարտվել են և պիտի ընդունեն, որ ռազմականապես այսօր այդ հարցը լուծում չունի: Ադրբեջանը երբևէ չի կարող ունենալ ռազմական այնպիսի գերակշռություն Հայաստանի նկատմամբ (ես Ղարաբաղը համարում եմ Հայաստանի մաս, և սահմանադրորեն այդպես է), որ կարողանա ջախջախել հայկական բանակը ամբողջովին: Դա ավելի շատ դրսևորում կունենա շփման գծի վրա փոքր բախումներով, բայց դրսում ավելի աղմկահարույց միջոցառումներ կլինեն, որովհետև Ադրբեջանը ինչ-որ «հաղթանակներ» պիտի ցույց տա. օրինակի համար, ասենք, Ալիևի արձանը մի տեղ կբացեն և դա կնշեն:

Իմ սիրտը հավասարապես ցավում է հնարավոր զոհերի համար՝ և հայկական կողմից, և ադրբեջանական, որովհետև էն կողմից էլ զոհվում են, հաշմանդամ են դառնում երիտասարդներ, շատ հաճախ անգամ ազգային շահ չունեցող: Խաղաղության պահպանումը կարևոր է: Սա այդ գործոններից մեկն է, որը, մենք կարծում ենք, որպես վճռորոշ կարող է հանդես գալ տարածաշրջանում խաղաղությունը պահելու:

-Պարոն Պապյան, գիտակցումը, որ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հետ համագործակցությունը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, միայն «Մոդուս վիվենդի» կենտրոնո՞ւմ է, թե՞ Հայաստանի իշխանությունների շրջանում ևս կա:

-Իշխանության մեջ այդ ըմբռնումը կա, որ դա կարևոր է, բայց բնականաբար, նման հարցերի մեջ իշխանությունը չի կարող ուղղակիորեն կամ լայնածավալ ներգրավվածություն ունենալ, որովհետև սրանք նուրբ հարցեր են, թեև, բնականաբար, մենք Ադրբեջանի հետ այսօր պատերազմի մեջ ենք և ամեն հնարավորություն պիտի օգտագործել: Բայց ամեն դեպքում իշխանությունը շատ ավելի զգուշավոր դիրքորոշում ունի:

Մեկնաբանություններ (2)

Մլեհ
Լաւ առաջարկ է ,Կարօ:
Կարօ
Առաջին լաւ քայլ կը դառնար եթէ Լեզգիներու, Թալիշներու եւ այլ փոքրամասնութեանց նպաստող կայքէջեր բացուէին Հայաստանի մէջ եւ ընդհանրացուէին անոնց ազգայնական պահանջքները Ատրպէյճանէն։ Երկրորդ քայլը գիտաժողովներ եւ լուսաբանող գրքոյքներ pdf downloadable ձեւով բաժանելու մէջ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter