HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Որքան անուն-ազգանուն, այդքան գաղափարախոսություն ու «իզմ»՝ կրծքանշանավոր երիտստալինիստների սրտերում

Արչի Շեփի «Հեղափոխություն» երաժշտական պիեսը միակ խարիսխն է թերևս, որ դեռ էլի մի քանի տարի կպահի իր հողին գամված փախուստի երազով ապրող հայ մարդուն:

Նորանկախ Հայաստանի բնակչության համատարած կուսակցականացումը օրինաչափորեն հանգեցրեց ստալինիզմի՝ մի գերեսի իշխանության՝ մասսաների վրա, տվյալ՝ մեր դեպքում ոչ էական, չնչին այն տարբերությամբ, որ հպատակ զանգվածը ներկայացված է ոչ թե մեկ՝ կոմերիտական, այլ տարազան կրծքանշանների տակ:

Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով՝ ցանկացած կրծքանշանավորից ստալինիզմի հոտ է գալիս՝ անկախ որ երկրում ու որ ժամանակում է կրվում այդ կրծքանշանը: Շարժում ապրող շատ քիչ մարդիկ են եղել, ովքեր վերջում չեն հանգրվանել որևէ կրծքանշանի տակ: Ասենք, հենց Էռնեստո Չէ Գևարան այն սակավ օրինակներից մեկն է, որ լինելով հաջողած հեղափոխական, չդարձավ կրծքանշանակիր, որի համար էլ իր մահկանացուն կնքեց բոլիվիական անտառում, ոչ թե Կուբայի ազգային բանկի կառավարչի բազկաթոռի մեջ:

Ղարաբաղյան շարժման մեր առաջնորդներն ու նրանց էպիգոնները անձի դրսևորման համար անհրաժեշտ «անկախություն ու ազատություն» ատրիբուտները հետևողականորեն բերեցին հասցրին կրծքին փակցված հերթական խորհրդանիշի, շարժումն էլ տեղավորեցին մի չափողականության մեջ: Ազատ երկրի հեռանկարը դարձրին միաչափ:

Փող: Սա է այսօր նորանկախ Հայաստանի կոորդինատային միակ առանցքը: Եթե ոչ մի փաստ չլիներ էլ, ապա խորհրդարանական վերջին ընտրության ժամանակ մարդկային ձայնի աճուրդը բավարար էր նման հետևության համար: Հիմա էլ երիտկուսկացապետերը երգչախումբ կազմած գոռում են, թե պետք է անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Որքան անուն ու ազգանուն կա, այդքան էլ գաղափարախոսություն ու «իզմ» կա մեր կրծքանշանավոր երիտստալինիստների սրտերում: Նույնիսկ դրսում ապրած, անկուսակցական, ազատական համակարգում մեծացած մարդիկ, գալով Հայաստան, վարակվեցին նույն ցավով: Թվում էր, թե Հարվարդ ավարտածները պետք է նոր օրինակ ծառայեին իրենց վարք ու պահվածքով: Չէ. պարզվեց խորն է նստած հայ մարդու մեջ նմանակին ուղղորդելու, իշխելու, ցուցանելու բնազդը:

Անկախությունը գործիք է, ազատագրման ճանապարհը հարթող մի ագրեգատ, սիրելի առաջնորդներ ու առաջնորդիկներ: Նրա համար չէր անկախացումը, որ կուսակցականացված խմբավորումները տիրանային նորաստեղծ պետությունը ինքնուրույն տնօրինելու լծակներին ու օրինականացնեին իրենց տմարդի արարքները: Հարկային տեսուչը հավաքած հարկից, ճանապարհային տեսուչը հավաքած տուգանքից , դատավորը կայացրած վճռից տոկոս է ստանում:

Վաշխառություն չէ՛ անկախությունը, հարգելի պետություն: Հետոն էլ կա, կա հետոյի տրամաբանություն: Մարդու կուսակցականացված տեսակն արտադրող համակարգը դեռ կքաղի իր ստեղծածի պտուղները: Ստալինը ինչ արեց նեպմանների հետ, նույնը երիտհանրապետականներն ու երիտբարգավաճականներն են անելու իրենց ծնող ու սնող օլիգարխների հետ:

«Ջոն Քոլթրեյն, Արչի Շեփ, Փարոա Սանդերս, Արթ Բլեյքի, Մաքս Ռոուչ… »,- կարդում էր ձայնասկավառակի վրա գրված անունները Հայաստանում մնացած մի քանի տասնյակ առաջնորդվող ընկերներիցս մեկն ու հպարտությամբ հայտարարում. «Միայն ես ունեմ սրանից, մոնո ձայնագրություն է՝ կատարված 1956 թվականին»:

Հեռուստաեթերը ողողած, ողջ կյանքում հանրօգուտ ոչինչ չարած, մեր արվեստաբանները Ճոռոմ-ճոռոմ խոսում են նորանկախ երկրի արժեհամակարգից: Յուրանքաչյուր ոք, հատկապես անորակ երաժշտություն ու սերիալներ ստեղծող կոնգլոմերատը, անխտիր բոլորը, ում տրվել է հրապարակային խոսքի իրավունք, իր պարտքն է համարում արտաբերել արժեհամակարգ բառը: Բայց նրանցից ոչ մեկի բերանից քսան, իբրև թե ազատ, այս տարիների ընթացքում այդպես էլ չի հնչել ընկերոջս ձայնասկավառակին գրված անուններից և ոչ մեկի անունը: 

Խորհրդային բռնապետության տարիներին ձեռք բերված ձեր մոնո ձայնասկավառակները փայփայող, Հայաստանում մնացած մի քանի տասնյակ առաջնորդվողներ դրեք դրանք մոտակա աղբարկղի կողքին այս աբսուրդի երկրից հեռանալուց առաջ: 

Փողը միակ արժեք հռչակած այս թյուր համակարգում նույնիսկ փող աշխատելն է դարձել անիմաստ: Հայաստանաբնակ օլիգարխին, որն իր կյանքը նվիրել է շատ փող վաստակելուն, իրավամբ շատ փող պետք էլ չէ: Իմ մոտավոր հաշվարկով՝ ամսական քսան հազար դոլարից ավելի ծախսելու հնարավորություն չկա Հայաստանում: Կերակրաբաժին, հագուստ, խմելիք, ծխելիք, վառելիք, լողանալիք, և այլնիք: Այս ամենի առաջարկի շեմը չի անցնում տասը հազար դոլարը: Ես սա ասում եմ վստահ, ոչ աղքատ մարդու կյանքով ապրող մի մարդ: Եթե չտեսություն չանես, քսան հազար դոլար էլ ծախսել չես կարող. չես հասցնի պարզապես: Ինչների՞դ է պետք է այդքան կուտակածը, հիսունմեկ տոկոս ծայր աղքատությամբ անկախություն կերտող հարգելի իշխանավորներ: 

Հարցնում են ինձ, թե որքան կգոյատևի նորանկախ Հայաստանը: Պատասխանում եմ՝

երեք տարի: Կպահպանի Հայաստանն իր անկախությունը առավելագույնս երեք տարի: Երեք տարուց մեր իշխանավորները ազգի գլուխ կանգնած նրան կառաջնորդեն դեպի մայր Ռուսաստանի գիրկը՝ մարզի կարգավիճակով: Պարզ այն պատճառով, որ երեք տարի հետո Հայաստանում կմնան ինքնապաշտպանական ունակությունները կորցրած կուսակցապետերը, թոշակառուները և մինչև վերջ ստրկացված սպասարկուները: Չէ, խիստ եմ ասում: Կմնան նաև նկարից կիսախուփ աչքերով մեզ նայող ստեղծագործողի նման ևս մի քանի չկուսակցականացված մարդիկ:

Արչի Շեփի «Հեղափոխություն» երաժշտական պիեսը միակ խարիսխն է թերևս, որ դեռ էլի մի քանի տարի կպահի իր հողին գամված փախուստի երազով ապրող հայ մարդուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter