HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Կինտոների քյանդրբազության» ժամանակները

Սերժ Սարգսյանի իշխանավարման ամենաբնորոշ գիծն այն է, որ նա ամեն ինչ արեց և հիմա էլ անում է քաղաքական դաշտի ամայացման շնորհիվ և դրա ֆոնին իբրև լիդեր կայանալու համար: Առճակատումները, առավելևս մրցակցությունն այդպես էլ խորթ մնացին նրա համար, որովհետև նա նախընտրում է խաղալ մի խաղատախտակի վրա, որտեղ ոչ թե լուրջ ֆիգուրներ են, այլ ընդամենը միմյանցից կտրված անհույս «պեշկաներ»:

Որքան էլ Ծառուկյանը մնում էր իշխանական կոնյունկտուրայի հավատարիմ սպասավորը, նախագահական մրցավազքից ԲՀԿ ղեկավարի դուրս մղումն անհրաժեշտ էր ոչ այնքան ԲՀԿ-ի, որքան հենց Ծառուկյանի անձի, նրա հեղինակության հետ մրցակցության նույնիսկ տեսական հնարավորությունները չեզոքացնելու համար: Որովհետև որքան էլ Ծառուկյանը կառավարելի էր, հանրության մի ստվար շրջանակի կողմից նա ընկալվում էր որպես անձամբ Սերժ Սարգսյանի այլընտրանք կամ մրցակից: Նրա ներկայությամբ, դերակատարությամբ գործող նախագահի` այսօրվա հնարավորությունների սահմաններում բացարձակապետությունը լիարժեք չէր լինելու: Եվ Ծառուկյանը հանգիստ հեռացվեց ասպարեզից: Այժմ նա առավելագույնը կարող է դառնալ «գորշ կարդինալ», որի խնդիրը միշտ երկրորդի, երրորդի ֆունկցիաներ կատարելն է:

Հաջորդը, ով կարող է այլընտրանք լինել, Լևոն Տեր-Պետրոսյանն է` ունեցած շատ ավելի համեստ հանրային ազդեցությամբ, բայց շատ ավելի մեծ հարիզմայով, ինտելեկտով ու մասշտաբայնությամբ: Ընդ որում` Տեր-Պետրոսյանը ոչ թե այդ այլընտրանքը դառնալու, այլ իր ձեռքով հանձնած այդ դիրքը վերականգնելու խնդիր ունի: Իշխանությունը հասկանում է, որ եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվի, անկախ մասշտաբներից՝ լինելու է մրցակցություն, և Սերժ Սարգսյանը, ուզի թե չուզի, ստիպված է լինելու մրցակցության մեջ մտնել, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում նրա ընտրած և առայժմ լիարժեք արդյունավետությամբ աշխատող մարտավարության, գուցե նաև հմտությունների  մեջ: Որպեսզի դա տեղի չունենա, փորձ է արվում չեզոքացնել նաև Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրումը:   

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ փոխնախագահ Վարդան Օսկանյանի գաղտնալսված զրույցի հրապարակումը համացանցում, ըստ էության, տեղավորվում է այս մարտավարության շրջանակներում: Յուրայինների առջև Զուրաբյանին ԲՀԿ-ամերձ խաղերի մեջ մերկացնելու այս խղճուկ փորձով, թերևս, խնդիր է դրվել ՀԱԿ-ում և նրա նկատմամբ հանրային ընկալումներում անվստահության այնպիսի մթնոլորտ ստեղծել, որը վերջնականապես Տեր-Պետրոսյանին կհամոզի չառաջադրվել:

Ոչ ոք չի կարող թեկուզ չնչին հաղթանակի հույս ու ձգտում ունենալ թիկունքում աղճատված, թույլ ու չափազանց մեծ ճեղքեր ունեցող քաղաքական թիմի առկայությամբ: Թե որքանով այս կեղտոտ տեխնոլոգիան կազդի Տեր-Պետրոսյանի որոշման վրա, դժվար է ասել: Բայց նա նմանատիպ կսմթոցների հանդեպ 20-ամյա ամուր իմունիտետ ունի, և հույս ունենալ, որ առաջին նախագահի նման քաղաքական հոտառություն և փորձառություն ունեցող անհատին կարելի է նման եղանակով շփոթեցնել, առնվազն քաղաքական կարճատեսություն է:

Եթե ավելի խորը վերլուծություններ ու հաշվարկներ չանի, ապա Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ չի առաջադրվի, սակայն դա նման կոմպրոմատների ազդեցության հետ որևէ կապ չունի: Պարզապես Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին իշխանության դեմ «վարժեցնելու» ապարդյուն փորձերի վրա վատնելով իր քաղաքական գրեթե ամբողջ կապիտալը եւ այս, ի սկզբանե մարած խաղաքարտի վրա դնելով ողջ խաղադրույքը՝ արդեն տանուլ է տվել խաղը, և միակ բանը, որի մասին նա կարող է այժմ մտածել, արժանապատիվ հեռանալու տարբերակ գտնելն է: Եթե իշխանությունը բավականաչափ խոհեմություն ունենար, ապա նրան վերջնականապես «շարքից հանելու» համար ոչ թե նրա թիմակիցների նկատմամբ նման թույլ ու անիմաստ կոմպրոմատային հրաձգություն կսկսեր, այլ կընձեռեր արժանապատիվ հեռանալու այդ հնարավորությունը և պատրվակը:

Սակայն, ի՞նչ է դրանից շահելու իշխանությունն ինքը, և ի՞նչ է ստանալու հասարակությունը: Իշխանությունն արդեն ստանում է քաղաքական և մրցակցային դաշտի հետևողական ամայացման պտուղները: Նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին հայտարարում են անգամ ոչ թե երկրորդական, այլև բացարձակապես ապաքաղաքական ու ապահասարակական տարրերը, մարդիկ, ովքեր բացառապես ինքնադրսևորման և ինքնագովազդի խնդիր են ուզում լուծել և նախագահական, ընտրական ինստիտուտները որոշել են վերածել այդ «քյանդրբազության թամաշայի»:

Հիմա Սերժ Սարգսյանի այլընտրանքը դառնալուն այս «կինտոներն» են հավակնում, և դա բնական է. ոչ մի վակուում դատարկ չի մնում, նրանք պարզապես լցնում են այն դատարկությունը, որն իր շուրջն առաջացրել է իշխանությունը: Եվ հիմա անգամ դժվար է ասել` Սերժ Սարգսյանն իրեն բավարարվա՞ծ է զգալու նման կոնտինգենտի հետ մրցելիս, թե՞ ներքուստ վիրավորված: Անկախ դրանից` նա ստանում է այն, ինչ ցանել է անցած տարիներին:

Բայց արդյո՞ք կարելի է դրա համար մեղադրել միայն Սերժ Սարգսյանին: Ըստ էության, նա ընդամենը դիմել է մի բոլորովին չարգելված մարտավարության, որը, պարզվում է` արդյունավետ է, որովհետև պահանջարկ ունի, որովհետև «հաճախորդ» դառնալու ձգտումը շատ ավելի պահանջված ու ակտուալ է, քան պրոֆեսիոնալ քաղաքականությամբ զբաղվելու, սկզբունքայնություն դրսևորելու, դիմագիծն ու անկախությունը պահելու, հանրային օրակարգը քաղաքական մակարդակով հետամտելու նման «պարապ վախտի խաղալիքները»: Ի վերջո, երբ լավ ես ճանաչում սեփական «հաճախորդներիդ», միշտ էլ հեշտ է լինում նրանց հետ լեզու գտնելը: Իսկ այն փոքրամասնությունը, որը «հաճախորդ դառնալու» ցանկություն չի հայտնում, հայտնվում է լուսանցքում: Հիմա լուսանցքում հայտնվում է որակ ունեցող փոքրամասնությունը:

Հասարակությունը «շահում» է ընդամենը այս հարաբերությունների կռճոնները: Նրան արդեն առանձնապես չի հետաքրքրում` ունի՞ Սերժ Սարգսյանն այլընտրանք, թե՞ ոչ, միայնա՞կ է առաջադրվելու, թե՞ ինչ-որ խեղկատակներ են ի հայտ գալու, ընտրությունները մե՞կ փուլով են անցնելու, թե՞ երկու և այլն: Նրանք, ովքեր կուսակցական «մամա ռոզաների» գլխավորությամբ  պատրաստվում են «մառշրուտկաներով» գրոհել ընտրատեղամասերը, միշտ պատրաստ են դրա համար: Նրանք, ովքեր պարզապես ցանկություն ունեն հերթական թատրոնը տեսնել, լավ տեղավորվելու են իրենց բազկաթոռների մեջ, մյուսները, ովքեր արժանապատվություն ունեն, պարզապես քվեարկություն կոչվող հանդեսին չեն գնալու` դրանով արտահայտելով իրենց քաղաքացիական դիրքորոշումը ոչ միայն ամենազոր իշխանության, այլև նրա դեմ իր անզորությունն ապացուցող ընդդիմության նկատմամբ:

Եվ այսպես, համընդհանուր նիհիլիզմի, պարտվողականության, անկումային տրամադրություններով մենք լծվելու ենք «ապահով Հայաստանի» կերտմանը, որից, սակայն, առայժմ ավելի շատ բրեժնևյան ջերմագին «համբույրների», «պարտիայի» ճահճացող հաղթանակների զզվելի զգացողություններ են առաջանում:  

Մեկնաբանություններ (2)

Սարգիս
17 չակերտ.
Մոգ
Եթե երկիրը օրենքի երկիր դառնա, կդառնա նաև ապահով և բարեկեցիկ։ Հարկավոր է ղեկավարվել Սահմանադրությամբ, չհեռանալ օրենքներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter