HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վկային դատարան են բերել Շամշադինի ոստիկանները

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Հակոբ Հակոբյանի գործով որպես վկա հարցաքննվեց ազատամարտիկ, Արցախյան զորամարտի ժամանակ Շամշադինի ջոկատի հրամանատար Հրաչիկ Աթոյանը (մականունը` Չարլի):

Անցած տարի նախագահական ընտրությունների ժամանակ Հրաչիկ Աթոյանը Շամշադինում եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը:

Նիստը սկսվելուն պես նա դատարանին փաստաթուղթ ներկայացրեց, որ հիվանդ է շաքարախտով, պատերազմի ժամանակ կանտուզիա է ստացել, ինչով պայմանավորված էլ ամեն ինչ չէ, որ լավ է հիշում: Մեղադրող Հովսեփ Սարգսյանի հարցմանն ի պատասխան նա նշեց, որ պնդում է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը ոչ մի կերպ պաշտպանական կողմին հնարավաորություն չտվեց` պարզելու, թե վկա-ազատամարտիկն ինչ հանգամանքներում է նախաքննության ժամանակ ցուցմունք տվել` ամեն անգամ փաստաբան Մելանյա Առուստամյանի այդ թեմային վերաբերող հարցերը հանելով:

Իսկ մեղադրող Հովսեփ Սարգսյանն առարկում էր, նշելով, որ «լավ է` չեք հարցնում, թե քննիչն ինչ գույնի շորերով էր: Հիմա վկան ինչ ցուցմունք տվել է, հարցերը պետք է լինեն դրա շուրջ»:

Վկան սկզբում նշեց, որ Հակոբյանին չի ճանաչում, հետո Հակոբյանի` «մի հատ լավ նայի» առարկության ի պատասխան հաստատեց, թե` «հա, որ լավ նայեցի, ճանաչեցի»:

«Այս մարդը պատմական մարդ է. պատերազմի ժամանակ բեռը վերցրել է ուսերին, հիմա բերել դատարանում խայտառակ են անում: Ախր, դրանով շարժումն է (Ղարաբաղյան) վարկաբեկվում»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը:

Հրաչ Աթոյանը նախաքննության ժամանակ նշել է, որ 2008թ-ի հունվարի 20-ին Երկրապահ կամավորական միության ժողովի ժամանակ իրեն ասել են, որ երկրապահները սատարում են նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին: Սակայն Մելանյա Աուստամյանի հարցին, թե  «սատարել» բառն ինչ է նշանակում, չկարողացավ պատասխանել. «Խի, էդ հայերե՞ն բառ է»,- հարցրեց վկան:

Հակոբ Հակոբյանը դատարանում նկատեց, որ դեռ անցյալ տարվա փետրվարի 4-ին այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումով, մի խումբ ազատամարտիկների թվում Ծովակալ Իսակովի մեդալով պարգևատրվել է նաև Հրաչիկ Աթոյանը: Ուստի, Հակոբյանը պարզաբանեց, որ եթե փետրվարի 4-ին իրենք Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին որոշում կայացրած լինեին, ինքը, բնականաբար, Սերժ Սարգսյանի անունից մեդալներ չէր կարող հանձնել:

«Մենք ավելի ուշ ենք Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու որոշում կայացրել»,- հաստատեց Հակոբյանը:

Վկա Հրաչիկ Աթոյանը դատարանում նշեց, որ փետրվարի 4-ից հետո Հակոբյանին չի տեսել, իրեն ոչ ոք հրաման, զենք-զինամթերք չի տվել ու չի կարող որևէ բան ասել, որը Հակոբ Հակոբյանի անձը կարող է կապել մարտի 1-ի իրադարձությունների հետ:

Հարցաքննության սկզբում պաշտպան Մելանյան Առուստամյանը վկայից փորձեց պարզել, թե արդյոք դատարանում հարցաքննվելու համար ծանուցագիր ստացե՞լ է, և ում հետ է եկել դատարան:

«Ես տեսել եմ, որ վկան ոստիկանների հետ է եկել, այսինքն` առանց բերման ենթարկելու որոշմամբ նրան զոռով բերել են դատարան»,- ասաց պաշտպանը:

Վկան պատասխանեց, որ իրեն ստիպողաբար չեն բերել: Թեև Դատավոր Գագիկ Ավետիսյանը հարցը հանեց, սակայն վկան հասցրեց պատասխանել, որ Շամշադինի միլիցիայի աշխատողների հետ է եկել դատարան:

«Դե, որ ես մաշին չունեմ, դրա համար ինձ ոստիկանները բերեցին»,- ասաց վկա Հրաչիկ Աթոյանը:

Պաշտպան Մելանյա Առուստամյանը համապատասխան հետևությունները թողեց դատարանին:

Դատավարությունն ընդմիջվեց 10 րեպով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter