HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հավատացել էր անծանոթին, սիրահարվել եւ զրկվել 3 մլն դրամից-2

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց Երեւանի բնակիչ 28-ամյա Էդուարդ Մալինցյանի կողմից Գյումրիի բնակչուհի Քրիստինե Միքայելյանից գումար շորթելու համար քրեական գործի դատավարությունը:

Հիշեցնենք, որ 29-ամյա տուժողը ծանոթությունից մեկ ամիս անց սիրահարվել էր իրեն զանգահարած անծանոթին ու մեկ տարի տեւած հեռախոսազրույցների արդյունքում նրան փոխանցել մոտ 3 մլն դրամ (գումար եւ ոսկեղեն): Ոչ այնքան ուրախ այս պատմությունում զավեշտալին այն էր, որ Քրիստինեն Էդուարդին երբեւէ չէր տեսել: Վերջինս կողոպուտի համար իր պատիժն էր կրում Կոշի գաղութում:

Սիրահար զույգն առաջին անգամ հանդիպել եւ միմյանց մոտիկից ծանոթացել էր քննիչի աշխատասենյակում: Քրիստինեն անակնկալի էր եկել, քանի որ գաղութից իրեն ուղարկած լուսանկարում առնվազն մերօրյա «Ռեմբո» էր եղել պատկերված, իսկ նիհարավուն, փոքրամարմին երիտասարդն ամենեւին չէր համապատասխանել իր ներկայացրած կերպարին: Առերեսման ժամանակ Քրիստինեի մայրը, ով գործում ներգրավված է որպես տուժող, տեղեկանալով, որ իր դիմաց կանգնածը աղջկան խաբած երիտասարդն է, զայրույթից, չկարողանալով իրեն տիրապետել՝ ձեռքին բռնած հովանոցով մի քանի անգամ հաջողացրել էր խփել Մալինցյանի գլխին, ասելով. «Դու էիր, հա, աղջկաս խաբողը, թաղեմ գլուխդ, հետ տուր փողերս»:

Հունվարի 18-ի դատական նիստը պիտի սկսվեր դատակոչված վկաների հարցաքննությամբ, սակայն դատավոր Մարտին Սարոյանը ստիպված էր 20 րոպե ընդմիջում հայտարարել. վատացել էր ամբաստանյալի ինքնազգացողությունը: Դիմեդրոլ-անալգինի ներարկումը թեպետ բավականին կայունացրել էր Մալինցյանի վիճակը, սակայն վերջինս հայտարարեց, որ թմրածություն է զգում եւ հնարավոր է չկարողանա մինչեւ վերջ լսել բոլոր վկաներին: Դատակոչված 9 վկաներից ներկա էին 5-ը, եւ դատարանը որոշեց, ամեն դեպքում, լսել նրանց:

Վկաներից Հմայակ Նիկողոսյանը, ով անհատ ձեռներեց է եւ սեփական խանութ ունի, պատմեց, որ տուժողը՝ Քրիստինե Միքայելյանը, իր մոտ ծրար է թողել՝ ասելով, թե կգան կտանեն: Վկան չի իմացել, թե ծրարում ինչ է եղել, անգամ չի հիշում, թե տարվա որ եղանակն էր: Ճանաչել է տուժողին, դրա համար էլ հանձն է առել նրա խնդրանքը կատարել: Ծրարը խանութում հայտնվելուց մեկ ժամ անց անծանոթ մեկը եկել ու այն տարել է: Վկան չէր հիշում ծրարի վրա անուն գրվա՞ծ էր, թե՞ ոչ, սակայն եկողն ասել էր, որ Քրիստինեն իր համար ծրար է թողել, ինքն էլ տվել է:

Հաջորդ վկան՝ Վեներա Սահակյանը, տուժողի հարեւանուհին է, սեփական դեղատուն ունի: Ամառային մի օր Քրիստինեն եկել է դեղատուն եւ ասել, որ իրենք ընտանիքով մեկնում են Երեւան, ցանկանում է մի ծրար թողնել իր մոտ, որ կգան կվերցնեն: Տիկին Վեներան հիշում էր, որ ծրարի վրա գրված է եղել «Կարեն»: Վկան չի իմացել ծրարի պարունակության մասին:

«Քրիստինեի թողած ծրարի հետեւից եկավ մի տղա՝ սեւ մազերով, ոչ ինտիլիգենտ հագնված, սովորական մեկը, ինչպես այ այս տղան,- մատնացույց անելով ամբաստանյալին՝ նկատեց վկան: - Ես նրան չէի ճանաչում, ներկայացավ, ասաց, որ Կարենն է, որ Քրիստինեն իր համար ծրար է թողել, դե ես էլ տվեցի: Հետո հաջորդ օրը Քրիստինեն եկավ ու տեղեկացավ՝ ծրարը տարե՞լ են, թե՞ ոչ»:

Վկաներից Արամ Թադեւոսյանը վարորդ է: Երկու տարի առաջ «Տրանս-ակնթարթ» ՍՊԸ-ում տաքսի մեքենա է վարել Գյումրի-Երեւան եւ հակառակ ուղղությամբ: Տուժող Քրիստինե Մելքոնյանին ճանաչել է, քանի որ նույն թաղում են բնակվում: Նրա խնդրանքով մի քանի անգամ հանձնունք է հասցրել Երեւան:

«Մի անգամ երկու հատ ոսկե մատանի էր, մի անգամ ծրար էր՝ մեջը գումար, մի անգամ հեռախոսի քարտ էր, մի անգամն էլ միջին մեծության մի տուփ էր,- հիշեց վկան,- իմիջայլոց, էդ տարածս մատնիքները մի քանի օրից նորից հետ եմ բերել Երեւանից տվել եմ Քրիստինեին»:

Վկան պատմեց, որ ամեն անգամ, երբ հարկ է եղել որեւէ բան տանելու, իր հեռախոսահամարը Քրիստինեն փոխանցել է այն մարդուն, ով պայմանավորվել է իր հետ տեղի ու ժամի վերաբերյալ, հետո անծանոթ տղաներ եկել տարել են ու ամեն անգամ տարբեր մարդիկ:

Իրինա Տայանցը դատարան էր ներկայացել հոր փոխարեն: Գործում որպես վկա ներգրավված Էդուարդ Տայանցը մահացել էր 2012 թ. հուլիսին: Իրինան պատմեց, որ հայրը «Տրանս-ակնթարթ» ՍՊԸ-ում աշխատել է «Գազելի» վարորդ: Մեկ անգամ մի աղջկա խնդրանքով գումար է տարել Երեւան, հետո պարզվել է, որ գումարից 60 հազար դրամ է պակասել: Հայրը ստիպված է եղել իր գրպանից լրացնել պակասորդը:

«Ես շատ բան չգիտեմ, մենակ հիշում եմ, որ հայրս ահավոր զայրացած էր ու ասում էր, որ սա վերջին անգամը լինի, որ ես ինչ-որ մեկի խնդրանքը կատարեմ»,- պատմեց Իրինան: Պարզվեց, որ վկան եւ տուժողը միմյանց ճանաչում են դպրոցական տարիներից: Հորը կատարված դեպքի ժամանակ Իրինան չի իմացել, որ գումարը նրան տված անձը Քրիստինեն է եղել: Այդ մասին իմացել է, երբ քննիչը հայտնել է տուժողի անուն-ազգանունը:

Վկաներից Ազատ Աթոյանը նույնպես աշխատում է «Տրանս-ակնթարթ»ՍՊԸ-ում՝ որպես «Գազելի» վարորդ: Քրիստինեի խնդրանքով մեկ անգամ գումար է տարել Երեւան: Վկան լավ չէր հիշում գումարի չափը:

«Հիմա չեմ հիշում՝ 60 հազար էր, թե 100 հազար, բայց հիշում եմ, որ 100 հազար դրամը չգերազանցող գումար էր»,- նկատեց Ազատը:

Վկաների հարցաքննության ավարտին ամբաստանյալը հայտարարեց, որ քնատ է եւ դժվարությամբ է ընկալում վկաների ցուցմունքները: Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter