HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Կարմիր շրթներկի խաբկանքը

Էլլա, Լինա, Էլզա, Էվելինա, Լենա... Երևանյան գիշերային ակումբների անուններն են: Մեր քաղաքում եթե գիշերային ակումբը կնոջ անունով է, ապա դրանք միշտ օտար անուններ են: Երբեք Աստղիկ, Անի, Անահիտ կամ Նանե գիշերային ակումբ չես հանդիպի: Օտար անունները հաճախորդներին մինչև ակումբ հասնելը երազելու հնարավորություն են թողնում իրականության ու ինչ-որ տեղ իրենց սպասող Էլլա, Լենա, Էվելինաների արանքում:

Շենգավիթում եմ: Երթուղային նստեցի: Ճանապարհին կարդում եմ: Քսան րոպե անց գլուխս բարձրացրի: Քաղաքի ծայրամասում եմ: Սխալ մայթից եմ նստել: Արագ վճարում եմ ու իջնում: Չոր ու կծու քամի է: Դիմացի մայթ եմ անցնում: Սպասում եմ նույն համարին հետադարձ ուղղությամբ:

***

Առաջին անգամ եմ ծայրամասում: Կիսավեր տներ: Չասֆալտած ճանապարհ: Դռան շեմին թավալվող փնթի երեխաներ: Սևացած, կոշտ ձեռքերով կանայք: Չորացած կրունկներով աղջիկներ: Կեղտոտ եղունգներով տղամարդիկ:

Թաղամասը մեկ ընդհանուր փողոցի երկայնքով է կառուցված: Նույն փողոցի տարբեր կողմերում են գործարանը, շշերի հանձնման կետը, բենզալցակայանը, արագ սննդի կետն ու «Էլզա» գիշերային ակումբը: Նույն փողոցով շշերի տոպրակը ձեռքին ինչ-որ հարբեցող է ճոճվելով քայլում: Մյուս ծայրից դպրոցական աղջիկ է պայուսակն ուսին տուն գնում: Կանգառում թաղի տղերքի մի խումբ ունեցած փողերն է հաշվում՝ երեկոյան գիշերային ակումբ գնալու համար: Չի հերիքում:

***

Երթուղայինս եկավ: Նստեցի: «Էլզայի» մոտ կանգառ կար: Աչքովս ընկավ ակումբի գովազդային պաստառը: Պաստառից ժպտում էր չինական ներքնազգեստով հազիվ ծածկված, հայկական քթերով երեք արևելցի կին: Երկուսը գեր էին, մյուսը՝ ավելի թարմ ու երիտասարդ: Փողոցի տղամարդիկ ամեն օր երազանքներով լի գալիս էին «Էլզա» գիշերային ակումբ՝ տեսնելու կարապի այն պարը, որ հնարավոր չէր տեսնել տանը: Արդյունքում ներկա էին գտնվում սեփական կանանցից քիչ բանով տարբերվող ու իրենց ակնկալածից ավելի հասարակ պարուհիների մերկապարին:

Գիշերային ակումբ գնալու հաճույքը տնից ակումբ ընկած ճանապարհն է երևի, երբ երևակայում ես ակումբի անցուդարձը, երբ պատկերները գլխումդ ճիշտ քո ուզածն են, բայց անհասանելի ու անշոշափելի, միստիկ, երբ դեռ ակնկալիք ու ապրում կա, երբ դու դեռ ճանապարհին ես, երբ «Էլզան» դեռ առջևում սպասվող հնարավոր երազ է, մտածում եմ ես: Թէ չէ ակումբի դռնից ներս երազներիդ «Էլզան» չքվում է ու դառնում այն նույն գեր արևելցի կինը, որին վարձելու հնարավորություն է ունեցել ակումբի տերը:

***

Վերջակետ եմ դնում: Մեջքս ցավում է: Առավոտյան ժամը վեցն է: Պատուհանիցս չոր ու կծու քամի է ներս լցվում: Արդեն ութ ամիս է կատուս կորել է: Պատուհանս գիշերները բաց եմ թողնում, բայց հոտը սենյակիցս դեռ չի անցել. ասում են՝ կատվի հոտը չի անցնում: Հյուրասենյակից հեռուստացույցի ձայներ են լսվում: Պապին լուրեր է լսում: Մի երիտասարդ լրագրող հարց է տալիս: Նախագահը երկար-բարակ խոսում է հարցի մասին: Լրագրողը կարծես գոհ է: Առաջ են անցնում: Մտքերով եմ ընկնում: Մոտենում եմ համակարգչիս: Մտքումս դեռ զրնգում է լրագրողի հարցը: Փորձում եմ վերհիշել նախագահի պատասխանը: Չեմ կարողանում:

Բացում եմ կիսատ թողած տեքստիս ֆայլը:

***

...Մոտ մեկ ամիս առաջ ընկերներս նոր ակումբի բացման արարողության հրավիրեցին: Ընթացքում տեղեկացանք, որ կեսգիշերից երկու ժամ առաջ ստրիպ պարեր են լինելու: Ես սովորությանս համաձայն մատուցողից հինգ դոլարանոց կաթնային շեյք խնդրեցի: Արդեն քանի տարի է՝ Երևանում մի այնպիսի տեղ եմ փնտրում, որտեղ հինգ դոլարանոց կաթնային շեյք են վաճառում: Ոչ մի արդյունք: Այստեղ նույնպես կաթնային շեյքը հինգ դոլարանոց չէր:

***

Կեսգիշերին մոտ հայտնվեց առաջին պարուհին. ռիթմիկ երաժշտություն.lույսերն անջատվեցին. կինը կանգնեց կենտրոնում. վերևից բարակ լույս իջավ նրա վրա. հագին սև զուգագուլպաներ էին լաքապատ սև բարձրակրունկներ տղամարդու բաճկոն թիթեռով սպիտակ վերնաշապիկ սև եզրավոր գլխարկ. դանդաղ, համաչափ մոտեցավ սրահի կենտրոնում աննկատ հայտնված սեղանին.մթության մեջ ոչ ոք չէր երևում՝ բացի պարուհուց. սրահի պատերը հայելիներով էին ծածկված. կնոջ արտացոլանքը սրահի բոլոր հայելիների մեջ էր. հինգ րոպե հետո բոլորս կորցրել էինք իրականության զգացումը, եթե այն երբևէ ունեցել էինք. դժվար է ասել՝ սրահում քանի հյուր էր նայում կենտրոնում պարող կնոջը, իսկ քանիսը՝ պատերին. մի մասն ուղղակի գլուխը չթեքելու համար էր պարը հայելիներում հետևում, իսկ մնացածն արդեն մութ սրահում չէին տարբերում՝ պարը հայելու մե՞ջ են տեսնում, թե՞ իրականում:

***

Կեսգիշերն անց արդեն գլխապտույտ ունեի: Չգիտես ինչու՝ պարուհուց բացի հայելիների մեջ նաև սեղանակից ընկերներիս էի տեսնում: Սեղանի մյուս ծայրին նստած աղջիկը գրկել էր ընկերոջս պարանոցը: Կանանցից մեկը խելագարվել ու սպառնում էր ինձ՝ խանդելով ամուսնուն: Ամեն հարմար առիթով լռությունը մեծարող ընկերոջս ձայնն ամենաբարձրն էր: Փորձում էր ուշադրություն գրավել: Սեղանի ծայրին նստած երիտասարդը կանգնել էր աթոռին ու ինքն իրեն ցիտելով ճառ էր կարդում: Ես պահպանողական էի ձևանում՝ ինքս ինձ պաշտպանելու համար:

Երևակայությունն ու իրականությունն իրար էին խառնվել: Փորձում էի տարբերել՝ իրականությու՞նն էր իրականությունս, թե՞ երևակայությունս:

***

Մութը, բարձր երաժշտությունը, խմիչքն ու հատկապես հայելիները հավասարակշռությունից հանեցին ինձ: Ինքս էլ չզգացի՝ ինչպես որոշեցի մոտենալ սեղանին ու համոզվել, որ պարուհին դեռ սրահում է, որ կինն իրական է՝ միս ու արյուն: Վեր կացա: Օրերվելով քայելցի դեպի սրահի կենտրոնը: Ձեռքս մեկնեցի սեղանին: Սառն էր: Սթափվեցի. հայելու դիմաց էի:

***

Մեկը մեջքս գրկեց: Ընկերս էրվեր կացել ինձ փնտրելու: Վերադարձանք սեղան: Ամեն ինչ առաջվա պես էր: Կանայք հանդարտ էին, ոչ ոք ճառ չէր կարդում, ոչ էլ փորձում էր ուշադրություն գրավել: Շոշափեցի աթոռս: Համոզվեցի, որ տեղում է: Նստեցինք: Հայելիներից մեկի մեջ (կամ գուցե իրականում) սկսեցի բոլորի պես հետևել պարին:

***

…օդը չի հերիքում: Վերջակետ դրեցի, մոտեցա պատուհանիս: Տունս «դժոխքի» ու «դրախտի» արանքում ցցված շենքի ձեղնահարկում է. մի պատուհանից եկեղեցին է, մյուսից՝ քաղմասը: Առավոտյան ժամը իննին պատուհանիցս հոգևոր երաժշտություն է ներս լցվում՝ մյուս պատուհանից ներխուժող ոստիկանական շչակների ոռնոցի ներքո:  Եկեղեցին ու քաղմասը նույն փողոցի հակադիր մայթերում են ու միանում են մի գետնանցումով, որից սովորաբար ոչ ոք չի օգտվում, որովհետև անցումի մի ծայրից միշտ գարշելի միզահոտ է գալիս, իսկ մյուս ծայրում՝ եկեղեցու ելքի մոտ, երեկոյան ժամերին էժան մարմնավաճառներ, քուչի տղերք ու «տրանսեր» են հավաքվում:

Երեկոյան ժամերին մուտքում երկու-երեք կատու հերթական աղավնուն են իրար մեջ բաժանում. ես փոքր ժամանակվա նման խղճում եմ աղավնուն, որովհետև անօգնական է, բայց շարունակում եմ սիրել կատուներիս: Ամեն անգամ պատուհանից նայելիս սկսում եմ մտածել, թե ո՞ր պատուհանիս տեսարանն է «դժոխքը», որը՝ «դրախտը»: Մի քանի օր առաջ էլի նման մտքերով մոտենում էի դռանը, երբ եկեղեցուց հավանաբար ընդմիջման բարձրացող հոգևորականը հետևիցս սկսեց «մարալ-մարալ, մարալ ջան» երգել: Հիմա ամեն անգամ պատուհանիցս եկեղեցուն նայելիս քթիս տակ ակամա «մարալ ջան»-ն եմ երգում:

Քանի տրամադրությունս լրիվ չի փչացել, պատուհանս փակում եմ, մոտենում գրասեղանիս ու կիսատ թողած տեղից շարունակում եմ տեքստս:

***

...Կինը, բարձրանալով սեղանին, նախ վերնաշապիկը նետեց կողքի սեղանին: Սրահի հյուրերը սկսեցին առաջին սուլոցները: Կնոջ չափազանց պլաստիկ շարժումներն ինձ մոտ է՛լ ավելի էին խորացնում անիրականության զգացումը. ներսումս գնալով մեծանում էր կատարվողի մեջ ինչ-որ կերպ իրականության քանակը պարզելու ցանկությունը: Անհնար էր: Պարուհին արդեն կիսամերկ էր, սրահում շոգ էր, երաժշտությունը փոխվեց, սրահն առաջվա պես մութ էր՝ պարասեղանից բացի. կինն ու պարն իդեալական էին:

Սրահում բոլորը վերացել էին, ամեն ինչ վառվում էր՝ ներսից ու դրսից, արցունքաբեր ծուխը լցվում էր աչքերս, այցելուներից մեկը համարյա ծնկի էր իջել, ընկերս սեղմել էր վիսկիի բաժակն ու չէր խմում, չէր շարժվում, չէր շնչում: Կինը պարում էր:

***

…Չեմ հիշում, երբ ու ոնց ամեն ինչ ավարտվեց. աղոտ պատկերվում է, որ վերջում լույսերը միացրին. երեկոն վարող երիտասարդը ետնասրահից  նորից սրահ հրավիրեց կիսամերկ պարուհուն. Խոնարհվեցին. բոլորս բարձր սուլում ու ծափահարում էինք. մի կերպ ակումբից դուրս եկանք. անընդհատ կրկնում էի, որ վերջին շրջանի լավագույն երեկոն էր. հաջորդ ուրբաթ կրկին պետք է գալ ու էլի նման բաներ. ամբողջ ճանապարհին հիացած խոսում էի պարուհու՝ կնոջ իդեալական կերպարից:

***

Մեկ շաբաթ անց նամակ ստացա էլեկտրոնային փոստիս: Հաստատության լուսանկարիչն էր: Երեկոյի բոլոր հրավիրված մասնակիցներին նկարներն էր ուղարկել: Իմ ու ընկերներիս լուսանկարներում տեսարաններ կային նաև պարից՝ կնոջ ֆոնին: Հիշում եմ՝ մի քանի րոպե քարացած նայում էի նկարի կնոջը: Սովորական շիկահեր էր:

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
Ապրես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter