HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Underground zero

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն  իր հեղինակած Քաղաքացիական պայմանագրի նախաբանում  գրում է.

Եթե հետաքրքրված քաղաքացիները այն ընթերցելուց հետո կունենան որոշակի առաջարկություններ, հաճույքով կքննարկեմ դրանք, որպես հեղինակ ընդունելու, կամ չընդունելու իրավունքից օգտվելով:  

Վերոնշյալ միտքը  (ինձ համենայն դեպս) բերում է այն եզրակացության, որ քաղաքացուն ներկայացվում է  մի փաստաթուղթ, ձևակերպված մի կարծիք, որի մեջ փոփոխություն կատարելու իրավասու է միայն ինքը` հեղինակը:

Այսքանով կարելի էր ավարտել այլակարծ միջամտություն բացառող այս փաստաթղթի մասին խոսակցությունը: Կարելի էր կարդալ գրվածքը, որպես ի գիտություն, որպես ուրիշի կողմից ձևակերպված մանիֆեստի հերթական նմուշ ու դնել մի կողմ այն,  սեփականը գրելու հեռավոր մտադրությամբ: Ամենայն հավանականությամբ այդպես էլ կանի երիտասարդ ակտիվիստը, կկարդա ու կմտորի հանրային կյանքը կանոնակագող այլ` ավելի համամարդկային, ավելի ընդգրկուն ձևակերպումների մասին: Այդպես կանի երիտասարդությունը, ում ամենայն հավանականությամբ միտված է տեքստը, բայց ոչ ավելի տարեց սերունդը, որի հիշողությունն ավելի բազմահարկ է, հիշողություն, որն ունի ավելի խոր ընդերքներ, որը սկիզբ չի առնում քաղպայմանագրի հեղինակի առաջարկած ground zero-ից:

. . .

Պայմանագրի հեղինակը գրում է.

11. Պայմանագրի մասնակից չեն կարող լինել անձինք, ովքեր՝
1) 2007-2008 թթ. Համաժողովրդական շարժումը ուժով ճնշելու գործում ներգրավված են եղել, որպես կազմակերպիչ կամ կատարող:

2) 2008 թվականի Մարտի 1-ի դրությամբ ՀՀ-ում զբաղեցրել են առնվազն նախարարի տեղակալի եւ սրան համարժեք կամ բարձր պաշտոններ, եւ պետական հեղաշրջումից հետո ի նշան բողոքի, չեն լքել պաշտոնը:

3) մասնակցություն են ունեցել քաղաքացիական շարժումների մասնակիցների, ակտիվիստների դեմ մեղադրական դատավճիռների կայացմանը

Հարց է ծագում.

ինչու՞ հենց  2007 թվականից սկսած: Ինչու՞ ոչ, ասենք , գոնե 1995 թվականից սկսած: Եվ ինչու՞ չի կարելի քաղպայմանագրին մասնակցությունը արգելել ասենք ազգային ժողովի պատգամավորներին նաև: Ի՞նչ իմանաս, թե ինստիտուցիոնալ, որ կառույցից է սկիզբ առնում անիրավությունը:

Նույն պայմանգրի մի այլ 3-րդ կետում էլ ասվում է..

3. . . . Պայմանագրին որեւէ մարդու միանալը նշանակում է, որ նա անկուսակցական է կամ պայմանագրին միանալու պահից դադարեցնում է մինչ այդ ունեցած կուսակցական պատկանելիությունը:

Վերոնշյալ սահմանափակման հետ կապված նոր առաջարկի միտք է ծագում  ընթերցողի մոտ: Օրինակ ասենք հետևյալը.  «Պայմանագրին միանալը ազգային ժողովի պատգամավորի համար պետք է նշանակի պատգամավորական մանդատից հրաժարում»: Թե չէ ստացվում է այնպես, որ նախագծի հեղինակը պայմանագրի կողմի չափանիշերը գծում է  այն սահմանագծերով, որոնց մեջ տեղավորվում են միայն իր անձի պարամետրերը: Եթե այդ կերպ է դրվածքը, ապա պետք է  քաղպայմանագրի մասնակից մարդու տիպաժը ճշտել մինչև վերջ: Որպես օրինակ ասենք, վերցնելով տարբեր մայրցամաքներում երկոտանու տեսակի բնօրինակը պահպանած տեղաբնիկներին.

. . .

Տղամարդը ստորոտում թողնելով իր ընտանիքը սկսեց բարձրանալ ծառն ի վեր: «Ծառի ստորոտ» արտահայտությունը ակամայից ծնվում է մարդու մեջ անտառի այդ հսկայի տակ կանգնածի տագնապալից հայացքին նայելիս: Ծառի բնի վրայով մոտ հիսուն մետր անցման ընթացքում, ընտանիքը կերակրող հորը ուղեկցում էր մեղուների պարսը, որոնց հինգ խայթոցը բավական է մարդուն սպանելու համար: Մարդն անվրդով, լարված, տարիների ընթացքում հղկված շարժումներով իր գործը հասցրեց ավարտին, մեղրազերծեց մեղվափեթակը:

. . .

Բնական ու կենցաղային նորմի մեջ է դեպի մեղր տանող ճանապարհն ու դրանում պարունակող մահացու վտանգը աբորիգենի համար: Իր քաղպայմանագրի նախագծին հարիր ազատագրված տիպաժ է որոնում Նիկոլ Փաշինյանը: Գուցե ամազոնկայի խուլ ավազանի կամ աֆրիկյան աբորիգենը ծառայեն հարմար օրինակ:

«Քաղաքակիրթ աշխարհի կողմից հնարված ինստիտուցիոնալ ողջ համակարգը, ողջ հանրային բուրգը, գագաթին թառած էլիտայով ու դեպի ներքև ձգվող բազմաշերտ դասակարգված հանրային խմբերով ու դասերով բոլորն էլ ծառայում են նույն նպատակին: Մարդու շահագործմանը: Նույնիսկ գերհարուստ կապիտալիստն է ստրուկ, սուբլիմացված նույն ստրուկը, քանզի ստրկությունը պայմանավորված է ոչ թե հպատակության կամ էլ աշխատանքի ծանրության չափով, այլ կեցությունը նյութականի` իրի կարգավիճակի, վերածած լինելու հանգամանքով: Ցանկացած ռացիոնալիզմ դատապարտված է փոշիացման տևականության մեջ, ժամանակի խոր ձգվածքում, ռացիոնալ է առարկան, բայց ոչ մարդը»: Սա ասվել է 2010 թվականի նոյեմբերին գրված իմ Underground հոդվածում:

Եթե քաղպայմանագրի նախագծի հեղինակի նպատակը ազատագրումն է ու չի ուզում, որ իր նախաձեռնությունը դառնա մարդուն ստրկացնող ռացիոնալիզատորական հերթական մի առաջարկ, ապա պայմանագրի երկրորդ կետը պետք է վերաձևակերպվի ու ձեռք բերի հետևյալ բովանդակությունը.

2. … պայմանագրի մասնակիցներն ընդունում են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարեւորագույն միջոց է: Յուրաքանչյուրը սկսում է հանրային վերափոխման գործընթաց, այդ նպատակին միտված կարեւորագույն անելիքներից մեկը համարելով` սեփական անձի կեցության ճշգրիտ գնահատումը,  պայմանագրին իրենց միանալու պահը համարելով կենսագրությունը վերսկսելու զրոյականից շատ ավելի խոր հաշվարկային կետ:

Զրոյականից խոր կետ ասելով, այս դեպքում ընդունելով սեկվոյայի ստորոտին կանգնած տեղաբնիկ տղամարդու կանգնած տեղը, որը կարող է կոչվել նաև, ոչ թե  ground, այլ Underground zero:

30 հունվարի 2013 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter