HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Թողեք տուն էրթամ»,- խնդրեց ամբաստանյալը

Գյումրիի բնակչուհի, 77-ամյա Ռոզա Խաչատրյանին դանակի 10 հարված հասցրած երիտասարդը դատարանի դահլիճից իրեն ազատ արձակելու ցանկությունը բացատրեց նրանով, որ արդեն հոգնել է «փակի տակ» մնալուց:

«Թողեք էրթամ, ես խելառ եմ, համ էլ ներվերս էլ չի հերիքե»,- խնդրանքը կրկնեց ամբաստանյալ Հարություն Հարությունյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:

Հարություն Հարությունյանը 2012 թ. հունիսի 16-ի երեկոյան գնացել էր Լալայան փողոցի 123/050 տնակ, որտեղ նույն տնակի բնակչուհի Ռոզա Խաչատրյանի հետ վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով 10 հարված էր հասցրել կնոջ կրծքավանդակին, որովայնին եւ դիմել փախուստի: Ռ. Խաչատրյանը հարեւանների օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Դատախազ Վաղարշակ Մխիթարյանը ամբաստանյալ Հարություն Հարությունյանի արարքը որակեց հանրության համար խիստ վտանգավոր: Թեպետ ամբաստանյալի մոտ հայտնաբերվել էր սահմանափակ մտավոր զարգացվածություն եւ աֆեկտիվ անկայունություն, այնուամենայնիվ, դատահոգեբուժական եւ դատահոգեբանական հանձնաժողովն ամբաստանյալին ճանաչել էր մեղսունակ:

Արձանագրությունում նշվել էր, որ Հարություն Հարությունյանը արարքը կատարելիս չի գտնվել աֆեկտի վիճակում եւ լիովին գիտակցել է կատարվածը: Մեղադրողը դատարանին միջնորդեց խիստ մոտենալ եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 13 տարի ժամկետով:

Հարություն Հարությունյանի պաշտպան Թամարա Մելքոնյանը դատարանին միջնորդեց մեղմ մոտենալ իր վստահորդին՝ պատճառաբանելով, որ Հարությունը, ունենալով անկայուն վարքագիծ եւ տառապելով ներվային հիվանդությամբ, պարզապես չի դիմանա քրեակատարողական հիմնարկի պայմաններին:

«Այս 7 ամիսների ընթացքում նրան հիմնականում կարցերում են պահել, հարգելի դատարան, Հարությունը չի շփվել այլ կալանավորների հետ, նա դժվար թե կարողանա երկար մնալ անազատության պայմաններում, մանավանդ, որ ստացիոնար բուժման կարիք ունի: Ավելի ճիշտ կլիներ, եթե նրան ուղարկեիք դատապարտյալների հիվանդանոց, որտեղ Հարությունը կգտնվեր նյարդահոգեբույժի անմիջական հսկողության ներքո»,- միջնորդեց փաստաբանը:

Տուժողի իրավահաջորդ Անժելա Գրիգորյանը պատժի վերաբերյալ որեւէ դիրքորոշում չհայտնեց՝ ասելով, որ թողնում է դատարանի հայեցողությանը: Անժելա Գրիգորյանը նաեւ նշեց, որ հրաժարվում է վնասի փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայց ներկայացնելուց:

«Իսկ դու ինչ կասես»,- դիմեց դատավորը Հարություն Հարությունյանին:

«Ես ինչ բդի ըսեմ,- ուսերը վեր քաշեց ամբաստանյալը,- արդեն սաղ ըսին պրծան, հըմի թողեք, տուն էրթամ»:

Կես ժամ ընդմիջում հայտարարվեց, եւ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Վերադառնալով նիստերի դահլիճ՝ դատավոր Էդ. Մանուկյանը հրապարակեց վճիռը՝ Հարություն Հարությանին դատապարտելով ազատազրկման 12 տարի ժամկետով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter