HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սվարանցում սպասում են, թե ինչով է ավարտվելու տուրիզմ-հանքարդյունաբերություն հակամարտությունը

«Սվարանցը ընդգրկված է Ազգային մրցունակության հիմնադրամի զարգացման ծրագրերում»,- այս մասին բարձրաձայնվել էր 2010 թ. հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի թեւեր» ճոպանուղու շահագործման օրը: «Սվարանց-հանքարդյունաբերություն». ահա թե ինչով է այս տարվա սկզբից ուշադրության կենտրոնում հայտնվել Սվարանցը:

Ճոպանուղու Հալիձորի կայանում շինարարական եռուզեռ է: Սալարկվում են կայան տանող խճապատ ուղիները: Մի փոքր ներքեւում, ձորահայաց դիտակետով սպասասրահ-սրճարանի կառուցման աշխատանքները եւս ընթացքի մեջ են: Վագոն-խցիկը հիմնականում գրավել են գերմանացի զբոսաշրջիկները: Բավական մեծ խումբ է հասել Հալիձոր, սակայն միայն մի մասն է կարողանում մեր ուղերթով մեկնել Տաթեւ: Խցիկում միայն հիացմունքի բացականչություններ են լսվում: Գերմանացի զբոսաշրջիկներին ուղեկցող թարգմանչուհին մնացել է խմբի մյուս անդամների հետ, ու չկա որեւէ մեկը, ով կբացատրի, թե բացի հրաշք բնությունից` էլ ինչ տեսարանների են նրանք ականատես լինում: Ու միակ ելքը տեսածը լուսանկարելն է: Իսկ իմ գլխում անընդհատ մի միտք է պտտվում, որ 25 հոգուց բաղկացած այս խումբը բավարարվելու է միայն վանքային համալիրում շրջելով, որ մտքներով էլ չի անցնելու, որ Հալիձոր, Տաթեւ, Սվարանց գյուղերն ընդգրկված են զբոսաշրջության զարգացման ծրագրերում:

Հիշում եմ ճոպանուղու բացման օրը Տաթեւ գյուղից մի կնոջ ասածը, թե «էդ տուրիստները մի պեռաշկիով, մի լոլիկով ու «Նոյ»-ով սաղ Հայաստան ման են գալիս, բա դրանք մտնեն Տաթեւ գյուղ ի՞նչ անեն, ո՞վ կգա, որ թեկուզ մի օր մեր տներում քնի, մեր ունեցածը առնի, էս գյուղում էլ փող ծախսի: Ճոպանը բերըմ ա, ճոպանն էլ տանըմ ա: Դրանք ալարում են սկի մեր գյուղ մտնեն, որ վանքի կողքին ա, էն քարուքանդ Սվարանց գնան ի՞նչ անեն»: Կողքիս կանգնած գերմանուհին, ամեն անգամ հայացքս բռնելով, ժպտում է: Հասնում ենք Տաթեւ: Խումբը թեքվում է դեպի վանական համալիր, իսկ ես` լրիվ հակառակ ուղղությամբ, որտեղ Տաթեւ գյուղն է, եւ ինձ է սպասում իմ ուղեկիցը:

Տաթեւցի Արթուրն ինձ պիտի հասցնի Սվարանց: Ճանապարհին փորձում եմ հարցուփորձ անել հարեւան գյուղի բնակիչներին: «Նորմալ մարդիկ են, էլի, կգնանք, կծանոթանաք,- ասում է Արթուրն ու շարունակում,- որ էս առիթը չլիներ, ես, հազար տարի անցներ, Սվարանց չէի գնա»: Ստիպված եմ բավարարվել ուրբաթախոս ուղեկցիս կցկտուր բացատրություններով: Սվարանցի գյուղապետն էլ թեեւ խոստացել էր մնալ գյուղում, բայց արդեն 2-րդ օրն է` ինչ-որ անհասկանալի, «տիեզերական» ժողովների է մասնակցում Գորիսում ու հայրենի գյուղ հասնում միայն երեկոյան 6-ին, ավելի ճիշտ` այն ժամանակ, երբ լրագրողն է լքում իր համայնքը: Արթուրը հույս է տալիս. «Ոչինչ, կգնանք գյուղամեջ, էնտեղ ոնց էլ լինի, մարդիկ կլինեն հավաքված, հարցերդ իրանց կտաս»: Գնում ենք լեռնային գյուղերին բնորոշ հողե ճանապարհով: Սվարանցի տները կառուցված են սարի լանջի թեքությամբ: Դա առավել պարզ նկատվում է, երբ հասնում ենք գյուղ: Գյուղամիջյան ճանապարհները ֆիլմերում տեսածս ջունգլիներին բնորոշ արահետներ են` ծածկված թփուտներով:

Գյուղապետարանը փակ է, բակում` ամայություն: Հարեւանությամբ գտնվող եկեղեցու բակային հատվածում դպրոցահասակ երեք տղաներ աշխուժորեն ինչ-որ բան են քննարկում: Զրուցելու հրավերին պատրաստակամորեն են արձագանքում: Հարցնում եմ` կուզենայի՞ն, որ իրենց գյուղը տեղափոխվեր մեկ այլ վայր: Տղաներից մեկը, ով հետո ներկայանում է որպես Անդրե, անմիջապես արձագանքում է. «Էդ երկաթի հանքի համա՞ր եք հարցնում»: Տեսնելով զարմացած հայացքս` շտապում է ավելացնել. «Դե, դպրոցում քննարկումներ են եղել, մեզ բացատրել են, որ հանքի շահագործումը վնասակար նշանակություն ունի բնության համար: Հետո քաջարանցիներից ենք հարցուփորձ արել, ու իրանք ասում են, որ շատ վնաս է. ամբողջ օրգանիզմը թունավորվում է, բուսականությունը թունավորվում է, մի խոսքով, լավ բան չկա»:

Տղաները պատմում են, որ հանքի շահագործումն իրենց ընտանիքներում քննարկվող թիվ մեկ խնդիրներից է, բայց ոչ ոք լուծում չի առաջարկում: Մեծերը խոսում են միայն, իսկ իրենց համար միեւնույն է: Եթե առաջարկեն տեղափոխվել, կգնան: Սվարանցում ոչ մի հետաքրքրություն չկա, երիտասարդ ընտանիքները հեռացել են, գյուղում հիմնականում ծերերն են մնացել: Ով հնարավորություն ունի, Գորիսում կամ Կապանում բնակարան է ձեռք բերում. մարդիկ իրենց ապագան գյուղի հետ  չեն կապում: Գյուղում շատացել են կողպեքով փակ դարպասները: Մութն ընկնելուն պես շատ քիչ տներ են լուսավորվում. մեծ մասը դատարկ է ու լուռ:

75-ամյա Անուշ տատը ծնվել, մեծացել է Սվարանցում, ամուսնացել համագյուղացու հետ, զավակների, թոռների, մեծ գերդաստանի տեր է, բայց հիմա միայն մի տղայի ընտանիքն է գյուղում: «Գործ չկա, բալա ջան, կենան հի՞նչ անեն, գնում են Ղափան, Ռուսաստան»,- տրտնջում է Անուշ տատը, որ եկել է թոշակ ստանալու: Հարցնում եմ Սվարանցից 7 կմ հեռավորության վրա գտնվող երկաթի հանքավայրի շահագործման մասին: «Լսել եմ, բայց մինչեւ աչքովդ չտեսնաս, դժվար ա հավատալը»,- ծեր կնոջ հայացքում հետաքրքրություն եմ նկատում: Հարցնում եմ` դե՞մ կարտահայտվի, եթե հանքի շահագործման հետ կապված` գյուղից տեղափոխվելու խնդիր առաջանա: «Հինչի՞ դեմ արտահայտվեմ, իհարկե կուզեմ. էս սարի տակից որ գնանք քաղաք, փիս կըլի՞,-հարցնում է Անուշ Մինասյանը:-Քաղաքում էլ եմ ապրալ, գյուղում էլ եմ ապրալ, բայց որ հիմա գան ասեն, թե գյուղը կուզենք տեղափոխել, կասեմ` հա, կուզեի»:

Սվարանցի տխուր ապագան առավել խոսուն ներկայացնելու համար գյուղի փոստատան պետ Անդրանիկ Ծատրյանը ձեռքն է առնում խորհրդային տարիներից հուշ մնացած համրիչը: Խոշոր, կլորավուն հատիկները հետ ու առաջ անելով` հաշվում է գյուղում նախկինում ապրած ու ներկայումս բնակվող թոշակառուների թիվը, հետո հոգոց հանելով հայտնում. «Ախր ասում եմ, չէ՞, էս գյուղում առաջխաղացում չկա: Մի ժամանակ 134 թոշակառու ունեինք, հիմի 75-ն են: Էրեխեքի թիվն էլ է պակասել դպրոցում: Սա ի՞նչ է նշանակում... սա նշանակում է, որ Սվարանցում աճ չկա: Գյուղում ծերերն ավելի շատ են, քան երիտասարդները»:

Սվարանցի միջնակարգ դպրոցը նախատեսված է եղել 400 երեխայի համար: Դպրոցի տնօրեն Նվեր Վարդանյանն ասում է, որ խորհրդային տարիներին, երբ կրթարանի տիպային շենք են կառուցել, գյուղի հարեւանությամբ գտնվող հանքի շահագործման հեռանկարն են հաշվի առել: Հիմա դպրոցում 35 երեխա է սովորում: Այս տարի ընդամենը 2 առաջին դասարանցի են ունեցել: Առաջիկա երկու տարում Սվարանցի դպրոցում դասարանների հաշվարկը կսկսվի 2-րդ դասարանից, որովհետեւ առաջին դասարանցիներ չեն ունենա: Նվեր Վարդանյանն ասում է, որ սվարանցեցիները բավական իրարամերժ կարծիքներ ունեն հանքի առաջիկա շահագործման կապակցությամբ: «Դե, մտածում են, որ աշխատատեղ կունենան: Ճոպանուղին սվարանցուն օգուտ չի, այսինքն` տուրիզմը ոչ մեր գյուղ է հասնում, ոչ էլ որեւէ ձեւով օգուտ է տալիս, ահա թե ինչ են մտածում մեր գյուղում»,- ասում է Նվեր Վարդանյանը:

Ճիշտ է` Սվարանցն ընդգրկված է Ազգային մրցունակության հիմնադրամի զարգացման ծրագրերում, բայց շոշափելի արդյունք սվարանցեցին դեռ չի տեսել: Հիմնադրամից ասել են` լավ կլինի, համբերեք մի քանի տարի, նախ ճոպանուղին կկառուցենք, տուրիզմը կզարգանա, ձեր եւ էլի մի քանի համայնքների համար ծրագրեր կանենք: Սվարանցում արդեն թերահավատորեն են վերաբերվում այդ խոստումներին: Ճոպանուղին կառուցվեց, տուրիստները չհասան Սվարանց, սվարանցեցիներն էլ դեռ չեն կարողանում հասկանալ, թե այդ խոստումնալից ծրագրի ո՞ր մասում են իրենք ծվարելու, արդյոք կդառնա՞ն այդ կարեւոր մեքենայի պտուտակներից մեկը:

«Դե, դրա համար էլ հենց խոսք է լինում հանքի շահագործման մասին, մարդիկ անմիջապես ասում են` թող լինի, գոնե աշխատատեղ կլինի, հողերն ու տները արժեք կունենան, ներհոսք կլինի, գյուղից հեռացածները կվերադառնան. դա մի տարբերակն է: Մյուս տարբերակն էլ էն է, որ դա ազդելու է բնության վրա, տուրիզմն էլ` մյուս կողմից. արդեն սրանք հակասում են միմյանց: Շատ դեպքերում էլ մարդիկ մոռանում են ապագա սերնդի մասին, որ հաստատ վտանգվելու է,- մտահոգվում է Նվեր Վարդանյանը:- Այ, հիմա մենք մեր տանը էկոլոգիապես առողջ սնունդ ենք օգտագործում ու պարծենում ենք դրանով, իսկ ի՞նչ կլինի, եթե, այնուամենայնիվ, հանքերը շահագործվեն, ինչո՞վ ենք պարծենալու»:

Սվարանցեցիները վստահ չեն, որ հանքերի շահագործումից առաջ  հանրային քննարկում կլինի, կամ հաշվի կառնվի իրենց կարծիքը, թեպետ խոստովանում են, որ իրենք էլ մեկ միասնական կարծիք չունեն, դրա համար էլ սպասում են, թե ինչ որոշում կընդունեն «վերեւներում»` հուսալով, որ դա չի բերի վերջնական աղետի:                                 

Մեկնաբանություններ (5)

Haykanush
Kardalov Svaranc anuny anmijapes anca hodvacy kardalun,henc ayn parz patjarov vor hayrs cnundov ayd gyuxic e ev es im mankutyan amarayin arcakurdnern ayntex em anckacrel u shat urax em vor hnaravorutyun unem tekuz mi qani orov hangstanalu ayd chnashxarik bnutyan grkum .amen angam ayntex gnaluc es hianum em texi bnutyunov .asem vor bnakichnernel tarbervum en motaka gyuxeri bnakchutyunic irenc hyurasirutyamb.es lselov hanqi bacman masin txreci vorovhetev cheyi uzi vor texanqum hanqartyunaberakan gorcaran tesneyi.hamenayn deps hima.
Varaz Syuni (Amsterdam)
Uxaki vorosh PETAKAN u MARZAYIN AGRAVNER vaxenum en vor hankarts irents BERANNERITS mi KTOR PANIR knkni tsats.....Srtnery VATANUM e sranits.............................SUT EN ASUM - CHEN uzum marzy ZARGATSNEL, vorovhetev IRENTS petk e XEXCH u axkat ZHOXOVURD, vorpeszi karoxanan zhoxovrdin SANDZAHAREN u MNAN ATORNERIN.
Varaz Syuni (Amsterdam)
Isk LUTSUMNERITS meky ERKARAZHAMKET PETAKAN MICRO-CREDITn e: ANtokos kam NVAZAGUYN tokosnerov - POKR u MAKUR biznesner skselu hamar.................................Syunikum aysor arpum e mot 150-160.000 mard...........ARI HASHVENK. Ete 10000 angam tramadrvi ayspisi micro-vark 2000-akan euro-ov, apa klini HSKAYAKAN SKIZB u kkazmi 20 mln euro...................10000 x 2000euro = 20 mln euro........................20 mln euro-n METS POX CHE PETUTIAN hamar mi AMBOXCH strategiakan MARZ zargatsnel SKSELU hamar.
Varaz Syuni (Amsterdam)
VERJAPES erb PITI hasni tex vor SYUNIKUM հանքարդյունաբերությունը erkarazhamket LUTSUM CHE- parzaguyn patcharov: ayn TUNAVOR e, aysinkn, KORTSANUM e ECO-SYSTEMY, aysinkn- ody, jury, hoxy, yev ayln.............................MI XUMB kisa(MAFIOSNER) portsel/portsum en mi kani tarum LTSNEL IRENTS GRPANNERY- հանքարդյունաբերության mijotsov u verjinis hamar propaganda anelov.........................KAJARAN kaxaky yev shrjakayky aysor ISKAKAN AXETI GOTU en veratsel: RADIATIAYI u hankayin POSHINERI/taponneri AXBAVARI...........OVKER en MEXAVOR sra hamar?...........OV PITI makri sa? ERB? U inch mijotsnerov?
Varaz Syuni (Amsterdam)
SYUNIKN aysor Hayastani (yev taratskashrjani) AMENE-KAREVOR razma-strategiakan shrjann e.............Yev ASHXARHI Top-10 GEO-STRATEGIAKAN karevoraguyn hanguytsnerits meky............................Bayts SARSAPELIOREN AMENA-ZARMANALI pastn ayn e, vor MINCHEV HIMA chka PETAKAN MAKARDAKOV Syuniki ZARGATSMAN erkarazhamket u MAKUR plan......Sa ANNERELI STRATEGIAKAN krax e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter