HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Ոսկե ծիրանը» կունենա կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի նոր մրցույթ

«Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան կինոփառատոնին ավելացել է մրցութային նոր ծրագիր`կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի «Կորիզ» խորագրով մրցույթը: Մրցութային ծրագրի կազմակերպիչներն են ռեժիսորներ Արամ Շահբազյանը, Վարդան Հակոբյանը, Գագիկ Ղազարէն, Լուսինե Սարգսյանը եւ սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը: Ծրագրի կազմակերպիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին «Կորիզ» անվանակարգի մրցութային ֆիլմերն ու ժյուրիին:

«Ոսկե ծիրանը» հնարավորություն է ընձեռել երիտասարդներին այս խորագրի ներքո իրականացնելու իրենց մտահղացումները, ինքնուրույն ձեւակերպել պահանջները, ֆիլմերի ընտրության սկզբունքները: «Կորիզ»-ում ներկայացվող ֆիլմերի միջոցով կազմակերպիչ-երիտասարդները փորձել են արդեն այսօր հասկանալ ստեղծվող վաղվա կինոյի տեսակն իր ժանրային առանձնահատկություններով:

«Կորիզ» անվանակարգի ժյուրիի նախագահն է լինելու պրոդյուսեր Թիերի Լոնուվելը Ֆրանսիայից: Ժյուրիի մյուս անդամներն են ճանաչված կինոգետ Օլգա Շերվուդը Ռուսաստանից եւ կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանը:

Ծրագրին մասնակցելու համար ներկայացվել է 135 հայտ, որոնցից ընտրվել են 25-ը 18 երկրներից: Ներկայացված արտասահմանյան ֆիլմերը, որոնք կարող է եւ թերություններ ունենան, այնումենայնիվ, ունեն կինոլեզու, որը կազմակերպիչները չեն նկատել հայ ռեժիսորների ներկայացրած ֆիլմերում:

«Էկրանից տեսնում ենք մի պատկեր, որի ետեւում որեւէ էսթետիկա չկա, որտեղ չի աշխատում ոչ կինոդրամատուրգիան, ոչ գրական դրամատուրգիան, ոչ պատմությունն է զարգանում, ոչ պատկերն է զարգանում»,- ասել է Գագիկ Ղազարէն` խոսելով հայ երիտասարդ ռեժիսորների մասին:

Այդուհանդերձ, կազմակերպիչները փորձել են գտնել այն հայ ռեժիսորներին, ովքեր կարող էին առաջին «Կորիզում» ներկայացնել հայկական կինոն: Ծրագրում ներկայացվելու են 3 հայ հեղինակների ֆիլմեր: Դրանք են Լուսինե Սարգսյանի «Ծաղկապարը», Տաթեւ Իսախանյանի «Թեւավոր պատրանքը» եւ Դիանա Կարդումյանի «Գալաթան»:

 «Կարճ ֆիլմը, անկախ նրանից՝ դասական ձեւի մեջ է նկարած, թե էքսպերիմենտալ, դառնում է արդեն էքսպերիմենտ, որովհետեւ պրոդյուսերները եւ լուրջ արտադրողները կոնկրետ բաներ չեն պահանջում: Կարճ ֆիլմը թույլ է տալիս, որպեսզի դու ավելի համարձակ քայլերով լուծես պատմությունը»,- ասել է ռեժիսոր Արամ Շահբազյանը:

Վերջինիս կարծիքով՝ այդ կարճ ֆիլմերը բերում են կոնկրետ մտածողություն, եւ հենց այդ մտածողության պակասն ամենաշատը մենք ունենք:

Կազմակերպիչները հատկապես սկսնակ ռեժիսորներին եւ ուսանողներին խորհուրդ են տալիս այցելել եւ դիտել ֆիլմերը, քանի որ դրանցում շատ բան կա սովորելու եւ հասկանալու:

Ֆիլմերը ցուցադրվելու են Տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter