HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռեգուլյար» բենզինը «Սուպե՞ր» են սարքում, կամ` դարձյա՞լ ձեռնածություն բենզինի շուկայում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում սկսված ուսումնասիրության ընթացքում բացահայտել է, որ այս շուկայում գործող որոշ տնտեսվարողներ թույլ են տվել օրենքի խախտումներ:

Հանձնաժողովի ս. թ. հունիսի 8-ի նիստում որոշվել է օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ  վարչական վարույթ հարուցել «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ: Ընդգծենք, որ «Սիթի Պետրոլ Գրուպը» դիզելային վառելիքի եւ բենզինի շուկաներում գերիշխող դիրք ունի: Հիշյալ ընկերության մասնաբաժինը  դիզելային վառելիքի շուկայում կազմում է 40,8%, իսկ բենզինի շուկայում` ավելին` 41,76%:

Թե օրենքի ինչ հնարավոր խախտումների առնչությամբ է վարչական վարույթ հարուցվել տվյալ ընկերության նկատմամբ, հանձնաժողովն առայժմ չի հաղորդում: Սակայն ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության մեջ խոսքը բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում մեկից ավելի տնտեսվարողների կողմից թույլ տված օրենքի խախտումների բացահայտման մասին է: Եվ, բնականաբար, հարց  է առաջանում, թե ընդհանրապես ինչ է կատարվում բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում, նշված ոլորտներում արդյոք ամեն ինչ կարգի՞ն է, չե՞ն խաբում վարորդներին, պաշտպանվա՞ծ են սպառողների իրավունքները:

Վերոնշյալ հարցերի պատասխանները մեզ առավել հետաքրքրեցին, երբ տեղեկատվություն ստացանք այն մասին, որ վերջին ամիսներին իրականում 95 մակնիշի կամ «Սուպեր» տեսակի բենզին շատ քիչ է ներկրվում Հայաստան, եւ նշված բենզինի անվան տակ վաճառվում է «Պրեմիում» եւ «Ռեգուլյար» տեսակի բենզին, որոնց  օկտանային թիվն արհեստականորեն բարձրացված է:

Ըստ մեր ստացած տեղեկատվության` այդ բարձրացումը կատարվում է քիմիական ինչ-որ հավելանյութի միջոցով: Ցավոք, այս տեղեկատվության իսկությունը սեփական միջոցներով պարզելու հնարավորություն դեռ չունենք, մանավանդ, որ ֆինանսական բացի՝ կա ավելի դժվար լուծելի խնդիր. Հայաստանում շատ դժվար է գտնել հավաստագրված  գոնե մեկ լաբորատորիա, որն իսկապես անկախ է եւ համարձակություն ունի բացահայտելու ճշմարտությունը, եթե այն նույնիսկ վտանգավոր է: Հասկանալով, որ Հայաստանում դժվար է գտնել լաբորատորիա, որի եզրակացությունը վստահություն կներշնչի, փորձեցինք պարզել, թե 2010 թ. եւ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, որտեղից,  քանի տոննա եւ ինչ տեսակի բենզին է ներկրվել մեր հանրապետություն:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, մաքսային ծառայության գնդապետ Ա. Աֆրիկյանից ստացված տեղեկատվության համաձայն` վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան բենզին է ներկրել չորս ընկերություն: 2010 թ. ընթացքում բենզին է ներկրվել Բոսնիա եւ Հերցեգովինայից, Բուլղարիայից, Իսրայելից, Իտալիայից, Իրանից, Հունաստանից, Նիդեռլանդներից եւ Ռումինիայից, իսկ 2011 թ. առաջին եռամսյակում` Բուլղարիայից եւ Ռումինիայից: Սակայն ավելի ուշագրավ է հետեւյալ տեղեկատվությունը. 2010 թ. Հայաստան ներկրված բենզինից 158,264 տոննան օկտանային թվով 95-ից պակաս է եղել (այսինքն` եղել է «Ռեգուլյար» եւ «Պրեմիում» տեսակի), իսկ 30,527 տոննան եղել է օկտանային թվով 95 կամ ավելի (բայց 98-ից ոչ ավելի) օկտանային թիվ ունեցող բենզին: 2011 թ. առաջին եռամսյակում ՀՀ է ներկրվել օկտանային թվով 95-ից պակաս 30,833 տոննա եւ 95-98 օկտանային թիվ ունեցող 2,497 տոննա բենզին:

Պարզ թվաբանական հաշվարկը վկայում է, որ եթե 2010 թ. 95-98 օկտանային թիվ ունեցող բենզինը Հայաստան ներկրված բենզինի ընդհանուր զանգվածի ավելի քան 16% է կազմել, ապա այս տարվա առաջին եռամսյակում 7,5 %-ն էլ չի կազմել, այսինքն` կրկնակիից պակաս է եղել: Ինչո՞ւ... Հայաստանում երթեւեկող արեւմտյան, ճապոնական եւ կորեական արտադրության թանկարժեք ու հզոր շարժիչներով ավտոմեքենաների մի հսկայական մասն արդեն դադարե՞լ է «Սուպեր» տեսակի բենզին օգտագործել:

Չափազանց դժվար է պատկերացնել, որ դրանց վարորդներն անցել են համեմատաբար էժան, 95-ից պակաս օկտանային թվով ու տվյալ ավտոմեքենաների շարժիչների համար չնախատեսված, բավարար քարշիչ ուժ չապահովող ու տեւական օգտագործման դեպքում շարժիչները վնասող բենզինի օգտագործման:

Ավելին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն`  2011 թ. առաջին եռամսյակում ՀՀ ներկրված մարդատար ավտոմեքենաների թվում գերակշռել են ոչ թե ռուսական, այլ արեւմտյան եւ այլ երկրների արտադրության ավտոմեքենաները: Ընդհանուր առմամբ, Հայաստան է ներկրվել 7706 ավտոմեքենա, որոնցից ընդամենը 755-ն են եղել ՌԴ արտադրության: Հայտնի է, որ ոչ ռուսական արտադրության ավտոմեքենաների հիմնական մասը  հզոր շարժիչ ունի, հետեւաբար 95-98 օկտանային թիվ ունեցող բենզինի պահանջարկը պետք է ոչ թե նվազեր, այլ աճեր:

Թերեւս ավելորդ է ասել, որ վերոնշյալ փաստերը նկատի ունենալու պարագայում, եթե անգամ որոշ հավաստիություն չի ստանում, ապա առնվազն ուշադրության արժանի է դառնում վերջին շրջանում բենզինի հետ կատարվող ձեռնածության վերաբերյալ մեզ փոխանցված տեղեկատվությունը: Կարծում ենք նաեւ, որ այդ քայլին գնալու հնարավոր ֆինանսական շահագրգռվածությունը լիովին բավարար է. բենզինի «Ռեգուլյար» եւ «Սուպեր» տեսակների 1 լիտրի գնային տարբերությունը երեւանյան բենզալցակայաններում 50 դրամ է, իսկ տվյալ դեպքում  խոսքը ոչ թե 1 լիտրի կամ 1 տոննայի, այլ ավելի քան 2000 տոննայի մասին է:

Հայաստանի Հանրապետությունում սկզբունքորեն հնարավո՞ր է բենզինի հետ նման ձեռնածություն: Այս առումով տեղեկացնենք, որ չնայած 2000 թվականից կառավարության որոշմամբ արգելվել է կապար պարունակող ու բնակչության առողջության համար խիստ վտանգավոր էթիլացված բենզինի ներկրումը ՀՀ, դրանից հետո՝ 2002-2003 թթ., այն ներկրվել է զարտուղի ճանապարհով:

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, հանքաերկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի  տեղեկացմամբ՝ 2000 թ. հիշյալ որոշման ընդունումից հետո միանգամից, արդեն 2001 թ. Երեւանի մթնոլորտում գրանցվել է կապարի պարունակության նահանջ: Այն աղտոտիչների շարքում դարձել է չորրորդը, հինգերորդը, ընդ որում՝ կապարի պարունակության էական նվազում գրանցվել է ոչ միայն օդի, այլեւ բանջարանոցային մշակաբույսերի մեջ: Սակայն դրանից հետո...

«2003 թ. սկզբին մենք ձյան նմուշարկման ժամանակ գրանցեցինք կապարի պարունակության թռիչք, ինչը միանշանակ վկայում է, որ կապար պարունակող էթիլացված բենզինի ինչ-որ խմբաքանակ էր բերվել Հայաստան,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Սաղաթելյանը: - Մեր մեթոդները հնարավորություն են տալիս վերահսկելու ընդհանուր շարժը: Ի դեպ, կապարի պարունակության այդ բարձրացումը չէր կարող արդյունաբերության գործունեության հետեւանք լինել: Այն տարածքային էր եւ միայն բենզինով կարող էր պայմանավորված լինել: Կապարի պարունակության աճը Երեւանի կենտրոնում ենք արձանագրել, ձյան մեջ միանգամից բարձրացավ այդ ծանր մետաղի պարունակությունը»:

Ինչպես ասում են` հետեւությունը թողնենք ընթերցողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter