HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիսլավ Մանգասարյանը հարցաքննության կբերվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում պետք է հարցաքննվեր քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը:  Սակայն գործով կարևորագույն վկան, ով վերջին դատաքննությունից հետո պարզվեց, որ իրականում պետք է ամբաստանյալների շարքում լիներ, արդեն երեք օր է, ինչ կալանքի մեջ է: Այս իսկ պատճառով գործով դատախազ Լևոն Չարխիֆալակյանը դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը: Դատական հաջորդ նիստում դատարանը պետք է ապահովի կալանավոր Մանգասարյանի ներկայությունը, ինչպես նաև Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի հոգեբուժական կլինիկայում հաշվառված լինելու վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը:

Հիշեցնենք, որ Վլադիսլավ Մանգասարյանը նույն անձն է, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ: Իրեն անձեռնմխելի համարող Վլադիսլավ Մանգասարյանի կալանավորման որոշումը երեկ կայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մխիթար Պապոյան)` բավարարելով ՊԵԿ-ի քննչական վարչության միջորդությունը: Նրան երկու օր առաջ ՊԵԿ-ի քննչական վարչությունում հարցաքնությունից հետո ձերբակալել էին, իսկ այժմ դատարանի որոշմամբ երկամսյա կալանքի մեջ է: Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում ևս:

Մանգասարյանի բազմաթիվ հանցագործությունների մասին սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը արդեն երկու տարի է, ինչ հայտարարում է մամուլով, ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին, դատախազությանն ու մի շարք պետական մարմիններին ուղարկվող իր նամակ-դիմումների միջոցով: Շուրջ 1 տարի 10 ամիս է, ինչ ՊԵԿ-ում հարուցված է ամերիկահայ գործարարի կողմից հիմնադրված ու նրա «գործընկերների» ջանքերի շնորհիվ կանխամտածված սնանկության տարված «Արին կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ քրեական գործը, սակայն նախաքննությունը մինչ օրս չի ավարտվել, գործով ո’չ տուժողներ կային, ո’չ կասկածյալներ, ոչ էլ մեղադրյալներ:

ՀՀ գլխավոր դատախազին ուղղված վերջին բաց նամակը ամերիկահայ գործարարը տարածել էր մարտի 13-ին, որտեղ կրկին բարձրաձայնել էր քննության ընթացքում արձանագրված թերացումների մասին: Իսկ արդեն մարտի 15-ին ՊԵԿ-ում հերթական հարցաքննությանը հրավիրվելուց հետո Մանգասարյանը ձերբակալվում է:

Թե ինչ դերակատարում է ունեցել հենց Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում Վլադիսլավ Մանգասարյանը, մարտի 7-ի դատական նիստում բավական մանրամասն ներկայացրեցին տուժող Լուսինե Գյուլխասյանն ու նրա հայրը` գործով վկա Գևորգ Գյուլխասյանը:

«Վլադը քողարկում էր և ձգձգում իրական վիճակի բացահայտումը: Իմիջիայլոց. բոլոր մարմիններում Վլադը շատ դրական մարդու կերպար է ընդունում, նույնն էլ այդտեղ, թե Լուսինե ջան, դա քո բնակարանն է, դու կստանաս: Բայց այդ օրն արդեն, երբ Վլադն այդ ամենն ասում էր, նա արդեն իր եղբոր միջոցով այդ բնակարանի հետքը կորցնելու համար վաճառել էր մեկ այլ մարդու, սրանից նրան, ի վերջո Արմեն Գալստյանին: Երբ Լուսինեն այդ ժամանակ ասաց, թե գող, ավազակ ինչու ես բնակարանս վաճառել, նա էլ թե` Լուսինե ջան, չեմ վաճառել, պարտքերի դիմաց գրավ եմ դրել»,- իր ցուցմունքում դատարանում պատմել էր տուժած քաղաքացու հայրը: 

Վերջինս վրդովված դատարանում անգամ հետևյալ հայտարարությունն էր արել. «Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը, սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է»:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 28-ին` ժամը 16.00-ին` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կալանավոր Վլադ Մանգասարյանի ներկայությունն ապահովելու համար:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանություններ (1)

hasmik
հարգելի պարոն Խուդյան, զգուշացեք նորանշանակ դատախազից Չ-ից,խաբեբա է, թղթերը,ձեռքին ցույց է տալիս որ կարդում է, բայց իրականում այլ բան է ասում, բայց ոչ թե փաստաթղթի մեջ գրածը, այսպես կոչված սղցնում է, դա ես իմ սեփական փորձից եմ ասում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter