HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ «պոտենցիալ զոհը» թակարդը չի ընկնում

Փետրվարի 27-ին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ հացադուլ չէր հայտարարել և ակտիվ մարզային այցելությունների ու հանրահավաքների կազմակերպման փուլում էր, Աժ նախագահ, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր. «Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է Սերժ Սարգսյանին, ասենք, գնալ երկրորդ փուլի կամ ցրել խորհրդարանը, դրանք ողջամիտ չեն, բայց ես, այո, ողջամիտ եմ համարում այն առաջարկը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, օրինակ, կարող է Սերժ Սարգսյանին ասել, թե «Ժառանգության» այս կամ այն ներկայացուցիչը կարող է գլխավորել այս կամ այն գերատեսչությունը: Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը կքննարկի այդ ողջամիտ առաջարկը»:

Այն, որ Սերժ Սարգսյանին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկությունները պետք է ոչ ողջամիտ համարվեին, հասկանալի էր ի սկզբանե: Ընտրություններին հազիվ կարողանալով պահպանել ունեցած իշխանությունը և փաստացի արտաքին աշխարհից ստանալով լուրջ լեգիտիմության պաշար` գործող նախագահը երբեք չէր համաձայնելու ինքնակամ հրաժարական տալ կամ համաձայնել ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը, ԱԺ-ն ցրելուն, որը նույնն էր նշանակելու, թե թույլ տալ ոտքերի տակից քաշել գորգը: Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով ուժի մեջ թողնվեց իրեն նախագահ հռչակող ԿԸՀ որոշումը, այդ առաջարկություններին ընդառաջելու մասին խոսելն անիմաստ էր դառնում կրկնակի:

Սակայն, դրանցից բացի, Հովհաննիսյանի թիմը, խորհդարանական ընդդիմության հետ համատեղ, ըստ էության, արեց նաև այլընտրանքային նոր առաջարկներ` կապված կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն ուղղված Սահմանադրական հանրաքվեի ացկացման և ընտրական օրենսգիրքը լուրջ, արմատական փոփոխությունների ենթարկելու հետ, որոնք, սակայն բարեհաջող կերպով տապալվեցին` հենց խորհրարանական մեծամասնության հետ բանակցությունների ընթացքում: Հանրապետական կուսակցությունը, մերժելով այդ առաջարկությունները, հրաժարվելով ընդդիմության նախանշած օրակարգով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելուց, փաստացի հասկացրեց, որ իր համար «ոչ ողջամիտ» են բոլոր այն առաջարկությունները, որոնք վերաբերում են համակարգային փոփոխություններին: Իսկ ավելի կոնկրետ` իշխանությունը, ի դեմս, Հովիկ Աբրահամյանի, պարզ ու հստակ հասկացրեց, որ իր համար ողջամիտ միակ առաջարկությունը կարող է լինել Րաֆֆի Հովահննիսյանի` պաշտոնների, կառավարությունում որոշակի պորտֆելների նկատմամբ հավակնություններ դրսևորելը: Այլ կերպ ասած` Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում էին գնալ գործարքի` «համաժողովրդական սկսված շարժման դավաճանության դիմաց` պաշտոններ» դասական սխեմայով, որը հատկապես այս իշխանությունը կարողանում է կիրառել առանձնակի վարպետությամբ:

Ըստ էության, դա ոչ թե կոմպրոմիս փնտրելու, այլ կոմպրոմիսի բոլոր հնարավորությունները չեզոքացնելու քաղաքականություն է: Իշխաությունը երբեք չի առաջնոդվում գործընկերության սկզբունքով: Դա հրաշալի ապացուցվեց 2008թ. ձևավորված կոալիցիոն դաշինքի` 2009թ. անփառունակ վախճանով: Այն ժամանակ արդեն պարզ էր որ նրա քայլերի, վարած քաղաքականության հիմքում ոչ թե համակողմանի ստորագրված կոալիցիոն հուշագիրն էր, որը թեկուզ հռչակագրային մակարդակով, բայց ամրագրում էր հասարակական, քաղաքական ու տնտեսական հիմնական բոլոր մարտահրավերները, այլ բացառապես նախագահի պատկերացումները և մոնոլիտ իշխանություն ձևավորելու նկրտումները: Պատահական չէր, որ հատկապես ՕԵԿ-ի` ինքնակամ կամազրկումը, մարգինալացումը, ՀՀԿ-ի կցորդ դառնալը որակվեց որպես քաղաքական բարոյականության դրսորում: Պատահական չէր նաև, որ 2011թ. իշխանությունը գրեթե ուժով էր փորձում ԲՀԿ-ից կորզել համարյա 2 տարի անց սպասվող նախագահական ընտրություններում անվերապահորեն իրեն սատարելու մասին հայտարարությունը, ինչն անխուսափելիորեն ենթադրում էր ԲՀԿ-ի «օեկացում»:

Իշխանությունը ցանկացած տիպի կոմպրոմիսի մեջ տեսում է պարտություն. այն ուզում է մշտապես գործ ունենալ միայն կապիտուլյացիայի գնացող ուժերի հետ և բոլորի, անխտիր բոլորի մեջ տեսնում է պոտենցիալ զոհերի, որոնց կարելի է «գնել» պաշտոններով, խոստումներով, դրանց չտվելու դեպքում` կոմպրոմատների կիրառմամբ կամ ահաբեկմամբ:

Դա է պատճառը, որ Հովիկ Աբրահամյանը ստեղծված քաղաքական նախաճգնաժամային իրավիճակն ընկալում է ոչ թե կուտակված խնդիրների, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի «պաշտոնային» հնարավոր ակնկալիքների պրիզմայով և, հետևաբար, խոսում է ոչ թե իրենց կողմից խնդիները հաղթարահելուն ուղղված առաջարկությունների ու քայլերի, այլ Րաֆֆիից ակնկալվող «ողջամիտ» առաջարկությունների մասին:

Սա քաղաքական մշակույթի և աշխարհըմբռնման խնդիր է: Եվ առկա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ մշակույթի կրողը չէ, հետևաբար իշխանությունն էլ նրանից այն ազդակները չի ստանում, որը սովոր է ստանալ: Րաֆֆիի տեսակին հնարավոր չէ կաշառել, համոզել, վախեցնել, չկան այնպիսի լծակներ, որոնցով կարելի է նրան կոմպրոմատային գրոհի ենթարկել, փողերի լվացման հատկանիշներով գործ հարուցել և ամենակարևորը, ինչպես ցույց տվեցին այս ընթացքները, հնարավոր չէ նրան քաշել կուլիսային ինտրիգների մեջ, որովհետև ինքն իրեն Րաֆֆին փորձում է պատսպարել հանրության համար հնարավորինս բաց խաղալու միջոցով, որքան էլ նա թույլ լինի մարտավարության և պայքարի մեթոդաբանությունը մշակելու, ծրագրային գործոնեություն ծավալելու առումով:

Դա է պատճառը, որ իշխանությունը հիմա իր տեղը գտնել չի կարողանում. նա չգիտի` ինչ սպասել նման տիպի գործչից, որը ոչ թե անջատման, այլ միասնության, ոչ թե գրոհի, այլ համբերության, ոչ թե արյունահեղության, այլ խաղաղության սուրհանդակի դեր է կատարում ու որին հնարավոր չէ մեղադրել աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի համհարզը լինելու մեջ: Բայց միայն Հովհաննիսյանի անձի ու տեսակի մեջ չէ, այլ այն աներևույթ զանգվածի, որը ընտրությունների ժամանակ իրեն հստակ սահմանազատեց: Արդեն դժվար է ասել` թե ընդդիմությունը կամ Րաֆֆին փոքրամասնություն է կազմում այն դեպքում, երբ քվեարկությանը մասնակցած ընտողների գրեթե կեսը, պաշտոնական տվյալներով, ընտրազեղծարարության ողջ տեխնոլոգիաները կիրառելով հանդերձ, չի քվեարկել իշխանության թեկնածուի օգտին:

Ահա թե ինչու է Հովիկ Աբրահամյանը, (իմա` իշխանությունը) հընթացս փոխում վերաբերմունքը շարժման վերաբերյալ: Մարտի 15-ի ուշ երեկոյան, այեցելով հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, նա կրկին անդարդառնում է առաջարկություններին, բայց բոլորովին այլ ձևակերպումներով.

«...Առաջարկությունը պետք է լինի մեր թիմի ղեկավարի կողմից, մեր թիմի` բոլորիս կողմից։ Խորհրդակցելու ենք թիմով` անպայման, որից հետո փորձելու ենք առաջարկ ներկայացնել»: 

Պարզ է` իշխանությունն այլևս Րաֆֆի Հովհաննիսյանից ինքնակապիտուլյացիայի գնալու հույս չունի. ինչն արդեն ստիպում է խոսել սեփական նախաձեռնությամբ առաջարկություններ ներկայացնելուց, մի բան, որ նախկինում իշխանությունը երբեք չի արել: Եվ դրանք անպայման կլինեն: Բայց ողջ հարցն այն է, որ իշխանությունը, անդադար իմիտացիոն վարքագիծ դրսևորելով, վաղուց սպառել է հանրության մոտ իր վստահության ռեսուրսները ու դժվար է ասել` քանի ինչ գին կտա հանրությունը սպասվող նոր առաջարկություններին, որքան էլ դրանք արտաքուստ հույս ներշնրչող լինեն: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում սկսված այս համաժողովրդական շարժումը դեռ սկիզբն է,որը գնալով միայն մեծանալու է: Սա ազգի ինքնամաքրման և վերածննդի շարժում է: Այսպիսի շարժումները տևում են տարիներ:Մարդիկ պիտի համբերատար լինեն. Րաֆֆիի (և իր թիմի) ստրատեգիան ՃԻՇՏ է: Ժամանակը շարժման օգտին է:«Ուշ լինի,նուշ լինի»: Այս շարժումը քշել-տանելու է նաև այդ հաստավիզ օլիգարխների «կուսակցությունները»,ինչպես նաև այդ 100 տարեկան մեռած-չթաղած կուսակցությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter