HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Վարձով են տրվում մարդիկ

Գեղեցկության սրահում նստած հերթիս եմ սպասում: Փոփոխության հետևից եմ եկել: Եթե երկար ժամանակ փոփոխության կարիք չեմ զգում, վախենում եմ, որ գիշերը մահացել եմ:

Նման վախերից փախուստիս միակ ճանապարհը գեղեցկության սրահն է: Սովորաբար վարսահարդարիս խնդրում եմ փոխել մազերիս գույնը: Արդեն վարժվել եմ, որ մազերդ երբեք քո պատկերացրած գույն չեն ներկում, ու ներկի տուփին ցուցադրված գույներն իրականում միշտ ուրիշ երանգ են ունենում, որ չես հասկանում, թե որտեղից հայտնվեց կամ թե ինչ կապ ուներ ընտրածդ գույնի հետ:

Մազերս ներկելու առաջին շրջանում սրահից միշտ արցունքոտ աչքերով էի դուրս գալիս, հաջորդ մի քանի օրը փակվում էի սենյակումս, հայհոյում աշխարհի բոլոր վարսահարդարներին, որ նկարիչ չեն, ու ամբողջ աշխարհին սպառնում էի այլևս երբեք սենյակիցս դուրս չգալ:

Ապստամբությունս տևում էր երեք օր: Չորրորդ առավոտյան հայելու միջի պատկերը քիչ-քիչ սկսում էր նմանվել ինձ: Հինգերորդ առավոտյան մոռանում էի մազերիս նախկին երանգը: Արդեն վեցերորդ օրը թվում էր, թե հայելու միջի պատկերը միշտ էլ մազերի նույն երանգն է ունեցել:

Վերջին տարիներին ուղղակի գնում-նստում եմ աթոռին, տալիս եմ որևէ գույնի անուն ու արդեն գիտեմ, որ մի երրորդ գույնի գլխով եմ դուրս գալու սրահից:

Եթե հավատանք Բարտին, մազի ներկերի տուփերն ու քաղաքական գործիչների նախընտրական պաստառները նույն գործարանի արտադրանք են:

 ***

Էսօր էլ՝ նախորդ անգամների պես, ներկը քսելուց հետո այլմոլորակայինի գլխով նստած սպասում եմ երեսուն րոպեների լրանալուն, որ գլուխս հոսող ջրով լվան ներկից, ու սկսվի մազերիս նոր գույնին վարժվելու ժամանակը:

 Անկախ նրանից, որ չեմ հավատում ներկերի տուփի գույներին, ամեն անգամ երեսուն րոպե սպասելու ընթացքում միշտ թաքուն հույս ունեմ, որ էս անգամ իմ ուզած գույնը կստացվի. հնարավոր է՝ ներկն ուրիշ արտադրության է, ներկրողն է փոխվել, վարսահարդարս գույներ ստանալու նոր մեթոդներ է գտել, կամ ուղղակի հրաշքով գույնը կհամընկնի տուփի վրայի գույնին:

Սրահում շարունակվում է աշխատանքային օրը. ներկված գլուխներով կանայք սպասում են երեսուն րոպեների լրանալուն՝ ամեն մեկը հայելու մեջ նոր բան գտնելու ակնկալիքով:

Սրահի անկյունային աթոռին մի աղջիկ գունաթափում է ոսկեգույն գանգուրները: Թվում է՝ մազերի հետ ինքն էլ է գունաթափվում ու քիչ-քիչ վերածվում թափանցիկ, անգույն մաշկով տարօրինակ էակի, ում նիհար մարմնի միակ խնդիրը մազերի ծանրությանը դիմանալն է: Մազերը ծանր հիշողության պես ծածկել են նրա մարմինը, գլուխը հակել են ներքև, խճճվել են աթոռներին, հատակին, սեղանին, առաստաղին, պատուհաններին, դռան բռնակներին, մկրատներին, վարսահարդարի վզին, աղջկա մեջքին, ոտքերին, թափանցիկ մատներին ու նորից թվում է, թե աղջիկը ծնված օրվանից գամված է էս անշուք, նեղ սրահի անկյունին ու չի կարողանում շարժվել: Սրահի այցելուներից ոչ ոքի այլևս չի զարմացնում միշտ նույն տեղում նստած աղջկա անշարժ մարմինը:

Երկարավիզ, ընդգծված աչքերով մի կին կտրում է մազերը մինչև ծոծրակը. մի կողմն արդեն կարճ է, մյուսը՝ դեռ երկար: Երկար հատվածն առաջ է թափվել ու դեմքի մի կեսը ծածկել է: Հատակին թափվող ամեն մազափնջի հետ կնոջ դեմքը կորցնում է ինչ-որ ճնշող ծանրություն, նմանվում է նյույորքյան տների անվարագույր պատուհանի, որ ջրի պես թափանցիկ է ու փոխարինում է սենյակի հաստ պատերից մեկին՝ հատակից մինչև առաստաղ:

Սրահում հազվադեպ կարելի է հանդիպել ածելիով գլուխը սափրող մարդկանց:

***

Սրահի դուռը բացվում է, ներս է մտնում արևելյան արտաքինով, հարթ, միջին երկարության մազերով մի օրիորդ: Բոլորին ողջունում է, ծանոթ վարսահարդարներին հաճոյախոսություններ  է անում ու մոտենում վարսահարդարիս: Մեկնում է մազերով լցված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակն ու շնորհակալություն հայտնում: Նրա շուրջը խմբվում են սրահի  բոլոր աշխատակիցները, խնդրում են ցույց տալ հեռախոսի միջի նկարները: Բոլորը հիացած են. ենթադրում եմ, որ ֆոտոշարքի անունը «օրվա գեղեցկուհին» կամ նման մի բան էր: Հայելու միջից աչքովս ընկած նկարում աղջիկը երկար մազերով էր՝ հունական աստվածների պես: Վարսահարդարներից մեկը հարցնում է, թե գանգուրները մինչև երեկոյի ավարտը պահպանվե՞լ էին: Աղջկա անորոշ պատասխանից հասկանում եմ, որ  երեկոյան կողմ խոպոպները քանդվել էին, բայց ավելի շուտ սեփական անզգուշության պատճառով, որովհետև շատ էր պարել: Հերթը հասնում է աղջկա ընտրյալի նկարներին, պարզվում է՝ այս ամբողջ աղմուկը հարսանեկան արարողության շուրջ էր:

Ձանձրույթից երևակայությունս ինձնից առաջ է ընկնում, ու պատկերացնում եմ աղջկա ընտրյալին, ում հետ երեկ՝ իրենց կյանքի ամենակարևոր օրը, միասին պարել էին, լուսանկարվել՝ պահպանելու համար վիճակը, պահը, երիտասարդությունը, ու ով այսօր նկարներում տեսնելու էր իրեն մի հունական աստվածուհու կողքին, ով հենց նոր պոլիէթիլենային տոպրակով վարսահարդարիս վերադարձրեց վարձակալած մազերը:

Հետո պատկերացրի նրա ընկերներին, բարեկամներին, երեխաներին, թոռներին, որ հազար անգամ տեսնելու էին լուսանկարներն ու հունական աստվածուհուն, որ իրականում սովորական արևելցի կին էր:

Երևակայությունս ինձնից առաջ է ընկնում ու ձանձրույթից պատկերացնում եմ, որ հենց այս նույն ժամին աղջկա ամուսինը նույնատիպ պոլիէթիլենային տոպրակով գնացել է ինչ-որ ինձ անհայտ մասնագիտության տեր մարդու մոտ ու շնորհակալություն հայտնելով՝ նրան է մեկնում թափանցիկ տոպրակ, որի մեջ նախորդ օրը վարձակալած երջանիկ ժպիտն է: Ու ինձ պես ինչ-որ երեսուն րոպեների ավարտին սպասող մի տղամարդ լսում է այդ երկուսի զրույցը, հայելու մեջ տեսնում է լուսանկարներ, որտեղ տղամարդը երջանիկ ժպիտով է, իսկ կողքի հունական վարսերով աստվածուհին տեղյակ էլ չէ, որ իր ընտրյալը հիմա վերադարձնում է վարձակալած երջանիկ ժպիտը ու մտածում է՝ «խե՜ղճ աղջիկ»:

***

Աղջիկը հրաժեշտ տվեց վարսահարդարներին: Վճարեց մազերի համար ու դուրս եկավ: Վարսահարդարս զանգեց մի կնոջ՝ տեղյակ պահելու համար, որ նրա ուզած գույնի ու երկարության մազերն արդեն իր մոտ են, ու մինչև ժամը վեցը կարող է մտնել ու վերցնել, վերջում էլ հիշեցրեց գինն ու տեղյակ պահեց, որ վճարումը կարող է անել մազերը  վերադարձնելիս:

***

Սրահից դուրս եմ գալիս պոլիէթիլենային տոպրակներով ժպիտների ու մազերի մասին մտածելով: Դատարկ ձեռքերս թափ տալով՝ հոսում եմ պայուսակներով, ճամպրուկներով ու ուսապարկերով մարդկանց արանքներով: Բոլորը պայուսակներում, գլուխների մեջ, մտքում, ափերի մեջ ինչ-որ բան են ինչ-որ տեղ տանում:

Հրապարակում բողոքի ցույց է: Հարթակին կանգնած քաղաքական գործիչները ոչնչով նման չեն ցուցանակներից ու էկրաններից խելացի հայացքով ժպտացող մարդկանց: Ցուցարարները չեն հավատում սեփական աչքերին: Փորձում են վերհիշել բոլոր նկարները, հոլովակները, տեքստերը, որ լսել, տեսել, կարդացել են սրանց մասին՝ մի բան հասկանալու համար:

 Մոտակա սրճարանում նստած փողկապախեղդ մարդիկ նախընտրում են ցույցին հետևել էկրանից՝ լայվ, որ հավատան: Մի կին է անցնում տղայի հետ.

-Մա, այ մա, էս էն հեռուստացույցի մարդը չի՞, մա:

-Չգիտեմ, ձագ, նման ա ոնց որ, բայց հեռուստացույցի միջինը ավելի բարձրահասակ էր: Դիմացդ նայիր, ընկար:

Խառնվում եմ ցուցարարներին: Ինձ պես մարդիկ են՝ կանայք ու տղամարդիկ: Ապստամբող ամբոխը մոտ տարածությունից վերածվում է առանձին-առանձին մարդկանց, որ պաստառներ բռնած՝ հայացքով փնտրում են երեկվա նկարի միջի տղամարդուն ու սիրուն մազերով աղջկան: Երեսուն րոպե բոլորի հետ սպասում եմ: Երեսուն րոպե անց ամեն ինչ սպասվածից տարբեր է:

***

Հաջորդ առավոտ գեղեցկության սրահը նորից լիքն է: Այցելուները փոփոխության հետևից եկած երեկվա ցուցարարներն են. մազերի նոր գույն, նոր ձև են փնտրում: Մի մասը եկել է երեկվա մազերից ազատվելու համար, մյուսը՝ արհեստական մազերի հետևից, մեկը գլուխն է սափրում, մենք էլ նորից մազերի նոր գույն ենք փնտրում: Գանգուր, երկար մազերի մեջ խճճված աղջիկը նորից անշարժ է, մինչև ծոծրակը մազերը կտրող կինը նորից վերածվում է նյույորքյան տան ապակու, մազեր ներկողներս նորից երեսուն րոպե սպասում ենք, արդյունքում՝ նորից ներկի տուփի գույնից տարբերվող երանգ: Նորից դեպի հրապարակ: Նորից երեսուն րոպե: Նորից գեղեցկության սրահ: Նորից գարուն: Նորից երեկվա սիրուն մազերով աղջկան փնտրող տղա ու երեկվա երջանիկ ժպիտի կարոտը տոպրակում թաքցրած աղջիկ:

Նորից ձանձրույթ:

Մեկնաբանություններ (6)

Arm
Հա, տեսիլքներ կային, սիրուն էր։
david
mer erkri voxj payln u tshvarutyun@ mi hodvacov. unaynn u puch anchoxik datarkutyun.
Հովհաննես Վարդանյան
Շատ հետաքրքիր էր:
Nan
Shat lavn er!!!
Hasmik
lav meknabanutyun,aprek
Khach
Lav aknark e, bnakan u ankexts, Tessilck ka mech-e ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter