HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Էս ձեր երկիրը չի, հոպա՛ր, էս իմ Պետությունն ա, հասկացա՞ք

- Եվրոպա-բան չգիտեմ, էս Հայաստանն ա, ու ստեղ մեծերին հարգում են, երիտասա՛րդ, բարի եղիր՝ քեզնից տարիքով մեծ մարդկանց հետ հարգանքով խոսիր, հասկացա՞ր,- հանձնաժողովի տարիքով անդամին նկատողություն անելու համար միջազգային կազմակերպության դիտորդին սաստում է հանձնաժողովի նախագահը:

***

Առավոտ ութին մեքենայով մտնում եմ Չորրորդ գյուղ: Գյուղխորհուրդն ենք փնտրում: Վարորդն իջեցնում է մեքենայի ապակին.

- Պապի ջան, գյուղխորհուրդ ո՞նց հասնենք:

- Մի խաչմերուկ ներքև, վարպե՛տ, հետո աջ՝  ուղիղ մանկապարտեզի շենքի դիմաց:

***

Գյուղխորհրդի բակում ենք: Ճռթճռթացող արևի ու չոր քամու տակ հողակալած ասֆալտի արանքից աճող երեք-չորս ծիրանենու ստվերում  գյուղի ջահելներն են հավաքված: Քայլում եմ դեպի մուտք: Ծառերի կողքով անցնելիս նկատում եմ, որ երիտասարդները շարքով կանգնած միզում են ծառերի տակ:  Երևի տարածքում ոռոգման խնդիրն էսպես է լուծվում:

Ծառերի ճյուղերը ցոգոլների ծանրությունից կոտրվելու չափ ճկված են: Էս գարուն ցոգոլ դեռ չեմ կերել, բայց էս ծառերի ցոգոլներին գյուղում ոչ ոք ոնց որ թե վաղուց ձեռք չի տվել: Երևի բոլորը գիտեն, որ ծառերի արմատները մեզով են ջրվում:

***

Մտնում եմ շենք. կենտրոնից եկած մի կին նյարդայանացած փեշն է մաքրում ու բողոքում, որ զուգարանի դուռը ներսից փակել չի լինում, ներսում ջուր չկա, ունիտազն էլ  ծակ է: «Արած-չարածդ ճեղքերից  ոտքերիդ է ծորում, աղջիկ ջան»:

***

Տեղամասի աստիճաններին շարժվելու տեղ չկա: Ծերանոցի ծերերին են բերել: Ոտուձեռքից ընկած ծերերի արանքներում ճանճերի պես վխտում են քուչի տղերքը: Մոտենում եմ դռանը: Միջանցքում  շարքով սպասող ծերերի կռացած մեջքների վրա քուչի տղերքը հավալա են խաղում: Ով ավելի հեռու կթռնի ծեր մարդու կռացած մեջքի վրայով, նա էլ ծերերին կուղեկցի ընտրախցիկ: Մի քանի ջահել էլ պատուհանի մոտ 200 դրամանոց կոպեկով վիճակ են գցում, թե ում հերթն է ծերերին ուղեկցելու:

Ինչքան շատ հալից ընկած ծերուկ, էնքան շատ փող: Էս գյուղում փող ծախսելու տեղ առանձնապես չկա էլ: Շատ-շատ՝ սրանց փողը պետք լինի գարեջուր խմելու ու ծառերը առատ մեզով ջրելու համար: Էս չոր անապատային տարածքում միակ փրկությունը մի քանի ծիրանի ծառի ստվերն է: Պետք է ծառերը փրկել չորացումից: 

Քուչի տղերքը մտնում են ներս, գյուղի ծերերին քոռ, խելապակաս ու անտառաճանաչ ներկայացնում, որ հետները մտնեն խցիկ ու էս անտեր մնացած մարդկանց վերջին ունեցածը ծախեն: Սրանց վթարված ուղեղները չեն հասկանում, որ իրանք էդ չորացած ծերերի սերունդներն են ու հիմա սեփական մարմինն են աճուրդի հանել: Սրանք բակի չորացած ծառերից անկապ կախված էն ցոգոլներն են, որ ոչ ոքի պետք չեն, որովհետև թաղի մեծերը էդ ծառի արմատները մեզով են ջրել: 

*** 

Ծերերի հանդեպ բոլորն ուշադիր են, զգույշ ու խնամքով: Ընդմիջմանը շրջում եմ գյուղով: Գյուղի միակ թանկ բանը ծերերն են: Հանձնաժողովի նախագահը ճիշտ էր ասելու, որ սա Հայաստանն է, որտեղ ծերերին հարգում են: Ծերերը գյուղացիների ունեցած ամենաարժեքավոր ու երկարակյաց կապիտալն են: «Սրանք» փող են բերում ոչ միայն ընտրությունների ժամանակ, «սրանք» մեռնելուց հետո էլ են փողոտ: Ծերերին թաղելուց հետո գյուղի ջահելները հարգանքից, թե ուրիշ բանից դրդված՝ սրանց անունները լավ են հիշում, որովհետև սրանք հողի տակից էլ են իրենց թոռների համար փող բերելու: 

Մոտենում եմ պատուհանին: Քուչի մեծերը դեռ միզում են ծիրանի ծառի արմատներին, ու ոչ ոք ծառից ցոգոլ չի քաղում, ոչ ոք նորոգված զուգարանի ու ոռոգման ջրի կարիք չունի: 

Մեծահասակներին հարգող էս քուչի տղերքը ծերանոցներում լքված ծերերի հանդեպ ոչ մի պարտավորություն չունեն: Սրանք հո իրենց տատ ու պապե՞րը չեն: Սրանք ուրիշների տատուպապերն են: Սրանք ուրիշների անտեր ծերերն են, իսկ իրենք՝ ուրիշ տղերքի տատուպապերի թրաֆիկինգով զբաղվող կավատներ: Իրենց թաղի «պանյատներում» ուրիշի ծնողին ծախելը վատ բան չի: 

Բայց էս քուչի ցոգոլները մենակ ուրիշի անտեր ծերերին չեն ծախում: Սրանք ընտրության խմբերով ու ընտանիքներով են գալիս: Սրանք հետները բերում են իրենց մայրերին, քույրերին ու հարսներին, որոնց ձայներն էլ են նախապես խոստացված թաղի մեծերին: Փաստորեն, սրանց քույրերն ու կանայք ոչ թե իրենց սեփականն են, այլ թաղի մեծերի հարեմի կնանիքից, որովհետև սրանց մարդիկ ու ախպերները իրենց ձայները թաղի մեծերին են ծախել: 

Մինչև էս ցոգոլները վերևում էժանով սեփական արմատները, կանանց, սեփական մեռելների շիրիմներն ու քույրերին են ծախում, թաղի մեծերը բակում իրենց ծիրանի ծառի արմատների վրա միզում են, իրենց ծերերի կռացած մեջքի վրայով հավալա են խաղում ու 200 դրամանոց կոպեկով վիճակ գցում: 

*** 

Ո՞վ է սրանց իրավունք տվել իմ ծերերին ծախել, ո՞վ է սրանց թույլ տվել իմ արմատներին միզել, ո՞վ է սրանց տոհմածառին միզել, որ սրանք էսքան ցոգոլ են մնացել, ո՞վ է փոքր ժամանակ սրանց էդքան նեղացրել, ովքե՞ր են սրանք: Խմբված-խմբված, սև-սև, ծախում են ու ծախսում են, վատնում են ու փչացնում են ծիրանի ծառն ու իրե՛նցն են համարում ծիրանի ծառը, հռհռում են հերթական 200 դրամանոց վիճակը հաղթելիս, ու վերևից՝ պաստառներից, քմծիծաղում է մեռելների թագավոր ու մեռելներով թագավոր Հադեսը: Իրե՛նց թագավորը, իմը չէ: 

*** 

- Եվրոպա-բան չգիտեմ, էս Հայաստանն ա ու ստեղ մեծերին հարգում են, երիտասա՛րդ, բարի եղիր՝ քեզնից տարիքով մեծ մարդկանց հետ հարգանքով խոսիր, հասկացա՞ր,- հանձնաժողովի տարիքով անդամին նկատողություն անելու համար միջազգային կազմակերպության դիտորդին սաստում է հանձնաժողովի նախագահը: 

- Էս ձեր երկիրը չի, հոպա՛ր, էս իմ Պետությունն ա, հասկացա՞ք:

Մեկնաբանություններ (1)

Arto
Xurband exnim Ani jan, grichd , apres!! xzzarel es!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter