HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Սպասում

Սերժ Սարգսյանը գուշակում է Ադրբեջանի կործանում երեք-չորս տարուց, Իլհամ Ալիևն էլ մեծահոգաբար Հայաստանի տապալմանն է սպասում վեց-յոթ տարուց:

Հայ թոշակառու, դիմացիր մի երեք չորս տարի, Ադրբեջանը կփլուզվի ու դու կսկսես շատ փող ստանալ, դու էլ՝ ադրբեջանցի աշխատանքի վետերան, ապրիր շատ երկար, գոնե մի վեց-յոթ տարի, ու Հայաստանը հենց մարդազրկվեց, կտեղափոխվես ու կսկսես Երևանի կենտրոնում ապրել առոք ու փառոք:

Չէ. հիմարի տեղ են դնում նախագահները տարեց մարդուն: Տարեցն էլ հիմար-հիմար, բանին անտեղյակ, բանից անիմաց ապրում է Բաքու-Երևան, Երևան-Բաքու գնացքի մարշրուտով թափառող անցյալի իր երազներով: Հարցնող լինի. «Բաքուն էլ էր քոնը, Երևանն էլ, մարդ Աստծո, ինչի՞ հանձնեցիր, ինչի՞ հանձնվեցիր»: Սեփական գերբ, սեփական դրոշ, սեփական նախագահ: Սեփական նոր սիմվոլներ էին պետք, պարզվում է խորհրդային մարդուն: Ֆաշիզմի հոտ է գալիս ցանկացած սիմվոլիզմից:

Հիտլերը Բյոկլինին սիրում էր ոչ թե նրա համար, որ նա ֆիգուրային կոմպոզիցիաները հասցրել էր գերէսթետիկ հնչեղության, այլ այն պատճառով, որ այդ գեղեցիկի մեջ մարդն ու մարդկայինը սիմվոլիկ էին, միֆական: Իսկ առասպելապատումով հեշտ է առաջ հրել սուտը հերոսականի, առավել ևս դրան հաջորդող այնկողմնայինի մասին: Այդ իմաստով ֆաշիստականի շարունակություն է նաև ցանկացած կրոն: Չկա ոչ մի կրոն կամ ֆաշիզմ այստեղ ու հիմա: Դրանք խոստանում են, ոգևորում են, հույսեր են տալիս այնկողմնային, հեռավոր ապագայի: Իսկ մարդն այստեղ է: Ապրում է այստեղ մարդը ու ապրում է հիմա: Եվ ուզում է ապրել մարդավարի: Որպես կանոն, բոլոր հիմնադիրները` ռելիգիոզ, թե աշխարհիկ, կուշտ ու կուռ ապրելով այս կյանքում, մյուսներին պահում  են անդրշիրիմյան «բալանդայի» վրա: Իսկ մեր ու հարևան երկրի առաջնորդ օրակուլները այս վերջին բանդագուշակություններով  նորագույն շերտ բացեցին ստի ու ողբասացության ժանրում:

Սիրելի հայեր ու հայերի հարևաններ, ոչ մի պետություն, առավել ևս ռելիգիոզ, ոչ մի դարաշրջանում չի աշխատել ի օգուտ տվյալ ներկայում ապրող մարդու: Եվ չէին կարող նորանկախ Հայաստանը կամ էլ նորանկախ Ադրբեջանը դառնալ պետություն` մարդու համար: Պետությունն այն էր, քիչ թե շատ պիտանի, քիչ թե շատ կրոնազերծ, որ կորցրեցինք: Քաղաքացիությունն այն էր, որ կորցրեցինք: Նոր սոցիալիզմը գուցե պարզի իրավիճակը: Բացառվում է կոնֆլիկտի լուծում կապիտալի աշխարհում: Կապիտալը կոնֆլիկտ հրահրող է, այն խաղաղարար լինել չի կարող: Կապիտալիստական Ամերիկան ու կապիտալիստական Ռուսաստանը հետապնդելու են իրենց կապիտալիստական շահը, բացառապես: Ասում են ժողովրդավարական կապիտալիզմ: Չեմ հասկանում: Գիշատչական կապիտալիզմ հասկանում եմ: Կապիտալը բնազդական է: Բնազդն ասում է՝ խժռիր, ընդ որում՝ անպատիժ ու անհվերահսկելի: Կամ հայկական կապիտալն է խժռելու ադրբեջանականին, կամ էլ հակառակը, բոլոր սիմվոլներով հանդերձ, ի դեպ:

Եթե կա մեկը, որ չի գիտակցում դրվածքի տոտալությունը, թող նայի իր ներսը, մենք` մեր Գյումրու ու Գորիսի միջկլանային բախումներին, մեր օֆշորականներին, իրենք իրենցին: Կապիտալիզմի դաստիարակություն է: Կապիտալիզմի վարք ու բարք: Չեմ կարծում, թե կլանային թշնամանքը շատ է տարբերվում միջէթնիկից: Գերկապիտալը, գերտերը սահմանեց այս հայ-ադրբեջանական միջէթնիկ թշնամանքը որպես հարաբերության նորմ: Ռուսազգի մարդու պաթոլոգիկ այլազգատյացությունն էլ նույն նորմի մեջ է միանշանակ: Խորհրդային ռուսի վերաբերմունքը այլ էր բոլորիս նկատմամբ: Պուտինը նույնիսկ ամենաբուռն ցանկության դեպքում չի կարող մարդկայնորեն նայել հետխորհրդային ոչ մի ազգի: Կապիտալիզմի կանոնակարգը թույլ չի տա անել դա նրան: Չի կարող անմարդկային համակարգը ապրել մարդկային կարգ ու կանոնով: Այն կդադարի գոյատևել պարզապես: Այնպես որ երկու նախագահներն էլ ճիշտ են: Լինելով խորհուրդների ծնունդ, լինելով խորհրդային մարդ՝ ճիշտ են հասկացել երկուսն էլ: Այո, տապալում սպասում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Անկումն անխուսափելի է: Կապիտալի աշխարհը շարունակում է ապրել իր դեկադանսը, այն ապրում է իր ամենախոր ճգնաժամերից մեկը հիմա, մենք էլ դրա մեջ: 

Արդի աշխարհը հիշեցնում է Առնոլդ Բյոկլինի մեռյալների կղզին կտավը: 1880 թվականին արված այդ գործը նախանշում է երկուհարյուրամյա դեկադանսի սկիզբը, որը գուշակեց Նիցշեն: Բյոկլինի կղզին հիշեցնում է ժամանակակից ուրբանը իր ավարտունության մեջ, որում կա ամեն ինչ, բացի բնակիչը: Կյանքը, հուզումը մնացել է հեռվում, երրորդ պլանում, մեռնող հերոսապատումը խորհրդանշող կիպարիսների կատարներին կուտակված ամպերի մեջ, որոնք այլևս չունեն ազդեցություն բնակավայրը ողողող ծովի մեռյալ հանդարտության վրա: Չկա անդրադարձ, չկա հաղորդակցում, խզված են ժամանակները ու ընդհատված է կապը այս ու այնկողմնայինի միջև: Այլ է իրավիճակը: Մեռյալ: Դա այն  վայրն է, որում մնում է անպատասխան ստեղծագործողի ուղերձը: Նկարում պատկերված մեռյալների կղզու  տրամադրության ռեգիստրի մեջ են նաև երկու նախագահների ասես նույն գրչի տակից դուրս եկած հղումները: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին ուղերձներն էլ գնում ու թաղվում են բյոկլինյան հանդարտության մեջ, այնտեղ ուր հանգրվանում է պարապ ժամանակը: Դրանք չեն դրդում արարման: Անհասցե է երկուսի խոսքն էլ. մեռած և բրուտալ դրվածքով լիովին անպիտան մարդու համար: Այնպես որ, կրկնում եմ, հայեր ու հայերի հեռու ու մոտ հարևաններ, ներկայիս մեր առաջնորդների հռետորաբանությունը բերում է այն եզրահանգման, որ մեզ դեռ երկար սպասում է սպասվում, Բյոկլինի նկարի առաջին պլանում գլխաբաց կանգնած մարդու համակերպ սպասմանը շատ նման:

Մեկնաբանություններ (2)

KARO
Սերժը մի 4 տարի հետո էլ նախագահ չի,փաստորեն ապագա նախագահի քարոզարշավի բուկլետից է մեջբերումներ անում ))))
կեցցէ մեր հին բռնապետությունը!
Լավ հոդված է եւ ճիշտ մտքեր են արտահայտված: Ոչխարի համար ինչ տարբերություն որ գայլերն իրեն կուտեն՝ ազգային, հակաազգային, թե ինտերնացիոնալ կապիտալիստական ոհմակը: Այո, ապահովությունն եկավ ու գնաց, խաբար չեղանք: Հիմա կարելի է հասկանալ ու գլխներիս վայ տալ: Հլա ուշադիր մտածեք, որտեղից ուր ընկավ հասարակ ժողովուրդը - ձրի բժշկություն, ձրի բնակարան, պարտադիր ուսուցում, (ձրի բարձրագույն), բանտից ազատված մարդուն անգամ ուղեգիր էին տալիս եւ հիմնարկին պարտադրում աշխատանքի ընդունել: Հիվանդանոցից պիտի խնդրեիր, որ դուրս գրեն: Ձրի պուտյովկա էին տալիս որ գնաս, օրինակ, Մացեստա (չբեր կանանց սանատորիա) հագստանաս: Հիմա պառկիր ու սովից սատկիր (երեխաներիդ հետ միասին), տեր լինողն ով է? Հիմիկվա թաթալաբազ ինտիլիգենտուկներն էլ հպարտ - հպարտ ասում են, թե էն բռնապետություն էր իսկ հիմա անկախություն ու դեմոկրատիա է! Ղարաբաղցու ասածի՝ պրանեմ ձեր սարքած անկախությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter