HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր»-ը թարգմանվել է ուկրաիներեն

2012թ. դեկտեմբերին Լվովի «Սրիբնե սլովո» հրատարակչությունը լույս ընծայեց արձակագիր Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր» ծողովածուն(համանուն վիպակն ու 14 պատմվածք), որն ունեցավ մեծ արձագանք. ուկրաինական մամուլում և տարբեր կայքէջերում տպագրվեցին հոդվածներ հայ գրողի գրքի մասին: 

ՉՄՈՌԱՆԱԼ, ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ, ՈՐ ԿՅԱՆՔԸ  ԽՈՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՕԳՆՈՒԹՅԱՄԲ                                     

Բազմաթիվ լեզուներով թարգմանված ժամանակակից հայ  գրող, Արցախյան ազատամարտի մասնակից, էսսեների հեղինակ Լևոն Խեչոյանի անունը քիչ է հայտնի ուկրաինացի ընթերցողին: Նրա «Ճյուղն ձիթենու» ժողովածուն, որը դեռևս 13 տարի առաջ փոքր տպաքանակով հրատարակել է Լվովի «Ֆենիքս» հրատարակչությունը, միայն առաջին համեստ ծիծեռնակն էր: Անցած տարվա դեկտեմբերին Լևոնը նորից իր գրով «այցելեց» Լվով. «Արծաթե խոսք» հրատարակչությունը տպագրեց նրա «Խնկի ծառեր» ժողովածուն`համանուն վիպակով և պատմվածքներով:

 Ասես քարի վրա փորագրված այդ զուսպ գրքի /ձևավորող նկարիչ Լեսյա Կվիկ. «սպիտակ չէր նկարվում»/ շնորհանդեսը տեղի ունեցավ հունվարի 23-ին «Ե» գրախանութում` գրքի թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանի, հրատարակիչ Իրինա Լոնկևիչի, գրականագետներ Օլենա Հալետայի և Անդրեյ Դրոզդայի մասնակցությամբ: Հեղինակը «ներկա էր» հանդիպմանը միայն վիրտուալ` տեսաշարով ու նաև, ի նշան հյուրընկալության, հանդիպման մասնակիցներին «ուղարկած» նվերով. նուռ էր, որը, ըստ հայկական սովորույթի, ձեռքով է կիսվում երկու մասի:

Ինչպես ուկրաինացի, այնպես էլ հայ ընթերցողի կյանք Խեչոյանը մուտք գործեց անաղմուկ ու ոչ վաղ տարիքում. առաջին գիրքը տպագրվեց, երբ 36 տարեկան էր: 80-ականների սերնդակից է, բանասեր: Նա գրականությանը վերաբերվում է լրջորեն, ինչն էլ գրողական աշխատանքի համար պահանջում է առանձնացում և կենտրոնացում: «Սև գիրք, ծանր բզեզ»  վեպի համար  արժանացել է Հայաստանի «Ոսկե եղեգն» գրական ամենաբարձր  մրցանակի /1999թ./:

Հասկանալ Լևոն Խեչոյանի արձակն իր երկրի մշակութային ավանդույթից դուրս այնքան էլ դյուրին չէ. մի երկրի, որ գտնվում  է երկրաշարժի գոտում ոչ միայն երկրաֆիզիկորեն, մի երկրի, որ դիմացել է քաղաքական ու մշակութային ցնցումների:

 Սովորական չի եղել նաև նրան ուկրաիներեն թարգմանելու պատմությունը: Անուշավան Մեսրոպյանը, որ սովորելու էր մեկնել Լվով /«իմ Ղարաբաղն այստեղ է»/, ընկերոջից նվեր էր ստացել գրողի «Խնկի ծառեր»-ը: Եվ հուսալքության պահերին գիրքը դառնում է այն խարիսխը, որն օգնում է նրան մնալ Ուկրաինայում. «Արդեն որոշել էի վերադառնալ տուն, բայց մի օր էլ նորից այն առա ձեռքս, և ինքս էլ չիմացա, թե ինչպես  սկսեցի թարգմանել: Թարգմանչի գործը դժվար է. ասես գետ ես մտնում, կարևորը`ճիշտ տեղում ափ դուրս գալ կարողանալն է»:

Ըստ գրականագետ Անդրեյ Դրոզդայի` ժամանակակից ուկրաինական գրականության մեջ այսօր դժվար է գտնել մի այնպիսի գրողի, որը գրում է ինչպես Լևոն Խեչոյանը. մեծ մասը գրելիս շատախոսում է, գիրը ծանծաղ է:  Իր թեմայով ու սեղմ ոճով Խեչոյանին հարազատ է գրող Վասիլի Պորտյակը, որը գրում է խորհրդային իշխանության տարիներին Կարպատներում ծավալված դիմադրողական շարժման, նրա փլուզման ու կոնֆլիկտների մասին: Իսկ դասականների առումով կարելի է զուգահեռ անցկացնել Վասիլի Ստեֆանիկի հետ,  թեև հայ գրողը նրա նման պերճախոս չէ. Խեչոյանն իր ուրույն ոճն ունի: Ու նաև սիրում է օգտագործել նրբերանգներ, որոնք կրկնվում և պահում են պատումի (հաճախ հանճարեղ ավարտ ունեցող) լարվածությունը:

Այս ամենից բացի գրականագետները նշեցին նաև, որ Լևոն Խեչոյանն իր ստեղծագործություններում հաճախ  է խոսում տոհմի  խնդիրների և սերնդեսերունդ շարունակվող ավանդույթի մասին, որի ցայտուն վկայությունն էլ խոր հավատն է, ինչը մեզ մարդ է դարձնում: Նրա արձակում գրական հերոս չկա: Փոխարենը կան անձինք` փոքր մարդիկ` իրենց տառապանքներով, ցավերով, հույսերով: Եվ այդ առումով նա նորից մոտ է Վասիլի Ստեֆանիկին, իսկ արտասահմանյան գրողներից` Միշել Ֆուկոյին:

Հրատարակիչ Իրինա Լոնկևիչը, հուզված Լևոն Խեչոյանի ստեղծագործություններից, պատմում է, թե ինչպես են դրանք իրեն ոգեշնչել, ինչի արդյունքում էլ հատկապես «Արծաթե խոսք» հրատարակչությունում է ծնվել գրքի տպագրման գաղափարը.

«Այս աշնանը ձեռքս ընկավ  Լ. Խեչոյանի «Ճյուղն ձիթենու» պատմվածքների ժողովածուն. կարդացի մեկ շնչով: Հետո Անուշավանն ինձ տվեց նաև «Խնկի ծառեր» վիպակը. այն ինձ ընդհանրապես զարմացրեց: Շատ քիչ գրքեր կան, որոնք ինձ, որպես ընթերցողի, խոր հուզում են պատճառում: Դա առաջին գործն էր, որի ընթերցումից չհասկացա`ինչ կատարվեց իմ հոգեկան աշխարհում: Ամեն ընթերցելիս այն ինձ ցնցում էր: Այդ իսկ պատճառով որոշեցի մեկ գրքով հրատարակել թե´ վիպակը, թե´ պատմվածքները: Դրանք կարդալիս հիշում էի  Օլգա Տոկարչուկի «Պրավիկը և այլ ժամանակները» ասքը, որն ամբողջովին պարուրված է միստիկայով և  Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»:

Ինչպես գերեզմանոցում խնկի տարածվող ծուխը, որն ասես ծառ լինի, այդպես էլ յուրաքանչյուր ընթերցողի երևակայությունը, որը կերտում է պատկերներ, հենվում է  փորձի և հիշողության վրա:

                                                        Նատալյա Յացենկո  «Աուդիտորիա» շաբաթաթերթ

                                                                                           31 հունվարի 2013թ. 

                        

                                 ԱՆՑՈՒՄ  ԱՆԴՈՒՆԴԻ  ՎՐԱՅՈՎ

Մեզ գրեթե անծանոթ ժամանակակից հայ գրականության ուկրաիներեն չափազանց բացառիկ թարգմանության մասին (Խեչոյան, Լևոն, «Խնկի ծառեր», վիպակ և պատմվածքներ, Լվով, Սրիբնե սլովո, 2012, 144 էջ):

Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքից մեկ պատմվածք անգամ կարդալուց հետո հասկանում ես, որ հանդիպել ես առանձնահատուկ գրողի: Իսկ հաջորդող գործերը միայն ուժգնացնում են այդ տպավորությունը. պատումի խիտ ոճը, միաժամանակ պահպանելով յուրահատուկ բանաստեղծականը, առեղծվածայինը, թափանցում է առաջին հայացքից առօրեական թվացող դեպքերի մեջ` հաջորդ պահին ունակ սովորական կերպարները վերածելու անտիկ աշխարհի միֆական հերոսների: Լևոն Խեչոյանի համար գրելն ամենևին էլ հրապուրանք չէ. նա գիտակցում է իր առաքելության ողջ ծանրությունը. պատմել այն աշխարհի մասին,  որտեղից սերվել և որին պատկանում է ինքը: Լեռների մեջ թաքնված այդ աշխարհը զգուշորեն է ընդունում ոչ միայ օտարներին, այլև յուրայիններին, որոնք, մեկ անգամ արդեն նրանից հեռանալով, հազվադեպ են վերադառնում հետ` առանց ճակատագրի ահաբեկող խարանը դեմքերին:

Խեչոյանը փոքր արձակի վարպետ է: «Խնկի ծառեր» ժողովածուում տեղ են գտել համանուն վիպակն ու տասնչորս պատմվածք, որոնցից միայն մեկն է, որ համեմատաբար ծավալուն է` վեց էջից ավելի: Ուկրաինական գրականության մեջ համարժեք փնտրտուքն այս դեպքում  այնքան էլ  հեշտ ո շնորհակալ գործ չէ: Դասականներից թերևս հիշում ես Վասիլի Ստեֆանիկին. Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները, ինչպես ուկրաինացի էքսպրեսիոնիստ գրողի գործերը, ընթերցողի վրա թողնում են խորը հուզական տպավորություն: Ստեֆանիկի նման Խեչոյանն էլ է համակրում իր բոլոր հերոսներին` նրանց  չբաժանելով «լավերի»  և  «վատերի», խուսափում է բարոյախոսությունից ու խրատներից: Իսկ ժամանակակից ուկրաինացի գրողներից Վասիլի Պորտյակն է, որ իր ոճով հարազատ է Խեչոյանին,  ունի բառի արժեքի ճիշտ նույնպիսի զգացողություն և գրում է իր հայրենի աշխարհի`կարպատյան գյուղեր մասին: Այդ երեքին` Ստեֆանիկին, Պորտյակին և Խեչոյանին միավորում է հայրենի լեռնաստանը, որ, անկասկած, ազդում է այդ հեղինակներից  յուրաքանչյուրի մտածողության  վրա` գեղարվեստորեն ընկալելու աշխարհը:

«Խնկի ծառեր» ժողովածուում տեղ գտած ստեղծագործություններն իրենց թեմայով շատ տարբեր են, և նրանց մեծ մասն այս կամ այն կերպ առնչվում է գրողի կենսագրությանը, հատկապես «Նարինջը» և  «Փոխանակություն» պատմվածքները, որոնք այսօրվա Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած երկու մեծ ողբերգությունների` 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի  և Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին են, պատերազմի, որի անմիջական մասնակիցն է եղել Խեչոյանը: Գրողի ստեղծագործությունները թողնում են հուզական ուժեղ տպավորություն` միաժամանակ դրդելով ընթերցողին մտածելու: Նրա կարճ պատմվածքներում հաճախ թաքնված են կարևոր նշաններ և խորհրդանիշներ: Այսպես, «Տոթ օր» պատմվածքում կալանավորներով լցված գնացքների կարճատև կանգառը բաց դաշտի մեջ` անանուն կայարանում, ունի փոխաբերական իմաստ. դա մարդու վրա եղած բռնությունն է օրինապաշտ հասարակարգում: Խեչոյանը շատ է գրում ավանդապահ հասարակության վրա բռնատիրական պետության կործանարար ուժի մասին: Դրա օրինակը Ախալքալաք հայաբնակ շրջանն է, որն այժմյան Վրաստանի հարավային մասն է: «Խնկի ծառեր» վիպակում Ախալքալաքի հայկական տոհմերից մեկի` Խեչոյի տոհմի`անցյալ դարում կատարված դրամատիկ պատմություն է` լի կորուստներով, որոնց մասին հիշեցնում է  կտրված Խնկի ծառերից բարձրացող ծուխը: Վիպակի գլխավոր խորհրդանիշներից մեկն ընտանեկան ջրաղացն է, որը Խեչոյի տոհմի յուրաքանչյուր տղամարդու մահից հետո կանգնեցվում է մեկ օրով միայն. ժամանակն ու մահը տոհմի կյանքում չունեն իշխանություն:Լևոն Խեչոյանը իր վիպակի մասին գրել է. «Այնտեղ մի  ես` մի հերոս կա, որ բոլոր սերունդների հետ ապրում, ոչ մեռնում է, ոչ էլ ծերանում` ինչպես ժամանակը»: Միաժամանակ հեղինակը «Խնկի ծառեր» վիպակի վրա իր աշխատանքը համեմատում է «անդունդի վրա բացված մազե կամրջով» անցնելուն, և այդ կերպարը հավանաբար լավագույնս է բնորոշում Լևոն Խեչոյանի ողջ ստեղծագործությունը. նա ամեն մի բառն ընտրում է այնպես, ասես  անում է քայլ, որից կախված է իր սեփական կյանքը:

                                                          ԱՆԴՐԵՅ ԴՐՈԶԴԱ,     ZAXID.NET  04.02. 2013թ.

            

             ՑԱՎԻ  ՄԱՍԻՆ,  ՈՐ  ՀԱՏԻԿԻ  ՆՄԱՆ  ԾԼԵԼ  Է  ՄԱՇԿԻ  ՏԱԿ

Ժամանակակից հայ գրող և էսսեների հեղինակ Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքի շնորհանդեսի ժամանակ գրքի թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանը, որն ապրում է Լվովում և հայ գրականությունը ներկայացնում է Ուկրաինայում, իսկ ուկրաինականը` Հայաստանում, խոստովանեց, որ երբ աշխատում է ուժեղ ստեղծագործությունների վրա, իր ընտանիքում ասես ինչ-որ ցավալի դեպք է կատարվում: Եղել է, որ մայրն է հիվանդացել, հետո երեխան… Գուցե դա պատահականություն է, բայց պարոն Անուշավանն այդպիսի դեպքերում որոշ ժամանակով մի կողմ է թողնում թարգմանչական աշխատանքը: Հիրավի, հզոր էներգիայով լեցուն ստեղծագործություններ կան, որոնց թարգմանելն անգամ այնքան էլ  դյուրին չէ: Իսկ կարդալը…           

Ձեռքն առնելով «Խնկի ծառերը»` ընթերցողը պետք է իմանա, որ դա հեշտ արձակ չէ: Այն ցավ է պատճառում: Բառի ուղղակի իմաստով: Այդ ցավը ծվատում է, և դու անկարող ես որևէ բան անել. դու միայն համբերում, լռում, լսում ես մինչև վերջ. չէ՞ որ հոգեկան տառապանքների համար դեղեր չկան: Եվ խոսքը հատկապես անտարբեր չլինելու մասին է, որ դանդաղորեն  դուրս է մղվում  մեզնից` ներկաներիս կյանքից…

Միանգամայն հնարավոր է, որ ընթերցողներից մեկնումեկը բողոքի, թե իբր կյանքն առանց այն էլ լի է խնդիրներով, դժբախտություններով, հիվանդություններով. ինչո±ւ այդ մասին նաև գրքեր գրել: Սակայն հաճախ մեր անգթությամբ և անտարբերությամբ ինքներս ենք հրահրում այդ խնդիրները: Այնինչ, Լևոն Խեչոյանը հնարավորություն է տալիս ընթերցողին զգալ ու հասկանալ իր կողքինին, տեսնել այն, ինչին մինչ այդ ուշադրություն չի դարձրել, գոնե ընթերցելիս կենտրոնանալ և մասնակից դառնալ ոմանց ոչ սովորական կյանքին:

«Խնկի ծառեր» գրքում տեղ են գտել համանուն վիպակը և տասնչորս պատմվածք: «Հանգրվան»-ում, որտեղ պատմվում է մի ծերունու մասին, որը երկրաշարժից հետո մնացել էր անտուն և գնացել հյուրանոց` մեռնելու այնտեղ, կա  համարյա անորսալի, բայց շատ կարևոր մի հանգամանք: Ոստիկանը «…կասկածանքով զույգ ձեռներիս երակներին նայեց»(խոսքն այս պատմությունը ներկայացնողի, այսինքն` հեղինակի` անտուն ծերունու մահվան ականատեսներից մեկի ձեռքերի մասին է) և «որդ բռնելու նման, երկու մատով շոշափեց, մինչև որ մաշկիս տակ, երակների վրա գտավ կոշտության հատիկը»: Առաջին հայացքից աննկատելի թվացող կարճ նախադասություն է, սակայն ուշադիր ընթերցում և ըմբռնողություն պահանջող նաև այդպիսի մանրամասնություններով ու խորհրդանիշներով է պայմանավորված հայ գրողի արձակի մեծությունը: Այդ «հատիկը» հենց ցավն է, որը, ծլելով գրողի մաշկի տակ ու կոշտուկ դառնալով, տանջում է, այրում, հանգիստ ապրել չի թողնում: Վրաստանի Ախալքալաքի շրջանում (հիմնականում` հայաբնակ) ծնված գրողը, որ հետո կամավոր կռվել է Լեռնային Ղարաբաղում, ոչ մի կերպ  չի ձերբազատվում իր հայրենիքի, նրա պատմության հանդեպ ունեցած կարոտից ու ցավից. երկիրը դարեր շարունակ ավերվել, հասարակ մարդը տառապել է ցեղասպանությունից, բռնադատումներից, բռնություններից, բնության ամենաահավոր աղետներից: Ահա թե ինչու է այդքան կարևոր «Խնկի ծառեր»-ի ուկրաիներեն տպագրությունը: Որովհետև գրքում մեր պատմության հետ կապված ընդհանուր շատ բան կա: Հայ տաղանդավոր արձակագրի ստեղծագործությունները, որոնք օժտված են թույլի նկատմամբ ունեցած կարեկցության,  խղճամտության զարմանալի սրված գացողություններով, կօգնեն շատ բան հասկանալ,  ինչպես հայկական, այնպես էլ ուկրաինական գյուղի կյանքից:

«Խնկի ծառեր» ժողովածուի ցանկացած պատմվածքի մասին կարելի է խոսել երկար: Որովհետև կարևորը պատմությունը չէ, այլ խնդրի լրջությունը. Մարդը մեկ սահմանաբաժանին է, մեկ ողբերգության մեջ, մեկ այն հաղթահարած, սակայն այս ամենը`առանց խրատի ու դատաստանի: Այդ իսկ պատճառով էլ գեղարվեստի այս վարպետությունը անտարբեր չի թողնում, այլ ստիպում է քննարկել և խորհել:

Ինչո՞ւ մահաբեր հեղեղն «իր հետ տարավ պատերազմի հերոս Հայրոյի զույգ դնովի ոտքերը», և ողջ գյուղը նետվեց փրկելու հատկապես նրան, այլ ոչ թե գեղանի ուսուցչուհի Նվարդին, որին նմանվել էր ցանկանում տեղաբնակ ամեն մի  կին («Զանգը»): Եվ ինչո՞ւ, ի վերջո,  տղամարդիկ «նախանձով ու ատելությամբ էին նայում պատերազմում ոտքերը կորցրած Հայրոյին» և ինչի՞ց է, որ  թռչունները, որոնց «թևերի ալեբախությունից» ղողանջում էին եկեղեցու զանգերը, լքեցին գյուղը, որտեղ խեղդվեց  Նվարդը:

Որտեղի՞ց էր հայրը արդեն երրորդ գիշերը ուժ գտնում` հրեշտակների  մասին պատմություններով  մխիթարելու փոքրիկ որդուն, որը մահանում էր  երկրաշարժի   երկաթբետոնե փլատակների տակ («Նարինջը»):

Ի±նչն էր ստիպում մարդուն զվարճացնել ընկերներին, որոնք ձեռքով նրա որդու /որդեգիր/դագաղն էին պատրաստում («Փոխանակություն»):

Ինչո՞ւ էր այդպես տանջվում կալանավոր Մուկուչը. «վեց օր ու գիշեր պառկել եմ փորիս, որ տղաները մեջքիս եկեղեցի դաջեն», որ վերջում տեսել է, որ «ծոծրակից մինչև գոտկատեղ խոշոր ականջներով խոզ է դաջված` իր տասը խոճկորներով»(«Խոզը»):

            Ինչի՞ համար:

            Ինչո՞ւ:

            Ինչո՞ւ է կյանքում այդպես :

Լևոն Խեչոյանը, որ վարպետ է կարճ, ոչ մեծ պատմվածքների`ստեղծված կարճ նախադասություններով, ինչպես կրակոցի ձայնը, ճշգրիտ, ինչպես նշանառու գնդակը, ողջ կենսական տարածքում կարողանում է լցնել մարդու, հասարակության և երկրի առօրյա կյանքը: Եվ դու չես հասցնում, վազում ես հրեշավոր արարքների հետքերով, ուզում ես հասկանալ իմաստուն արտահայտությունները, փորձում ես գոնե գրածի էության մեջ թափանցել կարողանալ… Չոր, սուր, հարթ տողերում շատ հմուտ է մատնացույց արվում ներկայի վազքը և կենսական անհրաժեշտ իմացությունը, ինչպես հնձված կանաչ խոտը: Այսինքն`ճշմարտությունը: Երբ դու, որպես ընթերցող, հասկանում ես բուն էությունը, ապա քեզ հաղթող ես զգում:

Եվ թող անգամ անգիտակցաբար, բայց սիրահարվում ես այդ անմիջական,  հասարակ,սակայն այնքան հետաքրքիր և անսովոր մարդկանց:

Աֆղանստանում ծառայած Երվանդի կույր տատին, որը տեսնում էր ավելին, քան տեսողություն ունեցողները և «վատ» էր զգում, երբ մյուսներն այդ մասին գլխի չէին ընկնում:

Միամիտ պատանուն, որ անգամ մեծահասակներին էր հավատացնում, թե ինքը  «նռից է ծնվել», որի պատճառով հայտնվել էր  հոգեբուժարանում:

Եվ Մարգարին, որը, հասկանալով, թե քիչ էր մնացել սպանի հայրենակցին, «կերել էր Աստվածաշունչը, որ իր մեջ մտած չարին դուրս քշի»:

Եվ Մորիկ անունով շանը, որ  «քամին գրքի պես կարդացող շուն  էր», բայց պետք է խեղդվեր, որովհետև այդպես էր ուզում «ամբոխը»:

Եվ անկախ քո կամքից, դու ցավում, անհանգստանում  ես այդ հերոսների, նրանց ճակատագրերի համար….. Եվ անընդհատ զարմանում ես, թե ինչպես է հեղինակին հաջողվել ոչ թե պարզապես միահյուսել առեղծվածայինն ու իրականը, այլ խառնել այնպես, ինչպես մի սափորում իրար են խառնում կաթն ու թթվասերը, որպեսզի լինի ավելի հագեցնող, ավելի համեղ ու սննդարար…

Իսկ ինչ ասես «Խնկի ծառեր» վիպակի հերոս Խեչոյի որդի ծեր ու Անբախտ Օնանի/ Հունանի/ մասին, որը տոհմի վրա ծառացած անեծքի պատճառով մեկը մյուսի հետևից կորցնում է եղբայրներին` Գիգոլին, Մարգարին, Տարիելին, Արարատին: Տանն նահապետի աչքին հայտնվում ու անէանում էին սիրելի եղբայրների հոգիները, ինչպես խնկի ծուխն էր չքանում տապալված ծառերի կտրված բներից` չթողնելով իր բույրը:

Դա հորդուն, սիմվոլներով հարուստ, խոր ու ինքնատիպ արձակ է, որը համոզիչ է իր մայրական զգացողության և հայրական խոսքի մեծ ուժով, տղամարդկային կայունությամբ, կանացի հմայքով, որոնք ստիպում են հիանալ ու անընդհատ ասել. «Ահա թե ինչպե¯ս պետք է գրել գյուղի մասին: Նրա անհավատալի դժվար պարզության ու նաև արտաքուստ  հասարակ, սակայն մինչ այժմ անհասանելի` իր մարդկանց բացառիկությամբ»:

Իսկապես, կան գրքեր, որոնք կարդալուց հետո մոռանում ու այլևս չես հիշում: Բայց կան այնպիսիները, որոնք մնում են քո մեջ, ինչպես սրսկումից հետո պատվաստանյութը, որը զերծ է պահում քեզ հիվանդագին անտարբերությունից, կուրությունից ու չիմացությունից: Այդպիսի գրքեր կարդալուց հետո հատիկը, որ ծլել է գրողի մաշկի տակ, մնում է քեզ հետ և բաբախում է արդեն սրտիդ զարկերին ներդաշնակ` ստիպելով մտածել ամենակարևորի մասին…

Մի՞թե դա չէ լավ գրքի լավագույն արդյունքը: 

                                              ԺԱՆՆԱ ԿՈՒՅԱՎԱ   bukvoid.com.ua, 4 մարտի 2013թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter