HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Նա իր մանկական բոլոր խաղալիքները թաքուն փոխանակել էր փամփուշտների հետ

Գրիգոր Հակոբյանը 12 տարեկան էր, երբ 1988 թ. ընտանիքի հետ Բաքվից փախչելով` մեկնեց Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաք` բարեկամների մոտ, իսկ 1989 թ. եկավ Ղարաբաղ ու հաստատվեց Մարտունի քաղաքում: 15 տարեկանում, երբ դպրոցները փակվեցին, նա ստիպված մի որոշ ժամանակ անկողնում պառկած հիվանդ հորն է խնամել: Մայրն օրերով հիվանդանոցում էր մնում, աշխատել էր պետք:

«Որոշ ժամանակ ինձ օգնելուց հետո նա մի օր ասաց, որ այլևս չի պատրաստվում տանը նստել աղջկա նման ու հորը խնամել: Ասաց, որ որոշել է դիրքեր գնալ, տղամարդավարի հողը պաշտպանել»,- հիշում է տղայի մայրը` տիկին Օֆելյան: Որդու որոշումը հանկարծակիի է բերել մորը: Տարակուսանքի պատճառն այն էր, որ որդին շատ էր վախենում կրակոցներից: Երբ կրակում էին քաղաքի վրա, Գրիգորը մերկ ու ոտաբոբիկ անկողնուց ցատկում էր և շնչակտուր վազում ոստիկանության շենքի նկուղը:

«Մեր տունը պատերազմ էր, հարևանները նրան փորձում էին համոզել, որ  դեռ փոքր է, մինուճար որդի է: Նա փակվել էր սենյակում ու 3 օր հրաժարվում էր հաց ուտել: Նրա հետ պատուհանով էինք միայն խոսում: Դա դեռ քիչ էր, մի մսի դանակ ունեինք, վերցրել էր ու ահաբեկում էր ինձ` ասելով, որ եթե չհամաձայնվեմ, նա իրեն կսպանի»,- ասում է տիկին
Օֆելյան` հավելելով, որ այդ դանակը հետո որդին իր հետ դիրք էր տարել:

Մայրն անելանելի վիճակում էր, անգամ Ավոյի (Մոնթե Մելքոնյանի) մոտ գնաց: Վերջինս էլ, ի զարմանս իրեն, ասաց, որ տղան շատ ճիշտ որոշում է կայացրել: «Ճարահատյալ համաձայնեցի, ասացի` լավ, մի օր գնա, եթե դուրդ կգա, էլի կգնաս, եթե չէ, էլ չես գնա: Ես հույս ունեի, որ տեսնելով պատերազմի իսկական դեմքը` նա կհրաժարվի»,- հիշում է մայրը:

Գրիգորի կամքի ուժն ավելին էր, քան նրա հարազատներն էին պատկերացնում: 1992 թ. փետրվարին դպրոցական սպիտակ շապիկով և սպորտային վարտիքով նա առաջին անգամ գնաց Մուղալուի դիրքը: Մի քանի օրից արդեն զինվորական հագուստով էր. ամեն օր երեկոյան խմբով գնում էին դիրքեր և վերադառնում հաջորդ առավոտ:

«Երբ տուն էր գալիս, խնդրում էր, որ անպայման տաք ջուր պատրաստ լինի ու մի թավա բոված արևածաղիկ. մեկ է` երեխան մնում է երեխա: Շատ քիչ էր խոսում, իմ բոլոր հարցերին ուներ միայն մի պատասխան` մամ, ամեն ինչ լավ է, դու անհոգ եղիր, մեզ մոտ փամփուշտ չի հասնում»,- հիշում է մայրը:

Տիկին Օֆելյան խոստովանում է, որ որդու այդ խոսքերը նրան հուսադրում էին` չնայած անհանգստությունը դրանից չէր պակասում: Այդպես Գրիգորը Մուղալուի դիրքեր գնաց 4 ամիս: 1992 թ. հունիսի 4-ին, սովորականի պես, Գրիգորը ընկերների հետ գնաց դիրքեր: Այդ օրը 11 հոգանոց խմբից 7 հոգի էր գնացել դիրք:

«Այդ նույն օրը, երբ նրանք դիրքեր էին մեկնում ու մինչև այդ հրամանատարի հետ գնացել էին սնունդը ստանալու, բացակայող մարդկանց չափաբաժին միսը հրամանատարը խնդրեց իրենց տուն տանել, որ վերջինիս կինը, բարեհաջող վերադառնալուն պես, ուտելիք պատրաստի խմբի համար: Ես էլ տնամերձ հողամասում աշխատում էի ու մի պահ գլուխս բարձրացնելով` նկատեցի շտապ հեռացող որդուս գլուխը միայն: Ինձ թվաց` նա չէր ուզում ինձ աշխատանքից կտրել, բայց շատ երկար էր նայում ինձ ու տանը: Կարծես զգում էր, որ վերջին անգամ է նայում ու հրաժեշտ է տալիս»,- պատմում է տղայի մայրը` հավելելով, որ դա նկատել է նաև դրսում կանգնած հարևանը:

Տիկին Օֆելյայի խոսքերով, այդ օրը նրանք կրակ են վառել դիրքում, ինչն էլ գրավել է թշնամու ուշադրությունը: Մոտենալով դիրքին` թշնամին սկզբում նռնակ է նետել, որից խրամատում տեղնուտեղը զոհվել է երկու հոգի: Մնացածները փախուստի են դիմել: Գրիգորին նախապես զգուշացրել էին, որ անհրաժեշտության դեպքում փախչի դեպի Արծվիկ դիրքը, փրկի իրեն, քանի որ ամենափոքրն ինքն էր:

Մայրը` արցունքն աչքերում, քարացած վերհիշում է որդու մահը: Գրիգորին չի հաջողվել փախչել թշնամուց: Երկու ծանր հարված են հասցրել դեմքին ու որովայնին, հետո էլ ականջն են կտրել: Վերջում էլ, հանելով հագուստն ու վերցնելով զինամթերքը, թողել են, որ տանջամահ լինի:

«Երբ արդեն մերոնք իմացել են միջադեպի մասին ու մարդիկ են ուղարկել դիակները բերելու, մեքենան վթարի է ենթարկվել, և երբ նրանք տեղ են հասել, որդիս արդեն մահացել էր: Բժիշկը զննելուց հետո ասաց, որ եթե ժամանակին տեղ հասցնեին, հնարավոր կլիներ փրկել: Ճիշտ է, հաշմանդամ կլիներ, բայց հիմա ողջ կլիներ ու կողքիս»,- ասում է որդեկորույս կինը:

Որդու նման հասուն քայլի և որոշման միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ տղան անընդհատ շտապում էր, ինչ-որ ուժ նրան անընդհատ առաջ էր մղում: Նա պարզապես քայլել չգիտեր, նա վազում էր, թռչում…

Տիկին Օֆելյան խոստովանում է, որ որդու կորստի հետ չհամակերպվելով` որոշել էր տունը վաճառել ու հեռանալ Ղարաբաղից: Սակայն որդին նրան չթողեց. նա ամեն գիշեր երազում այցելում է մորը: Այսօր մայրն ապրում է միայն որդու մասին հուշերով և ընտանեկան ալբոմի լուսանկարներով. թերթելով էջերը` մատներով քնքշորեն շոյում է որդու միակ մանկական լուսանկարը:

«Երբ Բաքվից եկանք, մեզ հետ շատ խաղալիքներ էինք բերել: Չանցած որոշ ժամանակ` ես նկատեցի, որ այդ խաղալիքները մեկը մյուսի ետևից տարօրինակ կերպով անհետանում են: Երբ հարցնում էի Գրիգորին, ասում էր, որ գաղափար չունի: Այդ առեղծվածը ես պարզեցի միայն նրա մահից հետո, երբ մեր նկուղում գտա խնամքով փոքրիկ արկղիկներում թաքցրած տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք որդիս, ինչպես հետո պարզեցի, փոխանակել էր իր խաղալիքների հետ»,- պատմում է մայրը:

Գրիգորին 2007-ին հետմահու պարգևատրել են «Արիության մեդալ»-ով: Երկար տարիների պայքարից հետո վերանորոգել են նաև տիկին Օֆելյայի տունը: Նա խոստովանում է, որ չնայած հիմա տունը մաքուր է, կոկիկ` բայց կորել է «որդու հոտը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter