HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Ոսկե ծիրանի» տոմսերը կթանկանան

Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնի ֆիլմերի մուտքի տոմսը թանկացել է՝ 300-ի փոխարեն տոմսի արժեքը լինելու է 500 դրամ, ինչը փառատոնի տնօրենը պատճառաբանեց այն հանգամանքով, որ «Մոսկվա» կինոթատրոնը նորացրել է իր տեխնիկան եւ ծախսերը փակելու խնդիր ունի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալը աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է: Դերասանուհին նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում: Փառատոնին նա կներկայանա իր նկարահանած երկու ֆիլմերով` «Մոխիր եւ արյուն» եւ կարճամետրաժ «Բացակա երազներ»:

Ֆանի Արդանը կպարգեւատրվի հատուկ մրցանակով՝ Փարաջանովի «Թալերով»: Նույն մրցանակին կարժանանան նաեւ հունգարացի ռեժիսորներ Բելա Թառը եւ Ռոման Բալայանը։

Երևանյան պրեմիերաների շարքում այս տարի «Ոսկե ծիրան»-ը կներկայացնի Կաննի կինոփառատոնի 3 մրցանակակիրներին` Թերենս Մալիքի «Կենաց ծառը», Նուրի Բիլգե Զեյլանի «Մի անգամ Անատոլիայում»-ը, Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա»-ն: 
Այս տարվա «Ոսկե ծիրանը» կունենա «ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի» ծրագիրը, որին կմասնակցեն ֆիլմեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից:
Այսօր նաեւ հրապարակվեցին այն ժյուրիի անդամների անունները, ովքեր դատելու են այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիներ:

Խաղարկային ֆիլմերի ժյուրին կնախագահի հանրահայտ «The Guardian» -ի և «London Evening Standard»-ի գլխավոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը: Ժյուրիի մյուս անդամներն են ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուայեն, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պավել Պավլիկովսկին, հարավկորեացի Չհո Յոուն-չուն, Հայաստանից Վահագն Տեր-Հակոբյանը:

Վավերագրական ֆիլմերի մրցույթը կդատի բուլղարացի կինոքննադատ Բոժիդար Մանովի գլխավորած ժյուրին: Մյուս անդամներն են Ալես Դոկտորիչը (Իտալիա), Ամիր Էսֆանդիարին (Իրան), Պավել Կոստոմարովը (Ռուսաստան) և Նունե Հախվերդյանը (Հայաստան):

«Հայկական համայնապատկեր» անվանակարգում հաղթողին կորոշեն ժյուրիի նախագահ Ելենա Ստիշովան (Ռուսաստան), Արմեն Դովլաթյանը (Հայաստան), Նիրմալ Դհարը (Հնդկաստան), Օզջան Ալփերը (Թուրքիա) և Սվետլանա Գուլյանը (Հայաստան):

«Կորիզ» անվանակարգի ժյուրիի անդամներն են Թիերի Լընուվելը (Ֆրանսիա), Կարինե Թորոսյանը (Կանադա) և Օլգա Շերվուդը (Ռուսաստան):

Բացի վերոնշյալներից, ֆիլմերը կդատեն նաև FIPRESCI և Էկումենիկ ժյուրիները: FIPRESCI ժյուրիի կազմում ընդգրկվում են Կինոգետների և կինոքննադատնեի միջազգային կազմակերպության անդամները: Էկումենիկ ժյուրիի կազմում Եկեղեցիների համաշխարհային անկախ կազմակերպության անդամներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter