HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Ռեքվիեմ

Արդի գիտությանը հայտնի է կենցաղային աղբի վերամշակման մոտ քսան մեթոդ` սկսած այրումից մինչև վակուումային վերամշակում: Ալավերդու քաղաքային իշխանությունները գտել են բթամիտ քաղաքակիրթ աշխարհին անհայտ մի նոր` քսանմեկերորդ ձև: Կուզեն նախանձեն, կուզեն ոչ մյուսները, լոռեցու միտքն է, որ հայտնաբերել է աղբահանման գետային ճանապարհը: Մեքենան կանգնեցնում են ափեզրին ու թափքը շրջում ուղիղ գետի մեջ:  Վառարան սարքավորի, աղբ վառի, վերամշակման գործարան սարքի, աղբ վերամշակիր, չէ մի չէ, ախմախ շան որդիք:

...

Հայ բարձրադաս հոգևորականներ ու այդ հոգևորականության պատվարժան հյուրեր, բարձրաստիճան պաշտոնատար հայ այրեր, հարգարժան վարչապետ, ՀՀ մեծարգո նախագահ և վերջապես վեհափառ տեր, Հաղպատի եկեղեցական համալիր այցելության ժամանակ, կանգնեցրեք մի պահ ձեզ  ուղեկցող կորտեժը, կանգ առեք ճանապարհի այն հատվածում, երբ հիմնական մայրուղուց պետք է թեքվեք դեպի Հաղպատ: Դեբեդին նայող մի կամրջակ կա, որի տակով Դեբեդի ավազանին փոքրիկ ջրաբաժնով իր լուման է ներդնում Հաղպատի ջուրը: Մի անգամ կանգնեք այդ կամրջակի վրա ու նայեք ձեր երկրի ամենաջրառատ գետին:

...

Ջահել բեղլուն բարձր թռիչքով կուլ տվեց ջրափոշու վաղորդյան թարմ ումպը: Երաժշտական հնարքների ողջ զինանոցը գործի դրեց թռչունը:  Մոշահավի երգի կոմպոզիցիայի հիմքում դրված  էր կենդանի արարածի ամենաֆունդամենտալ իդեաներից մեկը` սիրո գաղափարը:

-Ես քեզ սեր կտամ,

-Իսկ ես քեզ` ամառ,

ու  մերկությունն իր

բյուրեղաջրի շղարշով ծածկած

առավոտ  պայծառ:

... 

Կովի գանգոսկրին փաթաթված աղիքներ, ցելոֆանե պատառոտված ծվեններ պես-պես, պոլիէթիլենային շշեր ու պահածոյի տուփեր ապարանջանի պես փաթաթված գետի պարանոցին:

Ափամերձ տարածք չունի Դեբեդը: Ճնշում է երկաթգիծը մի կողմից`  ավտոճանապարհը մյուս: Մարդը գետին է ճնշում, գետը մարդուն: Այդպես էլ կատարում են ձորանցումը մարդն ու գետը` նեղված իրարից :

...

-Տեղ չկա, տարածք չկա, աղբահոր փորելու փող չկա:

...

Սար ու ձորով սփռված մի պղնձաձուլարանի կողքին մի այլ պղնձաձուլարան է` քարհանքի կողքին մի ուրիշ քարհանք: Ու այդ ամենը  պարզվում է` վնասաբեր է, անօգուտ: Մարդն օգուտ չունի, բայց քանդում ու փորում է, պարզվում է օգուտը գետինն է` տձև քարակույտեր ափերին ու թափոն: Ասենք թե աղբի մշակումը օգուտով գործ չէ, բայց չէ որ կան գործեր, որից օգուտ չկա,  սակայն անել պարտավոր ես, այնպես, ինչպես, ասենք, վանք կառուցելը կամ հարազատի շիրիմին այցի գնալը: Աղբը քաղաքակրթության արգասիք է, ուստի և քաղաքակրթությունն էլ պարտավոր է իր իսկ ստեղծած աղբին տիրություն անել, իսկ օգուտն ու անօգուտը Դեբեդին ու նրա բնակչին չի հետաքրքրում: Մոշահավն ու բեղլու ձուկը աղբ չեն արտադրում ու  պարտավոր չեն մարդու արտադրած աղբի մեջ ապրել: Որքան շատացան հանքաքար ձուլողները, այնքան պակասեց Ալավերդու բնակչությունը: Պարզվում է քաղաքի բնակչին էլ ձուլարանը պետք չեկավ:

Հանքատիրոջը  հասավ բարիքը հողումը, իսկ ալավերդցուն մնաց փրերն ու ցողունը:

Ռուս գաղութատերը տեղական հարստահարողի ձեռքով տեղաբնիկին  պանդխտության մատնեց, աղտոտեց միջավայրը ու վերջում էլ ասում է, որ չունի օգուտ, չունի աղբահոր փորելու փող: Ո°վ է որոշել, որ պետք է աղբահոր փորվի: Ասեմ խիստ հուշման կարգով, որ դա կրկնակի հանցագործ որոշում է տվյալ պարագայում: Ամենավատագույն դեպքում պետք է այրվի Ալավերդի քաղաքի աղբը: Աղբահորի համար նույնիսկ մեկ քառակուսի մետր հող չունի ձորը: Մադանի սարը պետք է կանաչի, ոչ թե դառնա աղբանոց: Իսկ զգուշացման կարգով ասեմ, որ պղնձաձուլական գործարանի տերերը մեծ հաշվով ոչ միայն իրենց ողջ ունեցվածքն են դնելու Դեբեդի կիրճի մաքրման գործին, այլև անազատության դատապարտված քար - քար մաքրելու են գետի հունը:

Եկեղեցու հարգելի հայրեր, բացատրեք ձեր հոտին, որ մարդաստվածության պաշտամունքը չէր նախատեսում բնության ոչնչացում: Արարն ու արարչագործությունը այդպես էլ չհասկացավ հազար յոթհարյուրամյա քրիստոնյա մեր ցեղը:

Ասում են «աղբահոր փորելու փող չկա»: Չեմ կարծում թե փողի դեֆիցիտ է:

Այ խղճի դեֆիցիտ կա, կա դաստիարակության պակաս, ու կա պակաս, շատ մեծ պակաս, մարդկայինի:  Պատիժ, դատարան: Այս հարցում անզոր է ներկայիս իշխանավորը, իշխանավոր, որին փողի մարմաջը բարոյազրկել է մինչև վերջ: Իր դեմ արարքի պատժաչափը կորոշի հենց  ինքը բնությունը: Դեբեդը  կդատի: Գետից սկսվել է քաղաքակրթությունը գետին էլ կվերադառնա: Նոր տեր ու նոր ժամանակակարգ կհաստատվի Դեբեդի ափին, (ենթադրում եմ` շուտով) ու այդ նոր տիրոջ օրենքով կդատվեն հները: Իսկ թռչունը…: Չէ: Թռչունը չի դատի: Ամեն արթնացման հետ նա կերգի Դեբեդին ձոնված իր ռեքվիեմը:

Չկա մահ սգերգի մեջ, դրանում կա շատ ավելի նոր կյանքի սկիզբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter