HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Ազատությունը պարամետր է սիրո, բարության, հավատի նման մեկն այն չափողականություններից, ինչը ծնվում ու մեռնում է մարդու հետ

«Հավաքական անվտանգություն», «հավաքական կամք», «հավաքական նախագիծ» արտահայտությունները հոգնեցելու աստիճանի օգտագործվում են շատ տեքստերում ամենուր: Սակայն դժվար թե ինչ որ մեկը լսած լինի, որ ասվի «հավաքական ազատություն»: Չգիտես ինչու, հավաքական ցանկացած ձեռնարկ նախատեսում է ամեն ինչ, բացի ազատությունը:

Իմ այս անմեղ դիտարկումը Զորի Բալայանի ռուսաց թագավորին գրված նամակի խնդրի դրվածքը հասկանալու նպատակ ունի: Նամակի հեղինակը, որպես հավաքականության պատասխանատու, իր ազգին, իր հայրենակցին տանում է ապահով ապաստարան: Եվ պատմական մակերեսային էքսկուրսն ու դասականությամբ համեմված բազմացիտատ արգումենտներն էլ բացառապես միտված են քաղքենուն, ավելի ճշգրիտ իշխանավորին կից այն կոնտինգենտին, որը բնակեցնում է մեր երկիրը: Նամակում արծարծվող խնդրի դրվածքը ինդիվիդուալ չէ, առավել ևս այն շատ հեռու է ինտելեկտուալիզմից: Ես սա փաստում եմ այն առումով, որ ինտելեկտուալ մարդու համար կարևոր է իր ազատության աստիճանակարգն ապահովող սուվերենությունը:

Եվ այդ առումով իր սուվերենությունը հարգող քաղաքացու կարգավիճակով ապրող մարդու համար հայրենիքը մի բան է, բնակչի հոգեբանությամբ ապրողի համար` մի այլ բան: Զորի Բալայանը նամակում չի խոսում իր անունից, շարադրանքը, ըստ իս, անդեմ երրորդ դեմքի անունից է, ազգաբնակչության անունից: Ոճաբանական խորամանկություններին ծանոթ ընթերցողն էլ կնկատի, որ ժանրային էկլեկտիկան ( էսսե, միֆ, էպիստոլյար) գրվածքը դարձնում են վերացարկված, ուղղվածությունն էլ անդեմ` միտված ինչ որ մի տեղ, հեռու, վերին ինչ-որ մի ատյանի:

Նշանակություն կարելի էր չտալ նամակին, կարդալ անկյունագծով, ինչպես հեղինակն է առաջարկում ՎՎՊ-ին, ու անցնել առաջ: Եթե նա չլիներ բազմամեդալակիր ու բոլոր առումներով ներկայացված չլիներ իշխանական ճամբարում, փաստ, որը գրվածքին կանխամտածվածության կասկածի տեղիք է տալիս, և ինչը ծնում է տագնապ իր անձը հարգող ցանկացած քաղաքացու մոտ: Ես բազմիցս եմ ահազանգել, որ մեր նման տմարդի սոցիալական համակարգերը ենթակա են բռնակցման ավելի հումանիտար կառուցվածքների կողմից: Այս դեպում, նամակագրի կարծիքով, ՌԴ-ում միջավայրը շատ ավելի մարդկային է, քան նորանկախ Հայաստանում:

Հակառակ պարագայում բժիշկ և հումանիստ Զորի Բալայանը իր ժողովրդին չէր տանի այնտեղ: Որ անարդար է իր երկրի կանոն ու կարգը, համոզված է դրանում նամակի հեղինակը և լինելով համոզված ստեղծված անիրավության մեջ` փրկությունը տեսնում է այլ համակարգի հարելով: Գրող- հրապարակախոսի կանչը ուղղված է որակապես բարձր այլ սուբստանցի: Ըստ իս` դա սեփական անկատարությունը արմատապես ըմբռնած տեսակի ձգտումն է դեպի իրենից որակյալն ու դասով բարձրը: Նամակում շարադրված պատմական ողջ էքսկուրսն էլ `սկսած Գյուլիստանի ռուս - պարսկական պայմանագրից մինչ այսօր, կատարված է այդ ըմբռնմամբ:

Զորի Բալայանի նամակը տեսակի կանչ չէ տեսակին: Նրա նամակը ցածր տեսակի կողմից սեփական իրավունքի գերակայության հանձնումն է իրենից բարձր տեսակին: Ատավիզմի այս տիպի դրսևորման պատասխանատուն անկասկած նորանկախ Հայաստանի էլիտան է: Եվ նամակագիրը, իրավամբ լինելով պատասխանատուների խմբից լուծումը տեսնում է բավական  հանրամատչելի կերպով արված շարադրանքի բովանդակային համատեքստում, խորին այն համոզվածությամբ, որ կամարտահայտության իրավունքը պատկանում է իշխող վերնախավին:  Լիովին համամիտ եմ այս հարցում հեղինակին:

Ժողովրդի մեծամասնությունն է տվել այդ իրավունքը իր իշխանավորին համապետական վերջին երեք ընտրություններում վաճառելով իր ձայնը հինգ հազար դրամով: Գրել եմ բազմիցս ու կրկնում եմ. վերջին ձայնաճուրդից հետո պետության պատասխանատուն մեր պետության էլիտան է: Հայաստանը կլինի անկախ, թե ինչ որ  կայսրության ծայրագավառ, դա երկիրը բնակեցնող ազգաբնակչությանը չի հետաքրքրում, և չի էլ վերաբերվում արդեն: Ծայրահեղ թշվառության հասցված այս երկրում քաղաքացիական իմունիտետը կորցրած թոշակառու շարքային բնակիչը երկու ձեռքով կողմ է քվեարկելու Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն, պարզ այն պատճառով, որ նա վերջնականապես կոցրել է կորցնելիքը: Թող հայազգի բուրժուային տանջի իր անկախության կորուստը:

Մեր էլիտային լիովին հանգստացնելու համար ասեմ, որ նման նամակագրությամբ ժողովրդական տրամադրությունների ստուգումն էլ անիմաստ է: Չկա տրամադրություն, կամ տրամադրությունն այն չափի է, ինչ չափով որ տրամադրություն կարող է ունենալ մեռելը: Ազգը, վերջին մի քանի ընտրությամբ վաճառեց իր ձայնը փողատիրոջը ու մեռավ: Արժետերը ազգը չէ այլևս: Որքան էլ թվա պարադոքսալ, մուրհակատերը ձայնագնորդն էլ չէ: Սպեկուլյատիվ մեր էությամբ մենք վարկաբեկեցինք ցանկացած ազատագրական շարժումից ծնվող հավասարություն, եղբայրություն, ազատություն հասկացությունները: Եվ թող չթվա հարգարժան նամակագրին, որ վերոնշյալ երեք արժեքներից զուրկ բնակչությանը ընդունելու է ինչ որ մեկը իր հարկի տակ որպես հավասարի, եղբոր և կամ առավել ևս` ազատի:

Նորանկախ Հայաստանի ագահ ու չտես էլիտան ամենակարճ ժամանակհատվածում կարողացավ ոչնչացնել համաժողովրդական շարժման ստեղծած կենսական կարևոր արժեհամակարգը: Փողամոլությունը բերեց իր տրամաբանական հանգրվանին: Սույն նամակով հեղինակը աճուրդի է դնում նորանկախ երկրի անկախությունն ու այդ երկրի քաղաքացիական նկարագիրը պահպանած մարդու ազատությունը: Պուտինին գրված նամակի հեղինակը խախտում է ամենաֆունդամենտալ իրավունքներից մեկը` մարդու ազատության իրավունքը: Իշխող էլիտան կարող է հանել աճուրդի պետության ունեցվածքը, բոլոր սիմվոլներն` անխտիր, բացի քաղաքացուց, քանզի անձի սուվերենությունը միակ բանն է, որը պետականապատկան չէ:  Չի ստեղծվել դեռ այն մեխանիզմը, որը մարդու կամքից անկախ նրան կարող է տանել ստրկության: Ազատությունը պարամետր է սիրո, բարության, հավատի նման, մեկն այն չափողականություններից, ինչը ծնվում ու մեռնում է մարդու հետ: Եվ մարդը, լիովին ակամա, մնում է ազատության կրողը ամենուր, լինի ռուսական գուլագում, հայկական բանտում, թե այլուր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter