HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառի քաղաքապետը համաներվել է

Աղվան Հովսեփյանն առաջարկել է քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը՝ նկատի ունենալով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորված փաստական հանգամանքները:

Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ՝ եղբայրներ Արամ և Արթուր Մարտիրոսյանների, ինչպես նաև Հրաչյա Պետրոսյանի կողմից Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի մոտակայքում նույն քաղաքի բնակիչներ Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, փորձել է օժանդակել նրանց փախուստին և իրավապահներից թաքցնելու նպատակով՝ դեպքից անմիջապես հետո նախապես չխոստացված էական օգնություն ցուցաբերել վերջիններիս:

Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գուրգեն Մարտիրոսյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործության պարտակում՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:

Նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 6-րդ կետը նախատեսում է կարճել նախաքննության մարմինների վարույթում գտնվող այն քրեական գործերը, որոնցով անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով ազատազրկում, այն որ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ազատազրկման ժամկետը չի գերազանցում 3 տարին, և մեղադրյալ Գուրգեն Մարտիրոսյանը խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման ակտի ընդունման կապակցությամբ՝ 2011թ. հուլիսի 8-ին վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման կապակցությամբ:

Վարչապետին հայտնելով քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կատարած արարքի մասին՝ գլխավոր դատախազն առաջարկել է քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

«Ինչ վերաբերում է Արամ և Արթուր Մարտիրոսյաններին, Հրաչյա Պետրոսյանին, ապա նրանք հայտնաբերվել են, և նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրանց մեղադրանք է առաջադրվել: Նրանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter