HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Մարդկությունն, այսինքն ես…

Երբ ճապոնացիները Սեսիլ Թեյլորին տվեցին «Կիոտո» մրցանակը, ես համոզվեցի վերջնականապես, որ հումանիտար միտքը հաստատվել է ավանգարդում, և որ ամենահետաքրքիրն է, իր առաջ գնալու ճանապարհին փոփոխում է դրսևորման իր տեղը: Ասենք, օրինակ՝ Մոնե, Կաֆկա, Թեյլոր : Գեղանկար, գրականություն, երաժշտություն:

Շարունակության  մասին դեռ չգիտենք: Չգիտեմ ով ինչպես, բայց ես ենթադրում եմ, որ այն գոնե ունի տեսանելի, լսելի, շոշափելի պատկերացումների ոլորտին դասվող ձև: Ուզում եմ հուսալ, որ որպես գեղանկար ներկայացվող շրջանակի մեջ  վերցրված սպիտակը կամ էլ դեղինը ունեն ասելիք, հենց զուտ այն պատճառով, որ նրանք շրջանակված են, սահմանազատված են: Եվ ուզում եմ հավատալ նաև, որ մինիմալ միջոցով ասելիք որոնողի խնդիրը ամենևին էլ ավելի հեշտ չէ, քան վիպագրինը:

Ֆրանց Կաֆկայի կես էջի սահմանում արված  Պրոմեթևսի առասպելի մեկնաբանության մեջ  շատ ավելի ասելիք կա, քան ասենք Վալտեր Սքոթի բազմահատոր վեպերում: Հարց են տալիս ինձ գեղարվեստական երկի չափորոշիչների մասին: Այդ հարցը հնչեց վերջերս նաև, երբ գրականության պետական մրցանակի տեղաբաշխման շուրջ աժիոտաժ էր սկսվել: Կա արժևորման մի չափորոշիչ: Դա այն է, թե ստեղծածիդ մեջ որքան կյանք կա, թե որքանով է մարդկային գրվածքդ: Կա երկու գրականություն` իրական կյանքի մասին կամ շինծու:

Ստեղծագործության որակն էլ այնքան է, որքանով որ մարդկային է դրա ստեղծողը, մարդ` իր սիրով, իր կարոտով, իր հավատով, իր  ձգտմամբ, չիրականացած իր երազանքներով: Նման ձգտման, երազանքների որոնման օրինակելի  դրսևորումներ են Կլոդ Մոնեի լոնդոնյան բնապատկերները: Արթմնի անիրագործելի խնդիրները նկարիչը անգիտակցականից տեղափոխել է կտավների վրա ահռելի լարմամբ և վարպետորեն: Եվ այդ վարպետությունն է, որը անվանվեց  իմպրեսիոնիզմ ու դաջվեց գալիք ստեղծագործ մտքերում որպես անջնջելի տպավորություն: Այդ վարպետությունն է դիտորդի մոտ ծնում ստեղծագործելու ցանկություն ու վարակում նրան արվեստախտով: Ստեղծագործողն  իրագործում է, իրականացնում է անիրագործելին, անիրականալին, նկարիչը` գույնով, գրողը` գրվածքով, երաժիշտը` նվագով, ամեն մեկն իր վարպետությամբ:

Եվ հենց այդ երևույթի առատության առկայության իմաստով, մեր այս վերջին գրական պետական  մրցանակի ներկայացվողների շքահանդեսն ապշեցրեց ինձ: Պարզվում է` կա հայ գրականագետների ու արվեստաբանների մի ահռելի բանակ` հինգ միլիոնի շուրջ բզզացող: Պարզվում է` վարպետների քանակություն ունենք, ում տեղը ոչ աշխարհը գիտի, ոչ էլ տեղաբնակը: Նորանկախ Հայաստանում նկարիչները, կոմպոզիտորները,  գրողներն ու գրականագետները, այդ ոլորտներին հարող արվեստագետներն ու արվեստաբանները ազգաբնակչության լուրջ թվաքանակ են կազմում, պարզվում է: Ես չեմ կարծում, թե կա պարազիտացման հակված այդ կոնտինգենտին սնող սնունդ, և ի լրումն դրան, վստահ չեմ, որ կա հանրային այդ սեկտորի թողարկած ապրանքը սպառող զանգվածը:

Կասկածներս հիմնավորելու համար թվարկեմ Ռուսաստանում հրատարակված մի քանի հեղինակի գրվածքների տիրաժները, երկիր որտեղ կա, շեշտում եմ հատուկ, յոթանասունվեց հազար խոշոր բնակատեղի: Կազանձակիս` հազար հարյուր տիրաժ, Հակոբ Բյոմե` երեք հարյուր տիրաժ, Խոսե Օրտեգա Ի Գասետի երկհատորյակի տիրաժը` հազար հարյուր: Թող չթվա նորօրյա մեր վիպասաններին, թե իրենք ստեղծել են վերոնշյալ հեղինակներից որակյալ ու ավելի շատ պահանջարկ ունեցող ապրանք:

Հինգ միլիոն դրամ են սահմանել գրականության պետական մրցանակը, այն էլ մի հոգու համար, ի°նչ հաշվարկով: Հայ հեղինակի գիրքը Հայաստանում լավագույն դեպքում ունի հիսուն տիրաժի պահանջարկ: Հինգ միլիոնով կարելի է հարյուր հատոր գիրք հրատարակել: Հինգ միլիոնը տալիս եք մի հեղինակի, որ այդ ո՞ր գրվածքաքանակը հրատարակի: Ինչի՞ մասին կարելի է գրել հարյուր հատոր գրքում: Առավել ևս, որ մտքի  դրսևորման նոր տեղը հաստատ միայն գրականությունը չէ կամ էլ առնվազն այն չի ենթադրում բազմահատոր խոսք:

Խելացի ընթերցողի մոտ իմ այս դատողություններից հաստատ հարց է առաջանալու,  թե բա այդ ո՞րն է մտքի դրսևորման նոր ձևն ու տեղը: Պատասխանում եմ: Կոլաժը` գրական, երաժշտական, գեղանկարչական, որը կուզեք` բազմապլան, բազմաչափ, բազմահնչեղ կոլաժը: Արդի միտքը ձևավորվում ու դրսևորվում է ստեղծագործական ինժեներիայում իր ընդգրկուն բազմաչափությամբ, որը ենթադրում ու ներառում է ստեղծագործությանը բնորոշ բոլոր տարրերի առկայություն, ընդգծում եմ` հակիրճ ու բովանդակալից: Այլ կերպ չէր էլ կարող լինել Նիցշեի մարգարեությամբ բացահայտված դեկադանսի պայմաններում, մարդկության կողմից ապրված մի քանի վախճանաբանական ֆիասկոներից հետո, որում ստեղծագործ միտքն իր բոլոր դրսևորումներով բախվելով ենթադրյալ այնկողմ տանող բաժանարար էկզիստենցիալ պատին` գտնվում է նախադեպը չունեցող տուրբուլենտ սինթեզի պրոցեսում:

Եվ տալ ու ստանալ մրցանակներ, լինելով անմասն ստեղծագործ աշխարհում կատարվող անց ու դարձին, չի կարելի:  Լուրջ չեն վերաբերվի մեզ պարզապես մյուսները, ստեղծագործական արհմիության մյուս անդամները, ստեղծագործական դպրոցի կանոնը հարգող ուրիշ մարդիկ, իսկ ավելի կոնկրետ, ավելի ստույգ մասշտաբավորած` մարդկությունը, այսինքն ես…:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter