HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Շրջադարձ 360 աստիճանով

Հումանիտար բուհը դրական գնահատականներով ավարտած ցանկացած ուսանող կարող է պատասխանել մեր այն հարցին, թե  ինչով է տարբերվում պետությունը ցեղից, տոհմից կամ հասարակական այլ կացութաձևից:

Բուհում ուսանողին տալիս են գիտելիք` պետության ստեղծման  էվոլյուցիոն զարգացման ճանապարհների մասին: Ուսուցիչները համոզված են, որ այդ կարևոր նյութը պետք է ունենա գիտական բացատրություն: Եվ այդ գիտական տրամաբանված գիտելիքն ու իմաստությունն էլ նրանք փոխանցում են սերնդեսերունդ: Բերում են, օրինակ, Հռոմի հանրապետության առաջին օրինակը ու այդպես շարունակ` մինչև այսօրվա զարգացած եվրոպական երկրներն ու արժեքները: Նրանք ամեն ինչ կարող են համարել իմացականության ու գիտելիքի հիմք, բացի այն, որ Հռոմեական կայսրության գաղափարը կարող էր լինել երևակայության ազատ խաղի արգասիք: Որ Հռոմի կայսրության ստեղծման միտքը գուցե ծնվել է այն հանճարի ուղեղում, և որ մի համակարգի մեջ ազգերի խաղաղ համակեցության ու զարգացման այսօրվա գաղափարը ծնունդ է առել շատ վաղուց:

Երևակայությունը մարդուն նվիրված ազատագրող ուժ է:

Ժողովուրդը կարող է դառնալ պետություն այնքանով, որքանով որ նա ընդունակ է երևակայել: Այստեղից հետևում է, որ բոլոր ազգերի համար սահմանափակում է դրված նրանց պետական զարգացման ճանապարհին, դրանք այն սահմաններն են, որը դրել է բնությունը նրանց երևակայության վրա: Բրուտոսի տեսքով մարմնավորված երևակայության աղքատությունը դրդեց հին աշխարհի ստեղծագործական ֆանտազիան մարմնավորող Կեսարի սպանությանը:

«Երկիր Նաիրի» ստեղծագործության մեջ այս մասին է պատմում նաև հայ հանճարը: «Երկիր Նաիրին» մնաց միֆ, ֆիկցիա` Մազութի Համոյի ուղեղում:

Առաջին նախագահը, համեմատելով պետության ներկա վիճակը հորդայի հետ, բացում է մեր նորագույն պատմության մի նոր գլուխ ու տալիս է նաև իր պատկերացրած կառույցի նախագիծը: Մասնավորապես նա ասում է. «Մյուս ճանապարհը կամ այլընտրանքը մեկն է` վստահել այնպիսի իշխանության, որը երկիրն առաջնորդի հակառակ ուղղությամբ», այսինքն` դեմքով շրջվի դեպի մարդը, քաղաքացին և ժողովուրդը:

Այսպիսով, «1991 թվականից մինչև 1998 թվականը մենք գնում էինք մի ուղղությամբ, իսկ սկսած 1998 թվականից` գնում ենք հակառակ ուղղությամբ»: 

Այսպես ասում է Հիմնադիր նախագահը  (ի դեպ, շեղման տարեթիվը նա նշել է իր մի այլ ելույթում: 
Նա դա ասում է` ունենալով ոչ հեռու անցյալի պատմական փորձը և լինելով այդ պատմությունը կերտողներից մեկը: 

Երբ Կոմիտեն 1991 թվականին հայտնվեց իշխանության ղեկի մոտ, նա թոթափեց իր վրայից ֆանտաստիկ գաղափարները ու կանգնեց կյանքի ռեալականության առաջ: Նա հասկացավ, որ կյանքում ամեն ինչ շատ կասկածելի է ու մատնվեց շփոթության:  

Ապրել` նշանակում է «զգալ ինքդ քեզ կորուսյալ»

Սա բացարձակ ճշմարտություն է: Եվ նա, ով հասկացել ու ընդունել է դա, սկսում է գտնել իրեն, ձեռք բերել իսկական իրականությունը: 

Առաջնորդներն ու հավաքականությունը կանգնեցին ամուր հողի վրա: Այս ամենը կատարվեց բնազդաբար, դա ընդհանրապես կատարվում է բնազդաբար, երբ որպես նավաբեկյալ մարդն ուզում է բռնվել ինչ-որ բանից: Եզակի ճշմարիտ գաղափարները խեղդվողի գաղափարներն են: Մնացյալ ամնե ինչը հռետորություն, ձև, ֆարս է: Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, նույնիսկ գիտությանը, առավել ևս` քաղաքականությանը: 

Քաղաքականությունը գիտությունից ավելի ռեալ է, քանի որ այն կազմված է չկրկնվող իրավիճակներից: Դրա համար է այն պահանջում ավելի պայծառ մտքեր ու ոչ շաբլոն լուծումներ: Դրա համար է Հիմնադիր նախագահի ասելիքն այսօր ձեռք բերել նման հնչեղություն: Մի գուցե Հիմնադիրն ու նաև (արժե այստեղ հիշատակել) Հիմնադիր վարչապետը չհամաձայնեն սահմանային վիճակներում գործողությունների 
ի գասետյան նման մեկնաբանման հետ, բայց սա մի փորձ է` հասկանալու, իմաստավորելու ոչ հեռավոր անցյալը: Մեր վերլուծականը նպատակ ունի բարդ իրավիճակում ընտրություն կատարելուց առաջ ուղղության վեկտրը հայտնաբերել փոփոխվող իրավիճակներում: Մենք կարիք ունենք մեր հեռանկարը նախագծող լավ ճարտարապետի: Մեզ պայծառ մտքի տեր առաջնորդողներ են պետք: Եղել է ու կա հասարակական այս պատվերը բոլոր ժամանակներում: Կեսարից լավ ոչ ոք չի կարողացել կողմնորոշվել ամենախառն իրավիճակներում, բայց ճակատագիրը նրա կողքին էր դրել օրինակելի «ինտելեկտուալին»` Ցիցերոնին: 

Ես մի այլ վերլուծականում ասել եմ Վազգեն Մանուկյան - Լևոն Տեր-Պետրոսյան տանդեմի մասին` շեշտելով դրա արդիականությունը: 

Իսկ հիմա, այս պահից սկսած, ընթերցողից պետք է խնդրեմ մի փոքր ձգվածք ու լարված ընկալում. «Իրականությունը, որը մենք կոչում ենք պետություն, ամենևին էլ իրենից չի ներկայացնում անպատճառականորեն ծագած մարդկանց հասարակություն: Պետությունն առաջին հերթին գործողությունների ծրագիր է, համագործակցության ծրագիր: Նա կոչ է անում մարդկանց մի որոշակի համատեղ աշխատանքի: Պետությունն արյունակցական կապ չի, լեզվի ու տարածքային ընդհանրություն չի, հարևանություն չի: Նա նյութական չի, սահմանափակ տարածք չի: Դա մաքուր դինամիկա է` ընդհանուր գործունեության կամք: Դրա համար էլ պետական գաղափարի վրա ֆիզիկական սահմանափակումներ դրված չեն»:

Այստեղից սկսած` Միացյալ Եվրոպայի գաղափարի փիլիսոփայությունը ստեղծողներից մեկի` Խոսե Օրտեգա Ի Գասետի վերոհիշյալ մեջբերումը տեղափոխենք մեր հայ պատմական իրականություն: 
Գանք նույն 1991 թվականին: Վերադառնանք այդ մոտ անցյալի պատմական միջավայրը: Դիտարկենք այն, թեկուզ զուտ ֆիզիկական, անտրոպոմորֆ իմաստով, էլ չենք խոսում մշակութային անդունդի մասին: Կտեսնենք, որ մեր վիճակն ամենևին էլ չէր հիշեցնում նույնիսկ երեսունականների Եվրոպան: Մերը դեռ թողնենք մի կողմ, տեսնենք, թե մեր հարևանները որքանով են Եվրոպա ու որքանով են հասունացած նման հաղորդակից հասարակություն ստեղծելուն, որպիսին այսօրվա Միացյալ Եվրոպան է: Մարդկայինի այդ որ չափանիշներն են մեզ բերել արդեն որակական նույն տեսակին: Եվրոպան ինքը կարիք ունի վերընթերցելու Յասպերսին ու Ի Գասետին: Նա ինքն այդ որակական էվոլյուցիայի բարդ անցման մեջ է: Հայը չի տվել երկու հարյուր տարվա դեկադանսի մարգարեական սահմանումը: Դա տվել է քաղաքակիրթ Եվրոպայի ամենապայծառ գլուխներից մեկը` Ֆրիդրիխ Նիցշեն: 

Հենց այս պաթետիկ նոտայի վրա էլ կանգ առնենք ու գանք մեր հայ իրականությանը:

Ու՞ր էինք գնում 1991 թվականին , որից շեղվել ենք 180 աստիճանով 1998 թվականին

1991 թվականին ժողովուրդը գոռում էր «Կոմիտե», տրվեց նրան այդ կոմիտեն: 

1991 թվականին հայ սովետական ժողովուրդը գոռում էր «անկախություն», տրվեց նրան այդ անկախությունը:

Անկախության հետ միասին էլ, հին «լճացած սոցիալիզմի» փոխարեն, տրվեց նոր ֆորմացիա, որի ճարտարապետները չեն կարողանում առ այսօր գոնե ուրվագծի որակով տալ դրա անունը: Չեն կարողանում որևէ «իզմի» բառերով տալ իրենց ստեղծած ֆորմացիայի մոտավոր սահմանումը: 
Չիմանալով, թե ինչ են ստեղծել 1991 թվականից մինչև 1998 թվականը, ասում են, թե այն, ինչը մենք էլ չգիտենք, թե ինչ էր, դրանից շեղվել ենք 180 աստիճան, ու հիմա «եկել ենք», այդպես էլ ասում են` ինքնավստահ, դեռ չեկած` ասում են «եկել ենք», որ նորից ժողովրդին դնենք այն «չհասկացված ու չգնահատված» ճիշտ ուղու վրա: 

Միացյալ Եվրոպայի փիլիսոփայությունը հասունացել է նույն պատմական ժամանակահատվածում: Այն ծնվել է դրա համար հասունացած մի շարք երկրներում: Այդ միացումը նախ կատարվել է մտածողի մակարդակի վրա: Այդ միացումը երեք հարյուրամյա ձգվածքի մեջ դանդաղ ու վստահ կայացավ հավասարազոր մշակույթների առկայության վստահելի դաշտում: Մշակույթ պլյուս տեխնոլոգիական նույն մակարդակից բխող հավասար կենսակերպ: Համազոր տնտեսական ու հոգևոր սյուների վրա դրվեց Միագյալ Եվրոպայի հիմքը: Եվրոպան նախ միացավ մտքի մակարդակով, ինչին հաջորդեց հավաքականությունների փոխըմբռնումը: 

Միացյալ Եվրոպայի պատմությունը տևականության մեջ իր փորձությունն է ապրում: Ընդ որում` դա ուղղորդվում է աննախադեպ վտանգավոր դինամիկայով: Այս դինամիկան ու իրավիճակի սխալ գնահատումները կարող են մեր պետականության համար կործանարար լինել: Մենք զարմանալիորեն խոցելի ենք երկկողմանի: Մենք կարող ենք հարևան գերէթնոսի կողմից ենթարկվել դեմոգրաֆիկ և մշակութային ագրեսիայի` դրանից բխող անտրոպոմորֆ դիֆուզիայի վտանգով: 

Եվրոպան դեռևս ինքը չի իմաստավորել այս գործոնները: Իսկ մեզ դրանք հաղթահարելու նրանց օգնությունը, էքսպերիմենտից ու քաղաքական դեմագոգիայից այն կողմ չի անցնում: 
1991 թվականին հռչակված սկզբունքներն ու նախանշված ուղին մնացել են օդում կախված: Հաղթանակը դարձել է բեռ ու կարծես թե ուզում է տարրալուծվել ավանդական առասպելապատման մեջ: 

Քաղաքակիրթ աշխարհն ուշադիր հետևում է մեր տրամադրությունների աստիճանական զարգացմանը: Նա հետևում է նաև մեր հազարամյակներից եկող մշակութային նվաճումների դինամիկային: Նա հետևում է հին ու նոր նախագահների ելույթներին ու հավաքականության ռեակցիաներին: 

Նա ուզում է հասկանալ` մենք ապրում ենք առասպելո±վ, թե± իրականության ռեալ ընկալմամբ: 
Նա գիտի` որտեղից ենք գալիս և ուր ենք գնում մենք: Նա գիտի, թե 1991 թվականին ինչ ճանապարհ բռնեցինք մենք և ուր է տանում մեզ այդ ճանապարհը: 

Բայց 180 աստիճան շրջադարձերի պատրաստ չէ քաղաքակիրթ աշխարհը: 

Երևակայությունն ընդունելով որպես պետականության կառուցման ստեղծագործական սկիզբ` նույնիսկ Հիմնադրին նա պարզապես չի հասկանա:

Առավել ևս, առաջին նախագահի կրքոտ շրջադարձը սկսել է նմանվել մի ավարտուն շրջան կազմող պիրուետի, որը հայ ժողովրդին կարող է բերել նույն` արդեն մի անգամ ապրված կյանքի սկզբնակետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter