HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյանի ծեսի տիրույթներում կամ Արքաս ուր է հասնելու

Արփեն Մովսեսյան

Ընտրածս վերնագիրն, ամենևին, չի ենթադրում գրական, գրականագիտական հարցերի քննարկում: Դա իմ խնդիրը չէ: Ես այլ շեշտադրումների մղումով եմ փորձում «մեկ նետընկեց հեռավորությունից» մոտենալ կամ համարձակվում եմ մոտենալ Լևոն Խեչոյանի գրողական շնչառությանը: Խոսքի անսպասելի շիկացումներին, իրական ու պայմանական, պայմանական ու իրական պատկերների այն կուտակումներին, որոնք, գուցե, անցողիկ են, սակայն վավերական են ծանրակշիռ ընդհանրացումներով: Բնավ, երբեք՝ խրատական կամ ուսուցողական:

Լևոն Խեչոյանը ճակատագրի գրականություն է բերում: Իսկ ճակատագիր ասվածը միֆ է ու մորմոք, ցնորք է ու Աստծո ձեռքին է: Նրա մասին պատմողը ցնորամիտ է երևի, որ ասպետորեն հայտնվում է նշանների ու աստղերի դասավորության մեջ, կամ ընթերցողն է նրան այդպես տեղավորում: Իսկ նշաններն այդ տիեզերքի անհունի մեջ են: Եվ նաև ոչ՝ յոթ սարից այն կողմ:

Այլ պատողի ծննդավայրում է մեր ու Լևոն Խեչոյանի որոնածը: Նախապապի, նախատատի, տացուների վարքագրության մեջ, ովքեր ճյուղ առ ճյուղ զարդարում են Խեչոյան Տոհմածռը: Իսկ Տոհմածառի այս շառավիղը իրադարձությունների շղթայի մեջ չի մոռանում ոչ մեկին. Հոգատար է ու որդիաբար փայփայում է յուրաքանչյուրին՝ մերժելով, մեծարելով, պանծացնելով:

Ես ընթերցողի նախանձախնդրությամբ եմ հաստատագրում, որ այս թափառիկ հիշողությունների պատառիկներն, ասես, իմն են: Մի քիչ նման, մի քիչ տարբեր, միայն թե պատմելու համար, այսպես պատմելու համար, բացառիկ անկեղծ պետք է լինել: Լևոն Խեչոյանի պես տաղանդավոր:

Եվ ուրեմն՝ ընդամենն այսքանը: Միջանկյալ ասեմ, որ ընթերցողիս ծննդավայրը շարունակում է դեռևս երկու կողմերի հսկողության ներքո մնալ: Եվ բույերն են վայում արցախյան մեռյալ գյուղի անտերունչ տներում: Ավելին, երևի ինձնից շատ երիտասարդ մորս անհանգիստ հոգին հիմա շրջում է չգիտեմ որ Արքայի կողմից մոռացված տարածքի վրա՝ պահապան հրեշտակի պես: Հեռացող դեմքերի, ծննդավայրերի կորուսյալ վիպասքի հայտնության կանչով-մեր գյուղը տեսա: Այսպես: Ու խճճվեցի:

Կեցության ի՜նչ փիլիսոփայություն, ի՜նչ հերոս, ի՜նչ աշխատասեր կամ հայրենասեր մարդ, հավատարիմ որդի, կին, սիրուհի, հարս... որտե՞ղ են նրանք, ո՞վ է ժողովելու: Տողերի արանքից, ասես, նետահարում է Լևոն Խեչոյանը: Մի մոլորվիր: Մի պապանձվիր: Աչք ունես կտեսնես, որ դասդասված հերոսներն , ասես, պոկվել են լսողից-լսող անցած ասքի պատառիկներից: Եվ աչքն Աստծո Աչքին մեկը նստել է այս երկնքի տակ ու պատմում է:

Պատմում է անշտապ: Թվում է ցրված: Բայց անսպասելի ու տիրական շնչով այնպես է ժողովում մտքերն ու տեղը տեղին գույներով վրձնում անանցը, որը սրտի մտոք տեսնելը քիչ է: Եղածը գլխից վերև պիտի պահես, մոտեցնես Աստծո դռներին ու պանծացումից, Տեր Աստված, խենթանաս, երբ տատիդ սրատված պտուկների պատմությունը օրը ցերեկով կամ գիշերվա կեսին շանթահարի ուղեղդ, և արյանդ եռից մեղավոր այս մոլորակի վրա կախված կերպարանափոխված լուսինը մատնացույց անելով՝ ինքդ քեզ խոսես: Այնպես, ինչպես Լևոն Խեչոյան գրողը «Խնկի ծառեր»-ի 161-րդ էջում: «Օ, Տեր ողորմյա, և նրանց ում չեմ ճանաչում», բայց կրել են ինձ իրենց մեջ... չէ՞ որ պապս ասում էր, որ մեր լեռները քայլել գիտեն, գուցե իրենց ուսերին առած լեռներն են  բերել ինձ այստեղ: Այդպես էլ վառվեց կորեկի դաշտն ու հանդի հետ միասին՝ մայրը, վեց տարեկան քույրը: Գյուղը պտուկները կտրված կանանցով: Հիմա, առավոտ լուսո, աքաղաղը այդ գյուղի համար ծուղրուղու չի կանչում... Շնամիս էր: Տատս նետվել էր շների վրա, հարազատներին օգնելու համար, նրան պատառոտել էին: Նրա վերքերից արյուն չէր հոսում: Արյուն չուներ, ինչ հոսեր: Օրը շաբաթ էր, լուսինը՝ մեկ օրական»:

Աղո՞թք է սա, մեռելո՞ց հույսի... Իսկ խնկի ճյուղերը, որ վկան են գյուղի, տոհմիկ լուսնային հիվանդության ու քայլող լեռների առասպելին, մի օր տարուբերվել են, և գյուղի վրայից չքացել է խնկի բույրը: Օրը էլի շաբաթ էր, լուսինը՝ մեկ օրական: Եվ գյուղի վրա երևացել է օդեղեն կրակը, երբ եկեղեցում երկու կանայք մատաղ էին անում պտղավորվելու համար: Այսպես, գետերի սահանքներով դեպի անծանոթ երկրներ էր լողում կապիտանի նավակը և Դորան հեռանում է թռչող գորգով: Ու մեռած կնոջ պատուհանից մի ճերմակ արագիլ, թևերը թափահարելով բարձրանում է օդ: Եվ խնկի ծառերով գյուղն է մտնում բարուրով նախատատը, ում տեսակը անվերադարձ է հեռանում, անսպասելի ու ճերմակ ձիով, պատգամ թողնելով: «Այն, որ սուտ ասե, մարդու գեշ ասե, կամ հյուրը խարդախե, այն իմ որդին չլինի»: Եվ տանող այս ողբերգության մեջ հազար անգամ մեռնում ես ու ծնվում: Ծնվում ես մարդու ժպիտի հանգույն ճաք տված նուռից: Եվ սպանվում , երբ այրվում են խնկի ծառերի ճյուղից կախված երազները: Իսկ ձյուների մեջ վեր բարձրացող կրակը խոշոր էր, շուրջը տաքացող մարդիկ՝ մանր: Ողջակիզումի այս ծեսը երկրի վրա մահվան ու ծննդի երազը բորբ պահելու համար է:

Դանդաղ, շատ դանդաղ, երբեմն օրը մեկ էջ կարդալով, շրջեցի Խեչոյան Տոհմածառի կենսագրության ժողովածուի վերջին էջը: Բայց վայելք էր: Վայելք էր անխարդախ ու ծիսական այս տիրույթներով ճամփորդելը:

Հետո, չգիտեմ որ ոլորանում գամված մնացի ու շարունակեցի «մեկ նետընկեց հեռավորությունից» …

Արքա որոնելու ճանապարհը:

Ինձ զբաղեցրեց, հետաքրքրեց վեպը կառուցելու գրողի ջանքը, հարցադրումները, աղերսները դասական վիպասանությանը և խոնարհումը պատմիչների հղած աղբյուրների հանդեպ: Այդ մասին դեռ կխոսեն կլոր սեղանների շուրջ, գրականագետները մենագրություններ կգրեն: Ընթերցողիս, խոստովանում եմ, ուղղակի հմայել են խեչոյանական ծեսի պերճ գույները, որ արքայամերժ են ու դաժանորեն արքայապաշտ: Ինձ գերյալ է դարձրել հողը աստվածացնելու որդիական նվիրվածությունը: Եվ վերջապես, այրական, ճկուն ու բարբարոս լեզուն: Պատումի զորությունը, որի առաջ ծնրադիրը ինքն է ու ինքը: Եթե նա որդին է իր հողի, ապա հպարտանալ է պետք նման ծնունդով, եթե Արքայի հետ ընթացող զինվոր է, ապա գեղեցիկ է այդ ընթացքը: Եվ այդ երթի մեջ ներքինին աննկատ մեկը չէ, այլ Արքայի պատիվը փրկող հավատավորը, ով պաշտում է երկրի Իշխանին: Եվ այն վարդապետության, երբ դավանողը համոզվում է, որ դարիս դարձդարձումների մեջ փախուստը վերջն է: Իսկ դարձն արմատներին՝ անխուսափելի ու մշտնջենական:

Նույն ճիգ ու ջանքի մեջ է և Խեչոյան զինվորը, ով գրիչը զենքով է փոխարինել և կռվել իր մեջ ապրող պետականության համար: Կռվել իր կռիվն ու պատմական օրերին ձուլված գրել «Արշակ Արքա և Դրաստամատ ներքինի» վեպը, որի էջերում դավաճանն անգամ, արքայադավը, պահնորդ զինվորից մինչև նախարար՝ տեսլապաշտ են, և բոլոր դաշնությունները գտնում ու կորցնում են Հայրենիքի տեսիլքում: Սա է հեղինակի ցավը: Եվ ցավն ավելի խորն է, երբ կուրացած թագավորահայրերը տխուր խորհրդածությունների մեջ, աղավնու թևով թռչում ու խունկ են ծխում նախնյաց գերեզմաններին:

Խոսքը առաջ է ընկնում պատկերից, պատկերը՝ խոսքից:

Ազնվազարմ ուղեկցող է Խեչոյան հեղինակը: Վեր ու վար ես անում ժամանակի հոլովույթի մեջ: Պատմական իրադարձությունների շղթայի մեջ վայելում ես Նավասարդի տոնը և համոզվում, որ հեթանոս է ու անաղարտ չէ այն, ինչ հարճերը նվիրում են Անահիտ աստվածուհուն: Անհարաժեշտաբար, գրողը նորից է շեփոր հնչեցնում, երբ այլ երկրների մեծամեծերի հետ երկիր է բերվում օտար թագուհին: Բերվում է մեծապետական շահերով ու սիրով: Իսկ հողի վրա Արքան քաղաք է կառուցում: Մինչև երբ պիտի Արքա որոնելով արքայադավ որդիներ ծնենք: Մինչև երբ պիտի անարքա ապրենք, այսքան արքայապաշտ լինելով: Ինձ կաշառողը հենց սա է: Գրողի արժանապատիվ ապրելու կեցվածքը: Տիրոջ ու զինվորի իրավունքով, երկրի թագավորի մեջ ապրող, բնակվող առանձնահատուկը, եզակին ցուցանելու նրա նշանը, գլխավոր հարցը, որ բոլոր միֆերի, ծեսերի, մշուշների միջով մեր օրերի միգում է: Եվ տիրույթներ է պահում դարձյալ ու կրկին մի հարցականով. «Արքաս, այսպես, ու՞ր է հասնելու»: Ես թագի ու թագավորի հետևից եմ գնում: Եվ գիտեի և չգիտեի, որ մրգով սկուտեղի մեջ դրված դանակը անցնելու է ուղիղ իմ սրտի միջով: Վրեժխնդիր լինել թագավորի համար, քո երկրի թագավորի համար. ահա հեղինակի հարցադրումը:

Ապրել մահվան ու ծննդի խորհրդով: Պարզել ոչ Ավետյաց երկրի տեսլականը, բայց և՝ այն: Պարզել ոչ ազատի, ոչ շինականի տեսլականը, բայց և՝ դա: Թե չէ, ում համար է գնդակահարվում Լևոն Խեչոյան գիր գրողը: Կասե՞ք, իր որ գրքի, որ էջում փարվեց գնդակահարության պատին, երբ՞…Ախր, հոգի ունեք. «չե՞ք տեսնում մարմինը ծվատ»: Չե՞ք տեսնում: Լավ նայեցեք: Առանց Լարվելու: Եվ կլսեք  կրակոցը: Ուրեմն, գրանցեք, թե քանի խորհրդավոր ընթրիքի մասնակից եղաք: Եվ արծաթի սիրուն քանի մատնիչ ու քանի ապաշխարող հայտնաբերվեց: Եվ մի նկանակի չափ հող որոնող քանիսին տեսաք: Ու կլսեք, թե ում և ինչի համար է ղողանջում Խեչոյանական զանգը:

Հանեք ձեր միջից պառակտումների որոմը և մի թողեք, որ մեկն ու մեկը բամբասի Երկրի Իշխանին: Եվ մի թողեք, որ գանահարեն թագավորի հետ սուր խաչած թագավորահորը: Որովհետև տագնապի մեջ ժողովուրդը կթուլանա, նրա աչքին մեռելները դուրս կգան գերեզմաններից: Ու քրմեր մի հրավիրեք կատարվածի գիտական բացատրությունների համար: Խաղաղ թողեք մարդու հոգին: Եվ Հայրապետին պաշտեք ու պահպանեք երևացող ու աներևույթ թշնամիներից: Հավատացեք Լևոն Խեչոյանի նկարագրած արևի խավարումներին, հմայումների ծիսական ընթացքին: Եվ կարևոր չէ՝ ըստ որ պատմիչի է թագավորին ու նրա ժամանակը պատմագրում գրողը: Կարևորը կանգուն կապն է անցածի ու ներկայի: Վերադարձի:

Ով է տեսել: Եվ ով է հավատում նշենու պես ծաղկող ու պտուղներ տվող գավազանի հրաշքին: Անապատի մեջ օձ դարձող գավազանի ուժին: Ով հավատաց՝ փրկվեց: Իսկ հավատալու՞ բան է անապատի մեջ օձ դարձող գավազանի տեսլականը: Կարդացողը տեսա՞վ ընթեռնելի հայերեն նշանագրերը: Տեսնողը տեսել է և հավատքի մեջ է պահում լսողին: Ու չգիտեմ Արքայական որ շառավիղն է ճգնավորի պես արարողագրում այս պատմությունը: Որպես խոնարհու՞մ, թե որպեսզի բերնեբերան անցնի ժամանակների մեջ թագին կառչելու գաղտնիքը. «Թագը ժողովուրդ է, ժողովուրդը՝ հող, հողը՝ թագավոր, իսկ թագավորը ժողովրդի արժանապատվությունն է»:

Արքան կամ արքայացուն թող կարդան գիրքը. «Արշակ արքա և Դրաստամատ ներքինի»: Չգիտեմ ինչ կխորհեն, բայց գրողը նվաճող է՝ հուշերի պատերազմով: Իսկ, եթե հուղարկավորող է, ապա՝ արքայաբար: Դաժան է այդ ընթացքը: Ու, եթե ճակատագիր է, ապա անցած փառքերի մասին գրելն է միակ ելքը: Հեղինակն այսպես է հաղթում հուսահատությանը: Ինքնակիզումով դյութիչ, մերկ: Մերկության մեջ՝ ազնիվ: Դյուցազնական: Եվ գույներով բազում, ուր կարմիրը վերջինն է: Արժանապատվության տիրական ընթացքի մեջ է գրողը, թագավորին հավատարիմ ուղտագնացների բազմության մեջ: Այս մտածումով կառուցենք Արշակավան աթոռանիստը և հեռու պահենք կործանումից: Եթե հարկ եղավ լռելյայն չփակվենք մեր դաստակերտերի մեջ, թե չէ տխուր, ոչ արժանապատիվ, ուղտերի քարավաններին հալածող պատմությունները կկրկնվեն: Անվերջ: Արքադ արքայավայել չի մեռնի ու չես իմանա հուսահատության մեջ ում սիրտն ավելի խոր ցավ կապրի: Անցածների՞, որ ստվերների պես «մի նետընկեց հեռավորությունից» հետևում են եկողներին, նրանց, որ թագավորական ելակետ են փնտրում ու դեռ հարցնում են, տենդով են հարցնում. «Արքաս, այսպես ուր է հասնելու...»:

Ո՞վ կբացահայտի, թե որտեղից ընծայվեց պատմությունն այս հավատքի ու հավատամքի մասին: Եվ ո՞վ «մի նետընկեց հեռավորությունից» տեղավորեց այն. «Ես չասացի, դու ասացիր»...Աստծո պատվիրան շրջանակի մեջ: 

Հ.Գ.

Խառնակ ձևերի մեջ ու դասդասված այս պատմությունը, թող, հրաժեշտի ծեսի ընծաներից լինի…

Կսկիծով…կսկիծով…կսկիծով…Ու խոնարհումով եմ ասում. գալու է Լևոն Խեչոյանի ժամանակը: Եվ աշխարհի որ կողմերում էլ լինենք, մեր մեկտեղումների  մեջ, լսելու ենք Պատմահորից ժառանգած նրա ձայնը.

«Ու՞ր է մեր աչքերի բարի նայվածքը ուղիղներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter