HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Կոռուպցիոն ռիսկերը պետպատվերում

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանը 2013թ. դեկտեմբերի 19-ին «Առավոտ» թերթում հոդված տպագրեց՝ ՀՀ առողջապահության նախարարությանը մեղադրելով ատկատներ կիրառելու մեջ: Խոսքը վերաբերում է առողջապահական պետպատվերին: Ի պատասխան՝ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը սպառնաց դատի տալ ընդդիմադիր պատգամավորին, իսկ վերջերս էլ ասաց, որ գործը քննվում է դատախազությունում:

«Հետքը» առողջապահության նախարարությունից ստացել է մի շարք ծրագրերով պետպատվերի բաշխման մասին տեղեկատվություն՝ 2010-13թթ. կտրվածքով: Փորձենք ինքնուրույն գնահատել՝ ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր կարող են առաջանալ պետպատվերի բաշխման ժամանակ:

Ռիսկերի մի մասն ի հայտ է գալիս մասնավոր բժշկական հաստատությունները պետպատվերի շրջանակում ներառելիս: Ներկայիս հիվանդանոցները նախկինում բոլորն էլ պետական էին, հիմա վերափոխվել են փակ բաժնետիրական ընկերությունների՝ հիմնականում պետության փայամասնակցությամբ: Սակայն զուգահեռաբար ստեղծվում են բազմաթիվ մասնավոր կլինիկաներ: Ի՞նչ չափանիշներով դրանք պետք է ընդգրկվեն պետական պատվերում:

Օրինակ՝ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն ունի մասնավոր կլինիկա, որը նախորդ տարիներին պետպատվեր էր ստանում միայն «անհետաձգելի բժշկական ծառայություններ» և սոցիալապես անապահով խմբերին օգնելու ծրագրերով: Սակայն 2013թ. այս բուժհաստատությանը պետական պատվերը զգալի ընդլայնվել է: 70 մլն դրամ ստացել են անհետաձգելիի մասով, 20 մլն դրամ՝ սոցիալապես անապահովներին օգնելու համար, 173 մլն դրամ՝ մանկաբարձական ծառայությունների համար, 14 մլն դրամ՝ երեխաներին բուժօգնություն տրամադրելու համար: Ընդհանուր առմամբ՝ «Նատալի ֆարմը» 2013թ. ստացել է 287 մլն դրամի պետպատվեր:

Կամ՝ «ԲարեկամՄ» ՍՊԸ-ն 2013թ. 1.5 մլն դրամ է ստացել անապահովներին օգնելու համար, ևս 700 հազ. դրամ՝ անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու համար: Սակայն արդարադատության նախարարության պետռեգիստրում «ԲարեկամՄ» ՍՊԸ գրանցված չէ, այդպիսի հիմնարկ չեք գտնի նաև բժշկական տեղեկագրերում: Սակայն կա «Բարեկամ» անունը կրող բուժհիմնարկ Երևանի Հանրապետության փողոցում, որը հայտնի է որպես գեղագիտական բժշկության կենտրոն: Թե ինչպե՞ս պետք է գեղագիտական բժշկության կենտրոնն օգնի սոցիալապես անապահովներին` գաղտնիք է:

Նշենք, որ 2014թ. պետական բյուջեում հիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված է 34 մլրդ դրամ: Մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը կազմում է 14.5 հազ. դրամ՝ նախորդ տարվա 13.7 հազ. դրամի համեմատ: Հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում նախատեսվում է 14 ծրագրերի իրականացում: Դրանցից խոշորագույնը «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնու­թյան ծառայություններ» ծրագիրն է՝ 7.4 մլրդ դրամ, 2013թ. 4.1 մլրդ դրամի համեմատ: Հատկանշական է, որ այս ծրագրով ամենաշատ գումարներ ստանում է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը: 2013թ. այս կենտրոնին այդ ծրագրով ուղղվել է մոտ 800 մլն դրամ կամ ծրագրի 20%-ը: Համեմատության համար՝ երկրորդ տեղում գտնվող «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը ստացել է մոտ 400 մլն դրամ:

Երկրորդ խոշոր ծրագիրն անհետաձգելի բժշկական ծառայություններն են: 2014թ. այս ծրագրին ուղղվել է 2.2 մլրդ դրամ (նախորդ տարվա համեմատ՝ ավելացում չկա): Այս ծրագրով առաջատարը «Էրեբունի» հիվանդանոցն է՝ 2013թ. ստացել է մոտ 420 մլն դրամ: Երկրորդ տեղում «Սբ. Գրիգոր Լուսավորիչն» է՝ 186 մլն դրամ:

Նշենք, որ «Սբ. Գրիգոր Լուսավորիչը» ամենաշատ պետպատվեր ստացող բուժհաստատությունն է: Նրանք գումարներ ստացել են 5 ծրագրերով: Բացի վերը նշված երկուսից՝ 600 մլն դրամ են ստացել մանկաբարձական ծառայությունների մասով, 456 մլն դրամ՝ երեխաներին բժշկական օգնություն ցուցաբելելու համար, 50 մլն դրամ՝ ուռուցքաբանական ծառայությունների համար: Ընդհանուր առմամբ՝ այս բուժհաստատությանը ուղղվել է մոտ 2,1 մլրդ դրամ, այսինքն՝ հիվանդանոցային պետպատվերի մոտ 7%-ը:

Իհարկե, պետպատվերում այս կամ այն բուժհաստատությանը նախապատվություն տալը դեռևս կոռուպցիայի ապացույց չէ: Շատ բան կախված է նաև հիվանդի ընտրությունից: Որքան տեղյակ ենք՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչը» համեմատաբար մաքուր է աշխատում, պետպատվերի շրջանակում «անողոքաբար» գումարներ չի շորթում, ինչի պատճառով էլ հիվանդները նախընտրում են այդ բուժհաստատությունը:

Բուժհիմնարկներում կոռուպցիայի դեպքերը մատնանշելու ու կանխելու համար շատ կարևոր է հիվանդների դիրքորոշումը, տեղեկությունների հրապարակումը: Հուսով ենք՝ այս հրապարակումը առիթ կտա ևս մեկ անգամ խմբագրությանը տրամադրել փաստեր՝ մեկնաբանություններ էջում, ինչի համար կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter