HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ավտոմեքենաների ներկրումը թափ է հավաքում

Հայաստանում 2013թ. ներկրվել է 41,1 հազար ավտոմեքենա, տեղեկացնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն: Այս ցուցանիշը մոտ է 2008թ. գրանցված ռեկորդին՝ 41,9 հազար ավտոմեքենա: Նախորդ տարվա համեմատ մեքենաների ներկրումն աճել է մոտ 18%-ով: Աճի տեմպի տեսակետից սա ևս ռեկորդային ցուցանիշ է:

Սակայն նախորդ տարիների համեմատ մեքենաների գնային կառուցվածքում էական տեղաշարժ կա: Ներկրված մեքենաների աճը հիմնականում տեղի է ունենում մինչև 5 հազ. դոլար արժողությամբ մեքենաների մասով: Ներկրված մեքենաների 62%-ը այդպիսի էժան մեքենաներն են: Համեմատության համար՝ 2008 թ. այդպիսի մեքենաների կշիռը 25% էր, իսկ 2012 թ.՝ 59%:

Հայաստանին մեքենաների հիմնական մատակարարը Գերմանիան է՝ 2013թ. 22 հազար հատ, կամ ներմուծումների կեսից ավելին: Սա ներառում է ինչպես Գերմանիայից, այնպես էլ Վրաստանից ներկրումները, սակայն մաքսային վիճակագրությունը հստակ տեղեկատվություն չի տրամադրում կոնկրետ Վրաստանից ներկրումների թվի վերաբերյալ: Գերմանիան էլ մեզ հիմնականում ապահովում է էժան ավտոմեքենաներով, իսկ դրանք առավելապես «Օփել» մակնիշի մեքենաներն են, որոնք մեծ պահանջարկ են վայելում տաքսի ծառայությունների կողմից: «Օփել»-ների ներկրման համար բավական զարգացած ենթակառուցվածք է ձևավորվել, մի քանի տասնյակ հայ գործակալներ զբաղված են Գերմանիայում «Օփել»-ների «որսով»: Ներկրված մեքենաները շատ արագ են սպառվում՝ առավելագույնը 5 հազար դոլարով:«Օփել»-ների հաղթարշավին նպաստում են նաև էժան պահեստամասերն ու սպասարկումը: Գերմանիայից ներկրվում են նաև մեծ քանակությամբ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, սակայն դրանք սովորաբար ավելի հին տարեթվի են:

Վերջին տեղեկություններով՝ բիզնեսի գերմանական ուղղությունը գերազանցում է վրացական ուղղությանը, թեև Վրաստանը մեր տարածաշրջանում հայտնի է որպես ավտոմեքենաների դիլերային կենտրոն:

Ճապոնական մեքենաները պահանջարկով զգալի զիջում են գերմանականներին: Ճապոնիայից 2013թ. ներկրվել է մոտ 8 հազար մեքենա՝ մոտ 9 հազ. դոլար միջին մաքսային արժեքով: Ճապոնական մեքենաները հիմնականում ներկրվում են աճուրդների միջոցով, սակայն աջակողմյան ղեկի առկայությունը նվազեցնում է հետաքրքրությունն այդ աճուրդների նկատմամբ:

Հայաստանին ավտոմեքենաների խոշոր մատակարար է համարվում նաև Հարավային Կորեան՝ տարեկան մոտ 1000 հատ: Սակայն կորեական մեքենաների միջին մաքսային արժեքը 10 հազ. դոլար է: Պահպանվում է հետաքրքրությունն ամերիկյան մեքենաների նկատմամբ՝ 1800 մեքենա 2013 թ.: Ընդ որում՝ ամերիկյան մեքենաների միջին մաքսային արժեքը կազմել է մոտ 12 հազ. դոլար:

Նշենք, որ ռուսական մեքենաների նկատմամբ պահանջարկը դեռևս բարձր չէ՝ մոտ 2000 մեքենա տարեկան, մոտ 4 հազ. դոլար միջին մաքսային արժեքով: Սակայն Մաքսային միությանն անդամակցելուց հետո այս մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը կավելանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter