HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ում հնարավոր են լսումներ` ցմահ դատապարտյալների հարցերով

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն առաջարկել է մարդու իրավունքների պաշտպանութան և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում գարնանային նստաշրջանի ժամանակ որպես լսումների թեմա ընտրել Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրները:

«Ցմահ դատապարտյալների խնդիրներին ծանոթ եմ շատ վաղուց, դեռ լրագրողական աշխատանքիս տարիներից: Բայց «Հետքի» «Խեղված ճակատագրեր» շարքը պարբերաբար կարդալով, մասնավորապես` մահապատժի դատապարտված զինվոր Արթուրի մասին հրապարակումները` և հուզեցի, և որպես ԱԺ պատգամավոր, մտահոգվեցի: Այդ հոդվածները եղան ազդակ, որպեսզի առաջարկեմ լսումներ կազմակերպել ցմահ դատապարտման թեմայով: Այն, որ խնդիրը կա, միանշանակ է: Բայց խնդրի նկատմամբ մոտեցումը համարժեք չէ պրոբլեմի մեծությանը»,- նշեց պատգամավորը:

Մարգարիտ Եսայանը, սակայն, լուրջ մտավախություն ունի, որ եթե նույնիսկ լսումները տեղի ունենան, դրանք որևէ լուծում չեն առաջարկելու: Պարզապես հերթական անգամ կրքեր են թեժանալու, մարդիկ ելույթներ են ունենալու, փաստեր են ներկայացնելու, բայց իշխանությունները չեն մտնելու այդ բեռի տակ, քանի որ դա տաժանակիր աշխատանք է՝ բացել մահապատժի ու ցմահ դատապարտյալների գործերի արխիվները ու տեսակավորել գործերը: «Լսումները կմնան սոսկ որպես հերթական լսումներ, եթե հաջորդական քայլեր չարվեն պետական կառույցների կողմից»,- նշեց պատգամավորը:

«Հետքի» հարցին՝ միգուցե քաղաքական ենթատեքստ կա արխիվները չբացելու մեջ, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում. միակ պատճառը համապատասխան մարմինների վատ իմաստով ծուլությունն է: Բայց մյուս կողմից ճակատագրեր են, որոնց պիտի անդրադառնալ վաղ թե ուշ»:  

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանութան և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դեռ որևէ թեմայի ընտրություն չի եղել, պարզապես անդամները ներկայացրել են առաջարկներ լսումների համար, որոնց թվում և ցմահ դատապարտյալների խնդիրներն են:

Էլինար Վարդանյանը հույս ունի, որ քրեական նոր օրենսգրքի նախագծում ցմահ դատապարտման հետ կապված օրենսդրական նոր մեխանիզմներ կառաջարկվեն, տարբերակված մոտեցումներ, պահման ռեժիմների փոփոխում, անհատական մոտեցում` յուրաքանչյուրի նկատմամբ: Օրենքով պետք է ամրագրված լինի, որ որոշակի վարքագծի պայմաններում ցմահ դատապարտյալը հնարավորություն կունենա ռեժիմի փոփոխման, որոշակի ժամկետ անց` նաև պատժի չկրած մասն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու և պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորություն: «Այլ հարց է, որ այսօր պայմանական ազատման ինստիտուտը պրակտիկորեն չի գործում և ենթակա է փոփոխման: Բոլոր մարմիններում ընդունում են այդ փաստը, սակայն դեռ մնացել ենք ընդունելու փուլում»,- նշեց Էլինար Վարդանյանը:

Իսկ Մարգարիտ Եսայանը շեշտեց, որ իր դարակում կան մահապատժի ու ցմահ ազատազրկման դատապարտվածների գործեր, ովքեր շարունակ պնդում են, որ, օրինակ, 15,18, 20 տարի առաջ իրենց դատապարտել են անարդարացի, ոչ օբյեկտիվ, տվել են չափազանցված պատիժ կամ բարձրաձայնում են դատական սխալի մասին: «Սա մեկ այլ թեմա է, բայց այն, որ դատարանները 18, 19, 20, 21 տարեկան երիտասարդներին երկու տասնյակ տարի առաջ դատապարտել են ու հիմա նրանք միջին տարիքի տղամարդիկ են դարձել, պետք է հարցը լուծում ստանա: Այստեղ կա մարդասիրության խնդիր, դեռ մի կողմ թողած այն հանգամանքը՝ արդյոք դատարանը տասնյակ տարիներ առաջ ճիշտ է դատապարտել նրանց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter