HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրիշի Հայաստանս

Ռազմիկ Մարկոսյան

Ալբեր Քամյուն ապրելու ժամանակն իրացնելու մասին խորհելիս ասում է. «Կա ժամանակ, որ պիտի ապրես, և կա ժամանակ, որ պիտի վկայություն տաս ապրելու օգտին»:

Իմ ապրելու ժամանակը` ազատության մեջ, թե առանց դրա, ես ամբողջությամբ նվիրեցի Հայաստանի անկախության գործին: Եվ երբ եկավ ապրելու օգտին  վկայություն տալու ժամանակը, վկայություններս իրենց հավաքականության մեջ վերարտադրեցին իմ բոլոր ժամանակների հավատամքը. անկախությունը` որպես միջոց և ազատությունը` որպես նպատակ: Իսկ մի՞թե կա առավել կենսանպաստ արժեք: Անհատի  ազատությունից մինչև հանրության ազատություն. այս բուրգի հավերժական իմաստն է, որ կենդանի գոյությունը փրկում է անիմաստությունից:

Խորհրդային ագիտացիան այնքան համապարփակ էր, որ նրա  թիրախ քաղաքացին չէր էլ գիտակցում այն ցավալի իրականությունը, որի մաս էր կազմում իրեն բաժին հասած ապրելու ժամանակը:  Իսկ նա, ում միտքը հատում էր խորհրդային ագիտացիայի սահմանը, այդուհետ իր գործունեության ասպարեզում վերածվում էր պայքարի գործիքի` հանուն ազատության: Այդպես ԽՍՀՄ-ում, առաջիններից մեկը` Հայաստանում, դանդաղ ձևավորվում էր անկախության պայքարի ալիքը: Բայց ցանկացած պայքար պետք է, որ աստիճանական զարգացում ունենա, և մենք` Ազգային միացյալ կուսակցության անդամներս, այդ պայքարի առաջին աստիճանը եղանք: 1974 թվականին, 25 տարեկան հասակում, աքսորի ճանապարհից ընտանիքիս գրած իմ նամակում հենց այդ մասին էի ասում. «Չկարծեք, թե սոսկում ենք այս անկումից (նկատի ունեի իմ ու ընկերներիս բանտարկությունն ու աքսորը): Ընդհակառակն, ուրախ ենք անգամ: Չէ՞ որ այն ճանապարհ կհարթի մեր հետնորդների համար. նրանք կանցնեն մեր դիակների վրայով: Մենք ցանեցինք, նրանք կհնձեն»: Այսպիսով, մենք գիտակցում էինք, որ մեր քաղաքական պայքարը դեռ ճանապարհ ունի անցնելու, որ հանրությունը պատրաստ չէ ընկալելու անկախության գաղափարը, և որ մեր քաղաքական տեսակետները կարող են սվիններով ընդունվել ո’չ միայն պետական համակարգի կողմից: Իրավիճակն այսպիսին էր անգամ 88-ի շարժման ընթացքում` խորհրդային ռեժիմի ինքնափլուզման նախաշեմին, և դա մեզ` անկախականներիս համար պարզից էլ պարզ էր: Այդ էր պատճառը, որ անկախության «պրոտոկոլային» հանրաքվեի արդյունքները մեր կողմից ընդունվեցին վերապահումով` առիթ տալով նորաստեղծ երկրի ձևավորվող պետական վերնախավի տարաբնույթ մեկնաբանություններին: Այսպես, Հայաստանի երրորդ հանրապետությունը տեսական գիտելիքներ չունեցողի պես սկսեց թույլ տալ գործնական սխալներ, որոնք գուցե հմտանալով կարողանար շտկել, եթե հեռակառավարող ուժերը չխոչընդոտեին` սեփական շահերի դիրքից սպասարկելով մեր երկրի ելակետային ներքաղաքական իրադարձություններն ու կարևորագույն ոլորտների ընթացքը: Մենք, չնայելով մեր խնդրի պահանջին, արտագրեցինք սրա-նրա տետրից և որպես պատասխան ստացանք մի երկիր, որի կարգավիճակը դժվար է նկարագրել քաղաքական տերմինով:

Այժմ` մի փոքր պատմական անդրադարձ:

15-րդ դարի վերջին Կոլումբոսի արշավախմբին ֆինանսավորող Իսպանիան, ի տարբերություն Կոլումբոսի, նոր աշխարհամաս հայտնաբերելու գործում հետապնդում էր ոչ թե աշխարհաճանաչման, այլ զուտ առևտրային շահ, և նորահայտ մայր ցամաքը` այժմյան Հարավային Ամերիկան, Իսպանիայի համար բառիս բուն իմաստով հող հանդիսացավ նոր բիզնես ծրագրի համար: Աստեկների, մայաների,  ինկերի` հանքային ռեսուրսով հարուստ այս երկրամասը (բացի Արգենտինայից) իսպանացիները զավթեցին անարյուն եղանակով. այն վայրերում, որտեղ սոցիալական կառույց կար, կալանում էին կիսաստված առաջնորդին և նրա  կյանքի դիմաց ոսկի ու արծաթ պահանջում: Իսպանացի կառավարիչների` գուվերնյորների պայմանն էր, որ իրենց մարդիկ չպիտի աշխատեն, այլ պիտի զբաղվեն հարկահանությամբ: Նորահայտ երկիրը թալանելու մոլուցքն այնքան տարածվեց իսպանացիների մեջ, որ Պոտոսի հանքի շուրջը ստեղծվեց 160 հազարանոց քաղաք-բնակավայր. ավելի մեծ, քան այն ժամանակվա Վենետիկը կամ Լիսաբոնը:

Դրանից հարյուր տարի անց անգլիական Վիրջինիա ընկերությունը մի նավատորմ է ուղարկում դեպի Հյուսիսային Ամերիկա: Անգլիացիները հիմնավորվում են մի նահանգում, որը հետագայում կոչվեց Վիրջինիա: Սակայն անգլիացի կառավարիչներն այստեղ հայտնվում են անբարենպաստ իրավիճակում. հյուսիսային երկրամասում հանքեր չկային, բացի այդ` ո՛չ տեղացիները, ո՛չ անգլիացիներն աշխատել չէին ուզում: Այդժամ նրանք սկսում են նոր կառույցներ ստեղծել՝ շահագրգռելով տնով ու հողհատկացմամբ: Հողի չափը կախված էր ընտանիքի անդամների և ճորտացված բնիկների քանակից: Ընտանիքի ղեկավարին տան ու հողի հետ միասին տրվում էր քաղաքական որոշում կայացնելու իրավունք: Միանձնյա վճիռներին փոխարինելու են գալիս որոշումները, որոնք ընդունում էր ասամբլեան`ժամանակի ամենալիբերալ կառույցը աշխարհում:

1623-ին Անգլիան ընդունել էր արտոնագրային օրենքը: Ըստ այդ օրենքի` ցանկացած ոք կարող էր իր միտքը, գյուտը փոքր գումարով արտոնագրել, ապա իրագործել կամ վաճառել այն: Սա մի նոր տեսակի մտքի սեփականության իրավունք էր, որն ի վերջո հանգեցրեց աշխարհում առաջին ինդուստրիալ հեղափոխության: Իսկ որտեղ հարգում են մտքի սեփականությունը, այնտեղ հարգում են նաև մտքի ազատությունը, որ նույնն է, թե մարդու ազատությունը: Պետական կառավարման մակարդակում այս երևույթն անվանվում է ժողովրդավարություն: Եվ հենց այս գաղափարն էր, որ անգլիացիները դրեցին Հյուսիսային Ամերիկայում կազմավորվող պետության հիմքում: 1776-ին տասներեք նահանգ միավորվեց` կազմավորելով Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Եվ այսպես, Հարավայի Ամերիկան, որ ուներ նպաստավոր նախադրյալներ` հանքեր ու ձևավորված սոցիալական կառույցներ, մինչև օրս իր զարգացման տեմպերով հեռու է Հյուսիսային Ամերիկայում ստեղծված երկրից, որտեղ ո՛չ հանքեր կային, ո՛չ քաղաքակրթության նշույլ: Կառավարման կազմակերպված համակարգի շնորհիվ պատմական կարճ ժամանակահատվածում ԱՄՆ-ը դարձավ իր կամքը աշխարհին թելադրող գերտերություն:  

Հայաստանի երրորդ հանրապետության կառավարման բովանդակությունն ի սկզբանե հիշեցնում է հարավամերիկյան-իսպանական գռեհիկ տարբերակը:

Խորհրդային Հայատանից մեր անկախ հանրապետության տնօրինմանն էր անցել մեր երկրի երեսին ու  ընդերքում եղած բնական ու ստեղծագործ ողջ հարստությունը: Արցախյան պատերազմի ու Սպիտակի երկրաշարժի ավերիչ ընթացքի ու դժվար հաղթահարելի հետևանքների կողքին առկա էին անհրաժեշտ հենարաններն ու արժեքները, որոնցից ամենակարևորը սփյուռքի ու հայաստանաբնակ հայության նպաստավոր կամքն էր ու հավաքական եռանդը` ստեղծելու ու զարգացնելու համար մի երկիր, որի խնդիրները գոնե տրամաբանության սահմաններում կլինեին: Բայց այսօր Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական մեկուսացման, դիմազրկման և անապատացման վտանգի առաջ:

Օգտակար հանածոներով հարուստ մեր երկրում չկա հանքարդյունաբերություն. մեր հանքերը չեն արդյունահանվում, այլ բոլոր իմաստներով շահագործվում են մենատնտեսների կողմից` ճիշտ իսպանական տարբերակով: Դրանից, ինչքան որ հարկն է, չի շահում մեր երկիրը (մանավանդ որ արտարժույթի վերածված հանրային հարստությունը, անգամ որպես մասնավոր կապիտալ, չի մնում մեր երկրում, այլ հոսում է դեպի դուրս), աշխատավորին էլ մնում է սահմանափակվել ստրկատիրական ժամանակներից եկած սոցիալական երազանքով` մի փոր հացով:

Աշխարհի բնակիչներից 70 միլիոնը մշտապես գտնվում է ջրային դեպրեսիայի մեջ, և հաջորդ պատերազմներն աշխարհում ջրի համար են լինելու: Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանը ջրային պաշարների հետ կապված մտահոգության առիթ չունի: Արարատյան դաշտը խոշոր ջրային պաշարներ ունի: Դրանց 75 տոկոսը կիրառելի է առանց մշակման, ինչը հազվագյուտ բան է: Բայց վերջին շրջանում ձկնարդյունաբերության մոլուցքով տարված մի քանի օլիգարխներ այնպես են շահագործում մեր ջրային պաշարները, որ եթե ոչ այսօր, ապա վաղը մտահոգվելու առիթ անպայման կլինի: Արարատյան դաշտի ջրային հանքավայրերի ուղղությամբ մասնավոր բիզնեսին ծառայող 6630 հորատանցք է փորվել: Մեր ազգային հարստության` ջրի նկատմամբ մեր նմանօրինակ վերաբերմունքից ոգևորված` թուրքերն էլ սկսեցին սահմանամերձ տարածքներում հորատանցքեր փորել ու դուրս բերել ջրային պաշարները` նպաստելով Հայաստանի ավելի արագ անապատացմանը:

Ձկնարդյունաբերությանը ծառայող, խողովակների մեջ բանտված մեր ջրային պաշարները ծառայություն մատուցելուց հետո հոսում են դեպի Արաքս, իսկ ոլորտի եկամուտները` դեպի որոշ անհատների գրպանը, որոնց պարունակությունից աշխատուժին դարձյալ բաժին է հասնում միայն գոյության պահպանման հնարավորություն:

Երկրի երեսին ու ընդերքում եղած հարստության հետ այսպես վարվում են միայն  գաղութատերերը: Նրանց համար շատ բարենպաստ դիրքորոշում են որդեգրել մեր երկրի վտանգված ոլորտների մասնագետները, որոնց ահազանգը գուցե  որոշիչ դեր խաղար: Բայց անարձագանք մնալու պարագայում անգամ մասնագետները լռելու իրավունք չունեն:    

Այսօր Հայաստանում չկա երկրի դեմքն ու հիմքը հանդիսացող միջին խավ, չկա միջին ու մանր բիզնես: Մեր երկրում չստեղծվեց կառավարման համակարգ, մեր «կառավարիչները» իսպանացիների նման զբաղվեցին միայն հարկահանությամբ  ու ոչինչ չթողեցին ժողովրդին: Օլիգարխին են պատկանում Հայաստանի հանրային հարստությունները գրպանելու միջոցով ստեղծված խոշոր բիզնեսները` որպես կրկնակի հարստահարման միջոց: 

Հայաստանը չդարձավ աշխարհի քաղաքական որևէ ուժի պարտնյորը, քանի որ այդպես էլ ո՛չ ներսից, ո՛չ դրսից չգիտակցվեց այս երկրի շահը: Պարտադրված կրթամշակութային ծրագրերը մեր ձեռքը տրված բահ եղան` ազգայինի հիմքերը քանդելու համար: Արդեն տասը տարի է` մեր պետական լեզուն զբաղված է տարերային ինքնազարգացմամբ, քանի որ պետական գրանցում չի ստացել լեզվական որևէ որոշում: Մարդկային ռեսուրսներ, ընդերք, արդյունաբերություն, մշակույթ, լեզու… Այսպես դրսից ու ներսից հարստահարվեց Հայաստանը: Մնացել է միայն մեր փոքրիկ երկրի տարածքը: Դրսի ուժերի կողմից այն կարևորվում է մեզ համար անբարենպաստ` աշխարհագրական դիրքով, ինչը, կառավարման կազմակերպված համակարգ ունենալու դեպքում, կարող էր անգամ շահեկան նշանակություն ունենալ մեզ համար:

Սեփական երկրի հետ այսպես վարվում են միայն այն դեպքում, երբ պիտի հեռանան:

Մենք ունեինք պետության կերտման համար քաղաքական տեսանկյունից ամենակարևոր նախադրյալը` անկախություն: Մոտ 25 տարի առաջ անկախությանն «այո» ասած հայաստանցու համար այդ գաղափարը ցավալիորեն նույնացվել է քաղաքական մեկուսացման հետ: Հայաստանը չի կարող ապրել աշխարհից կտրված, ուրեմն էլ ի՞նչ անկախություն… Այս մտայնությունը դեռևս քաղաքական  հասունացում չապրած ժողովրդին զանգվածաբար դեպի հանրաքվե տանելու, «ուռա» գոռալով անկախության օգտին քվեարկելու հետևանքն է, որ վստահաբար պարտադրված էր դրսից և որն էլ արտահայտվեց ընտրությունների ժամանակ՝ իր բոլոր ածանցյալ հետևանքներով: Մինչդեռ անկախ լինել, նշանակում է` որոշում կայացնելու իրավունք ունենալ, այլ երկրների հետ բանավեճի մեջ լինել, և ոչ թե լինել սեփական երկրի միջանկյալ տերը, և դեռ օտարին միջնորդավճար տալ` գույք պարտքի դիմաց: Այսօր մենք որևէ երկրի հետ բանավեճի մեջ չենք, քանի որ հայտնվել ենք մի կացության մեջ, երբ պետությունից օտարված ու երկրից օտարվող ժողովրդով մերկ կանգնել ենք աշխարհի առաջ. մերկ, ուրեմն և` անզեն: Իսկ անզենի տեսակետն ու շահը ոչ մեկին չի հետաքրքրում:

Չի կարող իսկապես անկախ լինել այն երկիրը, որի տնտեսական ապագան հանձնված է մի այլ երկրի: Այն երկիրը, որն իր ազգաբնակչության մի զգալի մասը հանձնել է օտարին որպես պատանդ, չի կարող իսկապես անկախ լինել:    

Թեև մենք այնժամ ամբողջովին դուրս չէինք եկել խորհրդային ագիտացիայի պատճառած թմրությունից ու անպատրաստ էինք անկախ պետության կերտմանը, բայց այնքան զոհեր ու զոհողություններ ունեցանք, որ պիտի ձգեինք մեր գոտիներն ու կայացնեինք մեր երկիրը, այլ ոչ թե 25 տարում անկախ պետությունից իջնեինք իսպանական` ստրկատիրական  շահագործման մակարդակի` երկիրը հանձնելով գուվերնյորներին:

Մենք մեր էկոլոգիապես մաքուր տրանսպորտի միջոցի ռելսերի պես մեր երկրի ռելսերն էլ օտարեցինք երկրից և մեր ճակատին ստացանք այդ ռելսերից ձուլված փամփուշտները: Եվ ահա կանգնած է երրորդ հազարամյակում մեր երրորդ հանրապետությունը` չկողմնորոշված, չկայացած, անհաջողակ, չսիրված ու չհասկացված Հայաստանը` տրեխներով ու փողկապով, աչքը օտարի երեսին, իր հինավուրց, թանկարժեք  մշակույթի ու քաղաքակրթության ծանր բեռը ուսերին` ուրիշի Հայաստանս… 

Այս ամենը վերևից ներքև՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բոլորիս ցավն է այս ամենը: Բայց ես ինձ յուրովի պատասխանատու եմ զգում, քանի որ  իմ ապրելու ժամանակը` ազատության մեջ, թե առանց դրա, ամբողջությամբ նվիրել եմ Հայաստանի անկախության գործին, և այսօր էլ նույնն է հավատամքս` անկախությունը` որպես միջոց և ազատությունը` որպես նպատակ:

Այսօր Հայաստանը մի աչքով հյուսիս է նայում, մի աչքով` արևմուտք: Այսօր ոչ միայն ժողովուրդը չի զգում իր թիկունքին իր պետության սատարող ուժը, այլև պետությունն էլ զրկված է ժողովրդի ուժից: Այսօր, անկախ բնակության վայրից, աշխարհի բոլոր հայերը կրում են հետամուտ ուժերի կողմից անկախության գաղափարը դավադրաբար արժեզրկելու, այս աղավաղված անկախության հետևանքները: 

Բայց ես շարունակելու եմ վկայություն տալ ապրելու օգտին, որ նույնն է, թե ազատության օգտին: Իմ փորձառությամբ գիտեմ, որ մոտ է ժամանակը, երբ իմ ժողովուրդն իսկապես «այո» է ասելու իր անկախությանը, և դա լինելու է ոչ թե նրա զգացմունքայնության ու պոռթկունության, այլ հավաքական կամքի ու քաղաքական գիտակցության արտահայտությունը:      

Մեկնաբանություններ (7)

Օնիկ Միքայելյան
Սիրելի Ռազմիկ: Հրաշալի վերլուծություն է՝ հակիրճ, սրտացավ և խորը: Աստված մարդուն և ժողովրդին պարբերաբար ուղղվելու հնարավորություն է ստեղծում: Մեր պատմության մեջ այդպիսի հնարավորությունից էապես օգտվելու դեպք չեմ հիշում: Օգտվելու համար նախ պետք է ցանկություն և ապա իրագործելու կամք ու գործ: Լավատեսությունդ նախանձելի է:
Անդրանիկ Հակոբյան
Չի կարող իսկապես անկախ լինել այն երկիրը, որի տնտեսական ապագան հանձնված է մի այլ երկրի: Այն երկիրը, որն իր ազգաբնակչության մի զգալի մասը հանձնել է օտարին որպես պատանդ, չի կարող իսկապես անկախ լինել:
Գոհար Մաշուրյան
Բայց ես շարունակելու եմ վկայություն տալ ապրելու օգտին, որ նույնն է, թե ազատության օգտին: Իմ փորձառությամբ գիտեմ, որ մոտ է ժամանակը, երբ իմ ժողովուրդն իսկապես «այո» է ասելու իր անկախությանը, և դա լինելու է ոչ թե նրա զգացմունքայնության ու պոռթկունության, այլ հավաքական կամքի ու քաղաքական գիտակցության արտահայտությունը:
Lyudmila Melikyan
.... Իսկ անզենի տեսակետն ու շահը ոչ մեկին չի հետաքրքրում:
Հ. Մարտիրոսյամ
Մենք մեր էկոլոգիապես մաքուր տրանսպորտի միջոցի ռելսերի պես մեր երկրի ռելսերն էլ օտարեցինք երկրից և մեր ճակատին ստացանք այդ ռելսերից ձուլված փամփուշտները: Եվ ահա կանգնած է երրորդ հազարամյակում մեր երրորդ հանրապետությունը` չկողմնորոշված, չկայացած, անհաջողակ, չսիրված ու չհասկացված Հայաստանը` տրեխներով ու փողկապով, աչքը օտարի երեսին, իր հինավուրց, թանկարժեք մշակույթի ու քաղաքակրթության ծանր բեռը ուսերին` ուրիշի Հայաստանս…
Մեխակ Գաբրիելյան
Հրաշալի է:
Մարինե Հայրապետյան
Ի խորոց սրտի Ասված Խոսք է:Վկայություն է ՄԵՐ Հայաստանի ապրելու օգտին, արձակ հիմն է ՄԵՐ Հայաստանի, ՄԵՐ Հայստանի քաղաքական գիտակցության արտահայտությունն է, ուղիղ ճանապարհ է դեպի ՄԵՐ երազած անկախ Հայաստան: Հպարտ եմ Ձեզանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter