HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ռուբլին ճնշում է դրամին

Հունվարից հետո դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 2%-ով (դոլարի փոխարժեքը 405,95-ից բարձրացել է մինչև 414,40): Սա, իհարկե, համեմատելի չէ ռուսական ռուբլու 20% արժեզրկմանը, սակայն ռուսաստանյան գործընթացների ազդեցությունը չպետք է թերագնահատել:

Մենք թափով ինտեգրվում ենք Մաքսային միություն ու թանկ դրամը մեզ համար լավ դաշնակից չէ: Պատահական չէ, որ Ղազախստանը ռուբլու արժեզրկմանը զուգահեռ արժեզրկեց սեփական թենգեն՝ իր ապրանքների մրցունակությունը պահպանելու նպատակով: Որքան մեր առևտրաշրջանառությունն ընդլայնվի Ռուսաստանի հետ, այնքան ստիպված ենք ավելի շատ հաշվի նստել ռուսական ռուբլու «քմահաճույքների» հետ:

Վերջին 2 ամիսներին ՀՀ Կենտրոնական բանկին ավելի դժվարությամբ է հաջողում պահպանել դրամի հարաբերական կայունությունը: Միայն փետրվարին ՀՀ Կենտրոնական բանկը մոտ 60 մլն դոլարի ինտերվենցիա է իրականացրել` դրամին աջակցելու համար: Համեմատության համար` ողջ 2013-ի ընթացքում ԿԲ-ն ընդամենը 49 մլն դոլար էր վաճառել, այն էլ հիմնականում մարտին: Սովորաբար փետրվար-մարտին ՀՀ ֆինանսական շուկայում նկատվում է դրամի թուլացման միտում, դա սեզոնային գործոնների հետևանք է: Այս ամիսներին տրանսֆերտների ծավալը փոքր է, իսկ սպառված գազի դիմաց «Գազպրոմին» վճարելու համար ֆինանսական շուկայում զգալի դոլար է գնվում: Այս միտումները կարող են շարունակվել մինչև ապրիլ-մայիս, որից հետո սեզոնային գործոններն «աշխատում են» հօգուտ դրամի: Սակայն ընդգծենք՝ այս տարի դրամի կայունությունն ավելի դժվարությամբ է պահվում, քան նախորդ տարիներին, իսկ դա նշանակում է, որ սեզոնային գործոններին ավելացել են նաև այլ գործոններ:

Գործնականում բանկերի մոտ ձևավորվել են դրամի արժեզրկման սպասումներ ավելի երկարաժամկետ կտրվածքով, ինչը նպաստել է դրամային ավանդների տոկոսադրույքների բարձրացմանը: Արդեն իսկ որոշ բանկեր մեկամյա դրամային ավանդների տոկոսադրույքը բարձրացրել են մինչև 14%: Դրամային տոկոսադրույքները բարձրանում են նույնիսկ այն պարագայում, երբ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ ֆինանսների նախարարությունը՝ պետական պարտատոմսերի տոկոսադրույքը: Նշանակում է՝ շուկայում նոր սպասումներ են ի հայտ եկել, ու դա առայժմ կարելի է կապել միայն դեպի Մաքսային միություն ինտեգրացիոն գործընթացների հետ:

Բոլորն էլ հասկանում են, որ Մաքսային միությունն ավելի անկայուն ու անկանխատեսելի տնտեսական միջավայր է, ինչը չի կարող չանդրադառնալ Հայաստանի ֆինանսական համակարգի վրա: Բացի դրանից պարզ չէ՝ արդյոք Արժույթի միջազգային հիմնադրամը Մաքսային միությանն անդամակցելուց հետո պատրաստակամ կլինի ֆինանսավորել ՀՀ միջազգային պահուստները(անհրաժեշտության դեպքում, իհարկե): Բոլոր այս կասկածներն ու անորոշությունները սրվում են ուկրաինական ճգնաժամի ֆոնի վրա, ինչն, իդեպ, վեր հանեց Ռուսաստանի ֆինանսական համակարգի խոցելիության բավական բարձր աստիճանը: Սակայն Մաքսային միությանն անդամակցումը կարող է նպաստել ներդրումների աճին, որը մասամբ կամ լիովին(կախված իրական ներդրումների ծավալից) կարող է չեզոքացնել մյուս բացասական ազդեցությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter