HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանը ինտերնետից է տեղեկացել, որ Վոլոդյա Ավետիսյանի գործը գնացել է դատարան

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով նախաքննության ավարտի ու գործը դատարան ուղարկելու մասին փաստաբան Արա Զաքարյանը համացանցից է տեղեկացել. «Ես գիտեմ այնքան, որքան Դուք»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի անդամ Արա Զաքարյանը՝ ավելացնելով, որ այսօր կամ վաղը, թերևս, նամակ կստանա ու պաշտոնապես կիրազեկվի այդ մասին: 

Պաշտպանը նշեց, որ քննիչ Գևորգ Խաչիկյանը Վոլոդյային իր ներկայությամբ իրազեկել է նախաքննության ավարտի մասին, կազմվել է արձանագրություն: «Բայց ես դատախազությունում բողոքարկել եմ նախաքննության գործողությունները, այդ թվում այն, որ 6 ամիս իմ պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ, սակայն այս պարագայում ամենակարևոր քննչական գործողություն համարվող առերեսումը Հ.Զաքարյանի հետ տեղի չի ունեցել»,-շեշտեց փաստաբան Զաքարյանը՝ նշելով, որ դատախազությունից դեռ չեն պատասխանել բողոքարկմանը: «Հետևապես, առանց այդ պատասխանի ինչպե՞ս կարող էր գործը ուղարկվել դատարան»,-զարմանում է փաստաբանը: 

Հիշեցնենք, որ Հ. Զաքարյանն այն անձն է, ումից, ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը 2000 ԱՄՆ դոլար է վերցրել՝ թոռանը ծառայությունից ազատելու նպատակով: 

Փաստաբանն անցյալ շաբաթվա սկզբին է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ ու հանդիպել Վոլոդյայի հետ: Նա «Հետքին» փոխանցեց, որ Վոլոդյա Ավետիսյանը դարձյալ պնդում է, որ ազատամարտիկների խնդիրների բարձրաձայնման ու ակտիվ պայքարի հետևանքով է հայտնվել բանտում:     

«Հետքը» խոսեց նաև Վոլոդյայի որդիներից՝ Նորիկի հետ, ով ասաց, որ իրենց ընտանիքն արդեն 6 ամիս է` չի տեսել հորը: Վոլոդյան ձերբակալվել է անցյալ տարվա սեպտեմբերի 19-ի գիշերը: Անծանոթ չորս տղամարդ գնացել են նրանց տուն, դուրս կանչել, այլևս նա տուն չի մտել, ամբողջ գիշեր փնտրել են, բջջայինն անջատված է եղել: Առավոտյան ՊՆ քննչականից զանգել են ու ասել, որ Վոլոդյան իրենց մոտ է: «Եթե պապան չպայքարեր ազատամարտիկների իրավունքների համար, էս գործը չէին սարքի»,- վստահ է Նորիկը: Հարցին, թե ինչպես է անցնում փոքր եղբոր՝ առողջական խնդիրներ ունեցող Ավետիսի ծառայությունը, Նորիկն ասաց, որ արդեն 1.5 ամիս է` ծառայում է Վանաձորի զորամասերից մեկում: Նորիկը տեղեկացրեց նաև, որ երեքշաբթի` ժամը 15:00-ին, ազատամարտիկները կազմակերպելու են ակցիա Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի և մյուս քաղբանտարկյալների:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter