HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Ոտքի, դատարանն է գալիս

2009 թվականը 2008 թվականը չի: Հանճարեղ այս հայտնությամբ ես մտա նոր տարի: Մենք բոլորս, կարծես թե մտնում ենք պայծառատեսության ժամանակաշրջան: Շատ շատ են գուշակները մեր առաջնորդակազմի մեջ: Գուշակում են ճգնաժամ, գուշակում են հեղափոխություն, գուշակում են բարձրադիր աթոռներ և նրանցից յուրաքանչյուրը, ինչը մարդկայնորեն հասկանալի է, ամեն մեկն իր համար:

Մեր առաջնորդակազմը, պարզվում է, ունի լուրջ շամանական հակումներ: Մի փոքր հետ մնալով մեր լիդերներից, այս օրերին ընթացող մի դատավարության մեկնությամբ կսկսեմ ասելիքս այս տարում: Ուզում եմ շեշտադրել հստակ, որ տարին սկսվեց ազատություն խոստացող առաջաբանով: Ամբաստանյալի աթոռին են նստած «ոտքի դատարանն է գալիս»  հրամանին չենթարկվող յոթ մարդ:

Իմ հայրենակցին ասեմ, որ նման նախադեպի ես եղել եմ ներկա լճացած խորհրդային տարիներին, երբ շինծու բանդիտիզմի հոդվածով դատվում էր մարդկանց մի ստվար խումբ: Նրանք էլ ոտքի չէին կանգնում, այդ կերպ արտահայտելով իրենց վերաբերմունքը խորհրդային արդարադատության նկատմամբ: Իհարկե, այն տարիները մի փոքր այլ էին և դատավորներն էլ եվրոպական արժեքների փնտրտուքի ճանապարհին չէին:

Կար խորհրդային բարոյականություն, կար խորհրդային գաղափարախոսություն ու խորհրդային արդարադատություն: Մեղադրական փաստերի իսպառ բացակայության պայմաններում այն ժամանակ տասնհինգ տարին «բարձվեց» խորհրդային դատարանը չհարգող ըմբոստներից յուրաքանչյուրին: Ինստիտուցիոնալ վիրավորանքը չներվեց դատապարտյալներին:

Ես մտա 2009 թվական հաստատ մի համոզմամբ, որ 2009-ը 2008 ութ չի, առավել ևս համոզվեցի, որ այն 1979-ն էլ չի: Համոզվեցի, որ տարիները չեն փոխել հայ մարդուն` ոչ դատողին, ոչ էլ դատվողին: Իմ սերունդն անկախ իր բազմաչարչար փորձերին ազատության ճանապարհին ոչ մի քայլ առաջ չի գնացել: Մի փոքր շեղվելով դատարանական մեր թեմայից ասեմ, որ ամանորյա էջմիածնական հոգևոր դրսևորումները նույնպես ազատագրող ոչ մի հարց չլուծեցին, բացի առ Աստված ուղղված արձանագրային խոսքերից:

Եթե չասեմ , որ դրանք մյուսների հետ համահունչ, ավելի շուտ եկան լցնելու մեր օրերին հարիր առաջնորդական սուտը: Դատարանում ոտքի չկանգնելը գալիս է վերաբերմունքից: Մարդուն կարող ես մեղադրել, կարող ես դատել, կարող ես ազատազրկել, կարող ես պատժել օրենքի ամբողջ խստությամբ, բայց ստիպել հարգել քեզ, անհնարին է: Պատմական փորձը ցույց է տալիս, որ իշխանավորին ուղղված անարգանքը կարող է ներվել, բայց ընդհանրապես իշխանությանն ուղղված անհարգալից վերաբերմունը չի ներվում:

Այդպիսին  է իշխանությունը ` չանձնավորված, ընդհանարապես ու անդեմ: Այդպիսին է արդարադատությունը ընդսմին նաև: Եվ զարմանալիորեն այդ չանձնավորված խաղի արդյունքում տուժում է քաղաքացին ` կոնկրետ մարդը: Հռետորական «Իսկ ովքե՞ր են դատավորները» հարցը պատմականորեն մնացել է կախված օդում:

Մարդը չի կանգնում, մարդը չի հավատում, այդ պահի արդարադատությանը չի վստահում, մարդն այլակարծ է: Ի՞նչ է բռնենք ու կախենք  մարդուն: Ստացվում է, որ նման տրամաբանությամբ է գործում քսանմեկերորդ դար թևակողած նորանկախ մի հավաքականություն և դրան վրադիր մի առանձին ցինիկ քամահրանքով է վերաբերում քաղաքակիրթ նմանակի հորդորներին:

Ամենայն հավանականությամբ ավելի մարդկայնացած երկրները արդարադատական նման փակուղիներում հայտնված կլինեն կայացման իրենց վաղ տարիներին և հավանաբար դրանց ելքերն էլ գտնված կլինեն արդեն: Պերմանենտ թյուր վիճակներում հայտնվելու մեր պրակտիկան գալիս է ամենագետ լինելու մեր բարդույթից, ըստ երևույթին: Մարդը չի հարգում, չի կանգնում:

Դա իր իրավունքն է: Արդարադատությունը, ես կարծում եմ, որն ըստ իս կոչված է հանրության, այլ ոչ թե մարդկային մի խմբի շահը պաշտպանելուն, պիտի լինի ունակ ինքնակիրարկվելու: Խռոված տեսքով հետաձգել նիստերը, նշանակում է լինել ոչ ունակ տվյալ պաշտոնը վարելուն, նշանակում է լինել ոչ կոմպետենտ: Իրավապահի ինստիտուցիոնալ ֆիասկոն, ինչի վկան է հայ հանրությունն այս նոր տարեսկզբին, ծնում է թերահավատության հասնող հիասթափություն: Իշխանություններն ունակ չեն արդարադատությունն իրականացնելուն:

Քանդվում է անձնավորված հարաբերություների վրա կառուցված համակարգը: Անձնական, վիրավորված ամբիացիաներից է ծնվում արարողակարգային ամլությունը: Մարդիկ երգում են դատարանի դահլիճում: Մարդը կարող է երգել, որտեղ ուզում է` բաղնիքում, փողոցում, բեմի վրա, կամ էլ դատարանի դահլիճում: Դա իր` տվյալ մարդու, իրավունքն է: Իրավապահն էլ պիտի կարողանա ապահովել երգողի ու այդ երգը լսողի հավասարակշիռ կացութակերպը:

Իրավապահը, իշխանությունը դա անել չեն կարողանում: Ես իմ դատողություներն անում եմ հենվելով եթերը հեղեղած հեռուստաինֆորմացիայի վրա: Եվ հեռուստացույցն օգտագործելով որպես ժամանակի ցրվածությունը խտացնող մի գործիք, փոփոխելով հեռուստալիքները սկսած դատարանի դահլիճից մինչև էջմիածնական լիթուրգիան, բացահայտում ես հանկարծ, որ այդ ամբողջը նման է բաքոսերգության, որի ավարտն անշուշտ լինելու է համընդհանուր անհնազանդությունը` դրանից բխող հետևանքներով: Վերջացնելով իմ ասելիքն, ուզում եմ հիշեցնել այնքան մոլեռանդորեն խաչակնքող ու խաչակնքվող մեր հովվապետերին, որ ստի դեմ էր Խաչյալի պայքարը` ինստիտուցիոնալ ստի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter