HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Կախել չի կարելի ներել

Ինչու° հայաստանաբնակ մարդը, բացահայտելով անարդարությունը, չի ընդվզում դրա դեմ: Ես պիտի փորձեմ այս զուտ անձնական հարցին տալ իմ մասնավոր բացատրությունը: 

Անկախության առաջին տարիներին տարբեր ծագումնաբանություն ունեցող շերտերից իշխանության եկած մարդիկ սկսեցին իրենց շուրջը համախմբել ընկեր-ծանոթին` փորձելով հավատարիմ մարդկանցով ամրապնդել ձեռք բերված սոցիալական ստատուսը:

Դիրքի ամրապնդման ամենահիմնավոր գրավականը նյութական ամուր բազայի ստեղծումն էր: Ֆինանսական ու նյութական ռեսուրսները սկսեցին ուղղվել դեպի իշխանական աթոռներին տեղավորված անձանց ու նրանց հարազատների գրպանը: Իր անվրեպության մեջ ստուգված այդ արատավոր պրակտիկան կարմիր թելի պես անցել է մարդկության պատմության ողջ կենսագրականով:

Եվ հայերն էլ այլ բան չհնարեցին: Ըստ ամենայնի, ներքուստ ըմբռնելով բռնած ճանապարհի արատավորությունը` իշխող դասն իր արարքներով ու քարոզչամիջոցներով սկսեց հանրային գիտակցության մեջ ներարկել այն գաղափարը, որ կյանքն անարդարացի է ընդհանրապես, և մարդն էլ արատավոր է ի սկզբանե: Անարդարացի կյանքի` որպես անփոփոխ տրված մի բանի մոդելը ժամանակի հետ ընդգրկեց հայաստանաբնակ մարդու միտքը: «Աշխարհն անարդար է մնալու, ինչ էլ որ անես» սևեռուն գաղափարը, լինելով գերիշխող, հայ մարդուն տարավ դեպի համակերպում:

Մարդու արատավոր ու թեր լինելու թեզը որոշ ընդհատումներով շուրջ երկու հազար տարի քարոզվում է իշխող դասակարգի ամենահզոր զենք հանդիսացող եկեղեցիների ամբիոններից: Սոցիալական խնդիրներից հեռացնող պատմական այդ գործընթացին էլ վրադիր` մեր օրերի մարդու վիճակը սաստկացնում է հեռուստամասխարան:

Շատ հեռու չգնալով ասեմ, որ վերոպատմյալն ամբողջականացնող է սերիալներից ամենակրկնվողն ու ամենահիմնավորը` էջմիածնական հոգեբաղնիքի հեռուստաքարոզչությունը: Ցուցադրվում է եկեղեցական միջոցառումը միջոցառման հետևից` կրկնվող, մոնոտոն «Մարդը մեղավոր է ու թերի» նույն թեզով:

Քավվում են բոլորը` հոգևոր առաջնորդը, աշխարհիկ առաջնորդը, դրանց շրջապատած էլիտան և խորանից դեպի հեռուն տարածվող, ըստ հիերարխիայի բազմադարս շարված, իր հունդին սպասող մեղավորների բանակը: Այս ամենն ունի զուտ մի ասելիք. «Եթե թերի ու մեղավոր ենք մենք` առաջնորդներս, ապա մեղավոր ու թերի են առավել ևս մնացյալները»:

«Օրհնիր ու պահպանիր մեզ`մեղավորներիս, Ամենակարող Տեր»: Այս աղերսով էլ ձեռք է բերվում նոր մեղսագործությունների տանող ինդուլգենցիան: Մեղավորության զգացումը, այո, մարդու ֆունդամենտալ վիճակն է: Ներքին կյանքի օրոգրաֆիան նրբերիզված է այդ զգացումով, և այդ ապրումն է, որ տանում է անձին դեպի իր վերջնանպատակը:

Ու ինչքան շարքային հայ մարդն իր զղջման մեջ ձգտում է կատարելության, այնքան այդ մարդկանցից կազմված հանրությունն ավելի արագ է թաղվում արատի ու բռնության մեջ: Կա վերնախավային մի շերտ, որը խաղում է մարդկանց ամենանվիրական զգացումների վրա: Այս օրերին հաճախ է հնչում «այսինչը խոստովանեց իր մեղքը, այնինչը չի խոստովանում իր մեղքը, այս մեկը ներում հայցեց, այն մեկը չի հարգում օրենքն ու դատարանը»:

Տպավորություն է, թե, իրոք, ապրում ենք աշխարհի վերջին մոտ ժամանակներ, ու Նոր Կտակարանում գրված ապոկալիպտիկ կանխագուշակումներն էլ ճշմարտանման են: Միայն «սերմացուն որոմից» զատողները, կարծես թե, այնքան էլ հրեշտակային կյանքով չեն ապրում: Քանդել ու վերանայել դարերով կեղեքող կացութակերպը մենք չենք ուզում: Կա եղածը կորցնելու վախ: Փորփրել անցյալը, չսերտված դասերը վերակրկնել ու նայել անընդհատ հետ:

Նման մեթոդով է ձևավորվում մեր առաջնորդող դասի աշխարհընկալումը: «Հայ քաղաքական մտքի պատմագրություն» տերմինը, օրինակ, ինձ անծանոթ է: Եվ չեմ կարողացել հասկանալ, թե նորօրյա քաղաքական մտքի լուսատուները այդ ո՞ր պատմականության վրա են կառուցում իրենց տեսությունները: Արդեն երկու տասնամյակ է հայ մտքի ստրատեգների ձեռքին խաղալիք է զարմանալիորեն գոյատևած մի հավաքականություն:

Որտե°ղ է գծվում հայ ազգի հնարավորության սահմանը: Այս հարցի մասին ոչ ոք չի էլ մտածել: Եթե այդքան շատ ենք ուզում մեր վաղվա անելիքը կառուցել պատմականության ամուր հիմքի վրա, եկեք արձանագրենք, որ պատմականորեն  մենք եղել ենք սատրապ:

Եղել ենք այն, ինչ կանք հիմա: Սատրապություն: Եվ թող ոչ ոք չներկայացնի, թե այլ կենսակերպ է հաստատված Հայաստանում հիմա: Մի գուցե ինքնուրույն ապրած շրջաններ եղել են մեր հավաքական կյանքում, և գուցե ունեցել ենք թագավորություններ` առյուծ պահող թագավորներով:

Ի գիտություն ասեմ, որ հումանիտար վեկտորի մեջ տեղավորված ոչ մի ժողովուրդ ազատության, որ նույնն է` արդարացի կենսակերպի որոնման ճանապարհին, առյուծ պահողներով չի առաջնորդվում այսօր:

Հայրենակցի մեջ վախ սերմանող առյուծապահը, տրանսցենդենտալ երջանկության մասին հեքիաթասացը մարդուն ստրկացնող նույն իշխող կառույցի մարմնամասերն են: Այս պահին ամեն ինչին համակերպ, դրսի հրամանին հլու հպատակ, պատմականորեն հաստատված կցորդի հոգեբանությամբ ապրում է հայաստանաբնակ էլիտան իր հողակտորին երեր կպած:

Այդպիսին է սատրապության հնարավորության սահմանը ու դրանում ապրող մարդու ճակատագիրը նաև: Հայ հարուստի հոգեբանության մեջ կեսարներից այս կողմ ոչինչ չի փոխվել: Ցանկացած նպատակ, անշուշտ, ծնվում է հավաքականության մեջ եղած ամենախիզախի գլխում:

Եվ եթե հայ առաջնորդներից ամենախիզախի մտքում երբևէ ծնվել է նմանին ստրկացնելու գաղափարը, ապա դրան նա պատմականորեն արդեն կարողացել է հասնել ներկայում: Եթե մարդուն երկու հազարամյակ ասում են, որ նա թերի է ու արատավոր, ասածը համեմելով ծամածռությամբ, ապա նա, ի վերջո, տեղավորվում է թյուր մարդու այդ կաղապարի մեջ:

Հայաստանում, ի բավարարումն հայ իշխանավորի, վերջապես հաստատվել է պատահականությունների վրա հիմնված մի կարգ, որտեղ ապրողի ճակատագիրը կախված է հրամաններ արձակող տիրոջ քմահաճույքից, անստորակետ մի հրահանգից, որտեղ կետադրական սխալը կարող է լինել ճակատագրական հպատակի համար, ինչպես այս հոդվածի վերնագրում. երբ ստորակետը դրվում է «կախել» բառից հետո, ապա մահապատժի են ենթարկում մարդուն, իսկ երբ ստորակետը դրվում է «կախել չի կարելի» բառերից հետո, ապա մարդն արդարացվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter