HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Նոր կարգ ու նոր կյանք

Ազգային ժողովի նախագահը երևանյան բակերում ընթացող նախընտրական ծեծ ու ջարդերը շատ ներողամտաբար որակեց որպես հանրային ապրելակերպի նորմի մեջ տեղավորվող աժիոտաժ: Դե եթե նորմի մեջ է այդ ամենն ըստ պետության երկրորդ դեմքի, ապա ներքին մի զգացում ինձ ասում է, որ անկախ ընտրախախտումների չափին Կոնգրեսը ինքն էլ դա ընդունելու է որպես նորմ ու առճակատման չի գնալու այս անգամ:

Համաժողովրդական շարժման առաջնորդը հենց այնպես չէր, որ ասաց «հետագայի համար սիրելի հայրենակիցներ կմեղադրեք ինքներդ ձեզ»: Շարժումն ունի իր բանտարկյալը, ունի իր տուժածն ու վտարանդին: Ես ենթադրում եմ , որ տուժյալ տալու հերթը նա զիջելու է ամառանոցի ճամփան բռնած «շառ ու փորձանքից» հեռու մնացող ավտոհովեկին: Ըստ իս ընտրական գլխացավանքից հեռու փախչող այդ ավտոտուրիստին էլ ուղղված է իմ այս գրվածքը, որը կսկսեմ կապիկների խմբի վրա կատարված մի գիտափորձի մեկնաբանմամբ: Երկու սեռից կազմված մոտ երկու տասնյակի հասնող կապիկների մի խմբի տեղավորում են վանդակում: Շատ արագորեն վանդակի մեջ հաստատվում է կենդանական աշխարհին հատուկ հիերարխիկ կարգ:

Որձ կապիկների մի խումբ վերցնում է իշխանությունը, սկսում է վերահսկել էգերին ու վանդակ մտնող սննդաբաժինը: Երբ էգերից մեկը կապի մեջ է մտնում իշխող խմբի մեջ չմտնող մի ուրիշ կապիկի հետ, նա դաժանորեն ծեծվում է կապիկների խմբի առաջնորդի կողմից:

Գիտափորձի ղեկավարը ասում է, որ եթե մարդը չխառնվի նրանց կյանքին, ապա մի քանի կապիկներ վանդակի մեջ պարզապես սովամահ կլինեն: Գիտափորձը բացի գիտականությունը, անշուշտ ունի նաև ուսուցանող նպատակ նրանց համար, ովքեր ուղղորդում են իրենց էթնոխմբի հումանիտար զարգացման գործընթացը:

Իր ճանապարհին մարդ տեսակը, ընդհանրապես, խնդիր ունի իր հեռավոր նախնու կողմից հաստատված կարգ ու կանոնը կատարելագործել ու ավելի մարդկային դարձնել միջավայրը: Ազգերի մի խմբի ինչ որ չափով դա հաջողվում է անել մասամբ, իսկ մյուսները որոնման ճանապարհին են դեռ ահավասիկ:

Երևանյան մունիցիպալ խորհրդի այս նախընտրական գզվռտոցի հետ ինչ որ ասոցիատիվ կապերն իմ մեջ, վաղուց տեսած հեռուստահաղորդման հուշ հիշողությունն արթնացրին: Ու ես հասկացա, որ պետականության կայացման մեր փորձին զուգահեռ գնալով սաստկանում է մեր էլիտայի վայրենի դեմքը:

Բիրտ ուժի ցուցադրական վերջին դրևորումներն անկասկած մի քիչ թույլ բնավորություն ունեցող հայ տեսակի դեմ է: Այս խուլիգանական դրվածքով կրիմինալ մթնոլորտը սարքվում է մի քիչ կակուղ բնավորություն ունեցող մարդու համար: Նախընտրական Երևանում հենց այնպես չեն ակտիվացել «թաղի տղաները»: Դա ունի ծրագրավորված մի միտում. նպատակը մի քիչ մեղմ բնավորության մարդուն ընտրաարկղից հնարավորինս հեռացնելն է: Այդպես էլ կլինի ամենայն հավանականությամբ, եթե մենք շարունակենք ծուլանալ:

«Հետքի» համար գրված իմ «Հեղափոխոթյուն» հոդվածում ես ասել եմ, որ մեզ տեղից էլ ոչինչ չի շարժելու: Գրեցի, որ մենք ռադիկալ փոփոխություն անելու ունակ ազգ չենք, իսկ իշխանավորն էլ մեր կենսակերպը բարենորգողը չի: Այս հոդվածում նկարագրված վանդակի կարգը Հայաստանում միանշանակ հաստատվել ու ընթանում է իր հունով: Ասում եմ, գրում եմ, որ հայ իշխանավորը, հայ էլիտան է հավաքական անվտանգության պատասխանատուն:

Ես համարյա տող ու մեջ սրա մասին եմ գրում: Բայց այդ էլիտան թքած ունենալով իմ գրվածքի վրա այն չի էլ կարդում: Միայն մի զգացում է ինձ ստիպում այսքան շատ ասել նույն բանը: Ես համոզված եմ, որ վիճակը վատացավ փախչելու են նրանք. մենք ենք մնալու թշնամու դեմ հանդիման: Անզեն ու մենակ մնալու վախն է ստիպում ինձ զգոն պահել իմ հայրենակցին:

Եթե մի ազգի, մի պետության գլխավոր դատախազն ու օլիգարխը իրար վրա մատ են թափ տալիս հրապարակային, և խոսում են լոկ ուժի դիրքերից, ապա ինչպե°ս կարելի է այդ երկրում ապահով զգալ, սիրելի հայրենակից: Ինչպե°ս կարելի է սեփական ճակատագիրը տնօրինելու թողնել թաղի մակարդակի խոսակցություններով առաջնորդվող վերնախավին: Նախագահական ընտրություններից հետո անցած այս ժամանակահատվածում իշխանություները, հայ էլիտան, կոալիցիոն բոլոր կուսակցություններն ունեին ժամանակային անհրաժեշտ լիմիտ իրենց ռեաբիլիտացիայի ենթարկելու համար:

Նրանք դա չարեցին, չուզեցին, չկարողացան ըստ իս դրանք բոլորն էլ նույն բանն են: Հայ մարդը կանգնած է նոր ընտրության առաջ: Անցած մեկ ու կես տարում շարքային քաղաքացին ավելի աղքատացավ, հարկային ու ճանապարհային տեսուչը ավելի սոսկալի ու անմարդկային դարձան:

Քաղբանտարկյալին բանտից ազատման մի ճանապարհ թողեց «օրինապահը»: Մարդուն հասցնում են խելագարության, նոր բաց են թողնում: Երկրորդ սերնդի բարեփոխումների հայկական սպեցիֆիկան փաստորեն ենթադրում է գժանոցի դուռը հասցնել քիչ թե շատ դաստիարակված մարդուն: Ես չեմ ուզում ավելորդ խուճապ սերմանել իմ համաքաղաքացիների մեջ, բայց կա վախի զգացում, որ Կոնգրեսի պարտության դեպքում աննախադեպ են դառնալու ռեպրեսիաներն ու հետապնդումը փոքր ու միջին բիզնեսի, և ընդհանրապես շարքային մարդու նկատմամբ:

Կոնգրեսը պարտավոր չի գնալ նստել բանտում, զոհեր տալ, կորցնել  աշխատանքը, որ մենք ձեզ հետ միասին սիրելի փոքր ու միջին գործարարներ սահմանային պատասխանատու պահին, որպիսին է մայիսի 31-ի  Երևանի ավագանու ընտրությունները, գնանք ամառանոցում նստենք «շառից փորձանքից հեռու»:

Եթե բոլորս էլ իշխանական կոալիցիոն ճամբարի ընտրացուցակներից մեկի անկյունում ծվարած իր կերակրաբաժինը մուրացող արվեստագետի տիտողսով շպարված արուի պես հաշտվել ենք աուտսայդերի մեր բնական վիճակի հետ, եթե ընդունել ենք այն կարգը, որ իրավացի ու տեր է զուտ ֆիզիկական ուժը, ապա եկեք կամ հրաժարվենք մեր ունեցած բազմադարյան մշակույթի ու մեր ունեցած հին  քաղաքակարթությունների մասին պատմասացությունից, կամ էլ եկեք փորձենք ընդլայնել մեր վանդակի սահմանները ու դաստիարակված մարդու կարգ սահմանել նրանում:

Ես հայցում եմ ինքնասիրությունը պահպանած իմ հայրենակցի ներողամտությունը մի փոքր սուր գրված խոսքիս համար ու Խարուկի Մուրակամիի «Առանց արգելակների հրաշքների աշխարհը» վեպից մի մեջբերմամբ էլ ավարտում եմ ասելիքս. «… Գարնան գալու հետ, երբ արուները սկսում են մազաթափվել ու էգերը շուտով սերունդ պիտի տան, հեզաբարո էակների մեջ եռում է ննջող բնազդը, և արուները աննկարագրելի դաժանությամբ ձեռնամուխ են լինում իրար խեղելուն: Եվ այդ ժամանակ հողը ողողվում է արյամբ, որի վրա ծնվում է նոր կարգ ու նոր կյանք»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter