HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքը անհաշտ պայքարի կոչ է` ուղղված մարդուն

-Ես անձամբ եմ խնդրել նրա համար դատախազին, ես նրանից ներողություն կխնդրեմ այն բանի համար, որ մի շաբաթ վազել եմ սրա - նրա մոտ նրան ազատելու համար և այլն և այլն:

Բացատրության կցկտուր ու էմոցիոնալ ֆոնն է կասկած առաջացնում: Տարակուսում ես, թե ինչու է փորձում արդարանալ կամ արդարացնել իր արարքը գեներալ - լեյտենանտ մարդը: Ինչի համար է մասսայական ինքնախարազանման այդ մանիֆեստացիան:  

Ակնհայտ է, որ վեճի ու բռնության հիմքում դրված չէ քաղաքացիական կարգի պահպանման ալգորիթմը, այս պարագայում առկա է անձնավորված հարաբերությունը:

Յոթ երիտասարդի ու ոստիկանների բախման միջադեպը տրամագծորեն փոխում է մինչ այժմ ձևավորված քաղաքացի - իշխանավոր հաստատված հարաբերության դրվածքը: Յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ պետք է հաշվի նստի այն փաստի հետ, որ իր ու իրավապահի հարաբերությունը ցանկացած պահի կարող է անձնավորվել: Ինձ համար, որպես օրինապահ մարդ, այդ դրվածքն անընդունելի է:

Ես անձնական հարաբերություն ոստիկանի հետ, առավել ևս ոստիկանապետի հետ, ունենալու ոչ մի ցանկություն չունեմ: Ինչ որ մեկը իր շանը դնչկալով կարածեցնի, թե առանց դնչկալի, հարաբերակցման նյութ չի կարող ծառայել իմ ու իրավապահի միջև: Անհամոզիչ էր նաև ոստիկանապետի արագ արձագանքն ու արդեն պատրաստի վերդիկտի հրապարակումը: Նեոլոգիզմը զարմացրեց: Որտեղից մտքի նման ճկունություն, նման հանկարծահաս միտք, նման`էքսպրոմտ:  «Ոստիկանաորս»… արտասվալից է ասված:

Հեմինգուեյի պատմվածքի հերոս` ծերունի ձկնորս  Սանտյագոյին հիշեցի, այդ բառը լսելուց հետո: Առավել ևս ստիպեց ինձ հիշել վերոնշյալ պատմվածքը` մեր ոստիկանապետի խիստ հակասական ու «Հայլուրի» հերթական սադրիչ մեկնաբանությունները` դեպքի հետ կապված:

«Ծերունին և ծովը» պատմվածքում ամեն ինչ հակասական է: Գլխավոր հերոսը ձկնորս է, որն անընդհատ հակասում ու հերքում է ինքն իրեն, որն  ափսոսում է  ձկանն սպանելու համար, մարդ, որը հավատացյալ չէ, բայց աղոթում է ամենակրիտիկական պահին: Հենց այդ հակասություններն են դարձնում գործերի գործ  «Ծերունին և ծովը» պատմվածքը:

Կարդալով Հեմինգուեյի  հանճարեղ ստեղծագործությունը` կորցնում ես ուղենիշերը` զոհի ու դահճի` որսի ու որսորդի մասին: Նույնը կատարվում է մարդու մեջ մեր ոստիկանապետին լսելիս: Գոյապայքար է Հայաստանում, ինչպես Գոլֆստրիմի հոսանքում, գոյապայքար, որում չկան  ուղենիշեր:

«Կուզեի լինել ձուկ և ունենալ այն, ինչ ունի նա, այլ ոչ միայն կամք ու հնարամտություն»: Սա է Սանտյագոյի ուղենիշը, երջանիկ տեղի նրա երազը: Իսկ երիտասարդներն ուր գնան, ինչ երազեն ոստիկան - քաղաքացի գոյապայքարում, ապօրինության ծով Հայաստանում: «Հայլուրով» այդ երիտասարդներին անամոթաբար, ամենաապիկար էպիտետներով ներկայացրին որպես կորուսյալ հանցագործներ: Ճարտարապետական կրթությամբ, ընտանիք ունեցող կարգին մարդուն ներկայացնում են որպես ոստիկանի որսով զբաղվով մի թափթփուկ: Թույլ տվեք չհամաձայնել ձեր գնահատականի հետ, հարգելի  ոստիկանապետ:

Ճարտարապետ, լեռնադահուկորդ մարդը մարդաորսով չի կարող զբաղվել, և քանի որ խոսակցություններն անձնավորված են արդեն, ապա ասեմ ձեզ, որ անձամբ ճանաչում եմ Արտակ Կարապետյանին և կարող եմ վստահեցնել, որ մարդաորս նրա ծրագրերում չի կարող լինել: Այդ ոստիկանն է փորձում խլել ջահելի բռնած որսը, եթե ձեռք բերված անկախությունն ու ազատ Հայրենիքը կարելի է որս անվանել:

Շատ մեծ ու ախորժալի է երևում մեր բռնած ձուկը, մեծ ու շատ է երևում ագահ հարևանի աչքին, գաղութատիրոջ աչքին, շնաձկան բարքերով ապրող ագահ մեր իշխանավորի աչքին: Նույն կարմիր բերետն է, նույն սև ճտքավոր սապոգը, նույն կամուֆլյաժը, նույն սառը հայացքը, ինչը որ ռուսական ժանդարմինն է: Շնաձկային, սկինհեդական բարքերի դեմ է բողոքը, յոթինն էլ: Հայացքն է բախվել հայացքին: Հայացքի բախում է` աշխարհայացքի: Մեկն իր բնօրինակն ու եսի իրացումը տեսնում է համազգեստ հագած` մյուսն անհամազգեստ:

Մի իրականության մեջ համազգեստը նպատակ է, մի այլ վայրում օրինապահին տարազանող հագուստ, ընդամենը: Մի տեղ համազգեստով մարդը բեռ է, լուծ է, շառ է քաղաքացու գլխին, մի այլ տեղ` հույս ու փրկություն: Չի ուզում իշխել մարդը ոչ մեկի վրա և չի էլ ուզում, որ իշխեն իրեն: Այս բանաձևից է բխում  այդ յոթ երիտասարդների ըմբոստացումը: Ինչ կա անպարզ:

Ծերունի ձկնորսը շնաձկների հետ անհավասար պայքարում կորցնում է իր որսը: Նա պղնձահամ թքով թքում է օվկիանոսի վրա.

-Կերեք, խեղդվեք, գալանոսներ: Եվ թող երազում տեսնեք, որ մարդ սպանեցիք:  

Մարդը դա ասում է, գիտակցելով իր ավարտուն պարտությունը, որին հաջորդում է անկողնում պառկելու ու ոչինչ չանելու ցանկությունը: Հետո, ժամանակ անց, մահճակալի վրա պառկած, ջարդված ու տրորված, անիրավության դեմ նա իր բողոքն է հայտնում տղային.

-Նրանք  գերազանցեցին ինձ, Մանոլին, նրանք ինձ հաղթեցին:

-Բայց չէ որ ինքը, ձուկը չհաղթեց քեզ, - հուսադրում է նրան տղան:

Ու հետո շնաձկների դեմ պայքարի համար նոր միջոց` հին ֆորդի ռեսորից իր պատրաստած դանակն ու նոր ձկնորսություն է խոստանում տղան ուսուցչին:

-Որքան ժամանակ կփչի ուժեղ ափամերձ քամին,- հարցնում է տղան:

-Գուցե երեք օր, գուցե և ավելի…, - պատասխանում է Սանտյագոն:

-Այդ ժամանակ ամեն ինչ կարգին կլինի, ասում է տղան, - իսկ դու առայժմ ձեռքերդ բուժիր:

Էռնեստ Հեմինգուեյի  «Ծերունին և ծովը» պատմվածքը անհաշտ պայքարի կոչ է` ուղղված մարդուն: Մենք բոլորս էլ այդ յոթ երիտասարդների նման, կամա թե ակամա ներքաշված ենք պայքարի մեջ: Հուսանք, որ ինչ էլ լինի, շնաձկների կեր դարձած թրաձկան նման, գոնե մեր կմախքն ու գլուխը` մեր հողակտորի աշխարհագրական ձևն ու անկախությունը կկարողանանք պահպանել:

20 օգոստոսի 2011 թ.

Մեկնաբանություններ (1)

Ալիսա
շատ հետաքրքիր պատմվածք է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter