HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը

autumn Ես փորձեցի ինտերնետով գտնել Յուրի Ռյադչենկոյի անունը, նրա մասին գոնե հոդվածագրի մակարդակի մի քանի կենսագրական տվյալ իմանալու հույսով: Այնտեղի ինֆորմացիան  ավելին չէր, քան այն որ նա է գրել Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմի երաժշտությունը: Անհայտ անուն ու շատ մարդկային երաժշտական մի բալադ: Ես երբեմն կատակով գրում եմ արվեստի «ֆիզիկայի» ու «ինժեներիայի» մասին:

Ալփերն էլ պարզվում է մասնագիտությամբ ֆիզիկոս է, հետո նոր սցենարիստ ու ռեժիսոր: Երկրորդ անգամ եմ գրիչ վերցնում, Կուրոսավայի «Դերսու Ուզալայից»  հետո, ֆիլմի մասին տպավորություն գրելու համար: Ֆիլմի ամբողջ սագան թողնելով մի կողմ առաջին հերթին գլխավոր հերոսի մոր կերպարն ստիպեց ինձ անել դա:

·  Ես ուզում եմ, որ նա ընտանիք կազմի ու դասավորի իր կյանքը:

Սա է ի վերջո Յուսուֆի մոր, ու երևի թե ամեն մի մոր ցանկությունը` ստոիկ ինչպես ուշ աշնան հետ սպիտակող լեռը, խորն ինչպես տանից ներքև ձգվող սաղարթի մեջ կորած անդունդը: Այսպիսին է մայրը, այսպիսին են մարդիկ ` իրենց բնության նման: Բնապատկերի օրոգրաֆիան օրգանապես համահունչ է հերոսների ներքնաշխարհի ամպլիտուդին: Ամբողջ ֆիլմի ընթացքում հնչող երաժշտության լեյտմոտիվի մեջ արտահայտված ժամանակի թանձրությունը ձորից դեպի լեռան կատարը բարձրացող ճանապարհի պես թանձրացած է մարդկանց կենցաղում: Տեղը չունի անուն, նույնիսկ խորհրդանշային: Բայց այն կոնկրետ է շոշափելի, ինչպես իր արհեստանոցում գետաքարի պես ամուր կառանած հյուսն Միքայելը, ինչպես ագռավի կռինչն անիծող Նասիբեն, ինչպես բազմապատկման աղյուսակն անգիր անող աշակերտը, ինչպես գերեզմանոցի ճանապարհը բռնած ամեն ոք ու դրանց հետ էլ այդ նույն անէություն տանող ճանապարհն ընկած բանտարկյալը:

·    «Սա էլ մի տեսակ բանտ է»,- իր ապրած տեղի մասին ասում է Միքայելը իր բանտից ազատված ընկերոջը:

Գլխավոր հերոսը դատապարտված է: Նա անցյալում է թողել իր առողջ մարմինը: Բանտային տասը տարիները մինչև վերջ մաշել են նրա ֆիզիկականը: Ներկայի նկատմամբ անհույս ապատիան երևում է նրա ու Էկայի սիրային տեսարանում: Երկուսն էլ պառկած դիրքում, քնի մեջ գալիս են էմբրիոնալ վիճակին: Այդտեղ են նրանք երկուսն էլ եղել երջանիկ: Այնտեղ է մարդը երջանիկ` դեռ կյանքի չկոչված անժամանակության մեջ: Այս հանդունգն միտքը կա երիտասարդ ստեղծագործողի ասելիքում: Թերևս ժամանակի ամբողջականության խնդիրը, որն ընդհանրապես դրված է ֆիլմի ստեղծողի առջև, ավելի ցայտուն խորհրդանշային արտահայտություն չի գտել, քան հենց այդ տեսարանում: Խորհրդանշայինը որպես շարժանկար հատուկ է կինոյին: Դասական կինոյի ազդեցությունն անշուշտ կա երիտասարդ ստեղծագործողի կատարած գործի մեջ: Իմ դիտարկմամբ կրկնությունն այնքանով է, որքանով որ կարող է կրկնություն համարվել ազգագրականն ամբողջականացնող առարկայի ու ծեսի պատկերումը: Կինոն որպես շարժանկարի, երաժշտության, խոսքի սինթեզ սահմանազատված կոլաժային է իր էությամբ: Գլխավոր հերոսի կենսագրությունն ամբողջականացնելու միտում ունեցող նրա մտովի ժամանակային տեղաշարժը հնարավորինս տեղավորված է բովանդակային շրջանակի մեջ: Ուսանողություն, բունտ, չկայացած ընտանիք ու սեր: Սեր կարող է ծնվել մարմնավաճառ կնոջ ու առողջությունը մինչև վերջ կորցրած  քաղբանտարկյալի մեջ: Այս կերպ հեղինակը խուսափել է ավելորդ կրոնական ու միջէթնիկ ասեկոսներից: Անազգապատկան են ծովալիքը, լեռը, գետը, ձորի վարարը, մարմնավաճառ կինը ու հանուն սոցիալական արդարության իր կյանքը ձախողած մարդը: Ֆիլմը չի տեղավորվում սոցիալական, քաղաքական և այլն դրամա կոչված ժանրի շրջանակում: Այն ընդհանրապես չունի շրջանակներ, ինչպես չունի շրջանակ հանդգնությունը: Այո հենց հանդգնությունը: Հանդուգն լուծում է ֆիլմի բազմալեզու խոսքը: Այդպիսի համարձակությամբ էլ հռչակում է հեղինակը սպասման ու հրաժարման մասին իր պատկերացումները: Նա ավարտուն պատասխաններ է տալիս սահմանային վիճակներին հատուկ խիստ ցավոտ հարցերին ու տեղավորում է լուծումը երկրային , որ նույնն է մարդու ժամանակի մեջ: Ավելորդ ծախսված փողեր ավելորդ անձնագրեր ու խորտակված պատրանքներ: Ֆիլմն անուրջների տեղ չի թողնում: Կոշտ ու անհանդուրժողական է գլխավոր հերոսի ու նրանից դեպի շրջապատը տարածվող լարվածությունը: Ինքնասպանության եզրին հասնող ընդվզումով է նա մեքենան հասցնում անդունդի եզրին ու նրա ոռնոցը կյանքի երեսին է: Նայում է ուղիղ մարդը: Յուսուֆի երկինքը դատարկ է, նրա հայացքն ուղղված է դեպի բնություն, դեպի ձորի ընդարձակությունը: Չեխովյան հերոսի պես նա մաշվող ժամանակի հետ կրում է իր մաշվող թոքերը, կրում է համբերատար, ցավոտ հազով, անհեռանկար: Հեռանկարի բացակայությունն ավելացնում է ասելիքի հնչեղությունը, ֆիլմի ավարտին հնչած բալադի նման: Ձորի բերանին կախված մահճակալը, կտրած ճյուղին նստած մենավոր ագռավն այն սահմանային վիճակներն ու այն ժամանակացույցն են, որոնք թելադրում են մարդուն իր երկրային անելիքը: Ֆիլմը ձոն է մարդուն, այն ձոն է համբերության: Ֆիլմը մերժում է, հրաժարում է և այդ ամենը ոչ հանուն ինչ որ բանի:  Գերլարումը հեղինակին թույլ է տվել գլխավոր հերոսին ազատագրել գեղարվեստականացված էթիկայի ու էսթետիկայի ստից: Յուսուֆի համար սոցիալիզմն էլ նպատակ չի, հանուն որի արժեր ստանալ չապրած մի կյանք: Նրա հրաժարումը, նրա մերժումը ազատագրող է ու ազատագրված պտուղը ծնող մոր չմեռնող հույսն է:

·    Նվագիր որդի, դու մի ժամանակ լավ էիր նվագում:

Ձորի միջով տարվող դագաղի կադրի ֆոնին հնչում է աննախադեպ ներուժով հագեցած մի երգ, ժամանակի վարագույրը պատռող մի ձայն, որի մեջ արթնանում է նախնիների կանչը: Մոր խնդրանքին հետևած երաժշտապատումը հաստատում է կտրտված ժամանակի ու չմեռնող լեզվի ամբողջականությունը: 17 հուլիսի 2009 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter