HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Հանրաքվե հանրաքվեից հետո

«Ընդհանուր փառք անցյալում, ընդհանուր կամք ներկայում: Մեծագործությունների հիշողություն և դրանք կրկնելու պատրաստակամություն, ահա ազգի ստեղծմանն անհրաժեշտ էական պայմանները… Անցյալում փառքի ու մեղքի ժառանգությունն է, իսկ առջևում ընդհանուր գործողությունների ծրագիրը… Ազգի կյանքն ամենօրյա հանրաքվե է»:

Էռնեստ Ժոզեֆ Ռենան

Նորագույն պատմության ոչ վաղ անցյալից մենք ժառանգեցինք ազատագրող մեծագործությունն ու դարերի խորքից եկող անարդար ճնշվածի բարդույթը: 

Բազմաթիվ դարեր, բազմաթիվ սերունդներ հայ մարդը լսել է այն, որ ինքն արդար ու անմեղ է, իսկ իր նկատմամբ անարդարացիորեն մեղավոր են: Սերնդեսերունդ փոխանցվող այս խորհուրդն արմատացել է հայ մարդու մեջ ու դարձել ներհաստատված բնավորություն:

Ասում ենք, որ մեր նկատմամբ եղել են անարդար մեր բոլոր հարեւաններն անխտիր, ու որքան էլ պարադոքսալ է` այդ հարեւանների հարեւանները` նույնպես: Հայ հավաքական միտքը մտածողության այս կերպը դարձրել է սովորույթ, ժամանակի մեջ այդ սովորույթը փոխարկվել է ավանդույթի, ինչի արդյունքում էլ հայ մարդու մեջ դա արմատացել է որպես բնավորություն: 

Եվ ինչպես երեւում է, բնավորությունն ավելի կապող է մարդկանց, քան միտքը:
Ու հիմա բոլորն ասում են, թե իրենց նկատմամբ եղել են անարդար ու իրենք անմեղ են: Ես մի փոքր այլ կարծիքի եմ: Ես չեմ կարծում, որ իմ նկատմամբ անարդարությունն ինձ դարձնում է արդար: Իմ նկատմամբ գործված անարդարությունը դա անողին դարձնում է անարդար: Ինձ արդար կամ անարդար կարող է դարձնել իմ գործողությունը:

«Ավելի լավ է անարդարություն գործվի իմ նկատմամբ, քան ես լինեմ անարդար»,-
ասում է հույն մտածողը: «Ողորմիր մեղավորիս»,- ասում է հայ մտածողը:

Ես էլ, կրկնելով նախորդ մեծերի խոսքը, ասում եմ. «Մեղավոր եմ ես»: Մեղավորության զգացումն ազատ մարդու զգացում է: Սրանում համոզվենք ու գնանք առաջ:
Միայն մեղավորության զգացում ունեցող անհատներից կազմված հանրությունը կարող է նախագծել հեռանկարային ինչ-որ բան:

Արդարությունը կարող են վերականգնել մեղավորության զգացում ապրող մարդիկ

Այդ զգացումը առաջին հերթին պետք է լինի հավաքականության էլիտար մասի օրգանական պահանջմունքը: Իր հայտնի աղոթքի մեջ Ներսես Շնորհալի կաթողիկոսը ամեն պարբերությունից հետո դիմում է նախախնամությանը հետեւյալ բառերով. §Ողորմի’ր քո արարածներին:Եվ ինձ` բազմամեղիս¦:

Ազգի էլիտայի վարքի մասին, նրա խղճին վերաբերող պատկերացումների մասին ես ահազանգել եմ շատ: Այդ մասին պիտի խոսվի ամեն օր: Հանրությունն իմպուլսիվ կյանքով չի ապրում: Հանրությունն ապրում է ամենօրյա կյանքով`ժամանակի անընդհատության մեջ`անընդհատ: Ամենօրյա հանրաքվեի պիտի դրվեն հանրությանը հուզող ու նրա համար կենսական, կարեւոր հարցերը: Հայ էլիտար մարդը գոնե պիտի հիշի, թե վերջին անգամ երբ է մասնակցել հանրաքվեի: Նախագահական հավակնություն ունեցող հայ էլիտար մարդը պիտի լինի ամենօրյա հանրային կյանքի մասնակիցը: Ցանկացած տրամաչափի մտածող չի կարող ներառել հավաքականությանն անհրաժեշտ մտքի պաշարը: Հասարակությանն անհրաժեշտ է ինստիտուցիոնալ միտք: Ինստիտուցիոնալ միտքը, լինի դա ընդդիմադիր կամ էլ իշխանական, պարտավոր է ապահովել այդ հանրության մտքի անպարապուրդ աշխատանքը, դրա անընդհատ առկայությունը:

Իմ բողոքն այն մտքի դեմ է, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է ապրել հանրային կյանքով: Անպիտան է այն միտքը, որը ժամանակ առ ժամանակ է հիշում արդարության ու անարդարության մասին: Տասը տարին մեկ հնչող խոսքն օգտակար լինել չի կարող հանրության համար: Այն իրազեկված լինել չի կարող, եւ ըստ այդմ էլ չի կարող լինել արդարացի: Ես սկսեցի խոսել կամաց-կամաց անարդարության մտավոր մակարդակի ընկալման մասին: Գուցե արժե այստեղ մի ուղղում կատարել ու ասել, որ արդարությունն ապրվում է: Ավելի գնահատելի է արդար արարքը, քան այդպիսի խոսքը: Հանրային կյանքում արդար արարքը, խղճով մարդն ավելի գնահատելի է, քան տնաբույս արդար մտածողը թերեւս:

Այդ իմաստով նախ փորձենք արդարության չափման միավորը գտնել: Կարծում եմ` դա խիղճն է: Մարդը կարող է լինել խղճով ու անխիղճ: Բայց չգիտեմ` հավաքականությունը կարո՞ղ է ունենալ խղճի զգացում: Չգիտեմ` կա՞ նման ձևակերպում, կա՞ «հասարակական խիղճ» տերմին: Ժողովրդական բառ ու բանը օգտագործում է այդ արտահայտությունը, ասում է. «Այսինչ կամ այնինչ ազգը խղճով է, կամ էլ հակառակը` “այսինչ ու այնինչ ժողովուրդն անխիղճ է»»: 

Գերմանացուն, թուրքին, ռուսին բերում են օրինակ` կատարված իրողություններ ու փաստեր են վկայակոչում մարդկության պատմության ոչ վաղ անցյալից: Պատմական արդարության ու անարդարության մասին խոսվում է ամենուրեք: Վերականգնվելիք արդարության մասին, ապագայի անժամանակության մեջ խորամանկորեն ձգվող, ապոկալիպտիկ լուծումներ են գուշակում կրոններն ու ուսմունքները: Ընդսմին, ապագայի արդարության մասին գաղափարի խորամանկ շահարկումն ավելի շատ տեղ է զբաղեցնում մարդկության հեռանկարային նախագծերում, քան դրա անցած փորձի լուրջ իմաստավորումը:

Մենք էլ մնացածների նման նորանկախ այս տարիներին անընդհատ խոսում ենք հասարակության մեջ առկա անարդարությունների մասին: Նախկինները մեղադրում են ներկաներին, ներկաները` նախկիններին, հին-նորը մեղադրում է նոր-հնին, նույն նոր-հինը մեղադրում է հին-նորին: Ու այդ բոլորը կուլիսներում համատեղ մեղադրում են ժողովրդին: Տպավորություն է, թե իրենք այդ ժողովրդից չեն: Բայց մի բան լավ է, որ գոնե ամենավտանգավոր, ամենասահմանային վիճակներում հիշում են այն ճյուղի մասին, որի վրա նստած են: Այս հոդվածը գրելու օրերին ժողովուրդը նորից զինված սղոցներով ձեռնամուխ է եղել վերոհիշյալ ճյուղի ճյուղահատման գործին: Ազգի մի կեսը մարդկային բոլոր մեղքերի մեջ մեղադրում է մյուս կեսին` ի տես աշխարհի, ի տես հարեւանի, ի տես երկրում մնացած մի քանի անմեղ մեղավորի: Մի գուցե բերի մեր բախտը ու այս թոհուբոհի մեջ բացահայտվի մի բան, ու այս կորուսյալ վիճակում գտնի հանրությունն ինքն իրեն: Սահմանային վիճակում միտքը տալիս է ճշմարիտ քայլ կատարելու այդ հնարավորությունը:

Հիմա կասկածի տակ է առնված նախագահական ընտրության հանրաքվեն, եւ կարծես թե` ոչ անհիմն կասկածի: Ելք, անշուշտ, կա:

Անընդհատ անհնազանդություն, որ նույնն է` անընդհատ հանրաքվե

Առավելեւս, որ մի շարք գաղափարներ ու գաղափարախոսություններ ապացուցեցին իրենց սնանկությունը: Դա ապացուցեց հանրաքվեն, ինչին հետեւեց զանգվածների ապստամբությունը: Եվրոպական միտքը հնարել է ոչ միայն սոցիումները համակարգող մեխանիզմներ, այլ տվել է նաեւ դրանք կատարելագործելու հեռանկարային իդեաները: Մտածողների մի հրաշալի պլեադա առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում, դրանից հետո Ֆրանսիայում ստեղծեց միտք, որը տալիս է մարդուն ազատ համակարգված կենսակերպ կառուցելու հնարավորություն ու պլան: Ազատանման այդ հասարակական կառույցի մարդկանց կարգախոսը ամենադիպուկ կերպով տվել է Նիկոլայ Բերդյաեւը.

«Պետությունն է մարդու համար ստեղծված, ոչ թե մարդը` պետության»:

Նոր զանգվածային շարժման առաջնորդն ասաց դրա նման մի բան իր առաջին թեզիսներում: Այդ մասին խոսվել է «Հետքի» համար գրված իմ «Շրջադարձ 360 աստիճանով» հոդվածում: Այդ ֆորումի նյութերի վերընթերցումը ուսուցանող շատ բան տվեց ինձ: Չասենք` մարգարեական, բայց դիպուկ դիտարկումներ եղան այնտեղ:  Բազմատարր կազմը շարժմանը բերեց տեղապտույտի: Խիստ ուղղորդվածությունը զանգվածային բունտին հաղորդեց պետականությանը սպառնացող երանգներ, որը, ի վերջո, դառնալով հակաշարժում` հանգրվանեց այն էության մեջ, ինչի դեմ ուղղված էր: Վերոհիշյալ բերդյաեւյան սահմանումը խոսք էր ընդամենը զանգվածային բունտի կազմակերպիչների համար: Մարդը կորավ զանգվածի մեջ: Մարդուն նվիրված խնդիրը մոռացվեց ապստամբության մեջ: Օտարացված մարդն ի վերջո հանգրվանեց իրեն օտար քաղաքի հրապարակում տեղակայված վրանի տակ` մեկուսի ու միայնակ: Հայտնվեց պարադոքսալ վիճակում: Այ հենց այս պարադոքսի մեջ պիտի ծնվեր ճշմարիտ քայլը: Այդ պարադոքսին պիտի գային շարժման լիդերները: Նրանք գնում էին դեպի հաղթանակ, գնում էին դեպի ավարտական փուլ այն դեպքում, երբ պիտի նախազգային ու գային այս ուվերտյուրային: Ես զգուշացրել եմ ամիսներ առաջ տեղապտույտի ու այս նախասկզբի մասին: Նրանց խոսքը փետրվարի 19-ի մասին էր:

Փետրվարի 20 նրանց ծրագրերը չէին նախատեսում: Վրանային քաղաքի պայծառ  հեռանկարը զանգվածներին չէր հրապուրում: Մինչդեռ ճշմարտության բացահայտման ու ազատագրման միակ ճանապարհը պարադոքսալ ճանապարհն է: Վրանային քաղաքի տանիքի տակ կծնվի այն նոր մարդը, որն իր կորուսյալ սահմանային վիճակում` պարադոքսի առաջ կանգնած, կգտնի իր սուվերենությունը որպես գոյապայման: Եվ այդ մարդն արդեն սկսել է հասկանալ ամենօրյա հանրաքվեի պահանջը:  Պետք է նոր հանրաքվե, ամենօրյա հանրաքվե` պետությունը կազմող այդ նոր մարդու առաջադրմամբ: Եթե նոր հանրաքվե, ապա` նոր առաջադրումներով:

Նոր շարժում նոր առաջնորդներով

Այդ նոր շարժումն ու նոր առաջնորդները կան մեր մեջ: Այն, ինչ փորձեցինք հասկանալ ու տալ վերջին մի քանի շտրիխով այս հոդվածում, կոչվում են հեղափոխության դասեր: 2008 թվականի փետրվարյան շարժումը հայ ժողովրդի արդի պատմության հերթական դասերից մեկն էր: Այսպես թե այնպես, ստեղծվել է նոր քաղաքական վիճակ: Հոգեբանական մթնոլորտն այլ է: Այս նոր վիճակն անվանենք փոփոխված: Եթե նույնիսկ լինեն էլ հետշոկային ամպլիտուդային տատանումներ, ապա, միեւնույն է, քաղաքական կյանքի օրոգրաֆիան կմնա անփոփոխ: Սակայն այս փակուղային թվացող իրավիճակում մենք կառուցելու ենք մեր ապագան: Դա անընդհատ պրոցես է: Այդ գործն առանց հանգստի ու անժամկետ է: Եթե գործողությունն ուղղված չի ապագային, ապա այն չունի արժեք: Մարդն ապագայի էակ է: Ազգ - պետությունը պետության այն պատմական ձևն է, որի համար տիպական է պլեբիսցիտը:

Այստեղ փոխկապակցվում է երկու պահ: Առաջինն ընդհանուր գործի պրոյեկտն է, երկրորդը` այդ նախագծի նկատմամբ մարդկանց արձագանքը: Համընդհանուր համաձայնությունը ստեղծում է պետության ամրության պաշարը: Ազգի մեջ պետության ուժը բխում է հպատակների ներքին համերաշխությունից: Սրանում է հրաշքը, սրանում է ազգի նորը, այստեղ է, որ անձը չի օտարանում պետությունից:

Ազգը չի լինում պատրաստի, նա կամ անընդհատ ստեղծվում է, կամ էլ` քայքայվում: Նա կամ կողմնակիցներ է ձեռք բերում` հանձինս իր քաղաքացիների, կամ էլ կորցնում է նրանց: Կամ մտնում է վաղվա օր, կամ էլ` մնում անցյալում: Ամենօրյա  հանրաքվեով հավաքականությունը հաստատում է իր ապրելու ժամանակը:  Տրոհված ժամանակի ամբողջականությունն այն լցվածությունն է, այն հագեցվածությունն է, որում և որով հավաքականությունն իրացնում է իր կամքը: Այդ կամքի արտահայտման մեխանիզմը համաժողովրդական հանրաքվեն է, եւ ամենօրյա հանրաքվեով պիտի հաստատվի այդ կամքը:

Շարժումն առաջնորդող էլիտան կգտնի՞ իր մեջ այդքան արդարություն, կգտնի՞ իր մեջ այդ արդարությունը համբերատար կրելու կամք: Պատրա՞ստ է նա գնալ հրաժարման իր բարեկեցիկ կյանքից ու անցնել վրանային կյանքի տևականության մեջ: Սա ցույց կտա ժամանակը: Կամքը հաստատվում է ժամանակի մեջ` դանդաղ ու անշտապ: Հաղթանակը հաստատվում է ժամանակի մեջ` անաղմուկ ու հաստատ:

Ազգի կյանքն ամենօրյա հանրաքվե է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter